«Ստալինի մահը» (անգլ.՝ The Death of Stalin), բրիտանա-ֆրանսիական քաղաքական-սատիրիկ կատակերգական գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորն Արմանդո Իանուչին է, ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին, ըստ 2010 թվականին ստեղծված ֆրանսիական համանուն գրաֆիկական վեպի (կոմիքսի)։
Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի վերջին ժամերի և 1953 թվականի մարտին նրա մահից հետո իր ամենամտերիմ շրջանակներում իշխանության համար պայքարի մասին։
Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սթիվ Բուշեմին, Սայմոն Ռասել Բիլը, Ջեյսոն Այզեքսը, Ռուպերտ Ֆրենդը և Օլգա Կուրիլենկոն։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ (Կանադա)։ Մեծ Բրիտանիայում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի հունվարի 25-ին, «Պիոներ» կինոթատրոնում, չնայած 2018 թվականի հունվարի 17-ին հանձնված վարձույթի արտոնագիրը Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը հետ է կանչել 2018 թվականի հունվարի 23-ին, ֆիլմի վարձույթից 2 օր առաջ։
Սյուժե
ԽՍՀՄ, մարտի 5, 1953 թվական։ Մահանում է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը։ Նրա թաղումից հետո այնպիսի մրցավազք է սկսվում իշխանության համար, որ երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվում։ Իշխանության համար ակտիվ պայքարի մեջ են մտնում Նիկիտա Խրուշչովն ու Լավրենտի Բերիան։ Երկու թեկնածուներն էլ փորձում են իրենց կողմ թեքել ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հին անդամներին, ինչպես նաև` օգտագործել Ստալինի երեխաներին` Սվետլանային և Վասիլիին, իրենց նպատակների համար։ Արդյունքում, պայքարի մեջ է մտնում նաև «խորհրդային զորքերի հրամանատար» Գեորգի Ժուկովը, ով դժգոհ էր Բերիայի գործողություններից։ Ի վերջո, համատեղ գործողությունների արդյունքում Խրուշչովն ու Ժուկովը կարողանում են դուրս մղել Բերիային։
Դերերում
Ջեֆրի Տեմբոր-Գեորգի Մալենկով, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ
Ֆիլմը հիմնված է ֆրանսիացի հեղինակներ Ֆաբիեն Նուրիի և Տիերի Ռոբենի (ֆր.՝ La Mort de Staline. Une histoire vraie… soviétique) «Ստալինի մահը։ Պատմություն, իսկապես... խորհրդային» գրաֆիկական վեպի (կոմիքսի) վրա, որի առաջին հատորը հրատարակվել է 2010 թվականին, իսկ երկրորդը` 2012 թվականին։ Ֆաբիեն Նուրին անդրադարձել է խորհրդային առաջնորդի մահվան սարսափելի պատմությանը` փորձելով ստեղծել թրիլլերի սեփական կինոսցենար, սակայն արդյունքում Տիերի Ռոբենի հետ նա ստեղծել է կոմիքս, որի ձևաչափն ավելի լավ էր արտահայտում պատմության ողբերգությունը։ Ինչպես պնդում է Ֆաբիեն Նուրին, ինքը «ոչինչ չի ստեղծել», այլ, ընդհակառակը, ստօպված է եղել հանել որոշակի պատմական մանրամասներ, որոնք չափազանց անմիտ էին, իսկ սյուժեի հիմնական ներշնչանքը նա համարում է ռեժիսոր Սթէնլի Կուբրիկի «Դոկտոր Ստրեյնջլավ» ֆիլմը (1964)։
Սցենարի վրա աշխատելիս բրիտանացի հեղինակներ Արմանդո Իանուչին, Դեվիդ Շնայդերը, Իէն Մարտինը, Պիտեր Ֆելլոուզը օգտագործել են Նուրիի և Ռոբենի ստեղծած պատմողական կառուցվածքը և ուժեղացրել են սատիրական ուղերձը` համեմատած առավել լուրջ գրաֆիկական վեպի հետ` պահպանելով պատմության սարսափն ու ողբերգությունը։
Ըստ Իանուչիի, հեղինակները փորձել են պատմական փաստերին առավելագույն հարգանքով վերաբերվել և հաշվի առնել, որ կատարվածը խորհրդային միլիոնավոր մարդկանց համար ծիծաղելի չէր, սակայն կատակերգությունը կարելի է օգտագործել խորհրդային քաղաքագետների աշխարհայացն ուսումնասիրելու համար և ծաղրելու «այն հասուն մարդկանց ծածկված ինտրիգները, ովքեր հանկարծ իրենց երեխաների նման էին պահում։
