Վերթերի էֆեկտ

Վերթերի էֆեկտ, Վերթերի համախտանիշ, մատնանշում է ընդօրինակող ինքնասպանությունների զանգվածային ալիք, որն ի հայտ է գալիս հեռուստատեսությամբ, այլ ԶԼՄ-ներով ինքնասպանության դեպքը լայնորեն լուսաբանելուց կամ գրականության մեջ և ֆիլմերում ներկայացնելուց հետո։

Պատմություն

Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի տիտղոսաթերթը, 1774 թվական

Առաջ է քաշվել 1974-1975 ամերիկացի սոցիոլոգ Դևիդ Ֆիլիպսի կողմից, ով ուսումնասիրել է 18–րդ դարում Եվրոպայում տարածված ընդօրինակող ինքնասպանությունների ալիքը՝ կապված Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի տարածման հետ (այստեղից էլ՝ ֆենոմենի անվանումը)։

Ֆիլիպսը և Կարստենսենը (1986) այդ փոխհարաբերության գոյությունն ուսումնասիրել են յոթ տարվա ընթացքում (1973—1979)` դիտարկելով 12 585 դեռահաս ինքնասպանների տվյալները և ուսումնասիրելով դրանց կապը լուրերով և թերթերում լուսաբանման հետ։ Նրանք բացահայտեցին, որ ինքնասպանների թիվը էականորեն մեծանում էր լուրերով այդպիսի պատմության ներկայացնելուց 0-7 օրվա ընթացքում։ Այդ տարածումը համահարաբերակցվում էր (r = 0,52) ցուցադրվող ծրագրերի թվի հետ։ Այդ կապը նշանակալի էր միայն դեռահասների պարագայում, և ավելի ուժեղ էր աղջիկների շրջանում։

1947-1968 թվականներին ուսումնասիրելով ԱՄՆ-ում ինքնասպանությունների վիճակագրական տվյալները` Ֆիլիպսը բացահայտեց, որ ինքնասպանության յուրաքանչյուր աղմկահարույց լուսաբանումից հետո երկու ամսվա ընթացքում միջին հաշվարկներով 58 մարդ ավելի էր ինքնասպան լինում, քան սովորաբար։

Պատճառներ

Ֆիլիպսն ընդգծել է նշանավոր (լուսաբանված) և նրան ընդօրինակած ինքնասպանի կենսական իրադրությունների նմանությունը. եթե ինքնասպանը հասուն տարիքի անձնավորություն էր, ապա մեծանում էր ինքնասպանությունների թիվը այդ տարիքի մարդկանց շրջանում, եթե ինքնասպանը պատկանում էր որոշակի սոցիալական խմբի կամ մասնագիտության, ապա ինքնասպանությունների թիվը մեծանում էր այդ ոլորտում։ Նմանություններ են բացահայտվել նաև ինքնասպանությունների կատարման ուղիների միջև։

Ինքնասպանության իմիտացիոն ռեակցիան բնորոշ է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն հաճախ օրինակ վերցնել այլ մարդկանցից, հատկապես եթե նրանց կյանքի ուղին նման է ինքնասպանին։ Հուսահատվելով և չգտնելով իրենց խնդրի այլ լուծում՝ այդ մարդիկ ինչ-որ մեկի ինքնասպանության լուսաբանումն ընկալում են որպես յուրահատուկ հուշում և ընդօրինակում այն մարդու գործողությունը, ով շատ հարցերում նման է իրենց։

Հետագա ընթացք

1980-ական թվականների առաջին կեսին Գերմանիայում հեռարձակվում էր «Ուսանողի մահը» հեռուստասերիալը, որի յուրաքանչյուր սերիայի սկզբում ցուցադրվում էր գնացքի անիվների տակ ուսանողի ինքնասպանության ակտը։ Բացահայտվեց, որ ֆիլմի ցուցադրման ընթացքում և դրանից հետո 15-19 տարեկան պատանիների շրջանում ինքնասպանությունների թիվը աճել է 175%-ով, ընդ որում, հենց նույն ձևով, ինչպես ցուցադրվել էր եթերում՝ գնացքի վագոնների տակ։ Ինքնասպանությունների թվի կտրուկ ավելացման այդ էֆեկտը կրկնվեց մեկ տարի անց, երբ հեռուստասերիալը կրկին եթեր հեռարձակվեց։

Ավստրիայում 20–րդ դարի 80-ական թվականներին կտրուկ մեծացել էր մետրոպոլիտենում իրականացվող ինքնասպանությունների թիվը։ 1987 թվականին Ճգնաժամային աջակցության Վիեննական Կենտրոնը Վիեննայի մետրոպոլիտենի աշխատակիցների հետ համատեղ իրականացրեց ինքնատիպ փորձարկում. որոշվեց այլևս չլուսաբանել «ռելսերի վրա մահվան» դեպքերը, կամ ծայրահեղ դեպքում դրանք որպես սենսացիոն դեպքեր չներկայացնել՝ շատ քիչ ուշադրության արժանացնելով։ Մեկ ամիս անց մետրոյում կատարվող ինքնասպանությունների թիվը նվազեց մոտ երեք անգամ։ Այդ ժամանակից ի վեր ավստրիական մամուլում արգելված է լուսաբանել նմանատիպ ողբերգական դեպքեր։

Մերիլին Մոնրոյի մահվանը հետևած ինքնասպանությունների ալիքը ևս վերագրվում է Վերթերի էֆեկտին։

Տես նաև

Արտաքին հղումներ

Գրականություն

  • Վարդանյան Կ. «Անձի հոգեբական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում», Երևան։ «Դավիթ Թագավոր», 2008