Լյարդի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Լյարդի ցիռոզ և aflatoxins? |
Հիվանդության ախտանշաններ | Դեղնախտ, որովայնային ցավ, մարմնի քաշի կորուստ և լյարդի մեծացում |
Բուժաքննություն | CT, ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, endoscopic retrograde cholangiopancreatography?, percutaneous transhepatic cholangiography?, magnetic resonance cholangiopancreatography?, բիոպսիա և արյան բիոքիմիական հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Liver cancer Վիքիպահեստում |
Լյարդի քաղցկեղ, հայտնի է նաև որպես հեպատիկ քաղցկեղ և առաջնային հեպատիկ քաղցկեղ, քաղցկեղ, որն առաջանում է լյարդում։ Քաղցկեղը, որը տարածվում է այլ տեղից դեպի լյարդ, հայտնի է որպես լյարդի մետաստազ, ավելի տարածված է, քան այն, որը սկիզբ է առնում լյարդում։ Լյարդի քաղցկեղի ախտանշաններն են՝ գոյացության զգացողություն կամ ցավ աջ կողմում՝ կրծքավանդակի տակ, որովայնի այտուց, դեղնավուն մաշկ, կապտուկների հեշտ առաջացում, քաշի կորուստ և թուլություն։
Լյարդի քաղցկեղի առաջատար պատճառը ցիռոզն է՝ հեպատիտ B-ով, հեպատիտ C-ով կամ ալկոհոլով պայմանավորված։ Այլ պատճառներն են աֆլատոքսինը, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը և լյարդի ծծանները։ Ամենատարածված տեսակներն են լյարդաբջջային կարցինոման (հեպատոցելուլար կարցինոմա`HCC), որը կազմում է դեպքերի 80%-ը և խոլանգիոկարցինոման։ Քիչ տարածված տեսակներն են՝ լորձային կիստոզ նորագոյացությունը և ներծորանային պապիլար լեղային նորագոյացությունը։ Ախտորոշմանը կարող են օժանդակել արյան թեստը և բժշկական նկարները՝ հյուսվածքային բիոպսիայով հաստատված։
Կանխարգելիչ միջոցներն են՝ հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և հեպատիտ B-ով կամ C-ով վարակվածների բուժումը։ Սկրինինգը խորհուրդ է տրվում լյարդի քրոնիկական հիվանդությամբ մարդկանց։ Բուժման տեսակներն են՝ վիրահատությունը, թիրախային թերապիան և ճառագայթային թերապիան։ Որոշ դեպքերում կարող են կիրառվել աբլացիոն թերապիան, էմբոլիզացիոն թերապիան կամ լյարդի փոխպատվաստումը։ Լյարդի փոքր գոյացությունները կարող են հսկվել։
Լյարդի առաջնային քաղցկեղն աշխարհում վեցերորդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է (6%) և քաղցկեղից մահվան առաջատար պատճառը (9%)։ 2012 թվականին հանդիպել է 782,000 մարդու մոտ և 2015 թվականին հանգեցրել 810,500 մահվան։ 2015 թվականին լյարդի քաղցկեղից դիտվել է 263,000 մահվան դեպք հեպատիտ B-ի պատճառով, 167,000՝ հեպատիտ C-ի և 245,000՝ ալկոհոլի։ Լյարդի քաղցկեղի բարձր հաճախականություն դիտվում է այնտեղ, որտեղ տարածված են հեպատիտ B-ն և C-ն՝ ներառյալ Ասիան և Ենթասահարական Աֆրիկան։ Լյարդաբջջային քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Ավելի հաճախ ախտորոշվում է 55-65 տարեկան մարդկանց շրջանում։ Հինգամյա ապրելիությունը Միացյալ Նահանգներում կազմում է 18%։ «hepatic» բառը հունարեն hêpar բառից է, որը նշանակում է լյարդ։
