Հունաստանի անկախության պատերազմ

Հունաստանի անկախության պատերազմ
Համաեվրոպական ազգային-ազատագրական հեղափոխություններ

Թեոդորոս Վրիզակիսի հեղինակած նկարը (1852 թվական, պահվում է Աթենքի Բենակի թանգարանում), որը ներկայացնում է անկախության պատերազմի նախօրեին Սուրբ Լավրայի վանքում եպիսկոպոս Գերմանոսի կողմից հունական դրոշի օծումը
Թվական փետրվարի 22, 1821սեպտեմբերի 12, 1829(8 տարի, 6 ամիս և 3 շաբաթ)[Ն 1]
Վայր Բալկանյան թերակղզի (հիմնականում՝ մայրցամաքային Հունաստան) և Եգեյան ծով
Արդյունք Հույների հաղթանակ
Հակառակորդներ
Հունաստան Հույն հեղափոխականներ
Հունաստան Հունաստանի առաջին հանրապետություն (1822 թվականից)

Աջակցություն՝
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիայի թագավորություն

Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Քաղաքական՝
Ֆիլիկի էթերիա
Հունաստան Ալեքսանդրոս Մավրոկորդատոս
Հունաստան Իոանիս Կապոդիստրիա
Ռազմական՝
Հունաստան Թեոդորոս Կոլոկոտրոնիս
Հունաստան Ալեքսանդրոս Իփսիլանտիս
Հունաստան Դիմիտրիոս Իփսիլանտիս
Հունաստան Գեորգիոս Կարայիսկակիս
Հունաստան Անդրեաս Միաուլիս
Հունաստան Կոնստանտինոս Կանարիս
Միացյալ Թագավորություն Ռիչարդ Չըրչ
Միացյալ Թագավորություն Թոնաս Քոկրեյն
Օսմանյան կայսրություն Մահմուդ II
Եգիպտոս Մուհամմադ Ալի փաշա
Օսմանյան կայսրություն Օմեր Վրիոնի
Օսմանյան կայսրություն Մահմուդ Դրամալի փաշա
Օսմանյան կայսրություն Հուրշիդ փաշա
Օսմանյան կայսրություն Հուսրև փաշա
Օսմանյան կայսրություն Ռեշիդ Մեհմեդ փաշա
Եգիպտոս Իբրահիմ փաշա
Ռազմական կորուստներ
շուրջ 25,000 շուրջ 20,000

Հունաստանի անկախության պատերազմ, հայտնի է նաև, որպես Հունական հեղափոխություն (հուն․՝ Ελληνική Επανάσταση, օսմաներեն՝ يونان عصياني), հույն ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմն ընդդեմ օսմանյան տիրապետության։ Անկախության համար մղվող պայքարում Հունաստանը զգալի առաջընթաց գրանցեց այն ժամանակ, երբ ժամանակի մեծ տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիայի թագավորությունը, սկսեցին հանդես գալ վերջինիս աջակցությամբ։ Օսմանյան կայսրությունը օժանդակում էին վասալ տերությունները՝ Եգիպտոսը, Ալժիրը, Տրիպոլիտանիան և Թունիսը։

Հունաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայտնվել է Կոստանդնուպոլսի անկումից տասնամյակներ առաջ։ Այս ժամանակից ի վեր հույները ձեռնարկել են մի շարք ապստամբություններ, որոնք պսակվել են անհաջողությամբ։ 1814 թվականին Հունաստանի ազատագրության նպատակով ստեղծվում է «Ֆիլիկի Էթերիա» կոչվող գաղտնի կազմակերպությունը։ «Ֆիլիկի Էթերիա»-ն պլանավորում է միաժամանակ ապստամբություններ սկսել Պելոպոնեսում, Դանուբյան ավազանում և Կոստանդնուպոլսում։ Նախատեսված էր պայքարը սկսել մարտի 25-ին, քանի որ այդ օրը ուղղափառ քրիստոնյաների շրջանում նշվում է Սուրբ Ավետման տոնը։ Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան․ օսմանյան իշխանությունները բացահայտեցին ազատատենչ հույների ծրագրերը և կազմակերպության անդամները ստիպված եղան հանուն անկախության մղվող պայքարը սկսել ավելի վաղ։ Ապստամբությունների առաջին ալիքը սկսվեց 1821 թվականի մարտի 6-ին Դանուբյան ավազանում, սակայն նույն տարում ճնշվեց Մահմուդ II-ի ղեկավարած իշխանությունների կողմից։ Դրանից շատ չանցած ապստամբություն սկսվեց նաև հյուսիսում՝ Պելոպոնեսյան թերակղզում, իսկ նույն տարվա մարտի 17-ին Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարեցին Լակոնիայում բնակվող մանիոտները։ Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող պետությունների հեղափոխական շարժման սկիզը։

Մարտի 25-ին հույների գործողությունները պաշտոնապես որակվեց հեղափոխություն, իսկ արդեն ամսվա վերջին Պելոպոնեսում սկսվեցին կատաղի մարտեր։ 1821 թվականի հոկտեմբերին Թեոդորոս Կոլոկոտրոնիսի գլխավորած բանակը պաշարում է Տրիպոլիսը։ Պելոպոնեսյան ապստամբությունն արագ տարածվում է նաև Կրետեում, Մակեդոնիայում, Կիպրոսում և Կենտրոնական Հունաստանում։ Միևնույն ժամանակ, հունական ռազմածովային նավատորմին հաջողվում է կասեցնել օսմանյան նավատորմի առաջխաղացումը Եգեյան ծովում՝ կանխելով նոր զինուժի մատակարարումը ռազմաճակատ։ Գիտակցելով վերասան վտանգը՝ Օսմանյան սուլթանը սկսեց բանակցել Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալիի հետ, ով խոստացավ Հունաստան ուղարկել իր որդուն՝ Իբրահիմ փաշային։ Իբրահիմը փետրվարին եգիպտական բանակի գլուխն անցած ժամանեց Պելոպոնես․ առաջին հաջողությունը ևս չուշացավ։ 1825 թվականի վերջին Պելոպոնեսյան թերակղզու մեծ մասն անցավ Եգիպտոսի հսկողության տակ, իսկ հույների վերջին հենակետը՝ Մեսոլոնգիոն քաղաքը, երկարատև դիմադրությունից հետո 1826 թվականի ապրիլին անձնատուր եղավ թուրքերին։ Թեև Իբրահիմը պարտություն կրեց Մանի թերակղզում, այնուամենայնիվ նրան հաջողվեց ճնշել Պելոպոնեսի ապստամբությունը և արշավել Աթենք։

Իրադրությունը անկանխատեսելիորեն փոխվեցին այն ժամանակ, երբ հակամարտությանը սկսեցին միջնորդել ժամանակի երեք խոշորագույն տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և ռոյալիստական Ֆրանսիան։ Սկզբում դաշնակիցները միացյալ նավատորմը Նավարինոյում խափանեց օսմանա-եգիպտական ռազմածովային ուժերի գրոհը, որից հետո վերջիններիս ուժերը մարտնչելու նպատակով տեղափոխվեցին հյուսիսային Հունաստան։ Երկրի հյուսիսային հատվածները ազատագրելուց հետո բրիտանա-ռուսական միացյալ նավատորմը վերջնականապես ծովում ջախջախեց օսմանյան նավատորմին, իսկ շատ չանցած Ֆրանսիան դրդմամբ պատերազմը լքեց նաև Եգիպտոսի էյալեթը։ Զարգացնելով հաջողությունները՝ մինչև 1829 թվականը հույները ազատագրեցին իրենց երկրի տարածքի մեծ մասը, իսկ Կենտրոնական Հունաստանի նվաճումից հետո օսմանյան բանակի պարտությունն անխուսափելի դարձավ։ 1832 թվականի հունիսին կնքված Կոստանդնուպոլսի պայմանագրով Հունաստանը վերջնականապես դարձավ անկախ պետություն, իսկ Լոնդոնյան արձանագրության ստորագրումից հետո երկիրը հռչակվեց թագավորություն։

