Ինտելեկտ (լատին․՝ intellectus - զգայություն, ընկալում, ըմբռնում, հասկացում, ողջամտություն), հոգեկանի հատկություն, որը հնարավորություն է տալիս հարմարվել նոր իրադրություններին, սովորել փորձի հիման վրա, հասկանալ և կիրառել վերացական հայեցակարգերը, սեփական գիտելիքներն օգտագործել շրջապատող միջավայրը ղեկավարելու համար։ Ինտելեկտը անձի ընդհանուր կարողությունն է ճանաչել և հաղթահարել դժվարությունները, միավորում է անձի բոլոր իմացական գործընթացները` զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն, երևակայություն։
Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար։ Ենթադրվում է, որ ինտելեկտի նախանշաններ ունեն նաև կենդանիները։ Կենդանիների ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվում է գիտության համեմատաբար նոր ոլորտ` կոգնիտիվ էթիոլոգիան։
Մարդու ինտելեկտի զարգացումը նրան առանձնացրեց կենդանիներից և հիմք դրեց հասարակության զարգացմանը։ Ինտելեկտուալ անվանում են այն անձին, ով ունի զարգացած ինտելեկտ և վերլուծական միտք։
Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ։ Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը։
Ինտելեկտի տարբերակող հատկանիշների համակարգը ներառում է անձի հետևյալ առանձնահատկությունները.
Առանձնացնում են «ինտելեկտուալ էներգետիկայի» կենսաֆիզիկական հատկանիշներ` տեղեկատվության քանակ, արագացում (հաճախականություն, արագություն) և փոխանցման տարածություն։ Այս ամենը միավորվում է «ինտելեկտի բանաձևի» մեջ։
Անձի գործունեության տարբեր տեսակները պահանջում են ինտելեկտուալ տարբեր ունակությունների զարգացվածություն, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է անձի զգայունակությունը նորի, արդիական խնդիրների և իրադրության հնարավոր զարգացման միտումների նկատմամբ։ Ինտելեկտի զարգացվածության ցուցանիշ է համարվում արտաքին սահմանափակումներից անձի ազատությունը, քսենոֆոբիայի` նորից, անսովորից վախի բացակայությունը։ Ինտելեկտի զարգացվածության մասին է վկայում նաև բարդ խնդիրները ինտուիտիվ լուծելու անձի կարողությունը։
Ինտելեկտի առանձին հատկանիշների զարգացումը պայմանավորվում է ինչպես անձի գենոտիպով, այնպես էլ նրա կենսափորձի հարստությամբ։
Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա։ Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը։ Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է։
20-րդ դարի սկզբում Չարլզ Սպիրմենն ապացուցեց, որ եթե անձը կարողանում է ճշգրտորեն լուծել որոշ առաջադրանքներ, ապա նա հաջողությամբ լուծում է նաև այլ առաջադրանքներ։ Այլ կերպ ասած` ինտելեկտուալ բոլոր կարողությունները վիճակագրորեն փոխկապակցված են։ Սպիրմենը ներմուծեց «Ընդհանուր ինտելեկտի գործակիցը»` «g գործոնը», որը մատնանշում է բոլոր իմացական խնդիրների իրականացման արդյունավետությունը։ Փորձը ցույց տվեց, որ «g գործոնն» անմիջականորեն ուսումնասիրելը բարդ է, սակայն դրա հիման վրա ձևակերպվեցին մեծություններ, որոնք «g գործոնի» մոտավոր չափերն են, և հնարավոր է չափել։ Այդ չափանիշներից մեկն էլ ինտելեկտի գործակիցն է (IQ):
Հոգեբան Ջեյմս Ֆլինն առաջինն է տևական ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում իրականացրել IQ-ի դինամիկայի համակարգային ուսումնասիրություններ։ Նա հաստատել է, որ 50 տարվա ընթացքում ինտելեկտի գործակիցը անդադար աճել է (Ֆլինի էֆեկտ)։
Սոցիալական ինտելեկտը մարդկանց վարքագիծը ճիշտ հասկանալու կարողությունն է։ Այն անհրաժեշտ է միջանձնային արդյունավետ համագործակցության և սոցիալական հարմարման տեսանկյունից։
«Սոցիալական ինտելեկտ» հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծել է Տորնդայքը 1920 թվականին «միջանձնային հարաբերություններում հեռատեսությունը» նշանակելու համար։ Հետագայում հոգեբաններն իրենց ներդրումն ունեցան այս հասկացության մեկնաբանության մեջ։
Հուզական ինտելեկտը մտավոր կարողությունների ամբողջություն է, որը մասնակցում է շրջապատողների և սեփական հույզերի գիտակցման և ճանաչման գործընթացին։