Մանչեսթեր Յունայթեդ | ||||
Ամբողջական անուն | Manchester United Football Club Մանչեսթեր Յունայթեդ Ֆուտբոլային Ակումբ | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Red Devils «Կարմիր Սատանաներ», The Reds «Կարմիրներ», «Մանկունիանցիներ» | |||
Հիմնադրում | 1878, որպես Նյութոն Հիթ 1902, որպես Մանչեսթեր Յունայթեդ | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Օլդ Թրաֆորդ | |||
Տարողունակություն | 75,643 | |||
Նախագահ | Էդ Վուդվորդ | |||
Մարզիչ | Ռալֆ Ռանգնիկ | |||
Կայք | ||||
Լիգա | Պրիմիեր Լիգա | |||
2022-23 | 3-րդ | |||
|
«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club; արտասանություն։ ), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերից, հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է, անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին։
Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որն Անգլիայի՝ տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտն է՝ «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկը։ Վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայի ամենահաջողակ ակումբներից մեկն է. 1986 թվականի նոյեմբերից, երբ ակումբն սկսեց գլխավորել Ալեքս Ֆերգյուսոնը, նվաճել է 27 խոշոր գավաթ։ Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանում թիմը նվաճել է ռեկորդային 19-րդ տիտղոսը՝ դառնալով Անգլիայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով և շրջանցելով «Լիվերպուլին», որը հաղթել էր 18 չեմպիոնական տիտղոս։ 2012-2013 մրցաշրջանում ակումբը նվաճել է նաև 20-րդ տիտղոսը։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել առաջին անգլիական ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բենֆիկային» 4-1 հաշվով։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է եվրոպական ամենապատվաբեր ակումբային առաջնության՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ կամային հաղթանակ տանելով «Բավարիա Մյունխենի» նկատմամբ 2-1 հաշվով։ 2007-2008 մրցաշրջանում թիմը կրկին նվաճել է Չեմպիոնների լիգան՝ հաղթելով լոնդոնյան «Չելսիին»։ Բացի այդ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։
2012-2013 մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնը, ով նշանակվել էր այդ պաշտոնին 1986 թվականի նոյեմբերի 6-ին, թողեց պաշտոնը, սակայն մնաց ակումբային կառույցներում և ակումբի տնօրենների խորհրդի անդամ է, բացի այդ հանդիսանում է ակումբի դեսպան։ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ ֆուտբոլային ակումբը 27 տարվա ընթացքում նվաճել էր 38 տիտղոս, ինչի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարզիչներից մեկը։
2010 թվականին «Յունայթեդը» ընդգրկվել է ամենաբարձր եկամուտներ ունեցող երեք ֆուտբոլային ակումբների ցանկի մեջ։ 2015 թվականի մայիսի 7-ին «Ֆորբս» ամսագիրը գնահատեց ակումբը 3,1 միլիարդ դոլար (2,04 միլիարդ ֆունտ)։
Թիմի գլխավոր մարզիչը նորվեգացի Օլե Գուննար Սուլշերն է։ Թիմի ավագը Անտոնիո Վալենսիան է, ով փոխարինել է 2018 թվականին կարիերան ավարտած Մայքլ Կարրիկին։
Ակումբը ձևավորվել է «Նյուտոն Հիթ (Լանկաշիր էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» (անգլ.՝ Newton Heath L&YR F.C) անվամբ Մանչեսթերի երկաթուղու մի խումբ աշխատողների կողմից 1878 թվականին։ Ակումբային մարզահագուստը ուներ երկու գույն՝ կանաչ և ոսկեգույն։ 15 տարվա ընթացքում ակումբը հանդես էր գալիս տարածքով փոքր և կիսավեր «Նորթ Ռոուդ» մարզադաշտում, որից հետո՝ 1893 թվականին, տեղափոխվեց Քլեյթոնում գտնվող «Բենք Սթրիթ» մարզադաշտ։ Դրանից մեկ տարի առաջ ակումբը միացավ Անգլիայի Ֆուտբոլային լիգային և առանձնացավ երկաթուղիներից։ Ստեղծվեց ակումբային քարտուղարի պաշտոնը, իսկ անվանումից հանվեց «Լանկաշիր էնդ Յորքշիր Ռեյլուեյ» լրացումը. ակումբը սկսեցին պարզապես կոչել «Նյուտոն Հիթ»։ 1902 թվականին թիմը սնանկության եզրին էր՝ ունենալով ավելի քան 2500 ֆունտ ստեռլինգի պարտք։ «Բենք Սթրիթ» մարզադաշտը պետք է փակվեր դատարանի կողմից։ Ջոն Հենրի Դևիսը՝ Մանչեսթերի գարեջրի գործարանի ղեկավարը, բավականին մեծ չափի ներդրումներ կատարեց։ 1902 թվականի ապրիլի 26-ից ակումբը փոխեց իր անունը և պաշտոնապես սկսեց անվանվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Միաժամանակ փոփոխվեցին նաև ակումբի գույները. կանաչն ու ոսկեգույնը վերափոխվեցին կարմիրի և սպիտակի։
1903 թվականին ակումբային քարտուղար նշանակվեց Ջեյմս Մանգնել Էռնեստը, ում ղեկավարությամբ 1906 թվականին «Յունայթեդը» դուրս եկավ Առաջին դիվիզիոն, իսկ 1907-08 թվականների մրցաշրջանում նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը՝ Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Այդ ժամանակ հարևան «Մանչեսթեր Սիթիից» «Յունայթեդ» տեղափոխվեցին մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Բիլլի Մերեդիթը և Սենդի Թերնբուլլը, ովքեր հետագայում դարձան թիմի առանցքային խաղացողները։ 1908 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ նվաճեց Անգլիայի սուպերգավաթը, իսկ 1909 թվականին՝ Անգլիայի առաջին գավաթը։ 1910-1911 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» երկրորդ անգամ դարձավ Առաջին դիվիզիոնի չեմպիոն։ Նույն մրցաշրջանում տեղափոխվեց իր նոր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ։
Հաջորդ տասնամյակի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ նոր տիտղոսներ նվաճել, իսկ 1922 թվականին կրկին վերադարձավ Երկրորդ դիվիզիոն։ 1925 թվականին «Յունայթեդը» վերադարձավ Առաջին դիվիզիոն, բայց պայքարում էր միայն մրցաշարային աղյուսակի առաջին հատվածում տեղ գտնելու համար և նորից անցավ Երկրորդ դիվիզիոն 1931 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939-1945) նախորդող ութ տարիների ընթացքում «Յունայթեդը» պարբերաբար մի դիվիզիոնից մյուսն էր տեղափոխվում, իսկ 1934 թվականին առաջնությունում գրավեց իր պատմության մեջ ցածրագույն՝ 20-րդ հորիզոնականը Երկրորդ դիվիզիոնում։ 1927 թվականի հոկտեմբերին՝ Ջոն Հենրի Դևիսի մահից հետո, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական դրությունը կտրուկ վատթարացավ, և 1931 թվականի վերջին ակումբը հայտնվեց սնանկության եզրին։ Թիմին հովանավորեց տեղացի գործարար Ջեյմս Ուլիլյամ Գիբսոնը, ով մարեց ակումբի բոլոր պարտքերը և դարձավ նոր ղեկավարը։ 1938-39 մրցաշրջանը թիմն ավարտեց Առաջին դիվիզիոնի 14-րդ հորիզոնականում։
1945 թվականին «Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվեց Մեթ Բասբին։ Բասբիի և իր օգնականի՝ Ջիմ Մերֆիի ղեկավարությամբ ակումբը երեք մրցաշրջան շարունակ կարողացավ երկրորդ տեղը գրավել առաջնությունում՝ 1946-47, 1947-48 և 1948-49, իսկ 1948 թվականին նվաճեց Անգլիայի գավաթը։ 1951-52 թվականների մրցաշրջանում՝ վերջին հաղթանակից 41 տարի անց, «Յունայթեդը» հաղթեց Առաջին դիվիզիոնի առաջնությունում։