Ամենահաճախ հանդիպող լյարդի քաղցկեղը լյարդաբջջային կարցինոման (HCC) է՝ կազմելով լյարդի բոլոր առաջնային քաղցկեղների մոտ 75%-ը (անվանվում է նաև հեպատոմա, որը սխալ է համարվում, քանի որ ադենոմաները սովորաբար բարորակ են)։ HCC առաջանում է լյարդի բջիջներից՝ հեպատոցիտներից, որոնք չարորակ են դառնում։ Լյարդի բջիջներից առաջացած քաղցկեղի մյուս տեսակը հեպատոբլաստոման է, որը զարգանում է լյարդի ոչ հասուն բջիջներից։ Սա հազվագյուտ չարորակ ուռուցք է, որը զարգանում է հիմնականում երեխաների մոտ և կազմում երեխաների մոտ հանդիպող բոլոր քաղցկեղների մոտ 1%-ը և 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում դիտվող լյարդի բոլոր առաջնային քաղցկեղների 79%-ը։ Հեպատոբլաստոմաների մեծ մասը կազմավորվում է աջ բլթում։
Լյարդի քաղցկեղը կարող է ձևավորվել նաև լյարդի այլ կառույցներից, ինչպես օրինակ լեղածորանից, արյունատար անոթներից և իմուն բջիջներից։ Լեղածորանի քաղցկեղը (խոլանգիոկարցինոմա և խոլանգիոցելուլար ցիստադենոկարցինոմա) կազմում է լյարդի առաջնային քաղցկեղների մոտ 6%-ը։ Կա նաև լյարդաբջջային կարցինոմայի (HCC) մի տարատեսակ, որը բաղկացած է HCC-ից և խոլանգիոկարցինոմայից։ Արյունատար անոթների ուռուցքներն (անգիոսարկոմա և հեմանգիոէնդոթելիոմա, սաղմնային՝ էմբրիոնալ սարկոմա և ֆիբրոսարկոմա) առաջանում են շարակցական հյուսվածքի մի տեսակից, որը հայտնի է որպես մեզենքիմա։ Լյարդում մկանից առաջացած քաղցկեղներն են՝ լեոմիոսարկոման և ռաբդոմիոսարկոման։ Այլ, ավելի քիչ տարածված լյարդի քաղցկեղներն են՝ կարցինոսարկոմաները, տերատոմաները, դեղնուցապարկի ուռուցքները, կարցինոիդ ուռուցքները և լիմֆոմաները։ Լիմֆոմաները սովորաբար ունեն դիֆուզ տարածում լյարդում, հազվադեպ կարող են առաջացնել նաև լյարդային օջախներ։
Լյարդում հայտնաբերված շատ քաղցկեղներ լյարդի իրական քաղցկեղներ չեն և ծագում են մարմնի այլ տեղերից, որոնք տարածվում են դեպի լյարդ (հայտնի են որպես մետաստազներ)։ Հաճախ ծագում են ստամոքսաղիքային ուղում, քանի որ լյարդը մոտ է գտնվում ակտիվ նյութափոխանակություն և հարուստ արյունամատակարարում ունեցող այն օրգաններին, որոնք մոտ են նաև արյունատար անոթներին և ավշային հանգույցներին (ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ, հաստ աղու քաղցկեղ և գլխավորապես կույր աղու որդանման ելունի կարցինոիդ ուռուցքներ), ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղից, ձվարանի քաղցկեղից, թոքի քաղցկեղից, երիկամի քաղցկեղից, շագանակագեղձի քաղցկեղից։
Քանի որ լյարդի քաղցկեղն ընդհանուր տերմին է քաղցկեղի շատ տեսակների համար, ուստի ախտանշանները կախված են քաղցկեղի տեսակից։ Խոլանգիոկարցինոմայի ժամանակ դիտվում են գերքրտնարտադրություն, դեղնուկ, որովայնային ցավ, քաշի կորուստ և լյարդի մեծացում։ Լյարդաբջջային կարցինոմայի ժամանակ դիտվում են որովայնային զանգվածի մեծացում, որովայնային ցավ, փսխում, սակավարյունություն, մեջքի ցավ, դեղնուկ, քոր, քաշի կորուստ և տենդ։