Այսպիսով՝ Հունաստանը դարձավ առաջին երկիրը, որը լիակատարն անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից։ Հունական հեղափոխությունը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը․ այս շրջանում բազմիցս սկսեցին հիշատակվել հունական մշակույթի և քաղաքակրթության ազդեցության և վերջինիս դարավոր պատմության մասին։ Հույների հեղափոխական շարժման առաջներդներից էր նաև անգլիացի աշխարհահռչակ գրող Ջորջ Բայրոնը, ով հանդիսանում էր «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության համահիմնադիրներից մեկը։ Բայրոնն իր ստեղծագործություններով բարձրացնում էր մարտնչող հույների հայրենասիրական ոգին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռում էր Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Ներկայումս ամեն տարի մարտի 25-ին՝ անկախության պատերազմի սկսման օրը, Հունաստանում նշվում է, որպես ազգային տոն։

Նախապատմություն

Օսմանյան ժամանակաշրջան

Սպիտակ աշտարակը օսմանյան ժամանակաշրջանից պահպանված շինություններից ամենահայտնին է։ 1826 թվականին սուլթան Մահմուդ II-ի հրամանագրով հարյուրավոր բանտարկյալներ սպանվել են հենց այստեղ և հենց այդ պատճառով էլ վերջինս ստացել է «արյունոտ աշտարակ» անվանումը։

1453 թվականի մայիսի 29Կոստանդնուպոլսի անկումից հետո Բյուզանդական կայսրության իրավահաջորդ պետությունները, այդ թվում և Հունաստանը, նշեցին բյուզանդական ինքնիշխանության ավարտը։ Դրանից հետո Օսմանյան կայսրությունն ամրապնդեց իր սահմանները Բալկանյան թերակղզում և Անատոլիական սարահարթում։ Օսմանյան տիրապետության շրջանում ուղղափառ քրիստոնյաները ստանում են որոշակի քաղաքական իրավունքներ, որոնք սակայն չեն բարելավում վերջիններիս սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Թուրքերը հույների մեծամասնությանն անվանում էին ռայաներ։ Անուղղակիորեն, այդ անվանումը վերաբերվում էր նաև Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ոչ մուսուլման ազգային փոքրամասնություններին։

Միևնույն ժամանակ հունական մտավորականներն ու մարդասերները, որոնք օսմանյան տիրապետությունից առաջ Հունաստանից գաղթել էին արևմուտքի երկրներ, սկսեցին հանդես գալ ազատ և անկախ պետության ստեղծման, ազգային ինքնության և հայրենասիրության հորդորներով։ Նման գործունեություն էին իրականացնում այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դիմիտրիոս Խալկոկոնդիլիսը, Լիոնարդոս Փիլարասը և այլք։ Դիմիտրիոսը կոչ արեց վենետիկցիներին և «բոլոր լատիններին» օգնել հույներին «անմեղ, հրեշավոր և չարագործ բարբարոս թուրքերից»։ Հունական հեղափոխությունը մեկուսացված իրադարձություն չէր. օսմանյան դարաշրջանի պատմության ընթացքում հույներն իրենց անկախության վերականգնման բազմաթիվ փորձեր են կատարել։ 17-րդ դարի հունական ապստամբություններից ամենանշանավորը Մորեայի հեղաշրջման փորձն էր, որի նախաձեռնողը իմաստասեր Դիոնիսիոս Սկիլոսոֆոսն էր։ Մորեյան պատերազմներից հետո 30 տարի շարունակ Պելոպոնեսում իշխում են վենետիկցիները։ 1770-ական թվականների առաջին խոշոր ապստամբությունը Օռլյովի հեղափոխության փորձն էր, որի ժամանակ հույն ապստամբները ստանալով ռուսների աջակցությունը սկսեցին մարտնչել ընդդեմ թուրք հրոսակավորների։ Հունաստանի անկախության վերականգնման հերթական փորձը տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի շրջանակներում, սակայն հերթական անգամ մատնվել է անհաջողության։