Թիմի նոր կազմը բաղկացած էր բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներից, և Բասբին սկսեց հիմնական թիմ հրավիրել երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին՝ Ռոջեր Բեռնին, Բիլ Ֆոուլքսին, Մարկ Ջոնսին, Դենիս Վայոլեթին։ Սակայն առաջին շրջանում՝ 1952-53 թվականների մրցաշրջանում, Բասբիի երիտասարդացած թիմը ավարտեց առաջնությունը միայն 8-րդ տեղում, իսկ արդեն 1955-56 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն հռչակվեց։ Թիմի խաղացողների միջին տարիքը 22 էր։ Մամուլում ակումբի երիտասարդ սաներին «Բասբիի փոքրիկներ» էին անվանում։ 1956-57 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» կրկին նվաճեց Առաջին դիվիզիոնի առաջնության չեմպիոնի կոչումը, ինչպես նաև հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ և Եվրոպայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ՝ դառնալով առաջին անգլիական ակումբը, որ մասնակցություն ունեցավ այդ եվրոպական մրցաշարում։
1957-1958 թվականների մրցաշրջանում՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղից հետո՝ Բելգրադից վերադառնալիս, «Յունայթեդի» խաղացողներով ինքնաթիռը 1958 թվականի փետրվարի 6-ին Մյունխենի օդանավակայանում վթարի ենթարկվեց։ Ավիավթարը ութ ֆուտբոլիստի կյանք խլեց (Ջեֆ Բենթ, Էդի Քոլման, Դունկան Էդվարդս, Մարկ Ջոնս, Դևիդ Փեգ, Թոմի Թեյլոր և Լիան Ուիլան)։ Զոհվեցին տասնհինգ այլ ուղևորներ՝ ներառյալ մարզչական շտաբի անդամները՝ Ուոլթեր Քրիքմերը, Ուոլի Բերթը և Թոմ Քարին։ Մեթ Բեսբին ծանր վնասվածքներ ստացավ, բայց կարողացավ բուժվել և վթարից երեք ամիս անց կրկին վերադարձավ ակումբի ղեկավարման աշխատանքներին։ Ի զարմանս շատերի՝ չունենալով հիմնական կազմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ՝ «Յունայթեդը» կարողացավ հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց «Բոլտոնին»։ Մրցաշրջանի վերջում ՈՒԵՖԱ-ն առաջարկեց Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային երկու թիմ հայտավորել Եվրոպայի չեմպիոնների գավաթում, սակայն Ֆուտբոլի ասոցիացիան մերժեց առաջարկը։ 1958-59 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» գրավեց երկրորդ տեղը, պայմանագիր կնքելով Դենիս Լոուի և Փեթ Քրերանդի հետ, միաժամանակ փնտրելով երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների։ Նրանցից աչքի ընկավ Ջորջ Բեսթը։ Այս թիմով Բասբին նվաճեց 1963 թվականի Անգլիայի առաջնության ուղեգիր, թեև առաջնությունն ավարտել էր ընդամենը 19-րդ հորիզոնականում։ Արդեն 1963-64 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» գրավեց 2-րդ տեղը, իսկ 1964-65 և 1966-67 թվականների մրցաշրջաններում դարձավ Անգլիայի չեմպիոն։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» անցավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ 4:4 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»։ Այդ արդյունքով «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որ հաղթեց այդ մրցաշարը։ «Յունայթեդի» առաջին կազմի երեք ֆուտբոլիստներ դարձան «Ոսկե գնդակի» հաղթողներ՝ Բոբի Չարլթոնը, Դենիս Լոուն և Ջորջ Բեսթը։ 1969 թվականին Մեթ Բասբին լքեց գլխավոր մարզչի պաշտոնը՝ զիջելով այն «Յունայթեդի» նախկին խաղացող Ուիլֆ ՄաքԳինեսին։
Ուիլֆ ՄաքԳինեսի ղեկավարությամբ «Յունայթեդը» 1969-70 թվականների մրցաշրջանում զբաղեցրեց 8-րդ տեղը, և 1970-71 թվականների ձախողված մրցաշրջանից հետո ՄաքԳինեսը լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։ Բասբին համաձայնեց ժամանակավորապես գլխավորել թիմը, բայց արդեն 6 ամիս անց՝ 1971 թվականի ամռանը, վերջնականապես լքեց ակումբը։ Միևնույն ժամանակ թիմից հեռացան մի քանի փորձառու ֆուտբոլիստներ, որոնց թվում էին Նոբի Սթայլզը և Փեթ Քրերանդը։
Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆրենկ Օ’Ֆարելը։ Նա, ինչպես և ՄաքԳինեսը, ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում մնաց ավելի քան մեկուկես տարի, բայց, ի տարբերություն ՄաքԳինեսի, գնեց նոր խաղացողների, այդ թվում՝ Մարտին Բաքենին՝ «Յունայթեդի» հիմնական կազմը ուժեղացնելու համար։ Նշված մարզիկին «Յունայթեդը» գնեց «Աբերդինից» 125 000 ֆունտով։ 1972 թվականի վերջում թիմի գլխավոր մարզիչ դարձավ Թոմի Դոհերտին՝ «Դոկ» մականվամբ։ Նա փրկեց «Յունայթեդին» 1972-73 թվականների մրցաշրջանում լիգայից դուրս մնալուց, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում ակումբը երկար տարիների դադարից հետո վերադարձավ Երկրորդ դիվիզիոն։ Այդ ժամանակ «աստղային եռյակը»՝ ի դեմս Ջորջ Բեսթի, Դենիս Լոուի և Բոբի Չարլթոնի հեռացավ թիմից։ Նրանց փոխարեն ակումբ են գալիս Լու Մակարին, Ստյուարտ Հյուսթոնին և Բրայան Գրինհոֆին, սակայն նրանցից ոչ ոք չկարողացավ նշված ֆուտբոլիստներին արժանիորեն փոխարինել։ 1974-75 մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձավ Առաջին դիվիզիոն, իսկ 1976 թվականին հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց «Սաութհեմփթոնին»։ Մեկ տարի անց «Յունայթեդը» այնուամենայնիվ նվաճեց Անգլիայի գավաթը՝ 1977 թվականի եզրափակիչ խաղում հաղթելով «Լիվերպուլին» 2։1 հաշվով։ Չնայած այդ հաջողությանը և երկրպագուների շրջանում սիրված լինելուն՝ Դոհերտիին ազատեցին աշխատանքից հենց եզրափակչից հետո. պատճառը նրա և ակումբի ֆիզիոթերապևտի կնոջ միջև սիրային կապն էր։
1977 թվականի ամռանը Դոհերտիին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Դեյվ Սեքսթոնը։ Վերջինիս չհաջողվեց հաղթել և ոչ մի տիտղոս, այդ իսկ պատճառով 1981 թվականին նրան ազատեցին այդ պաշտոնից։ Նրան փոխարինեց Ռոն Աթքինսոնը, ում կերպարը երևում էր մարզչական աշխատանքում։ Նա միանգամից սահմանեց տրանսֆերային ռեկորդ՝ գնելով Բրայան Ռոբսոնին «Վեստ Բրոմվիչից»։ Բացի այդ, Աթքինսոնը պայմանագիր կնքեց Յեսպեր Օլսենի, Փոլ Մաքգրատի և Գորդոն Ստրականի հետ։ Երիտասարդական թիմից հիմնական կազմ հրավիրեց Նորման Ուայթսայդին և Մարկ Հյուզին։ Աթքինսոնի գլխավորությամբ «Յունայթեդը» երկու անգամ (1983, 1985) նվաճեց Անգլիայի գավաթը։ Թիմը նաև հաղթողի հիմնական հավակնորդ էր համարվում առաջնության հաղթանակի համար պայքարում, երբ մանկունիանցիները հաղթեցին առաջին 10 խաղերը և հոկտեմբեր ամսին արդեն իրենց մոտակա հակառակորդներից առավել էին 10 միավորով։ Սակայն ֆուտբոլիստները գցեցին տեմպը, կորցրին իրենց երբեմնի լավ մարզավիճակը և ավարտեցին առաջնությունն ընդամենը 4-րդ տեղում։ Հաջորդ մրցաշրջանում թիմը չլքեց Առաջին դիվիզիոնը։ Աթքինսոնը հեռացավ, և նրան փոխարինեց շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը։
Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ առաջին մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ավարտեց առաջնությունը 11-րդ տեղում։ Արդեն 1987-88 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» երկրորդն էր, սակայն չկարողացավ նույն հաջողությունը կրկնել հաջորդ մրցաշրջանում։ 1990 թվականի սկզբին Ֆերգյուսոնը ակումբից հեռանալու եզրին էր, սակայն Անգլիայի գավաթի հաջող ելույթները և եզրափակչում հաղթանակը «Կրիստալ Պելասի» նկատմամբ պահպանեցին Ֆերգյուսոնի պաշտոնը։
