Լյուստրացիա, (հայերեն՝ մաքրագործում, ծագում է լատին․՝ lustratio բառից. Lustra - մաքրագործում զոհաբերության, այսինքն՝ մատաղ անելու միջոցով), օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար։
Լյուստրացիան՝ մաքրագործումը քաղաքականության մեջ նոր երևույթ չէ։ Այդ առումով հիշարժան են «ստալինյան մաքրագործումները», որպես ամբողջատիրական լյուստրացիայի օրինակ («ստալինյան զտումներ» կամ «ստալինյան մաքրումներ», անգլ.՝ Stalinist cleansing), դենացիֆիկացիան կամ «ապաազգայնամոլացումը» Արևմտյան Եվրոպայում (գերմ.՝ Entnazifizierung, անգլ.՝ Denazification, ռուս.՝ Денацификация), խրուշչովյան դեստալինիզացիան՝ ռուս.՝ десталинизация։ Լյուստրացիան՝ մաքրագործումը քաղաքականության մեջ «վճռական ձևեր» է ունեցել նաև XX դարավերջին և XXI դարասկզբին՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետկոմունիստական Երկրներում՝ նախկին կոմունիստական-ռուսական ռեժիմին կապված անձանց՝ պետական, կուսակցական աստիճանավորներին, հատուկ ծառայությունների գործակալներին պետական ծառայությունից և ուժային ու իրավապահ կառույցներից, կրթական համակարգից հեռու պահելով։ Ակնկալվում է, որ, Լյուստրացիա-մաքրագործման իրականացումը նոր իշխանությանը լեգիտիմություն է տալիս՝ նախորդ՝ հանցագործ ու հակաօրինական իշխանության գործունեությունից կտրուկ և վճռականորեն տարանջատվելով։
Առավել հաջող հայերեն համարժեքներ կարելի է համարել հետևյալները.
Որոշ լրատվամիջոցներում կիրառվել է նաև
Լյուստրացիա երևույթի հետ սերտորեն կապված է անցումային արդարադատությունը, որի ներքո հասկացվում են մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմները կամ միջոցառումները։ Նման մեխանիզմները և միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության կոտրված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով։ Անցումային արդարադատության հիմնական արժեքն է ինքնին արդարադատության հասկացությունը, որը պարտադիր չէ, որ ենթադրի քրեական արդարադատություն։ Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ։ Ավտորիտար, դիկտատորական ռեժիմներից կամ քաղաքացիական հակամարտություններից ժողովրդավարության քաղաքական անցման ժամանակահատվածներում անցումային արդարադատությունը հնարավորություն էր տալիս այդ հասարակություններին դիտարկել տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, զանգվածային վայրագությունները և նմանատիպ ծանր վնասի այլ ձևերը ժողովրդավարության և խաղաղության անցման սահուն անցման ներքո։
Լյուստրացիայի տեսակներն են․
Հայտնի է, որ ԽՍՀՄ ամբողջատիրական վարչակազմի հենարաններից մեկը, եթե ոչ ամենակարևորագույն հենարանը հանդիսանում էր Պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը, կամ նախկին ՉԵԿԱ–ն որ առավել հայտնի էր ռուսական ԿԳԲ՝ КГБ՝ «կա–գէ–բէ» կամ անգլերեն KGB՝ «քէյ–ջի–բի» հապավումներով։ ՊԱԿ–ԿԳԲ–ն հզոր էր հատկապես իր ընդգրկուն գործակալական ցանցով։ Հենց այս չեկիստա–կգբ–ական ցանցի միջոցով էր կատարվում ԽՍՀՄ ներսում, ինչպես նաև նրանից կախյալ զանազան երկրներում հասարակության զանազան խավերի վերահսկումը, այսպես կոչված հակապետական խոսակցությունների, ընդդիմադիր տրամադրությունների ի հայտ բերումը։ Տասնամյակներ շարունակ գործած չեկիստա–կգբ–ական այս ցանցի անդամները անհատույց ծառայություն չէին մատուցում պետությանը, այլ իրենց փոխանցած ցանկացած տեղեկատվության համար պարգևատրվում էին։ Նման պարգևատրումները հիմնականում դրսևորվում էին ծառայողական–աշխատանքային աստիճանակարգով բարձրացմամբ։ Տրամաբանական է, որ այսպիսի գործընթացի շարունակականության հետևանքով թե՛ ԽՍՀՄ–ում, թե՛ նրանից կախյալ բազում երկրներում քաղաքական, մտավորական, հասարակական վերնախավի մեծ մասը փաստացի կազմում էին այն անձինք, ովքեր մաս են կազմել գաղտնի այս գործակալական ցանցին և կամ համագործակցել էին վերջինիս հետ։
XX դարավերջին և XXI դարասկզբին քաղաքական լյուստրացիա է իրագործվել կամ իրագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետևյալ հետկոմունիստական երկրներում.