Անկախ պետականության բացակայության պայմաններում հույն ժողովրդի ազգային ինքնության պահպանման ծանր գործն իր վրա է վերցնում հույն ուղղափառ եկեղեցին։

Պարտիզանական շարժում՝ կլեֆտներ և արմատոլոյներ

Դիմիտրիոս Մակրիսը կլեֆտների շարժման համահիմնադիրներից մեկն է

Թուրքահպատակ Բալկանյան թերակղզում հաճախակի տեղի էին ունենում բախումներ մուսուլման հույների և քրիստոնյաների միջև։ Ազգամիջյան բախումներից բնակչությանը պաշտանելու նպատակով ստեղծվեցին հատուկ հակակառավարական խմբեր, որոնք կոչվեցին «կլեֆտներ» (հավասարազոր տիտղոսը՝ հայդուկ)։ Կլեֆտների ազգանվեր գործունեությունը զգալի տեղ է զբաղեցրել հույն ժողովրդի բանահյուսության մեջ։ Հունաստանի անկախության համար պայքարող պարտիզանների մյուս խմբերը կոչվում էին արմատոլոյներ։ Արմատոլոյներն իրենցից ներկայացնում էին քրիստոնյա զինվորականներ, որոնք մարտնչում էին վտանգավոր տարածքներում, հատկապես՝ լեռնանցքներում։ Կելֆտների և արմատոլոյների միջև տարբերությունը հստակ նշված չէ, մինչդեռ ակնառու են վերջիններիս միջև եղած զգալի նմանությունները։

Կլեֆտներն ու արմատոլոյները ձևավորում էին գավառական էլիտան, թեպետ որպես առանձին սոցիալական դաս չէին առանձնացվում։ Արմատոլոյների գործունեությունը կրում էր ժառանգական բնույթ։ Նրանց նպատակը հույն խաղաղ բնակչությանը թուրքական հալածանքներից զերծ պահելն ու Հունաստանը մուսուլմաններից զտելն է։

Պարտիզանական շարժումը հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում Ռումելիայում, Թեսալիայում, Էպիրոսում և հարավային Մակեդոնիայում։ Ըստ Յաննիս Մակրիյանիսի՝ կլեֆտներն ու արմատոլոյները թուրքահպատակ Հունաստանի միակ խոշոր ռազական ուժն էին։ Յաննիսը կարևորել է նաև վերջիններիս դերը հունական անկախ պետականության կերտման և հեղափոխության հաղթանակի գործում։

Հունական ազգային շարժում

Ավելի լավ է ազատ ապրել մեկ ժամ
Քան քառասուն տարի ստրկության և անազատության մեջ։
Ռիգաս Ֆերայոս, հատված «Թուրիոս» պոեմից
Ռիգաս Ֆերայոս
Ադամանտիոս Կորաիս

