Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում («ՖԻՖԱ-գեյթ») , խոշորագույն կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ի պատմության մեջ։ Սկսվել է 2015 թվականի մայիսին, երբ Շվեյցարիայի կառավարության հրահանգով ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին կոռուպցիոն հանցանք կատարելու մեջ։ Ձերբակալությունները տեղի ունեցան ՖԻՖԱ-ի 65-րդ համագումարից 2 օր առաջ, որտեղ պետք է տեղի ունենար ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրություններ։ Տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով, վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը 2015 թվականի հունիսի 2-ին հրաժարական ներկայացրեց և հեռացավ։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով արբիտրաժային պալատը 90 օրով հեռացրեց Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին իրենց պաշտոններից։
ՖԻՖԱ-ում առկա կոռուպցիոն խնդիրների մասին խոսվում էր դեռևս այս դեպքերից բավականին շուտ, բայց քանի որ ապացույցներ չկային հետաքննություն չէր սկսվում։ Կոռուպցիոն ռիսկերի մասին սկսեց խոսվել հատկապես 2010 թվականից հետո, երբ կասկածի տակ դրվեց 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունների արդյունքները։ Հատկապես խնդրահարույց էր 2022 թվականի ընտրված երկիրը՝ Կատարը։ Կատարի ընտրության դեմ հանդես եկավ ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը՝ պատճառաբանելով տապը և շատ բարձր ջերմաստիճանը հատկապես հունիս-հուլիս ամիսներին։ Սակայն այս հանձնաժողովի հորդորները արդյունք չունեցան, և Կատարի թեկնածությունը հաղթեց։ Վերջինս էլ իր հերթին առաջ բերեց ընտրության կեղծ լինելու տեսակետը։ Տեղեկատվության արտահոսքի և Sunday Times պարբերականի հետաքննությունը ապացուցեցին կատարցի Մոհամեդ բին Համամի ոչ օրինական վարքագիծը։ Նա 2002-2011 թվականներին զբաղեցրել է Ասիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Բին Համամը գնել էր աֆրիկյան երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ձայները, որի վրա ըստ որոշ աղբյուրների ծախսել էր 5 մլն դոլլար։ Պաշտոնական հետաքննությունը, որը իրականացրեց ՖԻՖԱ-ն, որևիցե արդյունք չտվեց։ Անցկացման վայրի նոր ընտրության հետ կապված առաջարկները կտրականապես մերժվեցին, իսկ առաջարկողները համարվեցին ռասիստներ և անհաջողակներ։
2015 թվականի մայսիս 27-ին Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի հերթական համագումարից 2 օր առաջ, շվեյցարական ոստիկանույունը ՀԴԲ-ի աջակցությամբ ձերբակալեց ասոցացիայի 7 բարձրաստիճան պաշտոնյաների։ Ձերբակալվածների թվում էին ՖԻՖԱ-ի փոխնախագահ և գործադիր կոմիտեի անդամ Ջեֆրի Ուեբը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ղեկավար Ֆիգերեդո Էուհենիոն (ՈՒրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿՈՄՆԵԲՈԼ-ի նախկին նախագահ), Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Լին, ՖԻՖԱ-զարգացման բաժնի ղեկավար Խուլիո Ռոչան, Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Էսկիվարը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինը և ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախկին նախագահ Նիկոլաս Լեոսը։ Միաժամանակ ԱՄՆ-ի ոստիկանությունը հետախուզում իրականացրեց Մայամիում տեղակայված ԿՈՆԿԱԿԱՖ-ի գրասենյակում։
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարեց, որ մեղադրյալների ցանկը շուտով կընդլայնվի։
ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը լսելուց հետո, շվեյցարական հետաքննությունների բյուրոն հայտարարեց, որ սկսում է առանձին հետաքննոթյուն 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված։ Մասնավորապես թիրախում էին հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Շվեյցարական իշխանությունները սառեցրեցին ՖԻՖԱ-ի որոշ պաշտոնյաների բանկային հաշիվները, ինչպես նաև պահանջեցին ներկայացնել իրենց ֆինանսական վիճակի մասին բոլոր փաստաթղթերը։ Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բրիտանական գործակալությունը (Serious Fraud Office) սկսեց հետաքննություն այն բանկերի նկատմամբ, որոնց հետ գործարքներ էին կատարել ՖԻՖԱ-ի աշխատակիցները։
Եզրակացությունը պարունակում է մի շարք մեղադրանքներ, այդ թվում խմբակային հանցավոր վարք (անգլ.՝ Racketeering ), փողերի լվացում և բազում այլ հանցանքներ, որոնք տեղի էին ունեցել վերջին 24 տարիների ընթացքում ։