Նկարահանումների ժամանակ հեղինակները եղել են Մոսկվաում, որտեղ այցելել են Կրեմլ, Ստալինի ամառանոցը, շփվել են պատմաբանների ու 1950-ականներին Մոսկվայում եղած բնակիչների հետ, ինչպես նաև դիտել են այնպիսի ռուսական ֆիլմեր, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները» (1994) և Ալեքսեյ Գերմանի «Խրուստալյո՛վ, մեքենա՛ն» (1998)։
Երաժշտություն
Ֆիլմն սկսվում է Մոցարտի № 23 համերգի ադաջիոյի հնչյուններով, դաշնամուրի մոտ նստած է Ստալինի սիրելի դաշնակահարուհի Մարիա Յուդինան (դերակատարուհին Օլգա Կուրիլենկոն է)։
Ֆիլմն ավարտվում է նույն երաժշտությամբ, դահլիճում Յուդինայի կատարումը լսում են արդեն այլ ղեկավարներ։ Իանուչին ձգտել է ֆիլմն սկսել Մոցարտի հիանալի երաժշտությամբ, որպեսզի աստիճանաբար գեղեցկությունը փոխակերպվի մի սարսափելի երևույթի։
Ստալինն իրականում սիրել է դաշնակահարուհու նվագը, և ֆիլմում ցուցադրվող պատմությունը, երբ հապճեպ ձայնագրվում է առաջնորդին դուր եկած կատարումը, նկարագրված է Դմիտրի Շոստակովիչի հիշողություններում, այնտեղ կոմպոզիտորը նաև պատմում է, որ ձայնապնակը եղել է նվագարկիչի մեջ Ստալինի մահվան պահին։
Ֆիլմի սաունդթրեքը գրել է կոմպոզիտոր Քրիստոֆեր Ուիլլիսը, երաժշտությունը գրելիս նա ոգեշնչվել է 1950-ական թվականների խորհրդային կոմպոզիտորների, նախ և առաջ` Դմիտրի Շոստակովիչի և Մոիսև Վայնբերգի աշխատանքներից։ Ըստ Ուիլլիսի, Շոստակովիչն ու Վայնբերգն այդ ժամանակաշրջանի գործերում «փորձում են երջանիկ լինել, սակայն չի ստացվում», և ֆիլմին հարմար այդ տրամադրությունը փորձել է պահպանել նաև Ուիլլիսը` ֆիլմի երաժշտությունը գրելիս։
Արտադրություն
Ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2016 թվականի մայիսին, իսկ նկարահանումները` նույն տարվա հունիսին։
Այս կինոնկարի աշխատանքների պատճառով Արմանդո Իանուչին թողել է պրոդյուսերական աշխատանքը «Փոխնախագահ» հեռուստանախագծում` մինչև վերջինիս եթերաշրջանի ավարտը։ Նկարահանումներն անց էին կացվում Լոնդոնում` Բլայթ-հաուսում ու Ալեքսանդրա-փելեսում, և Կիևում. Կիևի քաղաքային խորհրդի շենքը ֆիլմում դարձել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի շենքը, իսկ Էքսպոկենտրոնի տաղավարը` Միությունների տունը։
Առաջխաղացում
2017 թվականի օգոստոսի 11-ին դուրս է եկել ֆիլմի թրեյլերը։ Թրեյլերի ռուսերեն կրկնօրինակված տարբերակը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին, Տորոնտոյի կինոփառատոնում (Կանադա)։
Վարձույթ
Եվրոպական կինոշուկայում «IFC Films» ներկայացուցչական ընկերությունը գնել է Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի ցուցադրման իրավունքը։ Ֆիլմը վարձույթի է հանվել Ավստրալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և Շվեյցարիայում։
Ֆիլմի վարձույթը Մեծ Բրիտանիայում սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, ֆիլմը մտել է շաբաթվա ամենահաջողված պրեմիերաների հնգյակի մեջ։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվում է 2018 թվականի մարտի 9-ին։
Ֆիլմի ցուցադրությունն ու տոմսերի վաճառքը Բելառուսում դադարեցվել է։ Բելառուսի Մշակույթի նախարարությունը որոշել է նախօրոք դիտել ֆիլմը, հետո վերջնական որոշում կայացնել դրա ցուցադրության վերաբերյալ։ Դիտումից հետո ֆիլմի վարձույթը թույլատրվել է, քանի որ այնտեղ չեն հայտնաբերվել օրենքի խախտումներ. Комедия будет показана в ряде кинотеатров Беларуси с 8 февраля.