Այսօր աշխարհում լյարդի քաղցկեղի գլխավոր պատճառը վիրուսային ինֆեկցիան է՝ հեպատիտ B վիրուսով կամ հեպատիտ C վիրուսով պայմանավորված, որը կազմում է լյարդաբջջային կարցինոմայի (HCC) 80%-ը։ Վիրուսները համարվում են լյարդաբջջային կարցինոմայի պատճառ, քանի որ լյարդում առաջացնում են զանգվածային բորբոքում, ֆիբրոզ և ի վերջո ցիռոզ։ Լյարդաբջջային կարցինոման սովորաբար առաջանում է ցիռոզից հետո և տարեկան դիտվում է 1,7% նոր դեպք՝ հեպատիտ C վիրուսով վարակված մարդկանց շրջանում։ Հեպատիտ B վիրուսով վարակված մարդկանց 5-10%-ը դառնում են քրոնիկ կրողներ, իսկ նրանց 30%-ը ձեռք է բերում լյարդի քրոնիկ հիվանդություն, որն էլ կարող է հանգեցնել լյարդաբջջային կարցինոմայի։ Հեպատիտ B վիրուսով ինֆեկցիան նույնպես կապված է խոլանգիոկարցինոմայի հետ։ Ի տարբերություն հեպատիտ B և C վիրուսներին՝ այլ վիրուսների դերը լյարդի քաղցկեղի առաջացման գործում ավելի քիչ է հայտնի, չնայած կան որոշ դեպքեր հեպատիտ B վիրուսի և հեպատիտ D վիրուսի համատեղ ինֆեկցման, որոնք կարող են բարձրացնել լյարդաբջջային կարցինոմայի ռիսկը։
Հեպատիտ C և B վիրուսային ինֆեկցիայի ժամանակ լյարդային բջիջներում ձևավորվում են շատ գենետիկ և էպիգենետիկ փոփոխություններ, որոնք համարվում են լյարդի ուռուցքների առաջացման հիմնական գործոնները։ Փոփոխելով գենի մեթիլացումը՝ վիրուսներն ինդուկցում են չարորակ փոփոխություններ բջիջներում,ազդելով գենի էքսպրեսիայի վրա և խթանելով կամ ընկճելով բջջային ազդանշանի փոխանցման ուղին։ Այսպիսով, վիրուսները կանխում են բջիջների ծրագրավորված մահը (ապոպտոզ), խթանում վիրուսային ռեպլիկացիան և հարատևությունը։
Հեպատիտ C և B վիրուսները նույնպես խթանում են չարորակ փոփոխությունները՝ առաջացնելով ԴՆԹ-ի վնասում և գենոմիկ անկայունություն։ Թթվածնի ազատ ռադիկալներն ազդելով էքսպրես սպիտակուցների վրա՝ խոչընդոտում են ԴՆԹ-ի վերականգնումը, իսկ հեպատիտ C վիրուսը նպաստում է մուտատոր էնզիմների ակտիվացմանը։
Բացի վիրուս կախյալ ցիռոզից, ցիռոզի մյուս պատճառները ևս կարող են հանգեցնել լյարդաբջջային կարցինոմայի։ Ալկոհոլի ընդունումը փոխկապակցված է լյարդաբջջային կարցինոմայի առաջացման ռիսկի հետ, և բարձրացնում է ռիսկը ալկոհոլով պայմանավորված ցիրոտիկ լյարդով մարդկանց մոտ։ Կան որոշ հիվանդություններ, որոնք ցիռոզի պատճառ են հանդիսանում և հանգեցնում են լյարդաբջջային կարցինոմայի՝ինչպես օրինակ ժառանգական հեմոքրոմատոզը և առաջնային բիլիար ցիռոզը։
