Յոստ վան դեն Վոնդել

Յոստ վան դեն Վոնդել
հոլ.՝ Joost van den Vondel
Ծնվել էնոյեմբերի 17, 1587(1587-11-17)
ԾննդավայրՔյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 5, 1679(1679-02-05) (91 տարեկան)
Վախճանի վայրԱմստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԳերեզմանՆիդերլանդներ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող և rhetorician
Լեզուհոլանդերեն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Изображение автографа
 Joost van den Vondel Վիքիպահեստում

Յոստ վան դեն Վոնդել (հոլ.՝ Joost van den Vondel, նոյեմբերի 17, 1587(1587-11-17), Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 5, 1679(1679-02-05), Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), բանաստեղծ, թատերագիր, նիդեռլանդական գրականության Ոսկեդարի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որն իր ստեղծագործությամբ դրել է նիդեռլանդական ժամանակակից գրական լեզվի հիմքերը։ Համարվում է 17-րդ դարի հոլանդացի ամենանշանավոր բանաստեղծն ու թատերագիրը։ Նրա թատերգությունները ամենահաճախ բեմադրվողներից են Նիդեռլանդներում, իսկ Հովհաննես Մկրտչի կյանքի մասին պատմող էպիկական պոեմը հռչակվել է հոլանդական լավագույն պոեմ։ Թատերգություններից ,,Գեյսբրեխտ Ամստերդամցին,, 1637 թվականից մինչև 1968 թվականը ամեն տարի ամանորյա տոնախմբությունների օրերին ներկայացվել է նիդեռլանդական թատրոններում։

Վոնդելն աչքի է ընկել նաև ստեղծագործական երկարակեցությամբ, գրել է նույնիսկ զառամյալ ծոր հասակում։ Իր լավագույն երկերից մեկը՝ ,,Նոյ,, թատերգությունը նա գրել է 85 տարեկանում։

Կենսագրություն

Ծնվել է անտվերպենցի մենոնիտների բազմազավակ ընտանիքում (յոթ երեխաներից ավագն էր)։ Կրոնական հալածանքների պատճառով ընտանիքը 1595 թվականին փախել է Ուտրեխտ, որտեղ Յոստը դպրոց է հաճախել, առաջին անգամ դիտել լատինական մի թատերգության աշակերտական բեմադրությունը։ 1597 թվականի մարտին ընտանիքը բնակություն է հաստատել Ամստերդամում, որտեղ Յոստի հայրը տրիկոտաժեղենի վաճառքի կրպակ է բացել։ 1608 թվականին հայրը մահացել է, և նրա գործը շարունակել է մայրը, որին շուտով ընկերակցել է Յոստը՝ իր կնոջ հետ։ Նա միաժամանակ մասնակցել է գրականության և թատրոնի սիրահարների «Սպիտակ նարդոս» խմբակի գործունեությանը, սովորել լատիներեն, որոշ ժամանակ անց ընդգրկվել Ռումեր Ֆիսերի բանաստեղծական խմբակում։

Ստեղծագործություններ

Վոնդելը բազմաժանր հեղինակ է. գրել է քնարական, էպիկական և դիդակտիկ բնույթի (ուսուցողական) չափածո երկեր, բազմաթիվ դրամաներ (ընդհանուր առմամբ՝ 32), որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Բացի այդ, թարգմանել է ֆրանսիացի, իտալացի, հին հույն և հռոմեացի հեղինակների ստեղծագործություններից։ Նիդեռլանդներում Վերածնունդը համընկավ ազգային ազատագրության ու Ռեֆորմացիայի հետ, և Վոնդելն իր ստեղծագործություններում արտացոլել է պատմական այդ մեծ հեղաբեկումները։ Իր «ալեքսանդրիական» բանաստեղծություններում նա գովերգում է հայրենի երկրի հզորությունն ու վեհությունը, առևտրական քաղաքների աճի չտեսնված թափը, նիդեռլանդցիների սխրանքները ցամաքում ու ծովում, բանաստեղծական անտիկ ձևեր կիրառելով՝ գովերգում է իսպանացի զավթիչների դեմ մղված ազատագրական պայքարը։

