Անդրեա Պիզանո

Անդրեա Պիզանո
իտալ.՝ Andrea Pisano
Դիմանկար
Ծնվել է1290
ԾննդավայրՊոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1348
Մահվան վայրՕրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկերOrvieto Cathedral? և South Doors of the Florence Baptistery?
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
ԵրեխաներNino Pisano? և Tommaso Pisano?
 Andrea Pisano Վիքիպահեստում
Ֆլորենցիայի մկրտարանի համար Պիզանոյի արած զարդաքանդակներից

Անդրեա Պիզանո (իտալերեն՝ Andrea Pisano, 1290, Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1348, Օրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն), հայտնի է նաև Անդրեա դա Պոնտեդերա (Andrea da Pontedera) անունով, վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի ոսկերիչ, քանդակագործ, ճարտարապետ։

Կենսագրություն

Պիզանոն նախ տիրապետել է ոսկերչի արհեստին, ապա, մոտավորապես 1300 թվականից, աշակերտել է պիզացի քանդակագործ Մինո դի Ջովանիին, դարձել վերջինիս օգնականը, և միասին արձաններ են կերտել Պիզայի Սանտա Մարիա դելլա Սպինա (S. Maria della Spina) եկեղեցում և այլուր։ Քանդակագործական իր գլխավոր աշխատանքները Պիզանոն իրականացրել է Ֆլորենցիայում։ Ընդ որում՝ դրանցում առավել զգալի է Ջոտտոյի (Giotto di Bondone), քան իր նախկին վարպետի՝ դի Ջովանիի ազդեցությունը։ Ֆլորենցիայի Սան Ջովանի մկրտարանի (Battistero di San Giovanni) բրոնզաձույլ և ոսկեզօծ երեք հանրահայտ դռներից հարավային կողմում գտնվողը Պիզանոյի աշխատանքներից է։ Վեց տարում՝ 1330-1336 թվականներին պատրաստված այդ դուռը զարդարված է 28 հարթաքանդակներով, որոնց մի մասը այլաբանորեն ներկայացնում է արատներն ու առաքինությունները, մյուսները պատկերում են տեսարաններ Հովհաննես Մկրտչի կյանքից։

Ֆլորենցիայում գտնված տարիներին Պիզանոն կերտել է նաև մարմարե արձաններ, որոնցում ակնհայտ դրսևորված է Ջոտտոյի ազդեցությունը։ 1340 թվականին նա փոխարինել է Ջոտտոյին Ֆլորենցիայի տաճարի աշխատանքները ղեկավարողի պաշտոնում։ Այստեղ նա, հավանաբար՝ ըստ վարպետի թողած գծագրերի, մարմարե կամ մետաղյա տախտակների վրա քանդակել է չորս մեծ մարգարեներին, յոթ առաքինությունները, յոթ մահացու մեղքերը, ողորմածության յոթ գործերը, յոթ մոլորակները։ Իսկ Ջոտտոյի նշանավոր աշտարակում՝ Մեծ կամպանիելում, այդ կարգի փորագրաքանդակներից զատ, նա կերտել է մարմարե արձաններ։

1347 թվականին Անդրեա Պիզանոն նշանակվել է Օրվիետոյի տաճարի աշխատանքների ղեկավար (գործերի կառավարիչ), այդտեղ նույնպես մի շարք զարդաքանդակներ հեղինակել։ Նրա ճարտարապետական աշխատանքներից հիշատակման արժանի են Սկարպերիա ամրոցը Ապենինյան լեռների ստորոտում՝ Մուջելլոյում, մկրտարանը (բապտիստերիան) Պիստոյայում և մի քանի շենք Ֆլորենցիայում։ Ենթադրվում է, որ Վենետիկի զինանոցը ևս կառուցվել է նրա պատրաստած գծագրերի հիման վրա։

Արվեստի պատմաբանները գտնում են, որ Անդրեա Պիզանոն իր ողջ ստեղծագործությամբ զգալի ավանդ է ներդրել նոր ժամանակների արվեստը բյուզանդականի ազդեցությունից ազատելու գործում։ Պատահական չէ, որ Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է լավագույն նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների մասին իր նշանավոր աշխատության մեջ։

Պիզանոն մահացել է 1348 թվականին՝ զոհ դառնալով ժանտախտի համաճարակին։

Նրա լավագույն աշակերտները եղել են Անդրեա դի Չոնեն՝ Օրկանյան և Ջովանի դի Բալդուչոն (վերջինս հայտնի է որպես Միլանի Sant'Eustorgio բազիլիկ եկեղեցուն կից մի սրբավայրի հեղինակ):

Պիզանոյի երկու տղաները՝ Նինոն և Տոմազոն, նույնպես արվեստագետներ էին և իրենց հոր մահից հետո փոխարինել են նրան Օրվիետոյի տաճարի գործերի կառավարչի պաշտոնում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Athenaeum
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Union List of Artist Names — 2019.
  4. https://www.treccani.it/enciclopedia/tommaso-pisano_%28Dizionario-Biografico%29/
  5. 5,0 5,1 5,2 5,3 Huntley, G. Haydn (1976). «Pisano, Andrea». In William D. Halsey (ed.). Collier's Encyclopedia. Vol. 19. New York: Macmillan Educational Corporation. էջ 82.
  6. Murray, P. & L. (1996). Dictionary of art and artists. Penguin Books. 0-14-051300-0.
  7. wstitle=Andrea Pisano}}
  8. 8,0 8,1 8,2 8,3 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Pisano, Andrea». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջեր 647–648.

Գրականություն

  • Лазарев В. Н. Происхождение итальянского Возрождения, т. 2. М., 1959

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Պիզանո» հոդվածին։