«Մեյֆլաուեր» (անգլ.՝ Mayflower, բառացի թարգմանաբար՝ «մայիսյան ծաղիկ», այդպես են անվանում էպիգեան Անգլիայում), անգլիական առևտրական նավ, որի տեսակը սահմանվում է որպես ֆլեյտ կամ առևտրական գալլեոն, որով Հյուսիսային Ամերիկայի առաջին բրիտանական բնակավայրերից մեկը հիմնած անգլիացիները 1620 թվականին անցան Ատլանտյան օվկիանոսը։
1620 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան նավը՝ նավապետ Քրիստոֆեր Ջոնսի գլխավորությամբ, լքեց անգլիական քաղաքը։ Նավի վրա կար 102 գաղթական, որից՝ 41 չափահաս տղամարդ, 19 կանայք և երեխաներ, ինչպես նաև նվազագույնը երկու շուն։ Նավարկության ժամանակ ծնվեց մեկ երեխա, ևս մեկը ծնվեց նավում նոյեմբերի 20-ին՝ մինչև Պլիմուտում հիմնավորվելը։ Նավի անձնակազմը կազմված էր 25-30 մարդուց։ Իրենք իրենց անվանում էին «պիլիգրիմներ»։
«Մեյֆլաուերն» ուներ ընդամենը 180 տոննա ջրծավալ չափսեր, ինչը թույլ չէր տալիս ուղևորներին հարմար տեղավորվել։ Նավը, 1620 թվականի նոյեմբերի 11 (21)-ին շրջանցելով Քոդ հրվանդանը, կանգ առավ Պլիմուտի ափերին, և ուխտավորները կառանեցին Պլիմուտյան ժայռին (այժմ` ազգային հուշարձան)։ Նավում ուխտավորների առաջնորդներ Ուիլյամ Բրյուստերը և Ուիլյամ Բրեդֆորդը ստորագրեցին Մեյֆլաուերյան համաձայնություն, որը դարձավ նորաստեղծ Պլիմուտյան գաղթավայրի ուղեցույցը։
Օգտագործվել է որպես առևտրական նավ Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Նորվեգիայի միջև երթաշրջանների ժամանակ։ 1609-1622 թվականներին նավի կապիտանը Քրիստոֆեր Ջոնսն էր։ 1623 թվականին՝ նրա մահվանից հետո, նավի ճակատագիրն անորոշ է։ Անգլիացի պատմաբան Չարլզ Բենքսը ենթադրում է, որ Մեյֆլաուերը վերածվել է բնափայտի։
Մեյֆլաուեր նավի լայնածավալ կրկնօրինակն է, որը ստեղծվել է Plimoth Plantation ծրագրի շրջանակներում։ Հայտնի է Mayflower 2 անվամբ և 1957 թվականից կառանել է Պլիմուտյան ծովախորշում՝ որպես թանգարանային ցուցանմուշ։ Մեյֆլաուեր 2-ը տարեկան ունենում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։
2020 թվականին՝ «Մեյֆլաուեր» գալեոնի ճանապարհորդության 400-ամյակի պատվին, Ատլանտիկը պետք է հատի ևս մեկ նավ, որը նույնպես պետք է կրի Mayflower անվանումը։ Mayflower Autonomous Research Ship (MARS) նավը համարվում է ռոբոտ-նավ, որը ամբողջովին տեղաշարժվելու է ավտոմատ կերպով՝ օգտագործելով միայն արևի և քամու էներգիան, և ճանապարհին պետք է իրագործի բազմաթիվ գիտական հետազոտական աշխատանքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյֆլաուեր» հոդվածին։ |
|