Տիբերիոս և Գայոս Գրակքոսներ

Գայոս և Տիբերիոս Գրաքոսների կիսանդրին

Գրակքոս (լատին․՝  Gracchus) եղբայրները՝ Տիբերիոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 162 թվականին, մահացել է՝ մ․ թ․ ա․ 133 թվականին) և Գայոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 153 թվականին, մահացել է՝ մ․թ․ա․ 121 թվականին), քաղաքական գործիչներ են Հին Հռոմում։

Ծագում են Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Հռոմում։ Տիբերիոսը Ք.ա. 133 թվականին ընտրվել է ժողովրդական տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։ Ուստի, մ․թ․ա․ 132 թվականի համար ժողովրդական տրիբունի ընտրությունների ժամանակ, Ծերակույտի ավագանու կողմից Տիբերիոսը կեղծ մեղադրանքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ և սպանվել։ Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200