1990-91 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ, որտեղ զիջեց Ռոն Աթքինսոնի նոր ակումբին՝ «Շեֆիլդ Ուենսդեյին»։ Նույն մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Գավաթակիրների գավաթի և Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին Ֆուտբոլային լիգայում»։ 1991 թվականի ամռանը «Յունայթեդ» տեղափոխվեց դանիացի դարպասապահ Պետեր Շմեյխելը, ով 17 «չոր հանդիպում» անցկացրեց 1991-92 թվականների մրցաշրջանում. այդ ժամանակ «Յունայթեդը» ավարտեց առաջնությունը 2-րդ տեղում՝ զիջելով միայն «Լիդս Յունայթեդին»։ 1992 թվականին ակումբը պայմանագիր կնքեց Էրիկ Կանտոնայի հետ՝ վճարելով 1,2 միլիոն ֆունտ։ Ֆրանսիացու տեղափոխությունից հետո 1992-93 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ առաջինը 1967 թվականից հետո։ 1993 թվականի հուլիսին «Նոթինգեմ Ֆորեսթից» «Յունայթեդ» տեղափոխվեց կիսապաշտպան Ռոյ Քինը։ 1993-94 թվականների մրցաշրջանում «Յունայթեդը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց «Դուբլը»՝ դառնալով Պրեմիեր լիգայի հաղթող և Անգլիայի գավաթակիր։ Թիմի համար անհաջող 1994-95 մրցաշրջանից հետո Ֆերգյուսոնը վաճառեց մի քանի ֆուտբոլիստների (Մարկ Հյուզ, Պոլ Ինս, Անդրեյ Կանչելսկիս)՝ փոխարինելով «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներով (նրանց թվում էին Դևիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը, Գարի Նևիլը, Նիկի Բաթը)։ Երիտասարդացած թիմը 1995-96 թվականների մրցաշրջանում կրկին նվաճեց «Դուբլը»։ Սթիվ Բրյուսի՝ թիմից հեռանալուց հետո՝ 1996 թվականին, նոր ավագ նշանակվեց Էրիկ Կանտոնան։ 1996-97 թվականների մրցաշրջանում ակումբը դառնում է չեմպիոն, սակայն նրա ավագը մրցաշրջանի ավարտից հետո հայտարարում է իր կարիերան ավարտելու մասին։ Ֆրանսիացի հարձակվողին փոխարինելու համար «Յունայթեդը» գնեց Թեդի Շերինգեմին, իսկ «7» համարի մարզաշապիկն անցավ Դևիդ Բեքհեմին։ 1998-99 մրցաշրջանը լավագույնը դարձավ ակումբի պատմության մեջ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան՝ դառնալով առաջին անգլիական ակումբը, որ մեկ մրցաշրջանում նմանատիպ «տրեբլի» հասավ։ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը «Յունայթեդը» նվաճեց միայն վերջին տուրում՝ հաղթելով «Տոտենհեմ Հոտսպուրին» 2:2 հաշվով։ Անգլիայի գավաթում «կարմիր սատանաները» հաղթեցին «Նյուքասլ Յունայթեդին» 2:0 հաշվով։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յունայթեդը» հաղթեց «Բավարիային»՝ կորզելով հաղթանակը խաղի ավարտի լրացուցիչ րոպեներին՝ հաղթելով 2։1 հաշվով։ Այդ հաղթանակից հետո Ֆերգյուսոնը ասպետի կոչում ստացավ ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար։ Հաղթանակներով լի մրցաշրջանի ավարտին ակումբը նվաճեց նաև Միջմայրցամաքային գավաթը՝ հաղթելով բրազիլական «Պալմեյրասին»։
«Յունայթեդը» 1999-2000 թվականների մրցաշրջանում հաղթեց Պրեմիեր լիգան, 2000-01 թվականների մրցաշրջանում էլ Անգլիայի գավաթը, բայց եվրոպական ասպարեզում ելույթները անհաջող էին։ 2001-02 մրցաշրջանում ակումբը ավարտեց առաջնությունը 3-րդ տեղում, սակայն հաջորդ մրցաշրջանում կրկին նվաճեց Պրեմիեր լիգայի հաղթողի տիտղոսը։ Այդ հաջողություններից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» չորս տարի շարունակ չէր կարողանում չեմպիոնական տիտղոս նվաճել։ 2004 թվականին ակումբը նվաճեց Անգլիայի գավաթը։ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը «Օլդ Թրաֆորդ» վերադարձավ միայն 2006-07 մրցաշրջանում։
«Յունայթեդը» 2007-08 թվականների մրցաշրջանում կարողացավ նվաճել «եվրոպական դուբլը»՝ դառնալով Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2008-09 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Պրեմիեր լիգայի հաղթողի տիտղոսը, ինչպես նաև հաղթեց Ֆուտբոլային լիգայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ 2009 թվականի ամռանը «Յունայթեդը» վաճառեց Կրիշտիանու Ռոնալդուին «Ռեալ Մադրիդին» ռեկորդային 80 միլիոն ֆունտ ստեռլինգով։ 2010 թվականին «Յունայթեդը» նվաճեց Ֆուտբոլային լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Աստոն Վիլլային» 2:1 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը գավաթային մրցաշարում։ 2010-11 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» իր պատմության մեջ 19-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը՝ այդ ցուցանիշով անցնելով «Լիվերպուլին» և դառնալով անգլիական ֆուտբոլի պատմության ամենահաջողակ ակումբը տնային մրցաշարերում։ Երկու տարի անց՝ 2012-13 թվականների մրցաշրջանում, «Յունայթեդը» կրկին հաղթեց Պրեմիեր լիգան՝ դառնալով Անգլիայի չեմպիոն արդեն 20-րդ անգամ։ 2013 թվականի մայիսի սկզբին Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց իր մարզչական կարիերայի ավարտի մասին։
2013 թվականի մայիսի 9-ին հայտարարվեց, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակված Դևիդ Մոյեսը, ով մինչ այդ մարզում էր «Էվերթոնը»։ Մոյեսը ակումբի հետ կնքել էր վեցամյա պայմանագիր։ 2014 թվականի ապրիլի 22-ին Մոյեսը ազատվեց ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից. մարզչի պարտականությունների կատարման աշխատանքը մինչև մրցաշրջանի ավարտը հանձնարարվեց Ռայան Գիգզին։ 2014-15 թվականների մրցաշրջանում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվեց հոլանդացի Լուի վան Գալը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յունայթեդը» ռեկորդային 59,7 միլիոն ֆունտով «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբից գնեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիային։ 2014-15 մրցաշրջանի արդյունքներով թիմը Վան Գալի ղեկավարությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց Պրեմիեր Լիգայում, ինչը թույլ տվեց հաջորդ մրցաշրջանում վերադառնալ եվրագավաթների խաղարկությանը։ 2015-2016 մրցաշրջանում «Յունայթեդը» միայն 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց առաջնությունում և չկարողացավ Չեմպիոնների լիգայում դուրս գալ խմբից։ Չնայած դրան՝ թիմը նվաճեց Անգլիայի 12-րդ Գավաթը պատմության մեջ։ Չնայած Գավաթի խաղարկությունում տարած հաղթանակին՝ 2016 թվականի մայիսի 23-ին Լուի վան Գալը ազատվեց ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ 2016 թվականի մայիսի 27-ին «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Ժոզե Մոուրինյոն, որը ակումբի հետ կնքեց եռամյա պայմանագիր։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոն թիմին օգնել է նվաճել Անգլիայի Սուպերգավաթը, Ֆուտբոլային լիգայի գավաթտ և Եվրոպայի լիգայի գավաթը։ 2017/18 մրցաշրջանում, որը երկրորդն էր Մոուրինյուի համար, Յունայթեդը առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, սակայն թիմը լքեց Անգլիայի լիգայի գավաթը պարտվելով «Բրիսթոլ Սիթիյին» 2:1 հաշվով։ Ձմռանը թիմից հեռացավ ազգությամբ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր երկրորդ մրցաշրջանն էր անցկացնում Յունայթեդում, նրա փոխարեն ակումբ եկավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեզը։ Այդ մրցաշրջանում Յունայթեդը նաև հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ էլ պարտվեց լոնդոնի «Չելսիյին» 1:0։ Չեմպիոնների Լիգայում «Յունայթեդը» հաջող էր սկսել, թիմը խմբային փուլից դուրս եկավ առաջին հորիզոնականով, սակայն ահա 1/8 փուլում անսպասելիորեն պայքարը զիջեց իսպանական «Սևիլլիային»։ Չնայած համեմատաբար լավ արդյունքին երկրպագուններին չէր գոհացնում թիմի խաղը։ 2018 թվականի ամռանը «Յունայթեդ» տեղափոխվեցին բրազիլացի կիսապաշտպան ֆրեդը և պորտուգալացի եզրային պաշտպան Դիոգո Դալոտը։ Թիմից հեռացան շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը։ 2018/19 մրցաշրջանը Յունայթեդը սկսեց «Լեսթեր Սիթիյի» դեմ 2:1 տնային հաղթանակով։ Սակայն, դրան անմիջապես հաջորդեցին վատագույն արդյունքները նախ թիմը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, այնուհետև բարձրացավ 6-րդ հորիզոնական սակայն 5-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալից» հետ մնալով 10 միավորով։ «Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթը լքեց առաջին տուրում պարտվեով «Դերբի Կաունթիյին» հետխաղյա 11 մետրանոցներով։ Այնուամենայնիվ «Յունայթեդը» կարողացավ դուրս գալ Չեմպիոններ Լիգայի խմբային փուլից 2-րդ հորիզոնականով։ Ի վերջո «Լիվերպուլի» դեմ խաղից հետո, որտեղ մանկունյացիները պարտվեցին 3:1 հաշվով Մոուրինյուն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից, նրա փոխարեն ժամանակավորապես մինչ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց «Յունայթեդի» նախկին խաղացող նորվեգացի Օլե Գուննար Սուլշերը,ով սկսեց փայլուն արդյունքներ գրանցել նրա գլխավորությամբ «Յունայթեդը» հաղթելով «Արսենալին» և «Չելսիյին» հասավ Անգլիայիի գավաթի 1/4 փուլ, որտեղ էլ պարտվեց «Վուլվերհեմբթոնին» 2:1 հաշվով։ Չենպիոնների Լիգայի 1/8 փուլում Սուլշերի թիմը տնային առաջին խաղում հանդիպեց ֆրանսիական «Պարի-Սեն Ժերմենին» և պարտվեց 0:2 հաշվով, սակայն պատասխան խաղում ֆրանսիայում «Յունայթեդը» անհավանական ռեվանշի հասավ «Պարի-Սեն ժերմենի» նկատմաբ հաղթելով 1:3 հաշվով և անցնելով հաջորդ փուլ։ Ահա այսպիսի արդյունքներից հետո Յունայթեդի ղեկավարությունը եռամյան պայմանագիր կնքեց Սուլշերի հետ։
«Նյուտոն Հիթ» անվամբ ակումբը հանդես էր գալիս տարբեր գույնի մարզաշապիկներով, որոնցից ամենահայտնին 1878-1892 թվականների դեղնականաչավուն մարզահագուստն էր (այդ գույները վերադարձվեցին 1990-ական թվականներին արտագնա խաղերի համար նախատեսված մարզահագուստների համար)։ «Նյուտոն Հիթ» ակումբի մյուս մարզաշապիկները կարմիր և սպիտակ գույներից էին (1892-1894) կամ ամբողջովին սպիտակ (1896-1902). այս երկու մարզաշապիկներն էլ հագնում էին կապույտ կիսավարտիքներով։ 1902 թվականին ակումբի անվան փոփոխության հետ կապված՝ փոփոխվեցին նաև ակումբի գույները. շապիկները դարձան կարմիր, կիսավարտիքները՝ սպիտակ, գուլպաները՝ սև։ Այս տարբերակը «Յունայթեդի» տնային մարզահագուստների մեծամասնության համար հիմնական դարձավ։ Մարզահագուստը փոխվեց միայն 1909 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ՝ դառնալով «V» տառի տեսքով կարմիր ժապավենով։ Մարզահագուստի նման տեսքը վերածնվեց 1920-ական թվականներին՝ մինչ «Յունայթեդի» վերադառնալը լիովին կարմիր մարզաշապիկների։ 2009-2010 թվականների մրցաշրջանում թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերի համար նախատեսված մարզահագուստը կրկին ձևավորվեց «V» տառով՝ ակումբի՝ «Օլդ Թրաֆորդում» հանդես գալու 100-ամյակի պատվին։
Արտագնա խաղերի համար մարզաշապիկը սովորաբար սպիտակ էր, կիսավարտիքները՝ սև, գուլպաները՝ սպիտակ։ Կային նաև բացառություններ. օրինակ, 1903 թվականից մինչև 1916 թվականը ակումբը խաղում էր կապույտ և սպիտակ գծավոր մարզաշապիկներով, 1994 թվականից 2003-ը՝ սև, 2000 թվականին՝ մուգ կապույտ՝ արծաթագույն հորիզոնական գծերով։ Ամենահայտնի արտագնա մարզահագուստներից մեկը 1995-96 մրցաշրջանինն էր. այն լիովին մոխրագույն էր։ Որոշվեց հրաժարվել դրանցից, քանի որ այդ մարզաշապիկով «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ որևէ հաղթանակ տանել։ «Սաութհեմփթոնի» դեմի խաղի ընդմիջմանը, երբ «Յունայթեդը» պարտվում էր 3:0 հաշվով, որոշվեց փոխել մարզահագուստը կապույտ-սպիտակի։ Այդուհանդերձ, թիմը պարտվեց 3:1 հաշվով։ Ֆուտբոլիստները խոստովանում էին, որ մոխրագույն մարզահագուստը բավարար կերպով երևացող չէր, և դա անդրադառնում էր ակումբի գործողությունների արդյունավետության վրա։
Երրորդ մարզահագուստը ավանդաբար եղել է կապույտ՝ որպես հարգանք այն մարզահագուստի, որով «Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը 1968 թվականին։
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» տնային մարզահագուստը կարմիր գույնի մարզաշապիկներն են՝ սպիտակ V-աձև օձիքով, ուսի վրա երեք սպիտակ գծերով և սպիտակ մանժետներով, սպիտակ կիսավարտիքներ՝ ստորին հատվածում կարմիր գծերով, և սև գուլպաներ՝ վերևից լայն կարմիր գծով, որի վերևում երեք փոքր սպիտակ գծեր են։ Ակումբի զինանշանը մարզաշապիկի ձախ հատվածում է, adidas-ի սպիտակ պատկերանիշը՝ աջ կողմում, իսկ մարզաշապիկի կենտրոնում գտնվում է հովանավորի՝ Chevrolet ընկերության պատկերանիշը։
19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսին ակումբները հազվադեպ էին զինանշանը նշում իրենց մարզաշապիկների վրա։ Դա սովորաբար իրագործվում էր միայն եզրափակիչ խաղերի ժամանակ, օրինակ՝ Անգլիայի գավաթի։ Այսպես՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ Անգլիայի գավաթի առաջին եզրափակչում մարզաշապիկների վրա տեղ էր գտել Լանկաշիրի կարմիր վարդը։
Գրեթե 40 տարի անց՝ 1948 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում, «Յունայթեդի» մարզահագուստի վրա նշված էր Մանչեսթեր քաղաքի զինանշանը։
1960-ական թվականներին ակումբի պաշտոնական փաստաթղթերում հայտնվեց նոր նշան։ Վերջինիս տեսքը ևս հիմնված էր Մանչեսթեր քաղաքի զինանշանի վրա։ Զինանշանի երեք գծերը խորհրդանշում են Մանչեսթերի երեք գետերը՝ Մեդլոքը, Իրվելը և Իրկը։ Պատմականորեն այդ տարրերն օգտագործվել են Գրելի ընտանիքի (Մանչեսթերի առաջին բարոնների) հնամյա զինանշանը պատկերելու համար։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է նավը՝ քաղաքի առևտրի և արդյունաբերության խորհրդանիշը։ Ֆուտբոլի գնդակների փոխարեն (ինչպես պատկերված է ակումբի այժմյան զինանշանի վրա) օգտագործվել են վարդեր՝ որպես Լանկաշիր կոմսության խորհրդանիշ։
1970-ական թվականների սկզբին զինանշանը փոխվեց. կենտրոնում հայտնվեց կարմիր եռաժանիով սատանան, իսկ կողքի վարդերի փոխարեն հայտնվեցին ֆուտբոլային գնդակները։
Զինանշանի սատանան կապված է ակումբին տրվող անվան՝ «կարմիր սատանաներ»-ի (անգլ.՝ Red Devils) հետ, որ հայտնվել էր 1960-ական թվականների սկզբին, երբ Մեթ Բասբին վերցրեց այդ անունը «Սոլֆորդ Սիթի» ռեգբիի ակումբի անվանումից։
1998 թվականին ակումբի խորհրդանիշը կրկին փոխեց իր տեսքը. այս անգամ հանվեց «Football Club» արտահայտությունը, ինչպես նաև փոփոխվեցին մի քանի գույներ։