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումներն իրենց հետքն են թողում նաև Հունաստանում։ 18-րդ դարում Օսմանյան Հունաստանում վերելք է ապրում առևտուրը և Հունաստանը վերածվում է առևտրաարդյունաբերական կարևոր հանգույցի։ Հունական առևտրի նշանավոր կենտրոններից էին Եգեյան ծովի կղզիները, մասնավորապես՝ Իդրան և Անդրոսը։ 18-19-րդ դարերում Հունաստանի տարբեր քաղաքներում բացվում են նոր դպրոցներ և գրադարաններ, իսկ տասնյակ հույն երիտասարդներ մեկնում են Արևմտյան Եվրոպայի բարձրակարգ համալսարաններում ուսանելու։ Եվ հենց նրանց շնորհիվ էլ Հունաստանը դառնում է եվրոպական լուսավորչական գաղափարների կրող։ Հունական սփյուռքի կրթված էլիտան, ի դեմս Ադամանտիոս Կորաիսի և Ռիգաս Ֆերայոսի, ամեն կերպ փորձում է այդ գաղափարները փոխանցել հույներին։ Հունական ազգային շարժման ծավալման համար կարևոր դեր են խաղում 18-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները։ Ռուսաց կայսր Պետրոս Մեծը, ով նպատակ ուներ Օսմանյան կայսրության ավերակների վրա ստեղծել բյուզանդական ժառանգության կրող ուղղափառ թագավորություն, 1711 թվականին հույներին առաջարկում է միանալ ռուսական բանակին և միահամուռ ուժերով պայքարել թուրքերի դեմ՝ «հանուն հավատքի և հայրենիքի»։

1769 թվականին ռուսները սատարում են նաև Պելոպոնեսի ապստամբներին։ Ի շնորհակալություն այդ ամենի՝ 1788-1792 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կայսերական Ռուսաստանին օժանդակելու նպատակով մարտի դաշտ է մեկնում Լամբրոս Կաթսոնիսի գլխավորած հունական ռազմանավը։ 18-րդ դարի հունական բոլոր խռովությունները ճնշվում են օսմանյան իշխանությունների կողմից, սակայն դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ այս իրադարձությունների ֆոնին վերելք է ապրում հունական ազգային շարժումը։

19-րդ դարի սկզբին Ֆրանսիական հեղափոխության ազդեցությամբ մի շարք ժողովուրդներ ձեռնարկում են ազգային-ազատագրական հեղափոխություններ։ Արդյունքում՝ Եվրոպան հայտնվում է հեղափոխական գործողությունների կիզակետում։ Այս ժամանակահատվածի հույն գրողներից ամենաազդեցիկը Ռիգաս Ֆերայոսն էր։ Ֆերայոսն առաջինն էր, ով ֆրանսիացիների գծած ուղով փորձեց ազատագրել բալկանյան ժողովուրդների պատմական հայրենիքները։ 1797 թվականին Վիեննայում գաղտնի տպագրվում է «Ռումելիայի, Փոքր Ասիայի, Միջերկրական ծովի կղզիների, Վալախիայի և Մոլդավիայի ժողովուրդների համար նոր քաղաքական կառավարում» և «Ռազմական հիմն» գրքույկները, որոնցում անդրադարձ է կատարվել քրիստոնյաների և մուսուլմանների իրավահավասարության, բալկանյան բոլոր ժողովուրդների եղբայրության ու հավասարության գաղափարներին, ինչպես նաև առաջ քաշել Օսմանյան կայսրության դեմ ճնշված ժողովուրդների համատեղ պայքարի և Բալկանյան թերակղզում ֆրանսիական հանրապետության օրինակով միացյալ դեմոկրատական պետություն («Հունական հանրապետություն») ստեղծելու ծրագիր։  Իր ազատատենչ հայտարարությունների համար 1797 թվականին Ռիգաս Ֆերայոսը ձերբակալվում է ավստրիացի պաշտոնյաների կողմից և արտահանձնվում է Օսմանյան կայսրությանը։ 1798 թվականի հունիսին նա խեղդամահ է արվում, իսկ նրա անշնչացած մարմինը նետվում է Դանուբ գետը։ Ռիգասի դիտավորյալ սպանությունը Հունաստանում խռովությունների տեղիք է տալիս և երկրում վերստին բորբոքվում են հակաթուրքական տրամադրությունները։ Ի հիշատակ մեծ գրողի՝ նրա հայրենասիրական բանաստեղծություններից «Թուրոսը» (պատերազմական երգ) թարգմանվում է մի շարք արևմտաեվրոպական և բալկանյան լեզուներով և դառնում է հույներին օսմանյան իշխանությունների դեմ պայքարի դրդող հորդորակ։

Օսմանահպատակ Հունաստանում լուսավորության դարաշրջանի գաղափարական արժեքների տարածողներից էր նաև ազդեցիկ գրող և մտավորական Ադամանտիոս Կորաիսը, ով անձամբ ականատես էր եղել Ֆրանսիական մեծ հեղափոխությանը։ Կորիասն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Փարիզում, սակայն դա չի խանգարել, որ վերջինս նվիրվի հայրենի երկրի ազատագրության համար մղվող պայքարին։ Նրա նախաձեռնությամբ Հունաստանի տարբեր երկրամասերում բացվում են դպրոցներ և դպրոտներ։ Կորիասը նպատակ ուներ Հունաստանը վերածել լիբերալ, ժողովրդավարական երկրի, սակայն վերահաս մահը խանգարեց վերջինիս իրագործել այդ ամենը։ Հունաստանյան անկախության շարջմանն աջակցում էին ոչ միայն Արևմտյան Եվրոպայում, այլ նաև Ռուսաստանում։ Սա պայմանավորված էր նախ և առաջ ռուս-թուրքական անկայուն դիվանագիտական հարաբերություններով, ինչպես նաև այդ երկրում ֆիլհելենների առկայությամբ։

Ֆիլիկի էթերիա

«Ֆիլիկի էթերիա» գաղտնի կազմակերպության տարբերանշանը

Ֆերայոսի մահից հետո նրա գործը շարունակում են երեք երիտասարդ առևտրականներ Նիկոլաոս Սկուֆասը, Էմանուիլ Քսանթոսը և Աթանասիոս Ցակալոֆը։ Նրանք նպատակ ունեին իտալական կարբոնարների օրինակով նման գաղտնի կազմակերպություն ստեղծել նաև Հունաստանի ազատագրության համար։ Կարբոնարները 19-րդ դարի սկզբին նապոլեոնյան տիրապետության ժամանակաշրջանում, հարավային Իտալիայի նույնանուն քաղաքում գործող գաղտնի ընկերության անդամներ էին։ Կարբոնարների շարժմանը մասնակցում էին սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ։ 1814 թվականին հունական սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Օդեսսայում (ներկայումս գտնվում է Ուկրաինա պետության տարածքում) ստեղծվում է այսպես կոչված «Ֆիլիկի էթերիա» («Ընկերական հասարակություն») կազմակերպությունը։

Կազմակերպությունը նպատակ ուներ վերականգնել Բյուզանդական կայսրության փառքն ու Կոստանդնուպոլսի մայրաքաղաքային կարգավիճակը, ինչպես նաև հույների պատմական հայրենիքում ստեղծել ազգային պետություն։ 1820 թվականին ընկերակցության առաջնորդ դառնալու նպատակով Հոնիական կղզիներից «Ֆիլիկի էթերիա»-ի կենտկայան է մեկնում Իոանիս Կապոդիստրիան։ Սակայն նրա նախաձեռնությունը ձախողվում է․ չի իրագործվում նաև ռուսական բանակի օգնությամբ Հունաստանի ազատագրության Կապոդիստրիասի ծրագիրը։

«Ֆիլիկի էթերիա»-ն արագորեն կարողանում է ընդլայնել իր սահմանները և շուտով անդամներ հավաքել հունական աշխարհի բոլոր բնագավառներից և հասարակական տարբեր խավերից։ 1821 թվականին Օսմանյան կայսրությունը պատերազմ է սկսում Պարսկաստանի դեմ, որը Հունաստանի օսմանցի նահանգապետերին ստիպում է հեռանալ իրենց ղեկավարության տակ գտնվող նահանգներից և մասնակցել հակաիրանական պատերազմին։ Միևնույն ժամանակ, Նապոլեոն Բոնապարտի դեմ «Եվրոպայի համերգ»-ի շրջանակներում Իսպանիայում և Իտալիայում տեղի են ունենում ապստամբություններ։ Հարավեվրոպական հեղափոխությունների ֆոնի վրա հույները նախապատրաստվում են ապստամբություններ իրականացնել միաժամանակ Պելոպոնեսում, Դանուբյան ավազանում և Կոստանդնուպոլսում։

Ֆիլհելենականություն

Հույն գյավուրի և հասանի պայքարն ըստ Էժեն Դելակրուայի։ Պահվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում և ոգեշնչված է Գվայուրը պոեմից։
Լեռները նայում են Մարաթոնին,
Մարաթոնը նայում է ծովին․
Եվ մնում է այնտեղ միայնակ,
Երազում է տեսնել Հունաստանը մի օր ազատ
Այստեղ կանգնած պարսից դիակների համար,
Ես չեմ կարող նրան համարել ստրուկ։
Ջորջ Բայրոն, «Հունաստանի կղզիները»

Այս տարիներին ողջ Եվրոպան սատարում էր Հունաստանի անկախությունը և դա բոլորովին պայմանավորված չէր վերջիններիս հակաօսմանյան տրամադրություններով։ Եվրոպայում հույների հանդեպ համակրանքն ուներ ավելի խոր արմատներ․ Հունաստանը հանդիսանալով եվրոպական մշակույթի և քաղաքակրթության բնօրրանը, մշտապես եղել է արտասահմանյան երկրների ուշադրության կենտրոնում։ Հենց այս պատճառով էլ մի շարք ամերիկացի և արևմտաեվրոպացի արիստոկրատներ, ինչպիսիք են անվանի բանաստեղծ Ջորջ Բայրոնը, իսկ հետագայում նաև բժիշկ Սամուել Հոուն, հեղափոխությանն ու ազատագրական պայքարին մասնակցելու պատրաստակամություն են հայտնում։ Շատերն էլ ֆինանսավորում են հեղափոխական շարժման մասնակիցներին՝ նրանց ապահովելով համապատասխան զինամթերքով և տեխնոլոգիական միջոցներով։ Օրինակ՝ Լոնդոնի ֆիլհելենական կոմիտեն 1824 թվականին Հունաստանին օգնեց £ 800 000, իսկ մեկ տարի անց՝ 1825-ին, £ 2 000 000-ով։ Շոտլանդացի պատմաբան և բարերար Թոմաս Գորդոնը մասնակցելով հեղափոխական պայքարին հետագայում գրեց հունական հեղափոխության առաջին պատմություններն անգլերեն լեզվով։ Իսկ Ալբերտ Բոմանի խոսքերով՝ «Ֆիլհելենները պետք է պատրաստակամորեն անտեսեն հունական վայրագությունների մասին բազմաթիվ հակասական պատմությունները, քանի որ նրանք ազատության հասնելու այլ եղանակ չգիտեին»։

Հունական հեղափոխությունը կարճ ժամանակահատվածում հասցրեց վայելել ամբողջ եվրոպական հասարակության համակրանքը, չնայած նրան, որ մեծ տերությունները ի սկզբանե փորձում էին այն ծառայեցնել իրենց շահերին։ Հենց այս ժամանակահատվածում էլ օսմանյան մամուլը սկսեց լուրեր տարածել Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյա հույների վայրագությունների վերաբերյալ։ Ընդարձակ կայսրության տարածքում 1822 թվականին տեղի ունեցած կոտորածները ոգեշնչեցին Էժեն Դելակրուային նկարել իր հայտնի «Քիոսի կոտորածը» նկարը։ Իսկ ահա համահունական շարժման գլխավոր ոգեշնչողը անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնն էր։ Նա ամբողջ աշխարհի հույներին ոգևորում էր իր բանաստեղծություններով և ազատատենչ կոչերով։ Լոնդոնում հույների օգնության կոմիտե ստեղծելուց հետո Բայրոնը սեփական միջոցներով անգլիական երկկայմ առագաստանավ է գնում և 500 կամավոր հույների հետ 1823 թվականի հուլիսին ուղևորվում է Հունաստան։ Նա կարգադրում է նաև վաճառել իր ողջ ունեցվածքն ու ամբողջ հասույթը տրամադրել ապստամբներին։ Հունաստանում նա իր շուրջն է համախմբում ապստամբության բոլոր առաջնորդներին, հարթում նրանց միջև բոլոր տարաձայնությունները։ Սակայն ցավոք անգլիացի բանաստեղծը չի կարողանում տեսնել անկախ Հունաստանը, քանի որ հիվանդանում է տենդով և 1824 թվականի ապրիլի 19-ին մահանում է։ Նա Հունաստանին է նվիրում անգամ իր կյանքի վերջին տողերը․

