Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 304 951 818 494,07 $ |
ՀՆԱ-ի աճ | 4,7 ± 0,1 տոկոս |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 1547 $ |
Գնաճ (ՍԳԻ) | 3,2 ± 0,1 տոկոս |
Պակիստան, գնողունակության համարժեքությամբ 23-րդ երկիրը (2019 թվական)։ 2019 թվականին ՀՆԱ-ի ծավալով Պակիստանը զբաղեցրել է 42-րդ տեղը։ Պակիստանի անվանական ՀՆԱ-ն կազմել է 284 մլրդ դոլար (2019 թվականի ԱՄՀ-ի տվյալներով)։ ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության՝ 1,2 տրլն դոլար է (2020 թվականի ԱՄՀ-ի տվյալներով)։
Պակիստանը ագրարային-արդյունաբերական զարգացող երկիր է, որը այն 11 երկրների թվում է, որոնք 21-րդ դարում ԲՐԻԿՍ-ի երկրների հետ ունեցել են ամենամեծ ներուժն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը դառնալու համար։
Ժամանակակից Պակիստանի տարածքը ձևավորվել է 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո՝ տնտեսական ցուցանիշներով անհավասար երկու տարածքներից՝ արևմտյան և արևելյան։ Այդ տարածքներն ունեցել են տնտեսության տիպիկ գյուղատնտեսական կացութաձև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պակիստանի արևմտյան մասը՝ Փանջաբը, Բրիտանական գաղութի «շտեմարան» էր՝ լինելով ցորենի և բամբակի խոշոր արտահանող։ Դրա շնորհիվ այս տարածքի գյուղերը համեմատաբար ավելի զարգացած են եղել։ Բացի այդ՝ Արևմտյան Պակիստանում տեղակայված են եղել ոռոգման ջրանցքների և ամբարտակների ճյուղավորված համակարգեր։ Ոռոգման ջրանցքների տեղակայման հիմնական շրջանները Փանջաբն ու Սինդան են եղել։ Ունեցել է նավահանգիստ՝ Կարաչին։
Արևելյան մասը՝ Բենգալիան, ջութի առաջատար արտահանողն էր։ Սակայն նավահանգստային ենթակառուցվածքների զարգացումը չափազանց թույլ է եղել, ուստի արտաքին առևտուրն իրականացվել է Կալկաթայի միջոցով։
1947 թվականից հետո տարածքների բաժանման ժամանակ Պակիստանի տնտեսությունը լրջորեն տուժել է փախստականների, առաջին հերթին՝ գործարարների հոսքի պատճառով։ Տեղական մուսուլման վաճառականները չեն կարողացել լիարժեք փոխարինել հեռացած բարձր որակավորում ունեցող ներգաղթյալներին։ Մասնագետների արտահոսքից ամենաշատը տուժել է արդյունաբերությունը։ Բայց վերաբնակեցման գործընթացները ազդել են նաև ագրարային հատվածի վրա։ Ինդոսի հովտում ապրող բազմաթիվ հողատերեր լքել են Սինդը և Փանջաբը։
Անկախության առաջին տարիներին տարածքների բաժանումից հետո հիմնական խնդիրները փախստականների վերաբնակեցումն ու Հնդկաստանի հետ տարածքային հարաբերությունների կարգավորումն է եղել։ Ավելի ուշ երկրի կառավարությունը կարողացել է զբաղվել տնտեսական հարցերի լուծմամբ։ 1950-1951 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ հումքի համաշխարհային գների կտրուկ աճը թույլ է տվել կուտակել արժութային պահուստներ, որոնք ուղղված էին արդյունաբերական սարքավորումների գնմանը։ Սա թույլ է տվել ակտիվորեն զարգացնել բամբակի արտադրությունը Արևմտյան Պակիստանում։ Արևելյան Պակիստանում ջութի արտադրությունն է զարգացել։
1971 թվականին Արևելյան նահանգի բաժանումից հետո Պակիստանը կորցրել է իր արդյունաբերական արտադրանքի իրացման կարևորագույն շուկան։ Դա երկրի իշխանություններին ստիպել է զբաղվել պակիստանյան ապրանքների՝ բամբակի և բրնձի իրացման արտաքին շուկաների որոնմամբ։