XXI դարասկզբին Քաղաքական Լյուստրացիա իրագործվելու հավանականություն և կարիք կա Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետևյալ հետկոմունիստական երկրներում.
Լյուստրացիան կամ մաքրագործումը առհասարակ նշանակում է մաքրման գործընթաց կամ քավություն։ Միջազգային բառեզրը ծագում է Հին Հռոմից, որտեղ լուստրացիո կամ՝ լատին․՝ lustratio նշանակում էր ծիսական մաքրագործում։ Տե՛ս նաև «Բրիտանական հանրագիտարանի» համապատասխան հոդվածը։ Ի դեպ, հայերենում լյուստրացիա միջազգային տերմինին՝ բառեզրի հետ զուգահեռ կիրառվում են ինչպես մաքրագործում, կամ քաղաքական մաքրագործում, այնպես էլ գաղտնազերծում` իմաստով միմյանց բավական մոտ գիտաբառերը։
Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել։ Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր։ Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել։ Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ և անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել։ Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը։
1991 թվականի հոկտեմբերի 4–ի օրենքով լյուստրացիայի ենթարկվեցին կոմունիստական ՉՍՍՀ–ի գաղտնի ոստիկանության բոլոր աշխատակիցները։
Գերմանիայում փաստացի լյուստրացիան իրականացրել է Շտազիի գրանցումների գործակալությունը։
Առաջին Լյուստրացիայի օրենքը Լեհաստանում ընդունել է Լեհաստանի խորհրդարանը` Սեյմը, 1992 թվականին;
Ուկրաինայում Լյուստրացիա բառը նշանակում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք՝ 2010 թվականի փետրվարի 25-ի և 2014 թվականի փետրվարի 22-ի միջև (2014 թվականի Ուկրաինական հեղափոխություն) աշխատած այն քաղաքացիական ծառայողներին պետական, հանրային պաշտոններից հեռացնելուն, ով աշխատել է մեկ տարուց ավելի և «իրենց սեփական համաձայնությամբ չէ պաշտոնաթող եղել», ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր գործուն անդամակցություն են ունեցել Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցությունում։ Նրանք ենթարկվում էին հինգից տասը տարվա սահմանափակման։
2017 թ. հունիսի կեսերին Վրաստանի քաղաքական ազդեցիկ ուժերից մեկը հայտարարեց երկրում լյուստրացիա անցկացնելու իր որոշման մասին։ Մասնավորապես, Վրաստանի Լեյբորիստական, այսինքն՝ աշխատավորական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ «Լեյբորիստները մեծամասնական պատգամավորների սև ցուցակ կկազմեն»։ Նաթելաշվիլին բացատրել է իր նախաձեռնելիք լյուստրացիայի էությունը հետևյալ կերպ։ Վրաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք քաղաքական և բիզնես գործունեություն են ծավալում միաժամանակ, իսկ մանդատներն օգտագործում են բյուջեից գումարներ վերցնելու համար, պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ։
Կոմունիստական ռեժիմի թուլացումից (1988-1989) և տապալումից (1990-1991) հետո Հայաստանում Լյուստրացիա անցկացնելու փորձեր են եղել։
Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիայի՝ քաղաքական մաքրագործման անցկացման ջատագովներից մեկը, թերևս ամենաաչքի ընկնողը, եղել և մնում է ԱՄԿ–ի անդամ և ԱԻՄ–ի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև նրա զինակից և գաղափարակից Ազատ Արշակյանը։ 1991 թվականին իրականություն դարձավ դեռևս 1973 թվականին՝ այն ժամանակ Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարական նպատակը։ Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրված Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-1993 թվականներին, առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թվականի հուլիսի 5-ին՝ Հայրիկյանի ծննդյան օրը։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իշխանավորներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը Կրեմլի, այսինքն Ռուսական նոր կայսրության ղեկավարների վասալի կարգավիճակում պահելու համար։