Աֆլատոքսինը կարող է հանգեցնել լյարդաբջջային կարցինոմայի առաջացմանը։ Աֆլատոքսինները քիմիական նյութերի մի խումբ են, որոնք արտադրվում են Aspergillus flavus սնկերի (անունն առաջացել է A. flavus թույնից ) և A. parasiticus-ի կողմից։ Սննդի ախտոտումը սնկերով հանգեցնում է քիմիական նյութերի կլանմանը, որոնք շատ թունավոր են լյարդի համար։ Սնկերով աղտոտված ամենատարածված սննդամթերքներն են հացահատիկները, գետնանուշը և բանջաեղենները։ Սննդի ախտոտումը տարածված է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և Չինաստանում։ Հեպատիտ B վիրուսի և աֆլատոքսինի միաժամանակյա ազդեցությունը շուրջ երեք անգամ բարձրացնում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը, ի տարբերություն միայն հեպատիտ B վիրուսով պայմանավորված դեպքերի։ Աֆլատոքսինները քաղցկեղ են առաջացնում մուտացիաների և էպիգենետիկ ալտերացիաների միջոցով։ Աֆլատոքսիններն առաջացնում են մուտացիաներ՝ առավել հաճախ p53 սուպրեսոր գենի։ Աֆլատոքսին ինդուկցված կարցինոգենեզի ամենատարածված պատճառը հավանաբար p53 գենի մուտացիան է այլ աֆլատոքսին ինդուկցված մուտացիաների և էպիգենետիկ ալտերացիաների հետ միասին։
Լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է Բեկվիդ-Ուիդմանի համախտանիշով (հեպատոբլաստոմայի հետ ասոցացված), ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզով (հեպատոբլաստոմայի հետ ասոցացված), ցածր քաշով ծնված երեխաների (հեպատոբլաստոմայի հետ ասոցացված), ընտանեկան պրոգրեսիվող ինտրահեպատիկ խոլեստազով (HCC հետ ասոցացված) և 18-րդ քրոմոսոմի տրիսոմիայով (հեպատոբլաստոմայի հետ ասոցացված) երեխաների շրջանում։
Լյարդի քաղցկեղի ախտորոշման համար կիրառվում են շատ պատկերող մեթոդներ։ Լյարդաբջջային քաղցկեղի ախտորոշման համար կիրառվում են ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), համակարգչային շերտագրություն(ՀՇ), մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)։ Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված 2սմ-ից ավելի չափս ունեցող օջախները 95% հավանականությամբ կարող են լինել լյարդաբջջային քաղցկեղ։ Խոլանգիոկարցինոմաների մեծ մասը առաջանում են լյարդի դրունքի շրջանում և հաճախ արտահայտվում լեղածորանի խցանմամբ։ Եթե կա կասկած, որ խցանման պատճառը չարորակ նորագոյացություն է՝ կիրառում են էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, ՈիՁՀ, ՀՇ, ՄՌՇ և մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիա։
Քաղցկեղով հիվանդ մարդկանց արյան մեջ երբեմն հայտնաբերվում են քիմիական նյութեր, ուռուցքի մարկերներ, որոնք կարող են օգտակար լինել լյարդի քաղցկեղների ախտորոշման և մոնիտորինգի ընթացքում։ Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի բարձր քանակ կարող է հայտնաբերվել լյարդաբջջային քաղցկեղի և ներլյարդային խոլանգիոկարցինոմայի շատ դեպքերում։ Խոլանգիոկարցինոման կարող է հայտնաբերվել հետևյալ ուռուցքի մարկերներով՝ կարբոհիդրատ անտիգեն 19-9 (CA 19-9), կարցինոէմբրիոնիկ անտիգեն (CEA) և քաղցկեղի անտիգեն 125 (CA125)։ Այս ուռուցքի մարկերները հայտնաբերվում են լյարդի առաջնային քաղցկեղների, ինչպես նաև այլ քաղցկեղների ու որոշ խանգարումների դեպքում։