Քու՛յր իմ, զավա՛կս, դժբա՛խտ Հունաստան… Ես նրան տվեցի ժամանակս, կարողությունս, առողջությունս… Այժմ տալիս եմ նաև կյանքս

Բայրոնի Մահը ծանր անդրադարձավ հույների վրա, սակայն այս իրադարձությունը շրջադարձային եղավ հույների համար, ու նրանք սկսեցին հեղափոխությունը շարունակել նոր ոգով։ Հույների կողքին էին նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ պետությունների մշակութային և քաղաքական գործիչներ։ Ֆիլհելենիզմը զգալի ներդրում է ունեցել ժամանակաշրջանի ռոմանտիզմի կայացման մեջ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ սերնդի գեղարվեստական և գրական մտավորականությանն ընդլայնել դասական ռեպերտուարը՝ ժամանակակից հունական պատմությունը գրելո որպես հնագույն պատմության շարունակություն և ընդլայնում։ Հին Հունաստանի վերածննդի գաղափարը ներշնչեց հունական հռետորաբանության զարգացմանը։ Այդ ժամանակաշրջանի դասականներն ու ռոմանտիկները թուրքական լծից ազատումը համարում էին նոր վերածննդի նախապայման։

Ծանոթագրություններ

Նշումներ

  1. 1923 թվականի փետրվարի 16-ին (նոր օրացույցով՝ մարտի 1-ին) Հունաստանը պաշտոնապես ընդունեց Գրիգորյան օրացույցը։ Մինչ այդ, ամսաթվերի համար օգտագործվում էր հին հաշվողական ոճը

Աղբյուրներ

  1. Բարկեր, Կրոնական ազգայնամոլությունը ժամանակակից Եվրոպայում, էջ 118 // Barker, Religious Nationalism in Modern Europe, p. 118
  2. Barker, Religious Nationalism in Modern Europe, p. 118
  3. «Անգլերենի ամերիկյան ժառանգության բառարան» The American Heritage Dictionary of the English Language, չորրորդ հրատարակչություն, Houghton Mifflin Company, (2004)
  4. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition, Houghton Mifflin Company, (2004)
  5. Bisaha, Nancy (2004). Creating East and West: Renaissance humanists and the Ottoman Turks. University of Pennsylvania Prees 0-8122-3806-0. p. 114.
  6. Kassis, Mani's History, pp. 31–33.
  7. Kassis, Mani's History, p. 35.
  8. Bisaha, Creating East and West, 114–115 * Milton (& Diekhoff), Milton on himself, 267
  9. Paparrigopoulos, History of the Hellenic Nation, Eb, p. 108 * Svoronos, The Greek Nation, p. 89 * Trudgill, "Greece and European Turkey", p. 241
  10. Vacalopoulos, The Greek Nation, 1453–1669, p. 211
  11. Koliopoulos, Brigands with a Cause, p. 29
  12. 12,0 12,1 Clogg, A Concise History of Greece, էջ 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի անկախության պատերազմ» հոդվածին։