Լյուստրացիայի կամ գաղտնազերծման մի շարք փորձեր են եղել։ Ուշագրավ է, մասնավորապես, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ-ի, այսինքն՝ ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց։ Հետագա սերունդներին կարող է զարմանալի թվալ, սակայն, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկած ազգանպաստ և պետականամետ սույն նախագիծն առաջացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխող ուժերի և, նույնիսկ՝ գիտական վերնախավի մի մեծ հատվածի թե՛ բացահայտ, թե՛ թաքուն, բայց բուռն և եռանդուն դիմադրությունը։
1988-2018 թվականների ընթացքում Հայաստանում լյուստրացիա, այսինքն՝ քաղաքական մաքրագործում իրականացված չէ, և դրա ձևական-պաշտոնական պատճառաբանություններից մեկն այն է, որ իբր, հայկական հասարակության մեջ շատերը, իսկ իրականում՝ հիմնականում նախկին և ներկայիս կառավարող վերնախավի գերակշիռ մեծամասնությունը, լյուստրացիան համարում են վտանգավոր` իբրև թե խուսափելով հնարավոր երկպառակություններից կամ «եղբայրասպանությունից»։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիոն (այսինքն՝ քաղաքական մաքրագործման) գործընթացները կասեցվել են։
Լյուստրացիայի անհրաժեշտությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո։ Դրա մասին հրապարակավ արտահայտվում են մի շարք քաղաքական կազմակերպություններ, օրինակ՝ Հայաստանի Եւրոպական կուսակցությունը, Սասնա Ծռեր կուսակցությունը, զանազան քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և այլ մասնագետներ։ Մասնավորապես, հատկանշական են հետևյալ հրապարակումները․
Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին։ Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան։ Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով։ - ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ։ 16:21, 20 մայիսի, 2019 թ․, «Ա1+» հեռուստաընկերություն, https://a1plus.am/hy/article/340459
|
«Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան գործակալները հիմա էլ են վխտում ու փորձում կեղծ ինֆորմացիաներով և մանիպուլյացիաներով քաոս սփռել, խափանել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը։ Քանի դեռ լուստրացիայի մասին օրենքը չի ընդունվել, էս վիճակը շարունակվելու ա։ Արդեն չգիտեմ էլ, որ մեկի դեմ պայքարեմ, էնքան շատ են։ Իսկ ԱԱԾ-ն էլ մեր երկրում գործող օտարերկրյա գործակալական ցանցերը բացահայտելու փոխարեն տնտեսական հանցագործությունների հետևից ա ընկել, ինչը ՊԵԿ-ի գործառույթն ա։ Մի խոսքով՝ Նիկոլը պիտի անի այդ դժվար քայլը, ընդունի լուստրացիայի մասին օրենքը և բացվեն ԱԱԾ-ի արխիվները, որպեսզի իմանանք՝ ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ»։ - Իրանագետ Արմեն Վարդանյան, 05 մայիսի, 2019 թ., 19:45, ՙԿենտրոն՚ լրատվական գործակալություն, https://kentron.am/am/news/149897
|
Լյուստրացիան համեմատվել է դենացիֆիկացիայի հետ, որն իրականացվել էր Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև դեբաասիֆիկացիային en:de-Ba'athification, որը կատարվել է Սադամ Հուսեյինի տապալումից հետո Իրաքում։