Տարբերում են քաղցկեղների առաջնային, երկրորդային և երրորդային կանխարգելում։ Առաջնային կանխարգելումը նվազեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների ազդեցությունը։ Լյարդի քաղցկեղի առաջնային կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը հեպատիտ B-ի դեմ պատվաստումն է։ Պատվաստումը հեպատիտ C-ի դեմ ներկայումս անհասանելի է։ Առաջնային կանխարգելման մյուս ձևերն ուղղված են այդ վիրուսների փոխանցման սահմանափակմանը՝ բարձրացնելով անվտանգ ներարկումների պրակտիկայի որակը, իրականացնելով դոնորական արյան և բարձր ռիսկի խմբում գտնվող անհատների սկրինինգ հետազոտություն։ Աֆլատոքսինի ազդեցությանը ենթարկվելուց խուսափելու համար պետք է կանխել բորբոսի առաջացումը՝ հետբերքսհավաքային միջամտությամբ, որն արդյունավետ է եղել Արևմտյան Աֆրիկայում։ Լյարդի քաղցկեղի առաջացման հաճախականությունը կրճատվում է նվազեցնելով ալկոհոլի չարաշահումը, գիրությունը և դիաբետը։ Հեմոքրոմատոզով հիվանդների շրջանում դիետան կրճատում է երկաթով ծանրաբեռնվածությունը և նվազեցնում լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Երկրորդային կանխարգելումը ներառում է քաղցկեղի ձևավորմանը նպաստող գործոնի (քաղցկեղածնություն) բուժումը և քաղցկեղածնության կանխարգելումը։ Վիրուսով վարակված մարդկանց բուժել հնարավոր չէ, բայց բուժումը հակավիրուսային դեղերով, օրինակ ինտերֆերոններով, կարող է նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացումը։ Քլորոֆիլինը կարող է նվազեցնել աֆլատոքսինի ազդեցությունը։ Երրորդային կանխարգելումը ներառում է լյարդի քաղցկեղի կրկնման կանխարգելմանն ուղղված բուժումները՝ քիմիոթերապիայի և հակավիրուսային դեղերով։
Լյարդաբջջային կարցինոմայի օպտիմալ բուժումը վիրաբուժական մասնահատումն (ռեզեկցիա) է, երբ լյարդային ֆունկցիան բավականաչափ պահպանված է։ Բարդությունները՝ օրինակ լյարդային անբավարարություն, կարող են առաջանալ ցիրոտիկ լյարդի մասնահատման դեպքում։ Մասնահատումից հետո 5-ամյա ապրելիության մակարդակը մեծապես բարելավվել է վերջին մի քանի տասնամյակում և ներկայումս կարող է գերազանցել 50%-ը։ Սակայն, կրկնվելու հաճախականությունը կարող է գերազանցել 70%-ը։ Լյարդաբջջային կարցինոմայի դեպքում կարող է դիտարկվել նաև լյարդի փոխպատվաստումը, երբ ուռուցքը կայուն է բուժումների նկատմամբ և այն համապատասխանում է յուրահատուկ չափանիշներին (ինչպես օրինակ Միլանի չափանիշներին)։ Լյարդաբջջային կարցինոմայով հիվանդների 30-40%-ը ենթակա է վիրահատության և փոխպատվաստման, քանի որ քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է ուշ փուլում։ Լյարդաբջջային կարցինոման կարող է հարաճել փոխպատվաստմանն սպասելու ընթացքում և կանխել փոխպատվաստումը խիստ չափանիշների պատճառով։
