Սվեն Oլոֆ Յուակիմ Պալմե (շվեդ.՝ Sven Olof Joachim Palme, հունվարի 30, 1927(1927-01-30), Svea artillery regiment parish, Շվեդիա - փետրվարի 28, 1986(1986-02-28), Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (ՇՍԴԿ) 1969 թվականից մինչև 1986 թվականը և Շվեդիայի կրկնակի վարչապետ (1969 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 1976 թվականի հոկտեմբերի 8-ը և 1982 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1986 թվականի փետրվարի 28-ը)։ Սպանվել է պաշտոնավարելու ժամանակ։
Կենսագրություն
Oլոֆ Պալմեն ծնվել է բարձրագույն դասի պահպանողական լյութերական ընտանիքում։
1945-1947 թվականներին ծառայել է Շվեդիայի բանակում։ Կրթությամբ՝ իրավաբան և տնտեսագետ, ուսանել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։ ՇՍԴԿ անդամ 1949 թվականից։ Ակտիվորեն մասնակցել է շվեդական երիտասարդական շարժմանը։ 1953 թվականին դարձել է վարչապետ Թագե Էրլանդերին կից քարտուղար։ 1958 թվականին ընտրվում է ռիքսդագ։ 1960-ական թվականներին զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ՝ նախարար առանց պորտֆելի (1963-65), տրանսպորտի նախարար (1965-67), կրթության և մշակույթի նախարար (1967-69)։ 1969 թվականին ընտրվել է ՇՍԴԿ նախագահ։
1969-76 և 1982-86 թվականներին վարչապետ (կառավարությունը գլխավորում էին աջ կենտրոնամետ առաջնորդները՝ Տուրբյորն Ֆելդինը 1976-78 և 1979-82 թվականներին և Ուլոֆ Ուլստենը 1978-79 թվականներին)։ Սոցինտերնի նշանավոր գործիչ, որի փոխնախագահը 1976-86 թվականներին էր։ Սոցինտերնում Պալմեն գլխավորել է Աֆրիկայի հարավի կոմիտեն (1975-82)։ 1980 թվականին հիմնադրել է զինաթափման և անվտանգության անկախ հանձնաժողով (Պալմեի հանձնաժողով)։ Դելիական վեցյակի անդամներից մեկը։
Միջազգային ասպարեզում Պալմեն հայտնի էր մի շարք պատճառներով.
1960-ական թվականներին և 1970-ական թվականներին Ուլոֆ Պալմեն խիստ քննադատել Է ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամական պատերազմին. մասնակցել է Ստոկհոլմի բողոքի ցույցին այդ պատերազմի դեմ Հյուսիսային Վիետնամի դեսպանի հետ միասին։
1968 թվականին դեմ է արտահայտվել Վարշավայի պայմանագրի զորքերը Չեխոսլովակիա մտցնելուն, իսկ 1979 թվականին քննադատել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան։
Չնայած Խորհրդային Միության հետ բարեկամական հարաբերություններին, Արևելյան Եվրոպայում քննադատել է կոմունիստական վարչակարգերը։
Նա հանդես է եկել միջուկային զենքի տարածման դեմ, աշխատել է Սկանդինավիայում ՆԱՏՕ-ից Նորվեգիայի և Դանիայի դուրս գալու հետ կապված առանց միջուկային գոտի ստեղծելու ուղղությամբ։
Կտրուկ քննադատել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմը՝ իսպանացի բռնապետին և նրա ձեռքի տակ եղած «արյունոտ մարդասպաններ» անվանելով։
ՀԱՀ-ում քննադատել է ապարտեիդի ռեժիմը և պահանջել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
1975 թվականի հունիսին Ուլոֆ Պալմեն այցելել է Կուբա և հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, որին նա գովել է 1959 թվականին Բատիստայի ռեժիմը տապալելու համար։
