Մարգարեթ Նատալի Սմիթ (անգլ.՝ Margaret Natalie Smith, նաև Մեգի Սմիթ (անգլ.՝ Maggie Smith), դեկտեմբերի 28, 1934, Իլֆորդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։
Ավելի քան 65 տարի ունեցել է ընդգրկուն, բազմազան կարիերա բեմին, կինոյում և հեռուստատեսությունում։ Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար, իսկ 2014 թվականին դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։
Սմիթն իր բեմական կարիերան սկսել է 1952 թվականին Օքսֆորդի թատրոնում և Բրոդվեյան առաջնելույթը կատարել «New Faces of '56»-ում։ Լոնդոնյան բեմին կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է «Evening Standard» թատերական մրցանակի՝ «Մասնավոր ականջ և հանրային աչք» (1962), «Հեդա Գաբլեր» (1970), «Վիրջինիա» (1981), «Աշխարհի ուղին» (1984) և «Երեք բարձրահասակ կանայք»(1994) ֆիլմերի համար։ Առաջադրվել է Թոնի մրցանակի «Մասնավոր կյանքեր» (1975) և «Գիշեր և ցերեկ» (1979) ֆիլմերի համար, իսկ 1990 թվականին արդեն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի՝ խաղալով «Lettice and Lovage» պիեսում։ Այլ բեմական դերերից են Ստրատֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնում ներկայացված «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն (1976), «Մակբեթ»-ը (1978), Ուեսթէնդյան թատրոնի ներկայացումներից «Նուրբ հավասարակշռությունը» (1997) և «Կյանքի շունչը» (2002)։
Էկրանին Սմիթն առաջին անգամ գովասանքի արժանացավ «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար, որի համար առաջին անգամ առաջադրվեց BAFTA-ի։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «California Suite» ֆիլմում (1978)։ Նա այն վեց դերասանուհիներից մեկն է, ով մրցանակ է ստացել այդ երկու անվանակարգերում։ Նա BAFTA մրցանակի ռեկորդակիր է․ ստացել է 4 անգամ՝ որպես լավագույն դերասանուհի՝ ներառյալ «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար և 3 Ոսկե գլոբուս։ 6 անգամ առաջադրվել է Օսկարի․ «Օթելլո»-ի (1965), «Ճանապարհորդություններ մորաքրոջս հետ» (1972), «Սենյակ՝ տեսարանով» (1986) և «Գոսֆորդ պարկ» (2001) ֆիլմերի համար։
Սմիթը 2001-2011 թվականներին Հարրի Փոթեր ֆիլմաշարում խաղացել է պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալի դերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Love and Pain and the Whole Damn Thing»-ը (1973), «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992), «Լավագույն էկզոտիկ Մարիգոլդ հյուրանոցը» (2012) և «The Lady in the Van» (2015)։ 2003 թվականին Սմիթն ստանում է Էմմի մրցանակ «Իմ տունն Ումբրիայում» ֆիլմի համար՝ դառնալով այն քիչ դերասանուհիներից մեկը, որն արժանացել է «մրցակից» մրցանակների։ Նկարահանվել է լեդի Վիոլետ Քրոուլիի դերում «Դաունթաուն Էբբի»-ում (2010-2015), որի համար ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։ Նրա պատվավոր մրցանակներից են BAFTA հատուկ մրցանակը (1993), BAFTA Fellowship-ը (1996) և Լոնդոնի թատերական հասարակության հատուկ մրցանակը (2011)։ 2012 թվականին ստացել է Ստրատֆորդի շեքսպիրյան փառատոնի ժառանգության մրցանակ, իսկ 2016 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանների Բոդլեյ մեդալ։
Սմիթը ծնվել է Լոնդոնի Իլֆորդ թաղամասում, սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Օքսֆորդ։ Հայրը՝ Նաթանիել Սմիթը, Նյուքասլում ծնված հանրային առողջության ախտաբան էր, որն աշխատում էր Օքսֆորդի համալսարանում, իսկ մայրը՝ Մարգարեթը, Գլազգոյում ծնված քարտուղարուհի։
Երեխա ժամանակ ծնողները Սմիթին պատմում էին իրենց ծանոթության ռոմանտիկ պատմությունը․ թե ինչպես են իրենք հանդիպել Գլազգո-Լոնդոն գնացող գնացքում։ Նա ունի իրենից մեծ զույգ եղբայրներ՝ Ալիստեյրը և Յանը, որոնք ճարտարապետական դպրոց են գնացել։ Մինչև 16 տարեկանը Մեգին հաճախել է Օքսֆորդի ավագ դպրոց, մինչև դերասանական արվեստ սովորելու գնաց Օքսֆորդի թատրոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Սմիթ» հոդվածին։ |
|