Միջմաշկային աբլացիան միակ ոչ վիրահատական բուժումն է։ Կան միջմաշկային աբլացիայի շատ տեսակներ, որոնք ներառում են քիմիական նյութերի ներարկումը լյարդ (էթանոլ կամ քացախաթթու) կամ չափազանց բարձր ջերմության կիրառումը՝ ռադիոհաճախականությամբ աբլացիա, միկրոալիքներ, լազերներ կամ կրիոթերապիա։ Ռադիոհաճախականությամբ աբլացիան լյարդաբջջային կարցինոմայի դեպքում համարվում է լավագույն միջոցը, սակայն ուռուցքի մոտ տեղակայումը այլ օրգաններին և արյունատար անոթներին սահմանափակում են կիրառումը ջերմության տարածման և խորը ներթափանցման պատճառով։ Լյարդաբջջային կարցինոմայի դեպքում միջմաշկային աբլացիայի երկարաժամկետ կիրառման արդյունքները լավ ուսումնասիրված չեն։ Հնարավորության դեպքում ամենանախընտրելի բուժման մեթոդը վիրահատությունն է։
Համակարգային քիմիոթերապիան սովորաբար չի կիրառվում լյարդաբջջային կարցինոմայի դեպքում, սակայն կարող է կիրառվել տեղային քիմիոթերապիան՝ ներզարկերակային քիմիոէմբոլիզացիա։ Այս միջամտության դեպքում կիրառվում են ցիտոտոքսիկ դեղեր, ինչպիսին են դոքսոռուբիցինը կամ ցիսպլատինը լիպիոդոլով։ Քանի որ համակարգային դեղերի մեծ մասը լյարդաբջջային քաղցկեղի դեպքում չունի արդյունավետություն, ուսումնասիրվում են սորաֆենիբի ազդեցության մոլեկուլային ուղիները, նպատակային թերապիան կանխարգելում է բջիջների պրոլիֆերացիան և անգիոգենեզը։ Սորաֆենիբի կիրառումը Սննդի և դեղի ադմինիստրացիայի (FDA) կողմից հավանության արժանացավ 2007 թվականի նոյեմբերին։ Այս դեղը փրկվելու հնարավորություն է տալիս։
Լյարդաբջջային քաղցկեղի դեպքում ռադիոթերապիան հաճախ չի կիրառվում, քանի որ լյարդը չի դիմանում ճառագայթմանը։ Չնայած, ժամանակակից տեխնոլոգիայով հնարավոր է կատարել թիրախային ճառագայթում ուռուցքի վրա՝ դոզան հասցնելով մինիմալի լյարդի մնացած հատվածի վրա։ Ռադիոթերապիան քիմիոէմբոլիզացիայի, տեղային քիմիոթերապիայի, համակարգային քիմիոթերապիայի կամ թիրախային թերապիայի հետ կիրառելիս առավել արդյունավետ է, քան առանձին։
Խոլանգիոկարցինոմայի դեպքերի մոտ 30%-ը վիրահատելի է։ Վիրահատությունից հետո կրկնման հաճախականությունը 60%-ից բարձր է։ Կարելի է իրականացնել լյարդի փոխպատվաստում, երբ մասնահատումը կիրառելի չէ և ադյուվանտ քիմիոճառագայթում՝ որոշ դեպքերում։ Խոլանգիոկարցինոմայի 60%-ն առաջանում է հարդրունքային շրջանում և կարելի է կիրառել ֆոտոդինամիկ թերապիա՝ բարելավելով կյանքի որակն ու գոյատևման ժամանակահատվածը։ Ֆոտոդինամիկ թերապիան նորովի բուժում է, որն օգտագործում է թեթև ակտիվացած մոլեկուլներ ուռուցքի բուժման համար։ Լազերային լույսը նպաստում է թթվածնի ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք սպանում են ուռուցքային բջիջները։
Համակարգային քիմիոթերապիա՝ օրինակ, գեմցիտաբինը և ցիսպլատինը, երբեմն կիրառվում են խոլանգիոկարցինոմայի ոչ վիրահատելի դեպքերում։
Ռադիոհաճախականությամբ աբլացիան, ներզարկերակային քիմիոէմբոլիզացիան և ներքին ռադիոթերապիան (բրախիթերապիան) հուսադրող են խոլանգիոկարցինոմայի բուժման համար։