Զուլֆիկար Ալի Բհուտոյի իշխանության օրոք 1971 թվականին ազգայնացվել են խոշոր ձեռնարկություններ, կյանքի ապահովագրության ընկերություններ, նավագնացային ընկերություններ և նավթամթերքի առևտուրը։ Բհուտոն իրականացրել է նաև ագրարային կրճատված բարեփոխումներ, որի համաձայն 400 հազար հա հողեր 1976 թվականին բաշխվել է 67 հազար գյուղացիական տնտեսությունների շրջանում։
Գյուղատնտեսությունը մնում է Պակիստանի տնտեսության գլխավոր ճյուղը։ Ամենակարևոր մշակաբույսերը հանդիսացել են ցորենը, շաքարեղեգը, բամբակը և բրինձը, որոնք համատեղ կազմել են արտահանվող մշակաբույսերի ավելի քան 75%-ը։ Պակիստանի պարենային խոշորագույն մշակաբույսը հացահատիկն է։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2017 թվականին Պակիստանն արտադրել է 26 674 000 տոննա հացահատիկ, ավելին, քան Աֆրիկան և գրեթե այնքան, որքան ամբողջ Հարավային Ամերիկան։
Երկրիը հանդիսանում է Ասիայում ուղտերի խոշորագույն շուկան, իր ծավալներով ծիրանի ու հալած յուղի ամենամեծ երկրորդ շուկան, բամբակի, սոխի և կաթի երրորդ ամենամեծ շուկան։
Գյուղատնտեսության տնտեսական նշանակությանը անկախության ձեքբերմամբ ժամանակի ընթացքում փոքրացել է, երբ դրա բաժինը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 53%։ Իշխանությունը 1993 թվականին սակավ բերքից հետո ներկայացրել է գյուղատնտեսությանը օգնության քաղաքականություն, որը ներառել է ֆերմերների արտադրանքի բարձր գներ և գյուղատնտեսական վարկերի հասանելիության ընդլայնում։ 1993 թվականից մինչև 1997 թվականները գյուղատնտեսական հատվածում իրական աճը միջինում կազմել է 5,7%, բայց այդ ժամանակից ի վեր իջել է մոտավորապես մինչև 4%-ի։ Գյուղատնտեսական ռեֆորմները, ներառյալ նաև հացահատիկի արտադրության և բուսայուղերի մշակաբույսերի ծավալների ընդլայնումը, գլխավոր դեր են խաղացել կառավարության տնտեսական ռեֆորմների փաթեթում։
1952 թվականին Բելուջիստանում բացվել են բնական գազի առաջին հանքավայրերը, բայց հետո դրանցից գտել են նաև Սինդում և Փանջաբում։ Հայտնաբերվել է նավթի 7 հանքավայր։ Նավթի պաշարները գնահատվել են 300 մլն բարել։ Այլ օգտակար հանածոներից արդյունահանվում են ածուխ, քրոմի հանքաքար, մարմար, կերակրի աղ, կրաքար, ուրան, բարիտ, ծծումբ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր։
Պակիստանի արտադրական արդյունաբերության առավել զարգացած ճյուղը տեքստիլն է, որն օգտագործում է ներքին հումք։ 1980 թվականին ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցվել է Կարաչիի մոտ գտնվող մետալուրգիական կոմբինատը։ Կան նավթավերամշակման գործարաններ։ Զարգացած է մանր արտադրությունը՝ սպորտային ապրանքների և դեղագործական արդյունաբերությունը։
2005 թվականի ապրիլին Պակիստանն սկսել է արտադրել սեփական արտադրության REVO մեքենան։ Գոյություն ունի նաև Կամազ մեքենաների հավաքման գործարան Կարաչիում։
Պակիստանի էներգետիկան հիմնված է հիմնականում հիդրոէլեկտրոկայանների վրա, բայց գոյություն ունեն նաև ջերմային կայաններ։ 2003 թվականին Պակիստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 76,92 միլիարդ կվտ։ Պայմանական համարժեքը մեծ չի եղել և կազմել է մեկ շնչի հաշվով շուրջ 254 կգ պայմանական վառելիք։
2016 թվականի համար նվազագույն աշխատավարձը կազմել է ամսական 15 000 ռուփի, որը կազմում է $142: