Յոհաննես Բրամս

Յոհաննես Բրամս
Յոհաննես Բրամսը իր ստեղծագործական վերելքի տարիներին
Բնօրինակ անունգերմ.՝ Johannes Brahms
Ի ծնե անունJohannes Brahms
Նաև հայտնի է որպեսG.W. Marks
Ծնվել էմայիսի 7, 1833(1833-05-07)
Համբուրգ, Գերմանական միություն
Երկիր Համբուրգ
Մահացել էապրիլի 3, 1897(1897-04-03) (63 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր, թավջութակ և վալդհորն
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան, Wiener Singakademie? և Gesellschaft der Musikfreunde?
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, University singers and bards of Vienna?, Sängerschaft zu St. Pauli Jena?, Q1759337? և Q108092396?
Պարգևներ
Կայքbrahms-institut.de/index.php/de/allgemeines
Ստորագրություն
Ստորագրություն
 Johannes Brahms Վիքիպահեստում

Յոհաննես Բրամս (գերմ.՝ Johannes Brahms, մայիսի 7, 1833(1833-05-07), Համբուրգ, Գերմանական միություն - ապրիլի 3, 1897(1897-04-03), Վիեննա, Ավստրո-Հունգարիա), գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

Կենսագրություն

Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի 7-ին Համբուրգում՝ Շլյուտերսոֆ թաղամասում և մահացել 1897 թվականի ապրիլի 3-ին (63 տարեկան հասակում) Վիեննայում։ Իր ստեղծագործություններում համատեղել է դասական և ռոմանտիկ երաժշտությունները։ Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի հետ մեկտեղ նա համարվում է մեծագույն գերմանացի կոմպոզիտորներից մեկը։

1833-1857 թվականներ

Ծագում

Տունը, որտեղ ծնվել է Բրամսը: Նրանց բնակարանը գտնվում էր առաջին հարկի ձախակողմյան մասում: Լուսանկարը արված է 1891 թվականին: Ցավոք այս շինությունը ամբողջովին ավերվել է 1943 թվականին ռմբակոծության ժամանակ

Յոհաննես Բրամսի հայրը՝ Յոհան Յակոբը (գերմաներեն՝ Johann Jacob Brahms) ծնվել է 1806 թվականի հունիսի մեկին Համբուրգի մոտ գտնվող Դիթմարշեն քաղաքում։ Գերդաստանը բաղկացած էր և՛ գերմանացիներից, և՛ հոլանդացիներից։ Նա լավ երաժիշտ էր և տիրապետում էր բազմաթիվ գործիքների՝ ջութակ, ալտ, թավջութակ, տարբեր փողային գործիքներ, բայց ավելի լավ նա նվագում էր գալարափող և կոնտրաբաս։ Հիանալի տիրապետելով կոնտրաբասին, նա կարող էր հեշտությամբ աշխատանք գտնել որևէ սիմֆոնիկ նվահախմբում, բայց նա գերադասում էր նվագել կաբարեներում։ 1830 թվականին նա ամուսնանում է իրենից 17 տարի մեծ Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսենի (Johanna Henrika Christina Nissen) հետ։ Թեև 19-րդ դարում տարիքային այսպիսի մեծ տարբերությունը բավական հազվագյուտ երևույթ էր, սակայն նրանք շատ երջանիկ էին։ Ընտանիքը ֆինանսապես գտնվում էր ոչ բարելավ վիճակում։ Բրամսը երեք երեխաներից երկրորդն էր։ Նրա մեծ քույրը՝ Էլիզաբեթ Վիլհելմին Լուիզան, (Elisabeth Wilhelmine Louise) ծնվել է 1831 թվականին, իսկ կրտսեր եղբայրը՝ Ֆրիդրիխը՝ 1835 թվականին։

Մանկություն

Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի յոթին։ Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Համբուրգի Գայնգֆիերթել թաղամասում, այնուհետև տեղափոխվում է փոքրիկ Դամմթորվալ արվարձան։ Վաղ տարիքից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական տաղանդի հատկանիշներ։ Յոհաննեսը շատ աշխատասեր և կարգապահ էր (իր հոր պես)։ Հայրը ցանկանում էր, որ Յոհաննեսը դառնա մեծ երաժիշտ։ Սկզբում նա սովորում է ջութակ նվագել, բայց շուտով անդրադառնում է դաշնամուրին։

Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ Յոհաննեսին տանում էր իր հետ։ Չնայած կաբարեի մթնոլորտը շատ վատ ազդեցություն էր ունենում երիտասարդի վրա, բայց այնուամենայնիվ, նա այդպիսով իրեն մոտ էր զգում երաժշտությանը։ Յոթ տարեկանից նա դաշնամուրի դասեր է առնում Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելից։ Քանի որ ընտանիքին աշխատող ուժ էր պետք, Յոհաննեսը սկսում է որպես դաշնակահար աշխատել տարբեր պարային ակումբներում։

Մանկության հիշողություններից Բրամսը պատմում է, որ միշտ ժամանակ էր գտնում ստեղծագործելու համար՝ առավոտյան, ազատ ժամերին, հանգստի ժամանակ, իսկ երեկոյան դաշնամուր էր նվագում կաբարեներում։ 1847 թվականին գերհոգնածության պատճառով նա մեկնում է հանգստանալու և այստեղ նա հայտնաբերում է գրականության գոհարները։ Սերը գրականության հանդեպ իր մեջ կար դեռ բավական վաղուց՝ մոր շնորհիվ։ Նա իր վերջին ունեցածը տալիս էր գրքավաճառներին և գնում էր Սոփոկլես, Դանթե, Կիկերոն, Ժան Պոլ, Գոտհոլդ Լեսսինգ, Ֆրիդրիխ Շիլլեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ժոսեֆ ֆոն Այշենդորֆ, Ադելբերտ վան Շամիսսոև այլոց գրքերը։

Երիտասարդ Բրամսը

Ջութակահար Յոսեֆ Յոախիմը

Նա շարունակում է իր ուսումը տարբեր դաշնակահարերի մոտ։ Քոսսելից հետո աշակերտել է նաև դաշնակահար Էդուարդ Մարքսենին, որը իր հերթին սովորել էր Վիեննայում և եղել էր Իգնազ ֆոն Զեյֆրիդի (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի աշակերտը) և Կարլ Մարիա ֆոն Բոքլեթի (Ֆրանց Շուբերտի մտերիմ ընկերը) աշակերտը։ Սկզբնական շրջանում Բրամսը նվագում է տարբեր համերգներ Համբուրգում և շրջակայքում, բայց մեծ համբավ ձեռք չի բերում որպես դաշնակահար։ Նա հայտնի է դառնում իր առաջին շրջագայությունից հետո։ Բրամսը վաղ տարիքից սկսում է ստեղծագործել և կատարել տարբեր իմպրովիզացիաներ։ Արդեն 11 տարեկանում նա իր ուսուցիչների աշակերտների կատարած ստեղծագործությունների հիման վրա իմպրովիզներ էր անում։

Հանդիպում Յոզեֆ Յոախիմի հետ

Յոախիմը 1853 թվականին: Նկարը Ադոլֆ ֆոն Մենցելի

1850-ական թվականներին Բրամսի կյանքում կատարվում են մի շարք կարևորագույն փոփոխություններ։ Հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ Բրամսը կատարում է շրջագայություն (որպես նվագակցող)։ Այս ջութակահարի շնորհիվ նա առաջին անգամ շփվում է հունգարական և գնչուական երաժշտության հետ, որը նրա վրա մեծ ազդեցություն է թողնում՝ հետագայում հունգարական պարերը ստեղծագործելու համար։ Այս շրջագայության հիմնական կարևորությունն այն է, որ 1853 թվականի մայիսին Հանովրում Բրամսը հանդիպում է վիրտուզ ջութակահար Յոզեֆ Յոախիմին, որը նրան հետագայում ծանոթացնում է կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ (կարևորագույն իրադարձություն Բրամսի կյանքում)։ 1853 թվականին Յոախիմը լինելով ընդամենը քսաներկու տարեկան, արդեն մեծ լսարան ուներ՝ հիմնականում Լյուդվիգ վան Բեթհովենի ջութակի կոնցերտը կատարելու շնորհիվ։ Նա մեծ համբավ էր վայելում և անձամբ ճանաչում էր գրեթե բոլոր կոմպոզիտորներին և կատարողներին։ Բրամսը հիացած էր Յոախիմի կատարողական վարպետության վրա։ Անձամբ ջութակահարը Բրամսի մասին ասել է.

Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ։ Նրա ստեղծագործությունները ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ։

Բրամսը իր ողջ կյանքի ընթացքում սերտ կապերի մեջ է եղել Յոախիմի հետ և նրան է նվիրել տարբեր ստեղծագործություններ։ Յոախիմը առաջին անգամ կատարել է Բրամսի ռե մաժոր ջութակի կոնցերտը (որը նվիրված է իրեն)։

Բրամսը և Ֆերենց Լիստը

1853 թվականին Յոսեֆ Յոախիմը Բրամսին ծանոթացնում է դաշնակահար և կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ։ Լիստը կատարում է Բրամսի օպուս 4 սկերցոն։ Տարբեր պատմություններ կան Լիստի և Բրամսի հանդիպման մասին։ Դժվար է ասել, թե դրանք ճիշտ են թե սխալ։ Դրանցից ամենահայտնին պատմում է, որ Բրամսը քնել է Լիստի սի մինոր սոնատան լսելիս (կատարում էր Լիստը)։ Ասում են նաև, որ այդ միջադեպի պատճառով Բրամսը ներողություն է խնդրել Լիստից և պատճառաբանել, որ քնել է շրջագայություններից առաջացած գերհոգնածության պատճառով։ Շատ երաժշտագետներ և կենսագրագիրներ հերքում են այս փաստը։ Հետագայում այս կոմպոզիտորների աշխարհայացքները ամբողջովին փոխվում են։ Լիստը անցնում է Ռիխարդ Վագների հետևորդների շարքերը (նոր երաժշտության ստեղծողներ), իսկ Բրամսը ստեղծում է նոր երաժշտական շարժում, որում կոմպոզիտորները հավատարիմ են մնում դասական երաժշտության ավանդույթներին։

Բրամսը և Ռոբերտ Շումանը

Յոհաննես Բրամսը 1853 թվականին

1853 թվականին Յոհաննես Բրամսի կյանքում կատարվում է մի կարևոր իրադարձություն, որը մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն նրա ստեղծագործական ոճի զարգացման վրա, այլ նաև ապագայի ամբողջական փոփոխության վրա։ Քանի որ Յոզեֆ Յոախիմը ծանոթ էր բազմաթիվ մեծանուն երաժիշտների հետ, նա Բրամսին խորհուրդ է տալիս ներկայանալ գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանին, որը այդ ժամանակ իր կնոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Կլարա Շումանի հետ բնակվում էր գերմանական Դյուսելդորֆ քաղաքում։ Յոախիմը Բրամսին տվել էր մի նամակ, որպեսզի այս վերջինը այն տա Շումանին։ Նամակում նա կարճ նկարագրում էր Բրամսին։ Բրամսը Ռեյն գետի շրջակայքի քաղաքներում շրջագայությունը ավարտելուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Շումանների տուն։ Հանդիպումը տեղի է ունենում 1853 թվականի սեպտեմբերի 30-ին։ Բնավորությամբ շատ ամաչկոտ լինելու պատճառով, նա հազիվ կարողանալով իր մեջ քաջություն գտնել, թակում է դուռը։ Նրան Շումանների ընտանիքում սպասում էր շատ ջերմ ընդունելություն։ Ռոբերտ Շումանը նրան հրավիրում է իր աշխատանքային սենյակ, որպեսզի լսի նրա նվագը՝ կարծելով, որ նա սովորական դաշնակահար է կամ չնչին տաղանդ ունեցող սկսնակ կոմպոզիտոր։ Բրամսը նստում է դաշնամուրի դիմաց և սկսում է կատարել իր առաջին դո մաժոր սոնատան։ Հենց առաջին ակորդների հզորությունից և տոնայնությունների բազմաբղետ և անընդմեջ փոփոխություններից հիացած՝ Շումանը կանգնեցնում է Բրամսին և կանչում է իր կնոջը՝ Կլարային, ասելով. " Կլարան անպայման պետք է լսի սա":

Ռոբերտ Շումանը 1850 թվականին

Բրամսը երկրորդ անգամ է սկսում իր սոնատան՝ այս անգամ ամուսինների ներկայությամբ։ Երկու երաժիշտներն էլ հիացած էին քսանամյա Բրամսի տաղանդով։ Կլարան այսպես է նկարագրում նրա նվագը.

Այս շատ մեղմ և ինչ որ տեղ աղջկա հիշեցնող դեմքը նվագելու ընթացքում ամբողջովին փոխվում և արտահայտում է զգացմունքային տարբեր իրավիճակներ, այդ թվում նաև մոլագարություն։

Շումանը իր նոթատետրում նշում է "Պարոն Բրամսի ժամանումը։ Հանճար" : Շումանը իր հայտնի "Նոր երաժշտական ամսագրում" արդեն տասը տարի ոչ մի հոդված չէր գրել և ամսագրի տնօրինությունը հանձնել էր իր ընկերներին։ Բրամսի տաղանդը Շումանին դրդում է վերցնել փետուրը և գրել իր հայտնի հոդվածներից մեկը։

Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էր տաղանդը և հերոսական ոգին։ Նրա անունը Յոհաննես Բրամս է և նա եկել է Համբուրգից։

Երբ որ նա նստում է դաշնամուրի առջև, նա մեզ տեղափոխում է դեպի չնաշխարհիկ վայրեր և մեզ մտցնում է իր իդեալական աշխարհը։ Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի։ Նրա մատների տակ սոնատան դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ։ Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք։ Երբ որ նա իր կախարդական փայտիկը ուղի նվագախմբի և երգչախմբի կողմը և նրանք իրենց հզորությամբ կկարողանան արտահայտել Բրամսի ամբողջական տաղադը, իդեալան աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված։

Այս հոդվածի տպագրումը շատ դրական է ազդում Բրամսի համբավի վրա։ Նրան սկսում է ճանաչել ողջ Գերմանիան։ Շումանը Բրայթկոպֆ & Հարթել հրատարակությանը խնդում է տպագրել Բրամսի որոշ ստեղծագործություններ։ Տարբեր վայրերից նամակներ են գալիս և ցանկություն են հայտնում Բրամսի նվագը լսել։ Բրամսը իր շնորհակալական նամակում Շումանին հայտնում է, որ շատ է ցավում, որ չի կարողանում ներկայանալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել իրեն։

Բրամսը և Կլարա Շումանը

Կլարա Շումանը 1853 թվականին

Կլարա Շումանը առաջին կին դաշնակահարն էր, որը կարողացել էր համաշխարհային հռչակ վայելել։ Նա վերին աստիճանի հաճելի և բարի կին էր ու 6 երեխաների մայր։ Բրամսը հիացած էր Կլարայով։ Բրամսի և Կլարայի նեղ ընկերական հարաբերությունները տևել են նրանց ողջ կյանքի ընթացքում։ Կլարան նույնպես հիացած էր Բրամսի տաղանդով և նրա գեղեցկությամբ։ Քանի որ հիվանդության պատճառով Շումանը այլևս այն երիտասարդ և կենսուրախ Շումանը չէր և բնավորությամբ ավելի պարփակված էր դարձել, Կլարան իր նախկին Շումանին գտնում է երիտասարդ Բրամսի մեջ։ Բրամսը Շումանից թույլատվություն է հարցնում, որպեսզի նվիրի իր ստեղծագործություններից մի քանիսը Կլարային։ 1853 թվականին երկրորդ կեսին Բրամսը բնակվում էր Դյուսելդորֆի հյուրանոցներից մեկում։ Ռոբերտ Շումանը նրան հաճախ հրավիրում էր իրենց հետ ընթրելու, սակայն բնավորությամբ չափազանց ամաչկոտ լինելու պատճառով Բրամսը չէր ներկայանում և այդ իսկ պատճառով Կլարան ինքն էր գնում նրան հյուրանոցից իրենց տուն բերելու։ Շումանների ընտանիքում Բրամսը անցկացրել է շատ հաճելի պահեր։ Երեկոները այստեղ անցնում էին չափազանց հետաքրքիր, քանի որ երաժիշտները ունեին ամբողջովին նույն երաժշտական ճաշակը և շատ բան ունեին իրար փոխանցելու։ Շատ հաճախ այս երեկոներին մասնակցում էին նաև ջութակահար Յոզեֆ Յոախիմը և կոմպոզիտոր Ալբերտ Դիտրիխը։ Հենց այս ժամանակ է որ գրվում է "F-A-E" ջութակի սոնատան (գերմաներեն Frei aber Einsam՝ ազատ, բայց մենակ)։ Այս ստեղծագործությունը խմբակային է և գրվել է միանգամից երեք կոմպոզիտորի կողմից՝ Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և Ալբերտ Դիտրիխ։

