Դոմենիկո Գիրլանդայո իտալ.՝ Domenico Ghirlandaio | |
---|---|
Ի ծնե | Domenico Ghirlandaio |
Ծնվել է | հունիսի 2, 1448 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հունվարի 11, 1494 (45 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տորնաբուոնիի մատուռը և Sassetti Chapel? |
Ուսուցիչ | Ալեսիո Բալդովինետի և Անդրեա դել Վեռոկկիո |
Աշակերտներ | Միքելանջելո, Սեբաստիանո Մաինարդի, Master of the Fiesole Epiphany?, Ռինդոլֆո Գիրլանդայո և Ֆրանչեսկո Գրանաչի |
Զավակներ | Ռինդոլֆո Գիրլանդայո |
Ազգականներ | Սեբաստիանո Մաինարդի |
Կայք | domenico-ghirlandaio.org(անգլ.) |
Domenico Ghirlandaio Վիքիպահեստում |
Դոմենիկո Գիրլանդայո (իտալ.՝ Domenico Ghirlandaio) կամ Դոմենիկո դի Տոմազո Կուրադի դի Դոֆֆո Բիգորդի (Domenico di Tommaso Curradi di Doffo Bigordi, հունիսի 2, 1448, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 11, 1494, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն)՝ վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Գիրլանդայոն այսպես կոչված ֆլորենտական վերածննդի երրորդ սերնդի ներկայացուցիչներից է՝ Անդրեա դել Վերոկկիոյի, Պոլայոլո եղբայրների և Սանդրո Բոտիչելլիի հետ մեկտեղ։ Նա հիմնել և մեծ արդյունավետությամբ օգտագործել է մի ընդարձակ արվեստանոց, որտեղ նրան աշխատակցել են իր հարազատ եղբայրները՝ Դավիդե և Բենեդետո Գիրլանդայոները, կնոջ եղբայրը՝ Բաստիանո Մեյնարդին, ավելի ուշ՝ նաև որդին՝ Ռիդոլֆո Գիրլանդայոն։ Գիրլանդայոյի արվեստանոցում վրպետության դասեր են ստացել բազմաթիվ շնորհալի աշակերտներ, այդ թվում՝ Բուոնարոտի Միքելանջելոն, ով հետագայում մեծագույն հռչակի արժանացավ։ Գիրլանդայոն կարողանում էր կրոնական թեմաներով արված նկարների համատեքստում մեծ վարպետությամբ ներառել ժամանակակիցների դիմանկարները, իր ժամանակի կյանքի ու կենցաղի տարրերը, որի շնորհիվ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և առատ վարձատրության արժանացել։
Դոմենիկոն տարիքով ամենամեծն էր Տոմասո Բիգորդիի՝ առաջին կնոջից ունեցած վեց զավակներից, որոնցից երեքը մահացել են վաղ հասակում։ Մահացել է նաև մայրը՝ Անտոնիան, և 1464 թվականին հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել ևս երկու զավակ։ Դոմենիկոյի խորթ քույրը՝ Ալեսսանդրան, 1494 թվականին ամուսնացել է նկարիչ Բաստիանո Մեյնարդիի հետ։
Ջորջո Վազարին վկայում է, որ Դոմենիկոն նախ աշկերտել է հորը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, զբաղվում էր նաև մետաքսեղենի մանր առևտրով։ Հայրենի Ֆլորենցիայում նա մեծ համբավ էր ձեռք բերել աղջիկների, կանանց համար ծաղկաշղթայի՝ գիրլանդի տեսք ունեցող մետաղյա գլխազարդեր վարպետորեն պատրաստելու շնորհիվ (այստեղից էլ ծագել է տոհմի Գիրլանդայո մականունը)։ Վազարին հիշատակում է, որ պատանի Դոմենիկոն շատ արագ և մեծ նմանությամբ պատկերում էր հոր արհեստանոցն այցելողներին, անցորդներին։ Այնուհետև նա Ալեսսո Բալդովինետիի արվեստանոցում նկարչության ու խճանկարչության դասեր է առել, հետագայում, ըստ պատմաբան Գյունտեր Պասավենտիի, սովորել է նաև Անդրեա դել Վերոկկիոյի մոտ։ Դոմենիկո Գիրլանդայոն սերտ կապեր է պահպանել ֆլորենտացի համբավավոր այլ արվեստագետների, այդ թվում՝ Բոտիչելլիի, ինչպես նաև՝ ումբրիացի նկարիչ Պերուջինոյի հետ և ինքն էլ դարձել է արվեստագետների մի նշանավոր տոհմի հիմնադիր։