Եվրոպայի քարտեզ Անդամ երկրներ Դե ֆակտո անդամակցող Եվրամիության անդամ երկրներ, որոնք իրավականորեն կարող են մտնել Շենգեն գոտի, սակայն անդամ չեն | |
Գոտի | Եվրամիություն |
---|---|
Տեսակ | Բաց սահմանների տարածք |
Ստեղծում | 1995 |
Անդամներ | 26 երկիր |
Տարածք | 4,312,099 կմ2 |
Բնակչություն | 419,392,429 |
Խտություն | 97/կմ2 |
ՀՆԱ | US$15 տրիլիոն |
Շենգեն գոտի (անգլ.՝ Schengen Area, գերմ.՝ Schengen-Raum, ֆր.՝ l'espace Schengen), Եվրոպական 26 երկիր ընդգրկող տարածք, որոնց անդամ երկրները պաշտոնապես վերացրել են միմյանց միջև սահմանին անձնագրային և այլ տեսակի հսկողությունները։ Տարածքը հիմնականում գործում է որպես մեկ միասնական իրավական շրջան միջազգային զբոսաշրջության համար՝ ընդհանուր վիզային քաղաքականությամբ։ Տարածքի անունը գալիս է շենգենյան համաձայնագրից։ Շենգեն գոտու անդամ երկրներն ունեն ուժեղ սահմանային հսկողություն ոչ շենգեն երկրների համար։
Եվրոպական միությանն անդամ 28 երկրներից 22-ն անդամակցում են շենգեն գոտուն։ ԵՄ անդամ 6 երկրներ շենգեն գոտու մեջ չեն։ Դրանցից չորսը՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Ռումինիան իրավաբանորեն պարտավորված են միանալ տարածքին, իսկ երկուսը՝ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան չունեն այդ պարտավորությունը։ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ չորս երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան Եվրամիության անդամ չեն, սակայն ստորագրել են շենգենյան համաձայնագիրը։ Եվրոպայի 3 քաղաք-պետություններ՝ Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը դե ֆակտո հանդիսանում են շենգեն գոտի։
Շենգեն գոտու 4'312'099 քառ․ կմ տարածքում բնակվում է 400 միլիոն մարդ։ Մոտ 1,7 միլիոն մարդ աշխատանքի համար ամեն օր հատում է եվրոպական սահմանը։ Որոշ շրջաններում այս ցուցանիշը հասնում է աշխատողների մեկ երրորդին։ Յուրաքանչյուր տարի մոտ 1,3 մլրդ մարդ հատում է Շենգեն գոտու սահմանները։
Սահմանի 57 միլիոն հատումները կապված են ավտոմոբիլներով բեռների փոխադրման հետ, որոնց արժեքը տարեկան կազմում է €2,8 տրիլիոն։