Կոռուպցիոն սկանդալի հետ էր կապված հատկապես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման հետ կապված ընտրությունները, ինչպես նաև այդ խաղերի հեռարձակման իրավունքը և վերոնշյալ առաջնությունների ժամանակ գովազդային հոլովակների ցուցադրումը։ Եզրակացությունը պարունակում մի շարք փաստեր ոչ միայն 2018 և 2022 թվականների կեղծված ընտրություննրի վերաբերյալ, այլև կային մի շարք ապացույցներ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը նույնպես ընտրությունը հաղթել է կեղծ միջոցների կիրառմամբ։
Մեղադրանք առաջադրվեց ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում էին Ջեֆրի Ուեբը և Ջեկ Ուորները։ Վերոնշյալ անձինք ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին և ներկայիս նախագահներն էին։ Մեղադրական եզրակացությունը ներառում էր գրեթե 150 մլն դոլար կաշառք ստանալու և տալու առաջարկ։
Ամերիկյան արդարադատությունը հետաքննում և բացահայտում է հանցագործություններ ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում, այլ նաև այն հանցանքները, որոնք որևիցե ձևով կապված են ամերիկյան բանկերի, բանկային համակարգի և դոլարի հետ։ Այսպիսի գործերը քննվում են ամերիկյան դատական համակարգի կողմից․ մեղադրյալներին տանում են ԱՄՆ և ըստ ԱՄՆ-ի օրենսդրության դատապարտում իրենց կատարած հանցանքի համար։
ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը նույնպես բացառություն չէր։ Նախագահ Բլատերը բնակվում էր Նյու-Յորքում։ Բլատերը, ինչպես նաև հանցանքի մեջ կասկածվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր տեսակի հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ-ի տարածքում և ավելի քան 30 ամերիկյան բանկերի միջոցով կատարել էին դրամական փոխանցումներ։
ԿՀՎ-ն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և ԱՄՆ-ի հարկային վարչությունը մոտ 3 տարի հետաքննում էին ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ կապված բոլոր մանրամասները։ 2015 թվականի մայիսի 20-ին Բրուքլինի Մեծ Ժյուրին հաստատեցին մեղադրական վճիռը՝ կազմված 47 կետից։
Եվրոպական երկրների զգալի մասը դրական արձագանքեց այն փաստին , որ ՖԻՖԱ-ում իրականացվում են լուրջ հետաքննություններ, քանի որ նրանք համոզված էին, որ ՖԻՖԱ-ն արդեն վաղուց կոռումպացված կառույց է և կարիք ունի բարեփոխումների ու կադրային փոփոխությունների։ Սրա հետ մեկտեղ Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիների նախագահները 2015 թվականի մայիսի 29-ին կողմ քվեարկեցին Զեպ Բլատերի թեկնածությանը։
Բլատերի ակտիվ համախոհներից էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, որը ջերմ շնորհավորանք ուղղեց իր պաշտոնում վերընտրված Բլատերին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշում էր, որ «պրոֆեսիանալիզմի բարձր մակարդակը և մեծ հեղինակությունը կօգնի էլ ավելի տարածել ՖԻՖԱ-ի ազդեցության ոլորտը, ինչպես նաև նոր երկրներում զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները»։ Պուտինը նաև այն համոզմանն էր, որ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը հիմնակականում միտված է նրան, որ ԱՄՆ-ն մեծացնի իր ազդեցությունը այլ երկրների վրա, ինչպես նաև թույլ չտալ Բլատերին վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նույնպես հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ և նշեց, որ Բլատերի վերընտրման դեպքում ՈւԵՖԱ-ն կբոյկոտի աշխարհի առաջնությունը և չի մասնակցի։ ԱՆգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Դևիդ Հիլլը հրաժարվեց զբաղեցնել բավականին բարձր պաշտոն ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեում․ այսպիսիով ցույց էր տալիս իր բողոքը Բլատերի վերընտրման կապակցությամբ։
Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մոտ կես մլն դոլար էր փոխանցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ֆոնդին, նույնպես հայտնվեց կասկածի տակ։ Վարկածներից մեկի համաձայն այս գումարը գողացել էր ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները։
2015 թվականի հունիսի 2-ին իր պաշտոնում վերընտրված ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից կապված ՖԻՖԱ-ի շուրջ առաջացած կոռուպցիոն սկանդալի և աղմուկի հետ։
Եթե բացահայտվեն սկանդալի հետ կապված նոր հանգամանքներ, նորից ընտրություններ պիտի անցկացվեին 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններ ընդունող երկրների հետ կապված։