Հրետանային ինքնագնաց կայանք (ՀԻԿ) կամ ինքնագնաց հրետանային կայանք, խոշոր տրամաչափի հրանոթ է, որը տեղադրված է ինքնագնաց հենասարքի(շասսի) վրա։ Որպես մարտական մեքենա հրետանային ինքնագնաց կայանքը արտաքուստ նման է տանկի, բայց իրենից ներկայացնում է բացառապես հրետանային միջոց՝ զինված թնդանոթներով կամ հաուբիցային հրանոթներով և կատարում է այլ տակտիկական խնդիր։ Հրետանային ինքնագնաց կայանքը լինում է տարբեր տեսակի՝ զրահապատված կամ առանց զրահի, անիվավոր կամ թրթուրավոր հենասարքով, թնդանոթի աշտարակային կամ ֆիքսված մոնտաժումով։ Հրետանային ինքնագնաց կայանքը որպես այդպիսին առաջացել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տանկերի և ծանր հրանոթային զրահապատ մեքենաների զարգացման հետ։ Եթե գնահատենք ներկայիս չափանիշներով ապա ամենաառաջին տանկերից ֆրանսիական Սեն-Շամոնը և ՍԱ-1 Շնեյդերը իրենց հատկանիշներով ավելի շուտ հրետանային ինքնագնաց կայանք էին, քան թե տանկ։
Հրետանային ինքնագնաց կայանքը ի տարբերություն տանկի նախատեսված է բոլորովին այլ մարտական խնդիրների կատարման համար և կիրառման տակտիկայով բոլորովին այլ սկզբունքի է։ ՀԻԿ-ը կարող է կրակ վարել բավականին մեծ հեռավորությունների վրա, որը թույլ է տալիս խուսափել հակառակորդին հետ շփման գծին մոտենալուց, սրանով է պայմանավորված ՀԻԿ-ի համեմատաբար թույլ զրահավորվածությունը և մեծ գաբարիտները (հիմնականում բարձրությունը)։ Ի տարբերություն տանկի զրահի, ՀԻԿ-ի զրահը նախատեսված է հակառակորդի դիվերսիոն խմբերի և դեսանտի հրազենային հարձակումից անձնակազմի պաշտպանման համար, ուստի նրա վրա բացակայում են զրահի ակտիվ և դինամիկ պաշտպանության միջոցները։ ՀԻԿ-ի հրանոթը ավելի հզոր է, քան տանկինը, փողը ավելի ծանր ու երկար է, իսկ կողմնորոշիչ ու նշանառության միջոցները ավելի կատարելագործված են, ունի բալիստիկայի հաշվարկման և այլ լրացուցիչ օժանդակ միջոցներ։ Շնորհիվ այս հատկությունների ու նաև այն հանգամանքի կրակ վարելիս ՀԻԿ-ը գտնվում է անշարժ վիճակում, նրա կրակի արդյունավետությունը ավելի մեծ է քան տանկինը։
Կախված իրենց առջև դրված խնդիրներից ՀԻԿ-երը կարող են լինել
ՀԻԿ-երը կարող են դասակարգվել նաև ըստ զրահապատվածության(թեթև, միջին, ծանր), ըստ հրանոթի տրամաչափի(փոքր, միջին, խոշոր), ըստ հենասարքի տեսակի(անիվավոր, թրթուրավոր, համակցված) և այլ չափանիշներով։
ՀԻԿ-երը հիմնականում կիրառվում են այլ տեսակի զիրքերին մարտի ժամանակ հրետանային կրակով օժանդակելու համար։ Հարձակման ժամանակ ՀԻԿ-երը, շնորհիվ իրենց բարձր շարժունակության, կարող են ուղեկցել տանկերին մինչև հակառակորդի պաշտպանության խորքերը՝ բարձրացնելով գրոհային ստորաբաժանումների(զրահատանկային և մոտոհետևակային) մարտունակությունը։ ՀԻԿ-երով համալրված հրետանային ստորաբաժանումները, նորից շնորհիվ բարձր շարժունակության, առանց այլ զորատեսակի աջակցման կարող են ինքնուրույն հրետանային կրակի տակ պահել հակառակորդին։ Դա կատարվում է հետևյալ կերպ՝ նախօրոք որոշվում և նշանակվում են նպատակակետերը, կատարվում է համապատասխան հաշվարկ և լիովին նախապատրաստվում են կրակի արդեն նախորոշված կրակային դիրքից, հետո ՀԻԿ-րը առաջ են շարժվում դեպի կրակային դիրքեր ու առանց նշանափորձման հրետակոծում նպատակակետերը, ավարտելով արագ հեռանում դեպի պահեստային դիրքեր, այսպիսով մինչ հակառակորդը կկատարի տեղորոշում ու պատասխան կրակ կբացի նրանք վաղուց արդեն լքում են կրակային դիրքերը։
Հակառակորդի կողմից պաշտպանական գծի ճեղքման դեպքում ՀԻԿ-երը հաջողությամբ կարող են օգտագործվել որպես հակատանկային միջոց, այդ դեպքերում ՀԻԿ-երի սպառազինության մեջ լինում են հատուկ բեկորա-ֆուգասային կառավարվող արկեր(օր.՝ Կրասնոպոլ, Կիտոլով, Սանտիմետր, Կոպերհեդ(ԱՄՆ) և այլն) կամ այլ հակատանկային արկեր։ Միջուկային մարտական գլխիկով արկերով համալրված ՀԻԿ-երը միայնակ կարող են ոչնչացնել հակառակորդի հույժ կարևորություն ունեցող օբյեկտներ(օդանավակայան, երկաթգծի կայարան, կայազորի տեղակայման վայր, կարևոր գործարաններ), այս դեպքում միջուկային արկը, ի տարբերություն տակտիկական միջուկային հրթիռի կամ ռմբակոծիչ ինքնաթիռի պրակտիկորեն անորսալի է, բայց հեռահարությունը և միջուկային պայթյունի հզորությունը համեմատաբար ցածր է։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրետանային ինքնագնաց կայանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 361)։ |