2018 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում, Ղազախստանում և Ուկրաինաում։
Քննադատություն
Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 97% վարկանիշ` միջին 8,3/10 բալով` հիմնվելով կինոքննադատության 60 անդրադարձերի վրա, որոնք ընդհանրացվել են ««Ստալինի մահը» ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Արմանդո Իանուչիին ապստամբող է դարձնում` ստիպելով իր քաղաքական հումորը ցույց տալ պատմության մեջ` ժամանակակից իրականության հետ զուգահեռներ անցկացնելով» արտահայտությամբ։
Քննադատ Դոնալդ Քլարքը «The Irish Times» ամսագրում գրում է, որ ֆիլմը «սկսվում է բարոյական խուճապով և գտնվում է այդ իրավիճակում մինչև սարսափելի ավարտը։
Պիտեր Բրէդշոուն «The Guardian»-ում գրել է, որ «այս փայլուն սատիրական սարսափ ֆիլմում վախը մեծանում է` ինչպես դիակների գազը»։
«Ռուսական թերթ»-ի կինոքննադատ Վալերի Կիրչինը ֆիլմի ժանրը բնորոշել է որպես «կոպիտ, սակայն, դժբախտաբար, արդարացի տրագիֆարս» և նշել է, որ այն փաստի գիտակցումը, թե գրոտեսկի հիմքում դաժան ճշմարտությունն է, «անկարողության և սարսափի զգացողություն է թողնում», որը համեմատելի է Ֆրանցիսկո Գոյայի և Հիերոնիմոս Բոսխի գործերի թողած զգացողության հետ.
«Օգոնյոկ»-ի հեղինակ Անդրեյ Արխանգելսկին համարում է, որ տարօրինակ կերպով հենց կատակերգությունն է կարողացել փոխանցել այդ իրականության լրջությունն ու մռայլությունը, քան թե «լուրջ հակաստալինյան ֆիլմերը, որոնց պաթոսը ակամայից բարձրացնում են Ստալինին»։
Պարգևներ և առաջադրում
Պարգևներ
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ, 2017 թվական։
Երկրորդ պլանի լավագույն դերասան. Սայմոն Ռասել Բիլ
Լավագույն քասթինգ. Սառա Քրոու
Լավագույն դիմահարդարում. Նիկոլ Ստաֆորդ
Լավագույն նկարիչ. Քրիստինա Կասալի
Թուրինի կինոփառատոն (2017). Միջազգային կինոմամուլի ֆեդերացիայի մրցանակ` լավագույն ֆիլմի համար
Առաջադրումներ
Միջազգային կինոփառատոն Դուբայում, 2017 թվական, «Cinema of the World» մրցանակ
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն, 2017 թվական, «Platform» մրցանակ
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ, 2017 թվական
Լավագույն ֆիլմ
Լավագույն ձեռքբերում. Արմանդո Իանուչի
Լավագույն սցենար. Արմանդո Իանուչի, Դէվիդ Շնայդեր և Յան Մարտին
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի. Անդրեա Ռայսբորո
↑««The Death of Stalin» (2017)». Официальный сайт Британского совета по классификации фильмов (British Board of Film Classification) // bbfc.co.uk. 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
↑Соломон Волков «Свидетельство. Воспоминания Дмитрия Шостаковича». — «Limelight editions», 1979.
↑Алексей Семёнов (2018 թ․ հունվարի 31). «Нереальность зла». Псковская губерния (газета). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.