Իր հիմնումից սկսած՝ «Նյուտոն Հիթը» տնային խաղերն անցկացնում էր «Նորթ Ռոուդ» մարզադաշտում։ Հյուր թիմերը բողոքում էին մարզադաշտի որակից, որը «ճահճային էր մի ծայրից և քարքարոտ՝ մյուս ծայրից»։ Հանդերձարանները, որ գտնվում էին Օլդեմյան ճանապարհի վրա տեղակայված «Երեք թագեր» պանդոկում, մարզադաշտից այնքան հեռու էին, որ 10 րոպե էր հարկավոր այնտեղ հասնելու համար։ Ավելի ուշ հանդերձարանները տեղափոխեցին «Մկրատ հյուրանոց» պանդոկ, որը կրկին գտնվում էր Օլդեմյան ճանապարհի վրա։
«Հեթանոսները» հանդես էին գալիս «Նորթ Ռոուդ» մարզադաշտում 15 տարվա ընթացքում (1878 թվականից մինչև 1893 թվականը), ինչից հետո տեղափոխվեցին նոր «Բենք Սթրիթ» մարզադաշտ, որը գտնվում էր Քլեյթոնի մոտակայքում։ Այդ մարզադաշտը նախորդից շատ բանով չէր տարբերվում. խոտածածկը ավազե դաշտի վրա հազվադեպ էր հանդիպում, իսկ մոտակա գործարանից եկող ծխի ամպերը կուտակվում էին մարզադաշտի վրա։ Մի անգամ «Ուոլսոլ Թաուն Սվիֆթս» ակումբը հրաժարվեց այդ մարզադաշտում խաղալուց։ Հյուր թիմին, այնուամենայնիվ, համոզեցին խաղալ այնտեղ (նրանք պարտվեցին 14։ 0 հաշվով)։ Պարտված կողմը բողոքարկեց խաղի արդյունքը՝ որպես հիմնական պատճառ նշելով մարզադաշտի վատ վիճակը։ Հանդիպումը վերախաղարկվեց։ Երկրորդ փորձի ժամանակ մարզադաշտի վիճակը նույնպես հրաշալի չէր, և Ուոլսոլի ակումբը կրկին պարտվեց, այս անգամ արդեն 9:0 հաշվով։
1902 թվականին ակումբը սնանկության եզրին էր, իսկ «Բենք Սթրիթը» փակվեց։ Վերջին պահին թիմի ավագ Գարի Սթաֆորդը կարողացավ գումար հավաքել, որպեսզի վճարի հաջորդ՝ «Բիսթոլ Սիթիի» դեմ խաղի համար և կարողացավ ժամանակավոր մարզադաշտ գտնել հարևան Հարփուրհեյ քաղաքում։ Նրանք կարողացան «Բլեքփուլի» դեմ խաղն այնտեղ անցկացնել։
«Մանչեսթեր Յունայթեդ» անունն ստանալուց հետո ակումբը սկսեց նոր մարզադաշտի կառուցումը։ 1909 թվականի ապրիլին Անգլիայի գավաթում «Յունայթեդի» առաջին հաղթանակից վեց շաբաթ առաջ հայտարարվեց, որ ակումբի նոր մարզադաշտը լինելու է «Օլդ Թրաֆորդը», որի շինարարության համար ծախսվել էր 60 000 ֆունտ։ Մարզադաշտի ճարտարապետը դարձավ Արչիբալդ Լեյչը։ Կառուցումից հետո մարզադաշտը կարող էր տեղավորել 76 962 հանդիսական։ Մարզադաշտի բացումից հետո առաջին խաղին էժան տոմսերն արժեին 6 փենս, իսկ ամենաթանկ տեղերը՝ 5 շիլինգ։ «Օլդ Թրաֆորդում» կայացած առաջին խաղը դարձավ «Լիվերպուլի» դեմ խաղը 1910 թվականի փետրվարի 19-ին, որտեղ հաղթեցին հյուրերը 4։3 հաշվով։
Մարզադաշտը խոշոր ավերածությունների ենթարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941 թվականի մարտի 11-ին, Գերմանիայի կողմից անցկացրած օդային հարձակման պատճառով։ Ռումբը գրեթե ամբողջովին վերացրեց Հարավային տրիբունան, որից մնաց միայն կենտրոնական թունելը։ Մինչև 1949 թվականը, երբ մարզադաշտը վերականգնվեց, ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում էր «Մեյն Ռոուդ»-ում՝ «Մանչեսթեր Սիթիի» տնային մարզադաշտում։
Դրանից հետո մարզադաշտն անընդհատ բարելավվում էր. սկզբում «Սթրեթֆորդ Էնդի» վրա տանիք կառուցեցին, ապա տանիքներ ավելացվեցին Հյուսիսային և Արևելյան տրիբունաների վրա ևս։ Հետագայում հին տանիքը փոխեցին կոնսոլայինով։ 1993-94 մրցաշրջանի սկզբում կոնսոլային տանիք կառուցվեց վերջին՝ «Սթրեթֆորդ Էնդ» տրիբունայի վրա։
1950-ական թվականների սկզբին մարզադաշտում լուսարձակներ տեղադրվեցին։ Կանգնեցվեցին 55 մետր բարձրությամբ չորս սյուներ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղավորվում էր 54 լուսարձակ։ Ակումբը լուսավորման համակարգի վրա 40 000 ֆունտ ծախսեց, և այն առաջին անգամ օգտագործվեց 1957 թվականի մարտի 25-ին։ Հին լուսարձակները շրջանառությունից հանեցին 1987 թվականին, երբ նրանց փոխարինեցին նորերը՝ տեղակայված յուրաքանչյուր տրիբունայի տանիքում։ Այդ լուսարձակները օգտագործվում են մինչ օրս։
1990-ական թվականներին Հիլզբորոյի ողբերգությունից հետո կազմվեց Թեյլորի զեկույցը, որը պարտավորեցնում էր վերակառուցել բոլոր մարզադաշտերը այնպես, որ հանդիսականները կարողանային միմիայն նստել, այլ ոչ թե նաև կանգնել։ Վերակառուցման պատճառով «Օլդ Թրաֆորդի» տարողունակությունը իջավ՝ հասնելով գրեթե 44 000 տեղի։ Սակայն ակումբի հայտնիության անընդհատ աճի պատճառով մարզադաշտը շարունակում էր ընդլայնվել։ 1995 թվականին Հյուսիսային տրիբունան բաժանվեց երեք բաժինների, ինչը մարզադաշտի տարողունակությունը ավելացրեց՝ հասցնելով 55 000 տեղի։ Դրան հաջորդեց Արևելյան և Արևմտյան տրիբունաների ընդլայնումը, ինչը մարզադաշտի տարողունակությունը կրկին ավելացրեց և հասցրեց մինչև 68 000 տեղի։ Վերջին վերակառուցումը ավարտվել է 2006 թվականին, երբ բացվեցին հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան բաժինները։ Սրանց ավելացումից հետո մարզադաշտի տարողունակությունը հասավ 76 098-ի։ 2009 թվականին մարզադաշտում փոքրիկ վերակառուցում տեղի ունեցավ, որի արդյունքում մարզադաշտի տարողունակությունը ավելացավ 255 տեղով՝ հասնելով 75 957-ի։
Ըստ որոշ գնահատականների՝ մարզադաշտի, հատկապես՝ Հարավային տրիբունայի հետագա ընդլայնման համար կպահանջվեն մասշտաբային ծախսեր 90-ից մինչև 100 միլիոն ֆունտի չափով։ Նման ծախսերի պատճառն այն է, որ ընդլայնման համար ակումբը ստիպված կլինի գնել մինչև 50 տուն, որոնք գտնվում են մարզադաշտի շրջակայքում, իսկ նոր բաժինների կառուցումը ստիպված կլինի կատարել երկաթգծի միջոցով։ Նման ընդլայնումը ենթադրում է նվազագույնը մեկ բաժնի կառուցում Հարավային տրիբունայում, ինչպես նաև հարավարևմտյան և հարավարևելյան տրիբունաներում, որպեսզի վերականգնեն մարզադաշտի «բաժակի էֆեկտը»։ Ըստ ընթացիկ գնահատականների՝ նման վերակառուցումից հետո մարզադաշտի տարողունակությունը կկազմի 96 000 տեղ. դա կլինի ավելին, քան նոր «Ուեմբլիի» տարողունակությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը՝ եվրոպական ակումբների շրջանում տնային խաղերում ունեցած ամենամեծ հաճախելիությամբ։ Երկրպագուների ակումբների ցանցը ներառում է Manchester United Supporters Club-ի (MUSC) ավելի քան 200 պաշտոնական մասնաճյուղեր, որոնք տեղակայված են աշխարհի 24 երկրներում։
Իր հայտնիությունը պահպանելու համար նախամրցաշրջանային պատրաստությունների շրջանակներում ակումբը պարբերաբար ճանապարհորդում է ողջ աշխարհով։ Deloitte ընկերության գնահատականներով՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբն ունի ավելի քան 75 միլիոն երկրպագու ողջ աշխարհում, մինչդեռ այլ գնահատականների համաձայն՝ այդ ցուցանիշը հասնում է 333 միլիոնի։ Անգլիայի վերջին 45 առաջնություններից 38-ում՝ սկսած 1964-65 մրցաշրջանից, «Յունայթեդի» տնային խաղերի միջին հաճախելիությունը բարձրագույնն է Անգլիայի մնացած ֆուտբոլային ակումբների համեմատ։
Ակումբի երկրպագուների խոշորագույն միավորումներ են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների անկախ ասոցիացիան (Independent Manchester United Supporters Association, IMUSA), որը սերտ կապեր ունի ակումբի հետ՝ պաշտոնական ֆորումի միջոցով, և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների Թրասթը (Manchester United Supporters' Trust, MUST)։ 2005 թվականին Գլեյզերների ընտանիքի կողմից ակումբը նվաճելուց հետո երկրպագուների մի մասը հիմնեց նոր «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» ակումբը։
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի արևմտյան տրիբունան, որը հայտնի է «Սթրեթֆորդ» անվամբ, համարվում է ամենավառ երկրպագուների համար ստեղծված ամենանշանակալի վայրը։ Այստեղ երկրպագուները ոգեշնչում են թիմին երգերով, բղավոցներով, սիրելի դարձած բառերով ու արտահայտություններով։
1989 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» նախագահ Մարտին Էդվարդսը ընդունեց Մայքլ Նայթոնի առաջարկը, ըստ որի՝ նա ակումբը պետք է վաճառեր գործարարին 20 միլիոն ֆունտ սթերլինգով։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չկայացավ, չնայած նրան, որ Նայթոնը ընդգրկվեց ակումբի Տնօրենների խորհրդի կազմի մեջ։
1998 թվականին ամերիկացի գործարար Ռուպերտ Մյորդոկը փորձեց ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ակումբի երկրպագուները միավորվեցին «Յունայթեդի բաժնետերերն ընդդեմ Մյորդոկի» (Manchester United Supporters' Trust) կազմակերպության մեջ և հաջող կերպով դիմակայեցին գործարարի փորձերին։ 2005 թվականի մայիսի 13-ին ամերիկացի գործարար Մալքոլմ Գլեյզերը ստացավ ակումբի բաժնետոմսերի 1,47 միլիարդ դոլար արժողությամբ վերահսկիչ ծրարը։ Մայիսի 16-ին նա ավելացրեց իր բաժինը՝ դարձնելով 75 %, որն անհրաժեշտ էր ակումբի ամբողջական հսկողությունը ձեռք բերելու համար։
2006 թվականի հուլիսին ակումբը հայտարարեց իր 600 միլիոն ֆունտ պարտքի վերաֆինանսավորման մասին, ինչը բերեց վճարումների իջեցմանը տարեկան 30 %՝ մինչև 62 միլիոն ֆունտ։ 2010 թվականի հունվարին ակումբի պարտքերը կազմում էին £716,5 միլիոն ($1,17 մլրդ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերաֆինանսավորեց պարտքը՝ £504 միլիոն գումարի չափով պարտատոմսերի թողարկմամբ։ Պարտատոմսերի տարեկան տոկոսները, որոնց մարելու ժամկետը ավարտվելու է 2017 թվականի փետրվարի 1-ին, կազմում են տարեկան £45 միլիոն։
Չնայած պարտքի վերաֆինանսավորմանը՝ երկրպագուները 2010 թվականի հունվարի 23-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և նրա կից Թրաֆորդի մարզչական կենտրոնում Գլեյզերների դեմ բողոքի ակցիա անցկացրին։ Վերջինս կազմակերպվել էր երկրպագուների այն խմբերի կողմից, որոնք կոչ էին անում գնալ խաղերի կանաչ և ոսկեգույն հագուստներով և աքսեսուարներով («Նյուտոն Հիթի» մարզաշապիկի բնօրինակ գույները)։ Հունվարի 30-ին տվյալներ հայտնվեցին առ այն, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների թրասթը (MUST) բանակցություններ է վարել մի խումբ հարուստ երկրպագուների հետ, որոնք ստացել էին «Կարմիր զինվորներ» (Red Knights) անունը և որոնք պատրաստվում էին Գլեյզերից գնել ակումբը։ 2010 թվականի մայիսի վերջին Գլեյզերները հանդես եկան ակումբը չվաճառելու մասին հայտարարությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդը» համաշխարհային բրենդ է. համաձայն 2009 թվականի հաշվետվությունների՝ ակումբի անվանումը և դրա հետ կապված ինտելեկտուալ սեփականությունը գնահատվում է 329 միլիոն ֆունտ, իսկ բրենդը ստացել է AAA վարկանիշային գնահատականը (բացառապես ուժեղ)։ 2010 թվականին «Ֆորբս» ամսագիրը գնահատեց «Մանչեսթեր Յունայթեդ» բրենդը 285 միլիոն դոլար (ինչը կազմեց ակումբի ընդհանուր արժեքային գնահատականի 16 %-ը՝ $1,835 միլիարդի չափով). այդպիսով, ակումբի բրենդը երկրորդ տեղը գրավեց աշխարհի տասը ամենաթանկ սպորտային ակումբների բրենդների կազմում՝ զիջելով միայն բեյսբոլային ակումբ «Նյու Յորք Յանկիս»-ին։ Ներկայումս ակումբը 3-րդ տեղն է զբաղեցնում ամենաեկամտաբեր ակումբների ցանկում, որը կազմել է Deloitte ընկերությունը (զիջելով միայն «Ռեալին» և «Բարսելոնային»)։
Որպես համաշխարհային բրենդ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գործունեությունը հաճախ կապում են Մեթ Բասբիի գործունեության հետ, որի ղեկավարությամբ ակումբը մեծ հաջողությունների է հասել թե՛ անգլիական, թե՛ ողջ եվրոպական ասպարեզում։ Բասբիի թիմում հանդես էին գալիս Բոբի Չարլթոնը, Նոբի Սթայլզը (Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի չեմպիոններ), Դենիս Լոուն, Ջորջ Բեսթը։ «Մանչեսթեր Յունայթեդին» հատուկ հարձակվողական ոճը (ի տարբերություն իտալական ակումբների պաշտպանական «կատենաչոյին») «հիացնում էր անգլիական ֆուտբոլային հասարակությանը»։ Բասբիի թիմը նաև համեմատվում էր 1960-ականների արևմտյան հասարակության ազատականացման հետ։ Ջորջ Բեսթը, որը հայտնի էր որպես «հինգերորդ բիթլ», դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը սուպերաստղի կարգավիճակ էր նվաճել ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև վերջինիս սահմաններից դուրս։ Այդ ամենը նպաստում էր ակումբի ճանաչվածությանը։
«Յունայթեդը» դարձավ առաջին անգլիական ֆուտբոլային ակումբը, որի բաժնետոմսերը 1991 թվականին զետեղվեցին Լոնդոնի ֆոնդային բորսայում, ինչի հետևանքով ակումբը նշանակալի կապիտալ կուտակեց։ Ակումբի բրենդի ճանաչելիությանը նպաստել են նաև թիմում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստները. նրանցից ամենահայտնին դարձավ Դևիդ Բեքհեմը։ Վերջինիս ճանաչվածությունը Ասիայում դարձավ ակումբի առևտրային հաջողությունների գրավականը աշխարհի հատկապես այդ շրջանում։
Մրցաշրջանի արդյունքներով առաջնության բարձր հորիզոնականները ապահովում են հեռուստահեռարձակման իրավունքներից ստացվող առավել մեծ եկամուտներ։ 1992 թվականին Պրեմիեր լիգայի հիմնումից սկսած՝ «Մանչեսթեր Յունայթեդը», ի տարբերություն մյուս ակումբների, ստացել է British Sky Broadcasting-ի եկամուտների ամենամեծ մասը։ «Յունայթեդը» նաև պարբերաբար ստանում է առևտրային գործունեության հետ կապված ամենաբարձր եկամուտները. 2005-06 մրցաշրջանի արդյունքներով՝ ակումբի առևտրային շահույթը կազմել է £51 միլիոն՝ համեմատած «Չելսիի» £42,5 միլիոնի, «Լիվերպուլի» £39,3 միլիոնի, «Արսենալի» £34 միլիոնի և «Նյուքասլի» £27,9 միլիոնի։ 2002 թվականին «Յունայթեդը» պայմանագիր ստորագրեց Nike ընկերության հետ, որը դարձավ ակումբի մերչանդայզինգային օպերատորը։
Ակումբի երկրպագուների համար գործում են Manchester United Finance և One United ծրագրերը, որոնց անդամների համար մատչելի են ակումբի հետ կապված իրերը, ապրանքները և ծառայությունները։ Գոյություն ունի նաև ակումբային հեռուստատեսություն՝ MUTV հեռուստաալիքը, որի հասանելիությունը վճարովի է։ Ակումբը նաև նշանակալի եկամուտներ է ստանում իր հովանավորներից. բացի Nike ընկերությունից և տիտղոսային հովանավորից (այն այս պահին Chevrolet ընկերությունն է), ակումբի հովանավորների թվին են պատկանում նաև Audi, Budweiser, Betfair, Hublot, Smirnoff, Turkish Airlines, Աերոֆլոտ, Hi Seoul, aigo, Kumho, Airtel, MTN, STC, Tri Indonesia, Bakcell, Lucozade Sport, Viagogo, Key 103, Globacom ընկերությունները։ Nike ընկերությունը զբաղվում է ակումբային մարզահագուստի մերչանդայզինգով. գովազդային համաձայնության գործունեության առաջին 22 ամիսների ընթացքում ակումբը վաճառել է «Յունայթեդի» խորհրդանիշով 3,8 միլիոն մարզաշապիկ։