Ռադիոթերապիան կարող է կիրառվել ադյուվանտ թերապիայի հետ կամ որպես պալիատիվ բուժում։
Հեպատոբլաստոմայի բուժման համար կարելի է կիրառել վիրաբուժական մասնահատումը կամ լյարդի փոխպատվաստումը։ Քիմիոթերապիան կարող է կիրառվել վիրահատությունից և փոխպատվաստումից առաջ և հետո։
Քիմիոթերապիան՝ ներառելով ցիսպլատին, վինկրիստին, ցիկլոֆոսֆամիդ և դոքսոռուբիցին, կիրառվում է հեպատոբլաստոմայի համակարգային բուժման համար։ Ցիսպլատինը համարվում է ամենաարդյունավետը։
1990 թվականին լյարդի քաղցկեղի պատճառով մահվան դեպքերը հասնում է 460,000-ի, իսկ 2010 թվականի դրությամբ, աշխարհում գրանցվել է 754,000 մահվան դեպք, այդ դարձնելով մահվան երրորդ գլխավոր պատճառը՝ թոքերի և որովայնի քաղցկեղից հետո։ 2012 թվականին տղամարդկանց մոտ այն կազմում էր ախտորոշումների 7%-ը։ Այս դեպքերից 340,000-ը պատճառը հեպատիտ B-ն է, 196,000-ը՝ հեպատիտ C-ն, իսկ 150,000-ը՝ ալկոհոլի պատճառով է։ Լյարդաբջջային կարցինոման լյարդի քաղցկեղի ամենատարածված տեսակն է, որն ունի ածխարհագրական տարածվածություն։ Չինաստանում 50% հիվանդների մոտ լյարդաբջջայինկարցինոմա է, իսկ դեպքերի ընդհանուր 80%-ը աշխարհագրական տարածվածությամբ զբաղեցնում է Աֆրիկայից մինչև հարավային Ասիա, հեպատիտ B-ի պատճառով։ Այն մեծ տարածվածություն ունի Թայլանդում՝ լյարդի ծծանի առկայության պատճառով։
Հնդկաստանում լյարդաբջջջային կարցինոմայով հիվանդների թիվը տարեկան 100,000-ից կազմում է 4.1 տղամարդկանց մոտ, 1.2 կանանց մոտ՝ 40-70 տարիքային սահմաններում։
Միացյալ թագավորությունում լյարդի քաղցկեղը համարվում է տասնութերորդ տարածված քաղցկեղային հիվանդությունը (2011 թվականին Միացյալ թագավորությունում ախտորոշվել է լյարդի քաղցկեղով մոտավորապես 4,300 հիվանդ մարդ) և այս քաղցկեղի պատճառով մահացույթունները զբաղեցնում է մահվանդ պատճառների քսաներորդ տեղը (2012 թվականին լյարդի քաղցկեղի պատճառով մահացել է մոտավորապես 4,500 մարդ)։
2000 թվականին Միացյալ նահանգներում ստանդարտ բնակչության մոտ մահացությունների թիվը լյարդի քաղցկեղի պատճառով 25-43 տարիքային հասակում կազմում էր 100,000-ից 7.2, իսկ 2016 թվականին՝ 10.3։ Քաղցկեղի պատճառով մահացությունների թիվը 2000 թվականից մինչև 2016 թվականը տղամարդկանց մոտ հաճախականությունը 10.5-ից դարձել է 15.0, այսինքն աճել է 43%-ով, իսկ կանանց մոտ՝ 4.5-6.3, աճել է 40%-ով։ Այդ ժամանակահատվածում տղամարդկանց մահացությունների թիվը 2.0–2.5 անգամ գերազանցում է կանանց մահացությունների թվին։
Հեպկորտեսպենլիզիմուտ֊L-ը ներքին ընդունման իմունոթերապևտիկ միջոց է, որը ներկայումս կլինիկական փորձարկման երրորդ փուլն է անցնում լյարդաբջջային քաղցկեղի համար։
{{cite journal}}
: |first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite journal}}
: |first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)