1984 թվականի մայիսին Դելիական վեցյակի մասնակիցը՝ վեց պետությունների ղեկավարների՝ միջուկային տերություններին կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից, նվազեցնել դրա արտադրության մակարդակը և կրճատել կուտակված զինանոցները, կանխել ջերմամիջուկային պատերազմը և տիեզերքում սպառազինությունների մրցավազքը։
1986 թվականի փետրվարի 28-ին Ուլոֆ Պալմեն սպանվել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցում՝ Սվեավեգեն (Sveavägen)։ Այդ օրը նա իր կնոջ՝ Լիսբեթի հետ ուշ երեկոյան վերադառնում էր Գրանդ կինոթատրոնից, որը գտնվում է Սվեավեգեն փողոցի 45-րդ տանը։ Նրանց հետ թիկնապահներ չեն եղել, քանի որ Պալմեն սիրում էր քաղաքում քայլել առանց նրանց։ Երբ ամուսինները մոտեցել են Թունելգատան փողոցի խաչմերուկին, նրանց է մոտեցել մի բարձրահասակ տղամարդ, ով երկու անգամ կրակել է ատրճանակից։ Մեկ անգամ Պալմեի մեջքին, երկրորդը՝ նրա կնոջ վրա։ Պալմեն մահացել է ակնթարթորեն[Ն 1]:
Հիմնական կասկածյալը Քրիստեր Պետերսոնն էր (1947-2004), որին, ի վերջո, 1989 թվականին դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Նրա մեղքն այդպես էլ ապացուցել չի հաջողվել, չնայած Պետերսոնը բազմիցս մեկ հաստատել, մեկ հերքել է իր մեղքը։
2020 թվականի հունիսի 10-ին Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ Ուլոֆ Պալմեի մարդասպանը հայտնի է՝ Scandia ապահովագրական ընկերության նախկին աշխատակից Սթիգ Էնգսթրոմը, որը հայտնի է նաև Սկանդիա-Մեն անունով։ Սպանության պատճառը վարչապետի ձախ սոցիալիստական հայացքներն են եղել։ Էնգստրոմը ինքնասպան է եղել 2000 թվականին։ Այսպիսով, Ուլոֆ Պալմեի սպանության գործը փակվել է։
Հետաքրքիր փաստեր
Ուլոֆ Պալմեն սպանվել է ԽՍՀՄ ծրագրված պաշտոնական այցից երեք օր առաջ։
Պալմեն խոչընդոտել է շվեդական սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը արտասահման, մասնավորապես, այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների, ինչպիսիք են Nobel Industrier-ը, FFV-ն, Bofors-ը, Ericsson-ը և այլն։
Ռաջանի Փալմ Դաթ՝ Ուլոֆ Պալմեի հորեղբայրը։
Գրականության մեջ
Ուլոֆ Պալմեն հիշատակվում է Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքում, Անդերս դե լա Մոտայի «Խաղ» եռերգության մեջ, ինչպես նաև Յ. Նեսբեի «Կրասնոշեյկա» գրքում։
Հիշատակ
Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանում կա Ուլոֆ Պալմեի փողոց։ Անկյունում նրա հետ գտնվում է Շվեդիայի դեսպանատունը։
1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունում բեմադրվել է Ինչու սպանեցին Ուլոֆ Պալմեին հեռուստաֆիլմը (ռեժ.՝ Մարգարիտա Տյուպկինա, Գեորգի Զուբկովի և Անդրեյ Կրասիլնիկովի սցենարը՝ Վյաչեսլավ Տիխոնովի, Օլեգ Եֆրեմովի, Եվգենիա Ուրալովայի, Վլադիմիր Պորտնովի, Իոն Ունգուրյանի մասնակցությամբ։
1987 թվականին սահմանվել է Ուլոֆ Պալմեի մրցանակ իրավապաշտպան գործունեության համար։ Ուլոֆ Պալմեն գրել է «Շվեդական մոդել» գիրքը։
Նշումներ
↑357 Magnum փամփուշտի արագությունը երաշխավորում էր Պալմեի մահը, նույնիսկ եթե նա զրահաբաճկոն ունի։ Այս մանրուքը խոսում էր այն մասին, որ սպանությունը նախապես ծրագրված և նախապատրաստված էր