Ժամանակաշրջան | Մարզահագուստի մատակարար |
Տիտղոսային հովանավոր |
---|---|---|
1945-1975 | Umbro | առանց հովանավորի |
1975-1980 | Admiral | |
1980-1982 | Adidas | |
1982-1992 | Sharp Electronics | |
1992-2000 | Umbro | |
2000-2002 | Vodafone | |
2002-2006 | Nike | |
2006-2010 | AIG | |
2010-2014 | Aon | |
2014-2015 | Chevrolet | |
2015-2021 | Adidas | |
2021–2025 | անհայտ |
Ակումբն իր պատմության ընթացքում հինգ հովանավոր է ունեցել, որոնց անունները գրվել են մարզաշապիկների վրա։ Առաջին և ամենաերկար գործունեություն ծավալած հովանավորը եղել է Sharp-ը (1982 թվականից մինչև 2000 թվական)։ Sharp-ի հետ պայմանագիրը դարձավ ամենաերկարատև և շարունակական հովանավորչական պայմանագրերից մեկը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։
2000 թվականին ակումբը 30 միլիոն ֆունտ արժողությամբ քառամյա հովանավորչական պայմանագիր կնքեց Vodafone ընկերության հետ։ Հովանավորչական պայմանագիրը հետագայում երկարաձգվեց երկու տարով, իսկ պայմանագրային վճարումների ընդհանուր գումարը կազմեց 36 միլիոն ֆունտ։ 2005 թվականի նոյեմբերի 23-ին Vodafone ընկերությունը հայտարարեց, որ չի երկարաձգելու համաձայնությունը։
2006 թվականի ապրիլի 6-ին ակումբի գործադիր տնօրեն Դևիդ Ալան Գիլը հայտարարեց, որ ակումբի նոր հովանավորն է դառնալու AIG ընկերությունը։ Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային պայմանագիր ստորագրվեց 56,5 միլիոն ֆունտ արժողությամբ, որը պետք է ակումբին վճարվեր չորս տարվա ընթացքում (տարեկան 14,1 միլիոն)։ Այդ կերպ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ աշխարհի ամենախոշոր հովանավորչական պայմանագրի սեփականատերը։ AIG ընկերությունը որոշեց չերկարաձգել պայմանագիրը 2010 թվականի մայիսին պայմանագրի ժամկետի ավարտից հետո, և 2009 թվականի հունիսի 3-ին ակումբը նոր հովանավորչական պայմանագիր կնքեց ամերիկյան Aon ընկերության հետ, որը սկսեց գործել 2010 թվականի հունիսի 1-ից։ Քառամյա պայմանագրի համաձայն՝ վճարումները կազմեցին £80 միլիոն, ինչը ռեկորդ է ֆուտբոլի պատմության հովանավորչական համաձայնությունների բնագավառում։
2012 թվականի հուլիսի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» և General Motors ընկերությունը յոթամյա հովանավորչական համաձայնություն կնքեցին։ Վերջինիս պայմանների համաձայն՝ սկսած 2014-15 մրցաշրջանից՝ ակումբի տիտղոսային հովանավորը Chevrolet-ն է։ Ակումբը 7 տարվա ընթացքում ստանալու է 559 միլիոն դոլար կամ տարեկան 80 միլիոն դոլար։
Ակումբի ողջ պատմության մեջ եղել է սպորտային հագուստի 4 պաշտոնական մատակարար։ Նրանցից առաջինը դարձավ տեղական Umbro ընկերությունը, իսկ 1975 թվականին մատակարար դարձավ Admiral ընկերությունը։ Այն 1976 թվականին առաջին անգամ իր լոգոտիպը զետեղեց «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկի վրա։ 1980 թվականին թիմի համար հագուստի և կոշիկների մատակարար դարձավ Adidas ընկերությունը, իսկ 1992 թվականին Umbro ընկերությունը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ։ Umbro-ի հետ պայմանագիրը տևեց ևս տասը տարի, մինչ ակումբը ռեկորդային 302,9 միլիոն ֆունտ արժողությամբ պայմանագիր կնքեց Nike ընկերության հետ։ Nike-ի հետ համաձայնությունը կնքվեց 13 տարի ժամկետով։ Սկսած 2015-16 մրցաշրջանից՝ ակումբի մարզահագուստի պաշտոնական մատակարարը սպորտային իրերի գերմանական արտադրող Adidas-ն է, որի հետ պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով։ Պայմանագրի արժողությունը կազմել է £750 միլիոն։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
«Մանչեսթեր Յունայթեդ» Լիմիթեդ
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբ
Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Օլե Գուննար Սուլշեր |
Գլխավոր մարզչի օգնական | Ռուի Ֆարիա |
Գլխավոր մարզչի օգնական | Ալբերտ Ստյոնվենբերգ |
Ռեզերվիստների գլխավոր մարզիչ | Ուորեն Ջոյս |
Մինչև 18 տարեկան խաղացողների հավաքականի մարզիչ | Փոլ ՄաքԳինես |
Երիտասարդական ակադեմիայի տնօրեն | Բրայան Մաքքլեր |
Դարպասապահների մարզիչ | Ֆրանս Հուկ |
Մրցակիցների գլխավոր սքաութ | Մարսել Բաութ |
Ֆիզիկական պատրաստվածության մարզիչ | Մայք Քլեգ |
Ֆիտնեսի մարզիչ | Թոնի Ստրադուիկ |
ՕԳԳ-ի մարզիչ | բժիշկ Ռիչարդ Հոքինս |
Գլխավոր սքաութ | Ջիմ Լոուլոր |
Գլխավոր եվրոպական սքաութ | Ռոբի Կուկ |
Ակումբային բժիշկ | Սթիվ Մաքնելի |
Գլխավոր ֆիզիոթերապևտ | Նիլ Հաֆ |
Մանչեսթեր Յունայթեդը իր պատմության մեջ ունեցել է 22 մարզիչ։ Ստորև աղյուսակով ներկայացված է մարզիչների վերաբերյալ վիճակագրություն.
Անուն, ազգանուն | Քաղաքացիություն | Աշխատանքի սկիզբ |
Աշխատանքի ավարտ |
Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԹԳ | Հաղթանակների % | Ծան. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալֆրեդ Էլբատ | Անգլիա | 1892 | 1900 | - | - | - | - | - | - | - | |
Ջեյմս Ուեսթ | Անգլիա | 1900 | սեպտեմբեր 1903 | 113 | 46 | 20 | 47 | 159 | 147 | 40,71 | |
Էռնեստ Մանգնել | Անգլիա | Հոկտեմբերի 10, 1903 | Սեպտեմբերի 9, 1912 | 373 | 202 | 76 | 95 | 700 | 476 | 54,16 | |
Թի Ջեյ Ուոլլուորտ | Սեպտեմբերի 9, 1912 | Հոկտեմբերի 20, 1912 | 6 | 3 | 2 | 1 | 11 | 7 | 50,00 | ||
Ջոն Բենթլի | Անգլիա | Հոկտեմբերի 28, 1912 | Դեկտեմբերի 28, 1914 | 82 | 36 | 16 | 30 | 127 | 110 | 43,90 | |
Ջեք Ռոբսոն | Անգլիա | Դեկտեմբերի 28, 1914 | Հոկտեմբերի 31, 1921 | 139 | 41 | 42 | 56 | 183 | 207 | 29,50 | |
Ջոն Չեպմեն | Անգլիա | Հոկտեմբերի 31, 1921 | Հոկտեմբերի 8, 1926 | 221 | 86 | 58 | 77 | 287 | 274 | 38,91 | |
Լալ Հիլդիչ | Անգլիա | Հոկտեմբերի 8, 1926 | Ապրիլի 13, 1927 | 33 | 10 | 10 | 13 | 38 | 47 | 30,30 | |
Հերբերտ Բեմպլեթ | Անգլիա | Ապրիլի 13, 1927 | Նոյեմբերի 9, 1931 | 183 | 57 | 42 | 84 | 280 | 374 | 31,15 | |
Ուոլտեր Կրիկմեր | Անգլիա | Նոյեմբերի 9, 1931 | Հուլիսի 13, 1932 | 43 | 17 | 8 | 18 | 72 | 76 | 39,53 | |
Սքոթ Դունկան | Շոտլանդիա | Հուլիսի 13, 1932 | Նոյեմբերի 7, 1937 | 235 | 92 | 53 | 90 | 371 | 362 | 39,15 | |
Ուոլտեր Կրիկմեր | Անգլիա | Նոյեմբերի 9, 1937 | Փետրվարի 15, 1945 | 76 | 30 | 24 | 22 | 131 | 112 | 39,47 | |
Մեթ Բասբի | Շոտլանդիա | Հոկտեմբերի 1, 1945 | Հունիսի 4, 1969 | 1120 | 565 | 263 | 292 | 2286 | 1536 | 50,45 | |
Ջիմմի Մերֆի | Ուելս | Փետրվարի 1958 | Հունիսի 1958 | 22 | 5 | 7 | 10 | 27 | 42 | 22,73 | |
Ուիլֆ ՄաքԳինես | Անգլիա | Հունիսի 4, 1969 | Դեկտեմբերի 29, 1970 | 87 | 32 | 32 | 23 | 127 | 111 | 36,78 | |
Մեթ Բասբի | Շոտլանդիա | Դեկտեմբերի 29, 1970 | Հունիսի 8, 1971 | 21 | 11 | 3 | 7 | 38 | 30 | 52,38 | |
Ֆրենկ Օ'Ֆարրել | Իռլանդիա | Հունիսի 8, 1971 | Դեկտեմբերի 19, 1972 | 81 | 30 | 24 | 27 | 115 | 111 | 37,04 | |