Վերածննդի և Ռեֆորմացիայի տարրերի միահյուսումն առավել ցայտուն ու ակնառու է դրսևորվել Վոնդելի դրամաներում, որոնց մեծ մասը գրված է աստվածաշնչյան թեմաներով («Զատիկը», «Հովսեփը Եգիպտոսում», «Սամսոնը», «Սողոմոնը», «Արտաքսված Ադամը», «Նոյը» և այլն)։ Մեծ արվեստով են գրված նաև պատմական թեմաներով դրամաները՝ «Գեյսբրեխտ Ամստերդամցին», «Մարիա Ստյուարտը», «Բաթավիացի եղբայրները» և այլն։ Մինչև իսկ աստվածաշնչյան թեմաներով գրված դրամաներում Վոնդելն արձագանքում է իր ժամանակի պատմական իրադարձություններին; Այսպես, օրինակ, «Զատիկ»-ում նկարագրելով հրեաների ելքը Եգիպտոսից՝ գովերգում է Նիդեռլանդների պայքարը Իսպանիայի դեմ; Բիբլիական թեմաներով վոնդելյան դրամաները գեղարվեստական ձևի տեսակետից կառուցված են խիստ դասական եղանակով (սկզբնական շրջանում՝ ընդօրինակելով Սենեկային, ավելի ուշ շրջանում՝ Եվրիպիդեսին ու Սոֆոկլեսին); Յուրաքանչյուր դրամա բաղկացած է հինգ արարվածից, իր կազմում ունի երկարաշունչ մենախոսություններ և եզրափակվում է երգչախմբի (խորի) ամփոփող խոսքով։

Այն էլ պետք է նշել, որ Վոնդելի դրամաներին բնորոշ է միօրինակությունը. բոլոր հերոսների բնավորությունները նախապես որոշված են և տրվում են պատրաստի վիճակում և ոչ թե բացահայտվում են կրքերի, զգացմունքների պայքարում։ Բացի այդ, սերն ընդհանրապես բացակայում է, քանզի, Վոնդելի համոզմամբ, սերը գցում է գեղարվեստական ստեղծագործության ոգին, հասարակացնում է և, գումարած դրան՝ հակասում է բարոյականության օրենքներին։ Բայց սրա հետ մեկտեղ խիստ կարևոր է ընդգծել, որ Վոնդելը հին հունական ողբերգություններից իր դրամաներն է ներմուծել գերմարդկային ճակատագրի դեմ պայքարը, մի տարբերությամբ միայն, որ Զևսի փոխարեն հանդես է բերել «աստվածային ոգուն»։ Հերոսները կործանվում են կա՛մ որպես պատիժ՝ Աստծո հաստատած օրենքները խախտելու համար («Նոյ», «Բաթավիացի եղբայրները», «Արտաքսված Ադամը» և այլ դրամաներում), կա՛մ որպես հոգու մաքրագործում՝ ըստ քրիստոնեական հասկացության («Հովսեփը Եգիպտոսում», «Մարիա Ստյուարտ» և այլ դրամաներում); Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Վոնդելի երկերում տեղ են գտել պուրիտանական դրամային բնորոշ տարրեր, որոնք արտացոլում են հաղթանակած կալվինիզմի կրոնա-բարոյական միտումները։ Այդ միտումները շուտով հանգեցրին մի ժամանակ մարտնչող կալվինիզմի քարացածությանը, և հին, ծեր հումանիստ Վոնդելը անցում կատարեց դեպի կաթոլիկություն։ Իր այդ նոր դավանանքի ու հավատքի ոգով է նա գրել իր վերջին ներբողներն ու հովվերգությունները;

Վոնդելն իր ստեղծագործությամբ և հատկապես «Լյուցիֆեր» դրամայով զգալի ազդեցություն է գործել միջնադարի անգլիացի մեծ բանաստեղծ Միլտոնի վրա։ Նրա ազդեցությունը նկատելի է նաև գերմանացի գրողներ Գրիֆիուսի, Օպիցի երկերում։

Գրականություն

  • Baumgartner A., Joost van den Vondel, Freiburg, 1882.
  • Looten C., Etude littéraire sur le poète néerlandais Vondel, Lille, 1889.
  • Hack, J. van den Vondel, Hamburg, 1890.
  • Alberdingk Thijm J. A., Portretten van Joost van den Vondel, Amst., 1895.
  • Kalff G., Vondel leven, 2-е изд., Haarlem, 1902;
  • Brandt G., Leven van Vondel, reitgeg. door J. Hoeksma, Amst., 1905.
  • Simons J., Vondel dramatick, Amst., 1912.
  • Edmundson, Milton and Vondel, Lpz., 1885.
  • Kollwijn, Ueber d. Einfluss d. Holländisch. Dramas.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոստ վան դեն Վոնդել» հոդվածին։