1854 թվականին Շումանների ընտանիքում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն։ Ռոբերտ Շումանը կատարեց մահափորձ և իրեն նետեց Ռեյն գետը։ Բարեբախտաբար ձկնորսները նրան գետից ափ հանեցին և նա փրկվեց, բայց իր իսկ ցանկությամբ նա տեղափոխվեց Բոնն քաղաքի մոտ գտնվող հոգեբուժարանը։ Այս ամենը մեծագույն ճակատագրական հարված էր Կլարա Շումանի համար և այս դժվարին պահերին նրա անբաժան ընկերներ էին Բրամսը և Յոախիմը։ Քանի որ Յոախիմը մշտական շրջագայությունների մեջ էր, նա հաճախ բացակայում էր, իսկ Բրամսը համարյա միշտ գնում էր Կլարայի կողքին։ Որոշ ժամանակ Բրամսը նույնիսկ բնակվել է Շումանների տանը։ Նրա ընկերական աջակցությունը ուղղակի անհրաժեշտ էր Կլարային։ 1854 թվականի հունիսին ծնվում է Կլարա և Ռոբերտ Շումանների վերջին զավակը՝ Ֆելիքս Շումանը, որը դժբախտաբար այդպես էլ չի ճանաչում իր հորը։ Ֆելիքսի հետ շատ մոտ էր Բրամսը և նրա կնունքին նա դառնում է իր կնքահայրը։ Կլարայի հետ բնակվելու ժամանակ Բրամսը խորապես ուսումնասիրում է Ռոբերտ Շումանի ձեռագրերը։ Իր հերթին նա շատ ստեղծագործում է։ Նա նաև ուսումնասիրում է միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Պալեստրինա, Գիյոմ դը Մաշո և այլն։ Նա շատ ստեղծագործություններ նվիրում է Կլարային։ Գրում է նաև Շումանի թեմայով վարիացիաներ։

1854-58 թվականներին Բրամսը և Կլարան միմյանց գրել են անթիվ նամակներ, որոնց մեծ մասը նրանք ոչնչացրել են։ Պահպանված նամակները ուսումնասիրելով կարելի է նկատել նրանց հարաբերությունների առաջընթացը։ Սկզբնական շրջանում Բրամսը Կլարային դիմում էր "Դուք"-ով այնուհետև "Թանկագին տիկին": Ապագա նամակներում նշմարվում են "շատ թանկագին ընկեր" և "իմ սիրելի ընկեր" արտահայտությունները և ամենավերջում նա Կլարային դիմում է "Իմ շատ սիրելի տիկին Կլարա"-յով։

1854 թվականի նոյեմբերի 24-ի նամակում նա գրում է Կլարային.

Իմ թանկագին ընկեր, չեք կարող պատկերացնել, թե ձեր ընկերական "դու"-ն ինչպիսի հաճույք ինձ պատճառեց։ Անչափ շնորհակալություն այդ նամակի համար։ Չեմ կարողանում ինձ զսպել և այն անընդհատ կարդում եմ ՝ կարծես առաջին անգամ կարդալիս լինեմ։ Շատ հազվադեպ են բառերը ինձ համար այդքան մեծ արժեք ունեցել։
Հատված Բրամսի "Շումանի թեմայով" վարիացիաներից

Երիտասարդ Բրամսը դժվարությամբ է սկսում է Կլարային "դու"-ով դիմել։ Մեկ այլ նամակում կարդում ենք.

Իմ սիրելի Կլարա, ես կուզենայի գրել և նկարագրել իմ սիրո մեծությունը քո նկատմամբ. ցանկանում եմ քեզ մեծագույն երջանկություն։ Ես քեզ այն աստիճան եմ պաշտում, որ նույնիսկ չեմ կարող այն նկարագրել։ Կուզենայի քեզ դիմել "իմ սիրելիս" արտահայտությամբ և այլ քնքուշ բառերով։ Քո նամակները ինձ համար կարծես համբույրներ լինեն։

Ցավոք սրտի 1856 թվականի հուլիսի 29-ի Ռոբերտ Շումանի ողբերգական մահվան պատճառով Յոհանեսը և Կլարան հեռանում են իրարից։ Բրամսը դեռ հույսեր ուներ, որ կկարողանար մնալ իր սիրելի Կլարայի կողքին և մեղմացնել նրա վիշտը, սակայն Կլարան ինքն է հեռանում նրանից։ Նամակագրական կապերը նրանք պահպանել են ամբողջ կյանքի ընթացքում։ Բրամսի վերջին անգամ Կլարային գրել է 1896 թվականին, երբ որ Կլարան արդեն մահվան անկողնում էր.

Եթե դուք առավել վատն եք ակնկալում, ապա խնդում եմ թույլ տվեք ինձ գալ և ևս մեկ անգամ տեսնել ձեր գեղեցիկ աչքերը, որոնց փակվելուց հետո շատ բան կփակվի նաև ինձ համար։

Երաժշտության պատմության մեջ Կլարա Շումանի և Յոհաննես Բրամսի հարաբերությունները ամենաառեղծվածայինն են։

1857-1875 թվականները

Բրամսի կիսանդրին Դեթմոլդի արքայական պալատի այգում

Այս տարիների Յոհաննես Բրամսը շատ շրջագայում է և աշխատում է տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ։ Նա հիմնականում լինում է Համբուրգում, այնուհետև տեղափոխվում է Վիեննա։

Դեթմոլդում և Համբուրգում

1857 թվականին Բրամսը դասավանդում է Լիպի արքայազնի պալատում, այնուհետև դառնում է Դեթմոլդի երգի ակադեմիայի տնօրենը։ Այս քաղաքում նա մնում է երկու տարի և գրում է իր երկու սերենադները նվագախմբի համար և առաջին դաշնամուրային կոնցերտը։ Գործիքավորման վերաբերյալ նա բազմաթիվ խորհուրդներ է ստացել Յոզեֆ Յոախիմից։ Կոնցերտի ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում Կլարա Շումանը, քանի որ այդ տարիներին Բրամսը բաժանվել էր նրանից։ Առաջին անգամ կոնցերտը կատարվել է 1859 թվականի հունվարի 22-ին։ Սոլո դաշնակահարը Բրամսն էր։ Չնայած կոմպոզիտորի մեծ հույսերին, կոնցերտը մեծ համբավի չի արժանանում, դրա համար Բրամսը որոշում է գրել ևս մեկ կոնցերտ դաշնամուրի համար (որը նա գրում է 22 տարի հետո)։

Յոհաննես Բրամսը 1866 թվականին

Այս ժամանակահատվածում նա գրում է նաև որոշ երգեր և ծանոթանում է մեկ այլ կնոջ՝ Ագաթ ֆոն Զիբոլդի հետ։ Բրամսը այնքան մեծ սեր է տածում այս կնոջ նկատմամբ, որ նույնիսկ արթնացնում է Կլարա Շումանի խանդը։ Կլարան չափազանց զարմացած էր, որ Բրամսն այդքան կարճ ժամանակահատվածում կարողացել էր նորից սիրահարվել։ Ագաթ ֆոն Զիբոլդի անվան հիման վրա Բրամսը գրում է իր երկրորդ լարային սեքստետը (օպուս 36) ՝ A-G-A-H-E՝ լյա-սոլ-լյա-սի-մի նոտաների հիման վրա։ Նրանք նշանվում են, բայց մի քանի ամիս անց Բրամսը հրաժարվում է ամուսնանալ նրա հետ՝ զգալով, որ անկարող է լուրջ հարաբերություններ ունենալ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Յոհաննես Բրամսը երբեք չի ամուսնացել։

1859 թվականին Բրամսը վերադառնում է հայրենի Համբուրգ քաղաքը, որտեղ գրում է բազմաթիվ երգեր և վարիացիաներ չորս ձեռքի համար, վարիացիաներ հունգարական թեմայով, վարիացիաներ Հայդնի թեմայով և վարիացիաներ Շումանի թեմայով։ 1860 թվականին Բրամսը հանդիպում է երաժշտական խմբագիր Ֆրից Զիմռոքին, որը և տպագրում է նրա շատ ստեղծագործություններ։ Այս ժամանակահատվածում Բրամսի գրվածքները համարվում էին նվագելու համար շատ դժվար և ոճով չափազանց դասական։ Զիռմոքը տպագրում է Բրամսի առաջին դաշնամուրային կոնցերտը, որը այդպես էլ հաջողության չի արժանանում։ Բրամսը ցանկանալով, որպեսզի իր ստեղծագործությունները լինեն կատարյալ, շատ ժամանակ սպասեցնում էր խմբագրերին և ստեղծագործությունը նրանց ուղարկելուց առաջ կատարում էր որոշ փոփոխություններ։ 1862-63 թվականներին Բրամսը վիճում է իր ընկեր Թեոդոր Ավե-Լալըմանի հետ, քանի որ այս վերջինը նրան չի տալիս Ֆիլհարմոնիայի Համերգների տնօրենի պաշտոնը և նախընտրում է երգիչ Ժուլիուս Շտոքհաուզենին։ Բրամսին հասնում է միայն Երգի Ակադեմիայի խմբավարի պաշտոնը։ Բրամսը խորապես վիրավորվում է իր ընկերոջ այդ քայլից։ Այս միջադեպի պատճառով նա լքում է Համբուրգը և տեղափոխվում է Վիեննա։

Բրամսը և Ռիխարդ Վագները

Բրամսը 1889 թվականին

1850-60-ական թվականներին է, որ առաջանում է հայտնի "Ռոմանտիկ դարաշրջանի կոնֆլիկտը" երկու առաջատար կոմպոզիտորների՝ Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Վագների միջև։ Վագների հետևորդների մեջ էր մտնում նաև դաշնակահար և կոմպոզիտոր Ֆերենց Լիստը, որը ժամանակին ծանոթացել էր Բրամսի հետ։ Բրամսը գնահատում էր որոշ վագներյան ստեղծագործություններ, իսկ Լիստին համարում էր լավ դաշնակահար։ Երկու կոմպոզիտորները անձամբ իրար հետ չէին գտնվում վատ հարաբերությունների մեջ, սակայն նրանց երաժշտության հետևորդները պարզապես թշնամիներ էին։

Վագները և Լիստը համարվում էին "նոր երաժշտության" հիմնադիրները, իսկ Բրամսը համարվում էր Լյուդվիգ վան Բեթհովենի հետևորդը, որը կարողանում էր համատեղել դասական և ռոմանտիկ ուղղությունները։ Բրամսի հետևորդների մեջ մտնում էին նաև Կլարա Շումանը և դիրիժոր Հանս ֆոն Բյուլովը։

Վիեննայում

1862 թվականին Բրամսը վերջնականապես հաստատվում է Վիեննայում և շատ շուտ ընտելանում է այս քաղաքին։ Այստեղ նա իրեն զգում է ինչպես իր տանը։ Վիեննայում ապրած ժամանակ Բրամսը գրում է իր ստեղծագործական գլուխգործոցները՝ Գերմանական Ռեքվիեմը, չորս սիմֆոնիաները, երկրորդ դաշնամուրային կոնցերտը, հունգարական պարերը և մի շարք ստեղծագործություններ կամերային կատարման համար։ Բացի կոմպոզիտորական գործունեությանը Բրամսը ելույթ էր ունենում որպես դաշնակահար՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Ռոբերտ Շումանի վիրտուոզ ստեղծագործությունները։ Նա ջութակահար Յոզեֆ Հելլմեզբերգերի հետ կատարում է իր «Սոլ մինոր» դաշնամուրային կվարտետը և այս ջութակահարը նրա անվանում է "Բեթհովենի հետևորդ": Այս արտահայտությունը մեծ համբավ է ձեռք բերում, սակայն Բրամսը դրան այդքան էլ հավանություն չի տալիս և ինքն իրեն համարում է ոչ թե Բեթհովենի հետևորդ, այլ Բեթհովենին հավասար կոմպոզիտոր։

Բրամսը Յոհան Շտրաուս կրտսերի հետ

1863 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի Երգի Ակադեմիայի խմբավարը։ Աշխատանքի անցնելուց հետո միանգամից կենտրոնանում է Բախի, Հենրիխ Իսահակի, Գաբրիելիի Շուտցի և այլ ավելի հին կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա։ Նա նաև կատարում է իր ժամանակակիցների՝ Շումանի և Բեթհովենի ստեղծագործությունները։ 1864 թվականին նա հրաժարվում է այս պաշտոնից, քանի որ խմբավարի աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, որը նա կարող էր հատկացնել կոմպոզիցիային և շրջագայություններին։ Բրամսը շրջագայությունների մեծ սիրահար էր։

Այս ժամանակաշրջանում նա գրում է իր "Գերմանական Ռեքվիեմը", որը արտասովոր էր նրանով, որ ամբողջովին գերմաներեն էր (սովորաբար ռեքվիեմները լատիներեն են լինում)։ Ստեղծագործությամ մեջ կա մեծ ներշնչանք քաղված Աստվածաշնչից։ Կոմպոզիտորը այն գրել է իր մոր մահվանից հետո։ Ստեղծագործությունը միանգամից արժանացել է քննադատների և հանրության հավանությանը։ Ռեքվիեմից հետո Բրամսը գրել է իր "Հունգարական պարերը": Այս ստեղծագործության վրա եղել են բազմաթիվ տարաձայնություններ։ Քանի որ Բրամսը այս պարերը գրել է հունգարական և գնչուական երաժշտության հիման վրա և օգտագործել է բազմաթիվ հայտնի եղանակներ, գտնվել են տարբեր կոմպոզիտորներ, որոնք ցանկացել են ապացուցել, որ հենց իրենք են այս պարերի իրական հեղինակները, փորձելով աղտոտել Բրամսի համբավը։

1870 թվականին Բրամսը ծանոթանում է դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ։ Բյուլովը սկզբնական շրջանում համարվում էր Վագների հետևորդ, բայց նրանից հետո, երբ նրա կինը՝ Կոզիմա Լիստը (Լիստի դուստրը) նրան լքեց և ամուսնացավ Վագների հետ, Բյուլովը մտավ Բրամսի հետևորդների շարքերը։

1872-75 թվականներին Բրամսը ստանձնում է Վիեննայի Արվեստի Ընկերների Կազմակերպության տնօրենի պաշտոնը։ Նա կատարում է բազմաթիվ շրջագայություններ, կամ որպես դաշնակահար, կամ սեփական հաճույքի համար։ Բրամսի համար մեծ բավականություն էր զբոսնել բաց երկնքի տակ. այդպես նա իրեն ավելի ազատ էր զգում։

1876-97 թվականները

Սիմֆոնիաների ստեղծումը

Բրամսը իր չորս սիմֆոնիաները գրել է բավական կարճ ժամանակաշրջանում։ Համեմատելով մյուս ստեղծագործությունների հետ, որոնց բաժանում է ավելի երկար ժամանակաշրջան (օրինակ՝ երկրորդ դաշնամուրային կոնցերտը նա գրել է առաջինից 22 տարի անց), սիմֆոնիաները նա գրել է ընդամենը ինը տարվա ընթացքում։ Առաջին «Դո մինոր» սիմֆոնիան կատարվել է 1876 թվականի նոյեմբերի 4-ին Կառլսրուե քաղաքում, իսկ երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան կատարվել է 1877 թվականի դեկտեմբերի 30-ին Փորթշախում։ Շատ հաճախ Բրամսի առաջին սիմֆոնիան անվանվում է "Բեթհովենի տասներորդ սիմֆոնիա", քանի որ ոգով այն շատ նման է Բեթհովենի սիմֆոնիաներին։ Բոլոր չորս սիմֆոնիաներն էլ ունեն չորս մաս և իրենց կառուցվածքով հիշեցնում են դասական դարաշրջանը (հիմնականում Բեթհովեն)։ Այնուամենայնիվ Բրամսը հոյակապ կերպով համատեղում է դասականը ռոմանտիկականի հետ։ 3-րդ սիմֆոնիան գրված է Ֆա մաժորում։ Այն կատարվել է 1883 թվականին Վիեննայում, իսկ 4-րդը՝ «Մի մինոր» սիմֆոնիան, նա սկսել է գրել 1884 թվականի ամռանը։ Այն կատարվել է 1885 թվականի հոկտեմբերի 25-ին Մայնինգենում։ Այս սիմֆոնիայի վերջին մասում Բրամսը օգտագործում է պասակալիայի ձևը և գրում է 30 վարիացիա պարունակող չակոննա, որի հիմքը վերցված է Յոհան Սեբաստիան Բախի BWV 150 կանտատից։

Բրամսը չի գրել հինգերորդ սիմֆոնիա ասելով. "Բեթհովենը այն արդեն գրել է":

Այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ

Բրամսի ժամանումը երկինք: Սիլուետը Օտտո Բոլերի

1880 թվականին Բրամսը գրում է իր երկու նախերգանքները՝ "Ակադեմիական" և "Ողբերգական": 1877 թվականին Քեմբրիջի համալսարանը Բրամսին տալիս է դոկտորի կոչում, իսկ 1881 թվականին այս նույն կոչումը նա ստանում է լեհական Բրեցլավի համալսարանից։ Իր "Ակադեմիական" նախերգանքը նա նվիրում է Բրեցլավի համալսարանին որպես շնորհակալություն։ Իր նախերգանքների մասին Բրամսը ասում էր. "Մեկը լալիս է, իսկ մյուսը ծիծաղում":

Այս ժամանակաշրջանի Բրամսի սիմֆոնիկ ստեղծագործություններին են պատկանում նաև իր ջութակի կոնցերտը՝ գրված 1878 թվականին, որը նա նվիրել է ջութակահար Յոզեֆ Յոախիմին և կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար՝ գրված 1887 թվականին։

Վերջին տարիները

Բրամսի շիրմնաքարը Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում

1886 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի երաժիշտների կազմակերպության պատվավոր նախագահը։ Նա Վիեննայում վայելում էր մեծ կոմպոզիտորի փայլուն դաշնակահարի և հիանալի դիրիժորի համբավ։ 1890 թվականին 57-ամյա Յոհաննես Բրամսը որոշում է այլևս չստեղծագործել։ Սակայն կոմպոզիտորի հարուստ երաժշտական հոգին նրան թույլ չի տալիս վերջնականպես վայր դնել փետուրը։ Այս տարիներին նա հիմնականում գրում է կամերային երաժշտություն։ Բրամսը հիացած էր իր ժամանակի հանճարեղ կլառնետահար Ռիխարդ Մյուլֆելդով և նրան է նվիրում իր տրիոն՝ կլառնետի, թավջութակի և դաշնամուրի համար, կվինտետը՝ կլառնետի և լարային կվարտետի համար (1891) և երկու սոնատները կլառնետի և դաշնամուրի համար (որոնք նա հետագայում փոխադել է նաև ալտի համար)։ Այս տարիներին նա գրում է նաև իր ջութակի և թավջութակի սոնատները և երկրորդ լարային կվինտետը (երկու ջութակի, երկու ալտի և թավջութակի համար)։ Նա գրում է նաև իր "Չորս լուրջ երգեր"-ը (1896 թ) և "Տասնմեկ քառաձայն պրելյուդներ"-ը երգեհոնի համար (1896 թ )։

Մահը

1896 թվականին Բրամսի մոտ ուռուցք է հայտնաբերվում։ Սկզբնական տվյալներով այն լյարդի ուռուցք էր, բայց հետագայում պարզվում է, որ իրականում այն ենթաստամոքսային գեղձի էր։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում է և նա մահանում է 1897 թվականի ապրիլի երեքին Վիեննայում՝ 63 տարեկան հասակում։ Նրա շիրմնաքարը գտնվում է Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում, որտեղ թաղված են նաև Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։

Հետաքրքիր փաստեր

1889 թվականին ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատակիցներից մեկը՝ Թեո Վանգեմանը գալիս է Վիեննա, որպեսզի մի գյուտարարական փորձ կատարի Բրամսի հետ։ Նա իր հետ բերել էր առաջին ձայնագրման սարքերից մեկը։ Բրամսը դաշնամուրով նվագում է իր առաջին հունգարական պարը։ Այս ձայնագրությունը պահպանվել է առ այսօր։ Սկզբում լսվում է ինչ որ մեկի ձայնը, որը ներկայացնում է հնչող ստեղծագործության անունը։ Մասնագետները չեն կարողանում պարզել, թե լսվող ձայնը ումն է՝ Բրամսինը թե Վանգեմանինը։ Ցավոք սրտի Բրամսի նվագը համարյա թե չի լսվում առկա աղմուկի և ձայնագրության հնության պատճառով։ Սթանֆորդի համալսարանը թողարկել է այս ձայնագրության ավելորդ ձայներից մաքրված տարբերակը։ Ինչևիցե, այս ձայնագությունը հանդիսանում է մեծագույն կոմպոզիտորների կողմից կատարված առաջին ձայնագրություններից մեկը։

Բրամսը կրոնական հայացքների տեսանկյունից հումանիստ էր, բայց նաև աթեիստ։ Նրա ամենամտերիմ անձանցից մեկը՝ կաթոլիկ Անտոնին Դվորժակը մի առիթով ասել է. «Նման հետաքրքիր մարդ, նա շատ բարի հոգու տեր է, բայց ոչնչի չի հավատում»։

Բրամսը և Սեն-Սանսը

Բրամսի մասին պատմող բազմաթիվ պատմություններից մեկը պատմում է, որ ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը թակել է Բրամսի տան դուռը նրան տեսնելու ակնկալիքով։ Բրամսի տան ծառայողին նա ներկայացել է որպես ֆրանսիացի երաժիշտ։ Երբ ծառայողը Բրամսին հայտնել է նրա ժամանման մասին, Բրամսը ասել է "Ֆրանսիացի երաժիշտ գոյություն չունի": Հաստատ համոզվածություն չկա, որ այս միջադեպը իսկապես պատահել է։

Բրամսի ստեղծագործությունը

Բրամսի կիսանդրին ավստրիական Լեոնշթայն ամրոցի ներքին բակում

Բրամսը իր աշխատանքին վերաբերվում էր մեծագույն լրջությամբ և քննադատությամբ։ Մինչև իր ստեղծագործությունները խմբագիրներին հանձնելը նա բազմաթիվ փոփոխություններ էր կատարում։ Վաղ ժամանակաշրջանում գրած ստեղծագործություններից շատերը նա ոչնչացրել է, այդ թվում նաև ջութակի և դաշնամուրի համար գրած մի սոնատ, որը նա կատարել էր երիտասարդ տարիներին։ Մինչև առաջին լարային կվարտետի գրելը նա գրել էր մոտավորապես քսան լարային կվարտետներ, որոնք նա նույնպես ոչնչացրել է։ Նրա Ռե մինոր սիմֆոնիան բազմաթիվ անգամ գրվելուց և ջնջվելուց հետո դարձավ դաշնամուրային կոնցերտ ( թիվ 1)։ 15 տարի աշխատանքից հետո նա պաշտոնապես հայտարարեց, որ գրել է սիմֆոնիա։ Բրասը իր ստեղծագործություններին վերաբերովում էր այսպիսի խստությամբ նաև այն պատճառով, որ Ռոբերտ Շումանը նրա ասել էր, որ նա պետք է դառնար Բեթհովենից հետո երկրորդ ամենամեծ կոմպոզիտորը։

Կլարա Շումանը լսելով Բրամսի առաջին սիմֆոնիան, իր զարմանքն էր հայտնել, քանի որ նա վերջին մասը չափազանց փայլուն էր համարում։ Սակայն նա նաև ասում էր, որ առաջին մասի հզոր և մինորային ակորդները ամբողջովին սազական էին Բրամսին։ Մասնագետները կարծում են, որ Բրամսի երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան բավական ուրախ է։ Այս սիմֆոնիան նույնիսկ մտնում է ամենավառ սիմֆոնիաների շարքը։ Սակայն Բրամսը իր նամակներից մեկում նշում է, որ այս սիմֆոնիան իր մեջ պարունակում է մեծ մելանխոլիա։

Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները աչքի են ընկնում իրենց նրբությամբ և տխրությամբ բայց դրա հետ մեկտեղ կոմպոզիտորը միշտ օգտագործում է շատ բարդ կառուցվածք ունեցող բազմաձայնություն։

Այլ կոմպոզիտորների ազդեցությունը Բրամսի ստեղծագործության վրա

Բրամսի կիսանդրին Մայնինգենի Անգլիական այգում: Հեղինակ Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ

Բրամսը շատ էր գնահատում ավստրիացիներ Յոզեֆ Հայդնի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի արվեստը։ Նա հավաքել է այս կոմպոզիտորների բազմաթիվ ձեռագրեր և դրանց մեծ մասը հրապարակել է։ Բացի այս կոմպոզիտորներից Բրամսը մեծ հետաքրքություն էր ցուցաբերում նաև ավելի վաղ ժամանակաշրջանի կոմպոզիտորների արվեստին՝ Ջիովաննի Գաբրելի, Դոմենիկո Սկարլատի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել և հիմնականում Յոհան Սեբաստիան Բախ։

Բրամսը համարվում է Լյուդվիգ վան Բեթհովենի հետևորդը, սակայն չպետք է մոռանալ, որ նա խորապես ուսումնասիրել է Բախի և Պալեստրինայի ստեղծագործությունը և նրանցից շատ դասեր է քաղել։ Բրամսի ստեղծագործությունը ուսումնասիրելով կարելի է ականատես լինել շատ բարդ պոլիֆոնիայի և կոնտրապունկտի, որը նա առանց կասկածի վերցրել է վերը նշված կոմպոզիտորների գրելաոճից։ Բրամսը օգտագործում է նաև բազմաթիվ ազգային մեղեդիներ։ Նա համատեղում է ռոմանտիկականը դասականի հետ, օգտագործելով նաև միջնադարյան գրային ոճեր։

Վիեննայում գտնվելու առաջին տարիներին Բրամսը հետաքրքրվել է նաև Ֆրանց Շուբերտի արվեստով։ Այս կոմպոզիտորի ազդեցությունը զգացվում է Բրամսի դաշնամուրային կվարտետներից։ Այլ կոմպոզիտորների ազդեցությունը (Ֆելիքս Մենդելսոն կամ Ֆրեդերիկ Շոպեն) ավելի քիչ են Բրամսի մոտ։ Սակայն նրա օպուս 4 սկերցոյում զգացվում է Շոպենի «Սի բեմոլ մինոր» սկերցոյի ոգին։ Ռոմանտիկ կոմպոզիտորներից Բրամսը ամենաշատը գերվել է Ռոբերտ Շումանի ստեղծագործությամբ։

Բրամսի ազդեցությունը այլ կոմպոզիտորների վրա

Բրամսի տարբեր շրջաններ պատկերող հուշարձանը Համբուգում՝ իր անունը կրող հրապարակում

Բրամսի ոճը և հետադարձ է և առաջադեմ է։ Բրամսի օրոք նրա կողքին են եղել և նրա արվեստով հիացած են եղել կոմպոզիտորներ Ռոբերտ Ֆաքսը, Հայնրիխ ֆոն Հերցոգենբերգը, Յուլիուս Ռոյնթգենը և Գուստավ Յենները, որը եղել Բրամսի միակ օրինական աշակերտը։ Չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը մեծագույն հիացմունք էր տածում Բրամսի նկատմամբ և նրանից դասեր էր քաղում։ Նրա յոթերորդ սիմֆոնիան և «Ֆա մինոր» դաշնամուրային տրիոն ներշնչված են Բրամսի երաժշտությամբ։

Բրամսի երաժշտության մեծ երկրպագու էր անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարը, որը ասել է "Ես ինձ ոչնչություն եմ զգում, երբ լսում եմ Բրամսի երրորդ սիմֆոնիան": Բրամասի մոլլի երկրպագուներ էին նաև անգլիացի Հյուբերտ Պարրին, շվեդ Վիլհելմ Ստենհամմարը և ավստրիացի Ալեքսանդեր ֆոն Զեմլինսկին։ Բրամսի երաժշտության ազդեցությունը զգացվում է նաև Բելա Բարտոկի վաղ կամերային ստեղծագործություններում։ Հետաքրքիր դեպք է նաև կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի սերը Բրամսի երաժշտության նկատմամբ։ Հայտնի է որ Շյոնբերգը Վագների երկրպագու էր և շատ զարմանալի էր, որ նա հիացմունք էր տածում նաև Բրամսի նկատմամբ։ Պատճառն այն է, որ վաղ հասակում սերը Բրամսի երաժշտության նկատմամբ Շյոնբերգը ստացել է իր հորից, որը իր հերթին երաժիշտ և բրամիստ էր (այսպես էին անվանվում Բրամսի երկրպագուները)։ Վիեննական նոր դպրոցի ներկայացուցիչներից Բրամսի երաժշտության հետևորդ էր նաև Անտոն Վեբերնը ("Պասսակալիա նվագախմբի համար")։

Բրամսը որպես անձնավորություն

Բրամսի սիլուետը: Հեղինակ՝ Օտտո Բոլեր

Բրամսը փոփոխական բնավորություն ուներ։ Նա բոլորին հայտնի էր և՛ իր բարությամբ, և՛ իր սարկաստիկ հումորով։ Բնությանը իրեն մոտ զգալու համար նա հաճախ էր կատարում տարբեր շրջագայություններ, իսկ ամենօրյա զբոսանքները նրա կյանքի անբաժան մասն էին կազմում։ Նա սիրում էր զբոսնել անտառներում և այլ կանաչապատ տարածքներում։ Քայլելիս նա ձեռքերը միշտ իր ետևում էր պահում (Բեթհովենի նման)։ Նա իր մոտ միշտ ուներ քաղցրավենիք և երեխաների հանդիպելուց նրանց հյուրասիրում էր։ Մեծահասակների հետ նա ավելի կոպիտ էր։ Սիրում էր արտահայտել իր միտքը, առանց հաշվի առնելու մյուսների կարծիքը։ Մի երեկույթից դուրս գալուց առաջ նա ասել է. "Թող ինձ ներեն նրանք, որոնց այսօր չվիրավորեցի": Նա հայտնի էր իր բարեգործությամբ։ Նա օգնում էր երիտասարդ կոմպոզիտորներին առաջ գնալ՝ հրատարակելով նրանց ստեղծագործությունները և շատ անգամ ֆինանսապես նրանց օգնելով (նա պահանջում էր որ այն արվեր չափազանց գաղտնի պայմաններում)։ Նա առատաձեռն և սիրալիր էր իր բոլոր ընկերների հետ և նրանցից ստանում էր նույն վերաբերմունքը։ Իր ստեղծագործությունները հրատարակելուց նա բավական մեծ եկամուտ էր ունենում, սակայն նա ապրում էր սովորական մի բնակարաում և ուներ ընդամենը մեկ աշխատող, որը կատարում էր խոհարարի և հավաքարարի պարտականությունները։ Ըստ սովորության Բրամսի բնակարանը լի էր տարբեր խառիխուռն նոտաներով և ձեռագրերով։

Բրամսը ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում վալսերի արքա Յոհան Շտրաուս կրտսերի հետ (սակայն նրանց երաժշտական ճաշակները բոլորովին տարբեր էին)։ Բրամսը գնահատում էր Շտրաուսի արվեստը և շատ էր զղջում, որ չէր կարողացել ինքը գրել Շտրաուսի հայտնի "Կապույտ Դանուբ" վալսը։ Երբ որ մի օր Շտրաուսի կինը՝ Ադելը, Բրամսից ինքնագիր է խնդրում, Բրամսը վերցնում է վերը նշված վալսի նոտաները և գրում. "Ցավոք սրտի ոչ Յոհաննես Բրամսի կողմից գրված":

Բրամսի հավատքը

Իր ամբողջ կյանքի ընթացքում Բրամսը սերտ կապված է եղել Աստվածաշնչի հետ։ Նրա մոտ սերը դեպի հավատքը եղել է դեռ մանկուց (անկասկած ընտանեկան միջավայրի շնորհիվ)։ Բրամսը պատկանում էր գերմանական բողոքական եկեղեցուն։ Շատ երաժշտագետերի է հետաքրքրել Բրամսի հավատքի հարցը։

Նրա "Գերմանական Ռեքվիեմ"-ում հանդիպում ենք տարբեր աստվածաշնչյան գրառումների կապված անմահության հետ։ Սակայն Բրամսի ամենամոտ ընկերներից մեկը՝ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը Բրամսի հետ իր զրույցներից մեկը ավարտելուց հետո ասել է "Ինչպիսի անձնավորություն, ինչպիսի մաքուր հոգի, սակայն նա ոչնչի չի հավատում": Դժվար է հստակ իմանալ, թե Դվորժակը ինչ ի նկատի ուներ։ 1950 թվականին Արթուր Աբելլի տպագրած "Զրույցներ հանճարեղ կոմպոզիտորների հետ" գրքում կա Բրամսի և Յոզեֆ Յոախիմի խոսակցության մի հատված, որտեղ Բրամսը խոսելիս մեջբերում է բազմաթիվ աստվածաշնչյան մտքեր։

Ստեղծագործության ցանկ

Բրամսը թողել է հարուստ երաժշտական ժառանգություն։ Նրա ոչ բոլոր երկերն են հասել մեզ, կապված այն բանի հետ, որ լինելով սկզբունքային անձնավորություն, ոչնչացրել է իր որոշ ստեղծագործություններ

Դաշնամուրի համար

  • Դաշնամուրային սոնատ № 1 - դո մինոր, օպուս 1
  • Դաշնամուրային սոնատ № 2 - ֆա դիեզ մինոր, օպուս 2
  • Մի բեմոլ մինոր սկերցո, օպուս 4
  • Դաշնամուրային սոնատ № 3 - ֆա մինոր, օպուս 5
  • 16 վարիացիա Ռոբերտ Շումանի թեմայով, օպուս 9
  • Չորս բալլադ, օպուս 10
  • Վարիացիաներ օրիգիանալ թեմայով, օպուս 21/1
  • Վարիացիաներ հունգարական թեմայով, օպուս 21/2
  • Վարիացիաներ Շումանի թեմայով, օպուս 23
  • Վարիացիաներ և ֆուգա Հենդելի թեմայով, օպուս 24
  • Վարիացիաներ Պագանինիի թեմայով, օպուս 35
  • Դաշնամուրային պիեսներ, օպուս 76
  • Երկու ռապսոդիա, օպուս 79
  • Յոթ ֆանտազիա, օպուս 116
  • Երեք ինտերմեցցո, օպուս 117
  • Վեց պիես դաշնամուրի համար, օպուս 118
  • Չորս պիես դաշնամուրի համար, օպուս 119

Չորս ձեռքի համար

  • 16 վալս, օպուս 39
  • Սիրային վալսեր, օպուս 52
  • Նոր սիրային վալսեր, օպուս 65
  • 21 հունգարական պարեր

Երգեհոնի համար

  • Երեք պրելյուդիա և ֆուգա
  • Ֆուգա
  • 11 քառաձայն պրելյուդներ, օպուս 122

Կամերային երաժշտություն

  • Դաշնամուրային տրիո լյա մինոր (առանց օպուս)
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար № 1, օպուս 8
  • Լարայն սեքստետ (երկու ջութակի երկու ալտի և երկու թավջութակի համար) № 1- սի բեմոլ մաժոր, օպուս 18
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար № 1, օպուս 25
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար № 2, օպուս 26
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար № 3, օպուս 60
  • Կվինտետ դաշնամուրի և լարային կվարտետի համար, օպուս 34
  • Սոնատ երկու դաշնամուրի համար (վերը նշված կվինտետի փոխադրությունը)
  • Լարային սեքստետ № 2 սոլ մաժոր, օպուս 36
  • Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար № 1, օպուս 38
  • Տրիո գալարափողի ջութակի և դաշնամուրի համար, օպուս 40
  • Լարային կվարտետ № 1, օպուս 51
  • Լարային կվարտետ № 2, օպուս 51
  • Վարիացիաներ Հայդնի թեմայով (դաշնամուր չորս ձեռք), օպուս 56/բ
  • Լարային կվարտետ № 3, օպուս 67
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար № 1, օպուս 78
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար № 2, օպուս 87
  • Լարային կվինտետ № 1, օպուս 88
  • Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար № 2, օպուս 99
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար № 2, օպուս 100
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար № 3, օպուս 101
  • Սոնատ ջութակի դաշնամուրի համար № 3, օպուս 108
  • Լարային կվինտետ № 2, օպուս 111
  • Տրիո կլառնետի թավջութակի և դաշնամուրի համար, օպուս 114
  • Կվինտետ կլառնետի և լարային կվարտետի համար, օպուս 115
  • Երկու սոնատ կլառնետի կամ ալտի և դաշնամուրի համար, օպուս 120

Նվագախմբի համար

  • Սերենադ № 1 - ռե մաժոր, օպուս 11
  • Սերենադ № 2 - լյա մաժոր, օպուս 16
  • Վարիացիաներ Հայդնի թեմայով, օպուս 56
  • Սիմֆոնիա № 1 - դո մինոր, օպուս 68
  • Սիմֆոնիա № 2 - ռե մաժոր, օպուս 73
  • Ակադեմիական նախերգանք, օպուս 80
  • Ողբերգական նախերգանք, օպուս 81
  • Սիմֆոնիա № 3 - ֆա մաժոր, օպուս 90
  • Սիմֆոնիա № 4 - մի մինոր, օպուս 98
  • Հունգարական պարեր

Կոնցերտներ

  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 1 - ռե մինոր, օպուս 15
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար - ռե մաժոր, օպուս 77
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 2 - սի բեմոլ մաժոր, օպուս 83
  • Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար - լյա մինոր, օպուս 102

Վոկալ ստեղծագործություններ

Ձայնի և նվագախմբի համար

  • Ավե Մարիա, օպուս 12 (1858)
  • Գերմանական Ռեքվիեմ, օպուս 45 (1857-68)
  • Ռինալդո (Գյոթե), օպուս 50 (1863-68)
  • Ռապսոդիա ալտի, տղամարդկանց երգչախմբի և նվագախմբի համար (Գյոթե), օպուս 53 (1869)
  • Ճակատագրի երգ (Հոյդերլին), օպուս 54 (1871)
  • Հաղթական երգ, օպուս 54 (1870-71)
  • Նայնի (Շիլլեր), օպուս 82 (1880-81)
  • Ծնողների երգը, օպուս 89 (1882)

Ձայնի և տարբեր գործիքների համար

  • Ողբերգական հիմն երգչախմբի և փողային գործիքների համար, օպուս 13 (1858)
  • Երեք երգ կանացի երգչախմբի, երկու գալարափողի և տավիղի համար, օպուս 17 (1860)
  • Երկու երգ կոնտրալտոյի, ալտի և դաշնամուրի համար, օպուս 901 (1856-58)
  • Սպուչ, կանոն ձայնի և ալտի համար, առանց օպուսի (1856-58)

Երգչախմբի և դաշնամուրի կամ երգեհոնի համար

  • Ավե Մարիա, օպուս 12
  • Սաղմոս XIII, օպուս 27 (1859)
  • Հոգևոր երգ, օպուս 30 (1856)
  • Երգ պատկեր, օպուս 96բ (1855)

Ակապելլա երգչախմբի համար

  • Մարիայի երգը, օպուս 22 (1859)
  • Երկու մոտետ, օպուս 29 (1860)
  • Երեկ ակապելլա ստեղծագործություններ, օպուս 42 (1859-61)
  • Յոթ երգ, օպուս 62 (1874)
  • Վեց երգ և ռոմանս, օպուս 93ա (1883-84)
  • Հինգ երգ, օպուս 104 (1888)
  • Երեք մոտետ, օպուս 110 (1889)
  • Էնիգմատիկ կանոններ առանց օպուսի

Տղամարդկանց ակապելլա երգչախումբ

  • Հինգ վոկալ քառաձայն օպուս 41 (1861-62)

Վոկալ քառաձայներ դաշնամուրի նվագակցությամբ

  • Երեք վոկալ քառաձայն, օպուս 31 (1859-63)
  • Սիրո երգեր-Վալսեր, օպուս 52 (1868-69) (նաև չորս ձեռք դաշնամուրի համար )
  • Նոր սիրո երգեր-Վալսեր, օպուս 65 (1874) (նաև չորս ձեռք դաշնամուրի համար)
  • Երեք կվարտետ, օպուս 64 (1862-74)
  • Չորս կվարտետ, օպուս 92 (1877-84)
  • Ցիգան երգեր, օպուս 103 (1887)
  • Վեց կվարտետ, օպուս 112 (1888-89)

Դուետներ դաշնամուրի նվագակցությամբ

  • Երեք երգ սոպրանոյի և ալտի համար, օպուս 20 (1858-60)
  • Չորս դուետ ալտի և բարիտոնի համար, օպուս 28 (1860-62)
  • Սոպրանոյի և ալտի համար, օպուս 61 (1874)
  • Սոպրանոյի և ալտի համար, օպուս 61 (1875)
  • Բալլադներ և ռոմանսներ, օպուս 75 (1877-78)
  • Ռոմանսներ և երգեր, օպուս 84 (1878-81)

Երգեր

  • Վեց երգ, օպուս 3 (1852-53) տենորի կամ սոպրանոյի համար
  • Վեց երգ, օպուս 6 (1852-53) սոպրանոյի կամ տենորի համար
  • Վեց երգ, օպուս 7 (1851-53)
  • Ութ երգ և ռոմանս, օպուս 14 (1858)
  • Հինգ պոեմ, օպուս 19 (1858-59)
  • Ինը երգ, օպուս 32 (1864)
  • "Գեղեցիկ Մագելոնան", օպուս 33 (1861-68)
  • Չորս երգ, օպուս 43 (1857-68)
  • Չորս երգ, օպուս 46 (1864)
  • Հինգ երգ, օպուս 47 (1858-68)
  • Յոթ երգ, օպուս 48 (1855-68)
  • Հինգ երգ, օպոս 49 (1864-68)
  • Ութ երգ, օպուս 57 (1871)
  • Ութ երգ, օպուս 58 (1871)
  • Ութ երգ, օպուս 59 (1871-73)
  • Ինը երգ, օպուս 63 (1873-74)
  • Ինը երգ, օպուս 69 (1877)
  • Չորս երգ, օպուս 70 (1875-77)
  • Հինգ երգ, օպուս 71 (1877)
  • Հինգ երգ, օպուս 72 (1876-77)
  • Հինգ երգ, օպուս 84 (1878-81)
  • Վեց երգ, օպուս 85 (1877-79)
  • Վեց երգ, օպուս 86 (1877-78)
  • Հինգ երգ, օպուս 94 (1884)
  • Յոթ երգ, օպուս 95 (1884)
  • Չորս երգ, օպուս 96 (1884)
  • Վեց երգ, օպուս 97 (1884)
  • Հինգ երգ, օպուս 105 (1886)
  • Հինգ երգ, օպուս 106 1886)
  • Հինգ երգ, օպուս 107 (1886)
  • Չորս լուրջ երգ օպուս 121 (1896)
  • "Գիշեր", առանց օպուսի (1854)
  • 14 ժողովրդական երգ երեխաների համար (1858)
  • 49 գերմանական ժողովրդական երգ, առանց օպուսի (1854-58)
  • 28 գերմանական ժողովրդական երգ, առանց օպուսի (1858)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geiringer K., Simpson R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Брамс Иоганнес // Большая советская энциклопедия (ռուս.): / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Brahms, Johannes (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 14. — S. 406.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Ältere R. H. d. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. BettelheimB. — Vol. 2, 1897. — S. 90—96.
  9. «ИОГАННЕС БРАМС». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Swafford, Jan (2012). Johannes Brahms: A Biography. Random House Digital, Inc. էջ 327. ISBN 9780307809896. «He continued, in high theological mode. Brahms was not about to put up with that sort of thing. He was a humanist and an agnostic, and his requiem was going to express that, Reinthaler or no.»
  11. Smith, Warren Allen (2000). Who's who in hell: a handbook and international directory for humanists, freethinkers, naturalists, rationalists, and non-theists. Barricade Books. էջ 134. ISBN 9781569801581. «Brahms was less "religious" than Beethoven. This he reveals in letters to Herzogenberg, in which he wrote that he was a complete agnostic.»
  12. Sams, Eric (2000). The Songs of Johannes Brahms. Yale University Press. էջ 326. ISBN 9780300079623. «But the thought of bright nearness brings back the face-to-face music of 'Von Angesicht zu Angesichte', which is as close as the agnostic Brahms ever came to a communion with deity. As the pious aria ends, the humanist moral returns.»
  13. Swafford, Jan. Johannes Brahms: A Biography. Alfred A. Knopf, Inc., 1997
  14. Alex Needham (2012), Brahms piano piece to get its premiere 159 years after its creation

Արտաքին հղումներ

Գրականություն

Ռուսերեն

* Ганс Галь Иоганнес Брамс. Творчество и личность // Брамс, Вагнер, Верди. Три мастера, три мира. - Феникс, 1998. - С. 23-230. - 640 с. - 5000 экз. - ISBN 5-222-00274-8

  • Карл Гейрингер. Иоганнес Брамс = Johannes Brahms. - Москва: Музыка, 1965. - 432 с. - 8430 экз.
  • Е. М. Царева. Иоганнес Брамс. - Москва: Музыка, 1986. - 384 с. - 30 000 экз. (djvu-книга)

Անգլերեն

Deiters Hermann Johannes Brahms: A Biographical Sketch. - München: Cambridge University Press, 2009. - ISBN 978-1108004794

Գերմաներեն

* Kalbeck Max Johannes Brahms. Biographie in 4 Bänden. - Tutzing: Faksimile-Nachdruck Schneider, 1976.

  • Korff Malte Johannes Brahms: Leben und Werk. - München: Deutscher Taschenbuch Verlag, 2008. - ISBN 978-3423246569
  • McCorkle M. L. Johannes Brahms thematisch-bibliographisches Werkverzeichnis. - München, 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 554