Թոմմի Դոքերթի | Շոտլանդիա | Դեկտեմբերի 22, 1972 | Հուլիսի 4, 1977 | 228 | 107 | 56 | 65 | 333 | 252 | 46,93 | |
Դեյվ Սեկստոն | Անգլիա | Հուլիսի 14, 1977 | Ապրիլի 29, 1981 | 201 | 81 | 64 | 56 | 290 | 240 | 40,30 | |
Ռոն Աթքինսոն | Անգլիա | Հունիսի 9, 1981 | Նոյեմբերի 6, 1986 | 292 | 146 | 79 | 67 | 461 | 266 | 50,00 | |
Ալեքս Ֆերգյուսոն | Շոտլանդիա | Նոյեմբերի 6, 1986 | Մայիսի 19, 2013 | 1500 | 895 | 338 | 267 | 2769 | 1365 | 59,67 | |
Դևիդ Մոյես | Շոտլանդիա | Հուլիսի 1, 2013 | Ապրիլի 22, 2014 | 51 | 27 | 9 | 15 | 86 | 54 | 52,94 | |
Ռայան Գիգզ | Ուելս | Ապրիլի 22, 2014 | Հուլիսի 14, 2014 | 4 | 2 | 1 | 1 | 8 | 3 | 50,00 | |
Լուի վան Գալ | Նիդերլանդներ | Հուլիսի 16, 2014 | Մայիսի 23, 2016 | 103 | 54 | 25 | 24 | 158 | 98 | 52,43 | |
Ժոզե Մոուրինյո | Պորտուգալիա | Մայիսի 27, 2016 | 71 | 42 | 19 | 10 | 125 | 50 | 59.15 |
Ստորև ներկայացվող բոլոր մարզիչները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել են գոնե մեկ մրցաշարում։
Անուն | Աշխատաշրջան | Հաղթած մրցաշարեր |
---|---|---|
Էռնեստ Մանգնալ | 1903-1912 | 2 Անգլիայի առաջին դիվիզիոն |
Սքոթ Դունկան | 1932-1937 | 1 Անգլիայի երկրորդ դիվիզիոն |
Մեթ Բասբի | 1945-1969 | 5 Անգլիայի առաջին դիվիզիոն |
Թոմմի Դոխերթի | 1972-1977 | 1 Անգլիայի գավաթ
1 Անգլիայի երկրորդ դիվիզիոն |
Դեյվ Սեքսթոն | 1977-1981 | 1 Անգլիայի սուպերգավաթ |
Ռոն Ատկինսոն | 1981-1986 | 2 Անգլիայի գավաթ |
Ալեքս Ֆերգյուսոն | 1986-2013 | 13 Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա |
Դևիդ Մոյես | 2013-2014 | 1 Անգլիայի սուպերգավաթ |
Լուի վան Գալ | 2014-2016 | 1 Անգլիայի գավաթ |
Ժոզե Մոուրինյո | 2016-ներկա | 1 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Մրցաշրջան | Տեղ | Միավորներ | Խաղեր | Հաղթանակ | Ոչ-ոքի | Պարտություն | Խփած գոլեր | Բաց թողած գոլեր | Գոլերի
Տարբերություն |
2016-2017 | 6 | 69 | 38 | 18 | 15 | 4 | 54 | 29 | +25 |
2015-2016 | 5 | 66 | 38 | 19 | 9 | 10 | 49 | 35 | +14 |
2014-2015 | 4 | 70 | 38 | 20 | 10 | 8 | 68 | 37 | +31 |
2013-2014 | 7 | 64 | 38 | 19 | 7 | 12 | 64 | 43 | +21 |
2012-2013 | 1 | 89 | 38 | 28 | 5 | 5 | 86 | 43 | +43 |
2011-2012 | 2 | 89 | 38 | 28 | 5 | 5 | 89 | 33 | +56 |
2010-2011 | 1 | 80 | 38 | 23 | 11 | 4 | 78 | 37 | +41 |
2009-2010 | 2 | 85 | 38 | 27 | 4 | 7 | 86 | 28 | +58 |
2008-2009 | 1 | 90 | 38 | 28 | 6 | 4 | 68 | 24 | +44 |
2007-2008 | 1 | 87 | 38 | 27 | 6 | 5 | 80 | 22 | +58 |
2006-2007 | 1 | 89 | 38 | 28 | 5 | 5 | 83 | 27 | +56 |
2005-2006 | 2 | 83 | 38 | 25 | 8 | 5 | 72 | 34 | +38 |
2004-2005 | 3 | 77 | 38 | 22 | 11 | 5 | 58 | 26 | +32 |
2003-2004 | 3 | 75 | 38 | 23 | 6 | 9 | 64 | 35 | +29 |
2002-2003 | 1 | 83 | 38 | 25 | 8 | 5 | 74 | 34 | +40 |
2001-2002 | 3 | 77 | 38 | 24 | 5 | 9 | 87 | 45 | +42 |
2000-2001 | 1 | 80 | 38 | 24 | 8 | 6 | 79 | 31 | +48 |
1999-2000 | 1 | 91 | 38 | 28 | 7 | 3 | 97 | 45 | +52 |
1998-1999 | 1 | 79 | 38 | 22 | 13 | 3 | 80 | 37 | +43 |
1997-1998 | 2 | 77 | 38 | 23 | 8 | 7 | 72 | 27 | +45 |
1996-1997 | 1 | 75 | 38 | 21 | 12 | 5 | 76 | 44 | +32 |
1995-1996 | 1 | 82 | 38 | 25 | 7 | 6 | 73 | 35 | +38 |
1994-1995 | 2 | 88 | 42 | 26 | 10 | 6 | 77 | 28 | +49 |
1993-1994 | 1 | 92 | 42 | 27 | 11 | 4 | 80 | 38 | +42 |
1992-1993 | 1 | 84 | 42 | 24 | 12 | 6 | 67 | 31 | +36 |
«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին է պատկանում Անգլիայի առաջնությունում ամենաշատ հաղթանակների ռեկորդը (20 տիտղոս)։ Բացի այդ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պատմության մեջ երեք անգամ հաղթել է «դուբլը» (մեկ մրցաշրջանի ընթացքում թե՛ առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում հաղթանակ տանելով)։
* Սուպերգավաթի միացյալ հաղթանակներ (խաղերում ոչ ոքի է գրանցվել և հաղթող են ճանաչվել երկու ակումբ-մասնակիցներն էլ)։
Կարճ մրցաշարերը՝ ներառյալ Անգլիայի սուպերգավաթը, Միջմայրցամաքային գավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթը, չեն հաշվվում դուբլի կամ տրեբլի որոշման ժամանակ։
2015 թվականի հուլիսի 30-ի դրությամբ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը բոլոր պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 5434 խաղ, որոնցից՝ 2668 հաղթանակ, 1284 ոչ-ոքի և 1482 պարտություն։
№ | Անուն | Շրջան | Խաղերի քանակը | Գոլեր |
---|---|---|---|---|
1 | Ռայան Գիգզ | 1991-2014 | 963 | 168 |
2 | Բոբի Չարլթոն | 1956-1973 | 758 | 249 |
3 | Փոլ Սքոուլզ | 1994-2011 2012-2013 |
718 | 155 |
4 | Բիլ Ֆոուլքս | 1952-1970 | 688 | 9 |
5 | Գարի Նևիլ | 1992-2011 | 602 | 7 |
6 | Ալեքս Սթեփնի | 1966-1978 | 539 | 2 |
7 | Թոնի Դան | 1960-1973 | 535 | 2 |
8 | Դենիս Իրվին | 1990-2002 | 529 | 33 |
9 | Ջո Սփենս | 1919-1933 | 510 | 168 |
10 | Արթուր Օբլիսթոն | 1974-1988 | 485 | 7 |
№ | Անուն | Շրջան | Գոլեր | Խաղերի քանակ | Մի խաղի ընթացքում խփած գոլերի քանակ |
---|---|---|---|---|---|
1 | Ուեյն Ռունի | 2004-2017 | 253 | 559 | 0,458 |
2 | Բոբի Չարլթոն | 1956-1973 | 249 | 758 | 0,328 |
3 | Դենիս Լոու | 1962-1973 | 237 | 404 | 0,587 |
4 | Ջեք Ռոուլի | 1937-1955 | 211 | 424 | 0,498 |
5 | Դենիս Վայոլեթ | 1953-1962 | 179 | 293 | 0,611 |
6 | Ջորջ Բեսթ | 1963-1974 | 179 | 470 | 0,381 |
7 | Ջո Սփենս | 1919-1933 | 168 | 510 | 0,329 |
7 | Ռայան Գիգզ | 1991-2014 | 168 | 963 | 0,174 |
9 | Մարկ Հյուզ | 1983-1986 1988-1995 |
163 | 467 | 0,349 |
10 | Փոլ Սքոուլզ | 1994-2011 2012-2013 |
155 | 718 | 0,216 |
Այս ֆուտբոլիստները «Ոսկե գնդակ» են ստացել՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում.
Այս ֆուտբոլիստները արժանացել են «Ոսկե խաղակոշիկի»՝հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում».
Այս ֆուտբոլիստները դարձել են ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ՝հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում».
Այս ֆուտբոլիստները դարձել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում».
Այս ֆուտբոլիստները դարձել են Աշխարհի չեմպիոն՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում».
Այս ֆուտբոլիստները դարձել են Եվրոպայի չեմպիոն՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում».
«Մանչեսթեր Յունայթեդի» այս ֆուտբոլիստները ներառվել են Ֆուտբոլային լիգայի 100 լեգենդների ցանկի մեջ.
|
|
|
«Մանչեսթեր Յունայթեդի» այս ֆուտբոլիստները ներառվել են Անգլիական ֆուտբոլի փառքի սրահի կազմի մեջ.
|
|
|
|
{{cite book}}
: |edition=
has extra text (օգնություն)
{{cite book}}
: |edition=
has extra text (օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանչեսթեր Յունայթեդ կատեգորիայում։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |