Ցիմերմանի հեռագիր (գերմ.՝ Zimmermann-Depesche), Գերմանիայի արտգործնախարարի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին։ Բրիտանական հետախուզության կողմից հեռագիրը գաղտնազերծվելուց հետո այն փոխանցվել է ամերիկյան իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից օգտագործվել է որպես հիմք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիային պատերազմ հռչակելու համար։
1916 թվականի վերջին կայզերական Գերմանիայի արտգործնախարար Արթուր Վիմերմանը մշակել է պլան ԱՄՆ-ի թիկունքում գտնվող Մեքսիկային պատերազմի մեջ ներքաշելու համար Գերմանիայի կողմից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մտնի պատերազմական գործողությունների մեջ։
1917 թվականի հունվարի 17-ին Ցիմերմանը հեռագիր է ուղարկել՝ այս ծրագրի մանրամասները շարադրելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Յոհան Հենրիխ Բերնստորֆին։ Հեռագրում հաղորդվում էր, որ Գերմանիան ծրագրում է ստորջրյա պատերազմ հայտարարել Անտանտի նավերի դեմ, սակայն կփորձի այնպես անել, որ գերմանական նավերի հարձակումից ամերիկյան նավերը չտուժեն, որպեսզի ԱՄՆ-ն առիթ չունենա խախտելու իր չեզոքությունը։
Վաշինգտոնի՝ պատերազմին մասնակցություն հայտնելու դեպքում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքհարդին հրաման էր տրվել կապվելու Մեքսիկայի նախագահի հետ, որպեսզի վերջինիս հորդորի ռազմական գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ Քառյակ դաշինքի ներքո։ Հաղթանակի դեպքում Գերմանիան խոստացել էր պատերազմից հետո Մեքսիկային վերադարձնել տարածքներ, որոնք նախկինում զավթվել էին ԱՄՆ-ի կողմից։ Դրանք ԱՄՆ-ի հարավային նահանգներ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան էին։
Հեռագիրը հայտնվել է անգլիական հետախուզության ձեռքում և գաղտնազերծվել ծովային գործակալության կողմից («Սենյակ-40»)։ Ձեռնարկված համապատասխան դիվանագիտական միջոցառումներից հետո հեռագիրը փոխանցվել է ԱՄՆ-ին և մարտի 1-ին հրապարակվել մամուլում[Ն 1]։
Ցիմերմանի հեռագրի բովանդակությունը հանգեցրել է ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրությունների կտրուկ աճին։ 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային։
Wir beabsichtigen, am ersten Februar uneingeschränkten U-Boot-Krieg zu beginnen. Es wird versucht werden, Amerika trotzdem neutral zu halten. Für den Fall, dass dies nicht gelingen sollte, schlagen wir Mexiko auf folgender Grundlage Bündnis vor. Gemeinsame Kriegführung. Gemeinsamer Friedensschluss. Reichlich finanzielle Unterstützung und Einverständnis unsererseits, dass Mexiko in Texas, Neu Mexico, Arizona früher verlorenes Gebiet zurückerobert. Regelung im einzelnen Euer Hochwohlgeborenen überlassen. Euer Hochwohlgeborenen wollen Vorstehendes Präsidenten streng geheim eröffnen, sobald Kriegsausbruch mit Vereinigten Staaten feststeht, und Anregung hinzufügen, Japan von sich aus zu sofortigem Beitritt einzuladen und gleichzeitig zwischen uns und Japan zu vermitteln. Bitte Präsidenten darauf hinweisen, dass rücksichtslose Anwendung unserer U-Boote jetzt Aussicht bietet, England in wenigen Monaten zum Frieden zu zwingen. Empfang bestätigen.
Zimmermann
Հեռագիրը փոխանցվել է ռադիկապով և հեռախոսով որպես երկու չեզոք երկրների՝ Շվեդիայիա և ԱՄՆ-ի դիվանագիտական հաղորդագրություն։ Գերմանիան ուղիղ հասանելիություն չի ունեցել արևմտյան կիսագնդին, քանի որ անգլիացիները կտրել էին գերմանացիների՝ տրանսատլանտյան հաղորդագրութան լարերը և չեզոք երկրներում վերացրել էին գերմանական հաղորդիչ կայանները։ Այս ամենը Գերմանիային ստիպել էր օգտագործել Բրիտանիայի և ԱՄՆ-ի հեռագրային ալիքները՝ հակառակ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից գաղտնազերծվելու վտանգին։
Մյուս կողմից, նախագահ Վիլսոնը Գերմանիային թույլ էր տվել կիրառել կապի ամերիկյան դիվանագիտական ալիքները՝ հույս ունենալով պահպանելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ավարտին հասցնելու պատերազմը։ Գերմանիան ենթադրում էր, որ այս արտոնությունը թույլ կտա իրեն գաղտնի հաղորդագրությունները համեմատաբար անվտանգ ուղարկել արևմտյան կիսագունդ, քանի որ Բրիտանիան չի կարող կիրառել առգրավված հաղորդագրությունները՝ չընդունելով այն հանգամանքը, որ ինքը ստուգում է ԱՄՆ-ի դիվանագիտական փոստը։ Այս եղանակով փոխանցված հաղորդագրությունը Բեռլինից ուղարկվել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանին։
Հեռագիրն առգրավվել է ուղարկումից անմիջապես հետո։ Բրիտանական ծովակալության թիվ 40 սենյակի հետախույզ-վերլուծաբանները ստացել են հաղորդագրության կրկնօրինակը վերլուծելու համար։ Հաղորդագրության մեջ օգտագործվել է 0075 կոդը, որն արդեն մասամբ բացահայտվել էր թիվ 40 սենյակում։ Անգլիացիները կարող էին գաղտնազերծել գերմանական կոդերը ազդանշային գրքերի միջոցով, որոնք գերմանական «Մագդեբուրգ» կրեյսերից առգրավվել էին ռուսական ծովուժի կողմից Ֆիննական ծոցի կռվի ժամանակ։
Բրիտանական կառավարության համար հեռագիրը հրաշալի հնարավորություն էր ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու դաշնակիցների կողմից։ ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրություններն այդ պահին շատ ցայտուն էին գերմանացիների կողմից անսահմանափակ ջրային պատերազմի պատճառով։ Սակայն Բրիտանիան կանգնած էր երկընտրանքի առաջ. պետք էր ամերիկացիներին բացատրել, թե ինչպես էր ձեռք բերվել հեռագիրը՝ միաժամանակ չբացահայտելով, որ բրիտանական հետախուզական ծառայությունը ստուգում է չեզոք երկրների դիվանագիտական փոստը, և հարկավոր էր հանրային բացատրություն տալ այն բանին, թե ինչպես է գաղտնազերծվել հեռագիրը այնպես, որ Գերմանիան չկասկածեր, որ իր կոդերը ջարդված են։
Բրիտանիան առաջին խնդիրը լուծել է գաղտնազերծված տեքստը Մեքսիկայի հեռագրային բաժանմունքներից մեկից ստանալու եղանակով։ Անգլիացիները կռահել են, որ Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանը հաղորդագրությունը կփոխանցի Մեքսիկային առևտրական փոստի միջոցով, այդ պատճառով մեքսիկական հեռագրային ընկերությունը կունենա գաղտնազերծված հեռագրի կրկնօրինակը։
Մեքսիկայում Բրիտանիայի գործակալ Պարոն Իքսը, կաշառելով հեռագրային ընկերության աշխատակցին, ձեռք է բերել հեռագրի կրկնօրինակը (Թոմաս Հոհլերը, որն այդ ժամանակ Բրիտանիայի դեսպանն էր Մեքսիկայում, իր ինքնակենսագրության մեջ խոստովանել է, որ Պարոն Իքս անունով գործակալը ինքն է եղել)։ Այդ կրկնօրինակն առանց խոչընդոտների կարող էր փոխանցվել ամերիկացիներին։ Այն գաղտնազերծվել է 13040 կոդի ներքո, որի օրինակը Բրիտանիան ստացել է Միջերկրածովյան ընկերությունում, և այդպիսով փետրվարի կեսերին Բրիատանիան ձեռք է բերել ամբողջական տեքստը։
Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ)։ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում։
Փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Հոլլը հեռագիրը ցույց է տվել Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվարդ Բելլին (անգլ.՝ Edward Bell):
Կարդալով Ցիմերմանի հեռագիրը՝ Բելլը սկզբում, ինչպես ենթադրվում էր, դա համարել է բրիտանական հետախուզության ծուղակ, որի նպատակն էր ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Սակայն Հոլլը բրիտանական սպայի պատվով երդվել է, որ հեռագիրն իրական է, և կարողացել է համոզել իր ամերիկացի գործընկերոջը։
Փետրվարի 20-ին Հոլլը ոչ պաշտոնապես հեռագրի կրկնօրինակն ուղարկել է ԱՄՆ՝ ամերիկացի դիվանագետ Ուոլթեր Փեյջին։ Վերջինս հանդիպել է արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի հետ և ստացել գաղտնազերծված տեքստը, գերմաներենով բնագիրն ու անգլերեն թարգմանությունը։ Դրանից հետո Փեյջնն այդ ամենի մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին։
Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում իշխում էին հակամեքսիկական և հակագերմանական տրամադրություններ։ Գեներալ Ջոն Պերշինգը երկար ժամանակ հետապնդում էր մեքսիկացի հեղափոխական Ֆրանսիսկո Վիլյային, որը ապստամբների ջոկատի հետ իրագործել էր մի քանի հարձակում սահմանամերձ ամերիկյան բնակավայրերի վրա։ Մեքսիկան իր հերթին վարում էր հակաամերիկյան, որոշ դեպքերում էլ հակաեվրոպական քաղաքականություն։ Այնպես որ հեռագրի մասին լուրը ավելի մեծ լարում է առաջացրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում։
Մյուս կողմից, ԱՄՆ-ում զգալիորեն նկատելի էին հակաբրիտանական տրամադրությունները հատկապես գերմանացիների և իռլանդացիների շրջանում։ Մինչև 1917 թվականի սկիզբը ամերիկյան մամուլը Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասին առավել համակրանքով չէր խոսում, քան Գերմանիայի, իսկ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում էր խուսափել Եվրոպայում ծավալված պատերազմում ԱՄՆ-ի մասնակցությունից։
Սկզբում Ցիմերմանի հեռագիրն ընդունվել է որպես կեղծիք, որը պատրաստել էր բրիտանական հետախուզությունը։ Այս համոզմունքը (այն կիսում էին ոչ միայն պացիֆիստները և գերմանական լոբբինգի ներկայացուցիչները) հաստատում էին գերմանացի ու մեքսիկացի դիվանագետները, ինչպես նաև ամերիկյան որոշ թերթեր, մասնավորապես մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մամուլը։
Տարակուսանքները ցրում է, ինչքան էլ զարմանալի լինի, ինքը Արթուր Ցիմերմանը։ Մարտի 29-ին նա հայտարարել է հեռագրի տեքստի աուտենտիկ լինելու մասին։ Այս աններելի վարքագծի համար նա նույն օրը ևեթ հեռացվել է պաշտոնից։
Փետրվարի 1-ին Գերմանիան վերսկսել է իր անսահմանափակ ջրային պատերազմը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անգլիական նավերում ամերիկացի ուղևորների շրջանում։ Սա հակագերմանական տրամադրությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում, որն ավելի է ուժեղացել հեռագրից հետո։ Ամերիկացիների համար հատկապես վիրավորական էր այն փաստը, որ հեռագիրը հանձնվել է ԱՄՆ-ի կապի դիվանագիտական խողովակով։ Ամերիկյան հանրությունը վերջնականապես հավատացել է Ցիմերմանի հեռագրի իրական լինելուն. ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը դարձել է անխուսափելի։
Մեքսիկայի կառավարությունն անհնար է համարել նախկին տարածքների միավորումը մի քանի պատճառներով.
Ռազմական տեսանկյունից Գերմանիայի պլանները, որոնց մասին հաղորդվում էր հեռագրում, անիմաստ էին։ Մեքսիկան քայքայված էր քաղաքացիական պատերազմից, նրա տնտեսությունն ավերակների էր վերածվել, իսկ բանակը ռազմական լուրջ ուժ չէր. այն նույնիսկ ապահովված չէր բավարար քանակությամբ փամփուշտներով։
Մեքսիկայի նախագահ Վենուստիանո Կառանսան ապրիլի 14-ին մերժել է Ցիմերմանի առաջարկությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն պատերազմ էր հայտարարել Գերմանիային։
Ճապոնիայի կառավարությունը (Ճապոնիան նույնպես հիշատակված էր Ցիմերմանի հեռագրում) դաշնակիցների կողմից արդեն մասնակցում էր Գերմանիայի դեմ պատերազմին։ Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ Ճապոնիան հետաքրքրված է կողմերի փոփոխությամբ և ԱՄՆ-ի վրա հարձակումով։
Վուդրո Վիլսոնն առաջարկել է Կոնգրեսին ուժեղացնել ամերիկյան նավերի զինումը, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել գերմանական ստորջրյա նավերի հարձակումներին։ Մի քանի օր անց՝ 1917 թվականի ապրիլի 2-ին, նա Կոնգրեսի առաջ Գերմանիայի դեմ պատերազմը վերսկսելու հարց է բարձրացրել։ 1917 թվականի ապրիլի 6-ին Կոնգրեսը տվել է իր համաձայնությունը, և ԱՄՆ-ն մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
Ցիմերմանի հեռագիրը միակ պատճառը չէր, որ ԱՄՆ-ին դրդել է պատերազմ հայտարարելուն։ Գերմանական ստորջրյա նավերը խորտակում էին ԱՄՆ-ի նավերը, ինչպես նաև այն նավերը, որոնց վրա ԱՄՆ-ի քաղաքացիներ կային։ Մարդատար «Լուզիտանիա» լայները խորտակել են 1915 թվականին Իռլանդիայի ափերի մոտ։ Լայներն ընթանում էր պատերազմող երկրի՝ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո և գտնվում էր ռազմական գործողությունների շրջանում, իսկ գերմանացիները նախօրոք զգուշացրել էին հնարավոր վտանգի մասին։ Վստահ լինելով, որ չեզոք երկրների քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն նավարկել նմանատիպ նավերով, ԱՄՆ-ը անտեսել էր զգուշացումները։
Գերմանական սուզանավերը խորտակել են այլ նավեր ևս. 1917 թվականի փետրվարին Բիսկայան ծոցում խոտակվել են «Հաուզաթոնիք» (անգլ.՝ Housatonic) և Իռլանդիայի ափերի մոտ՝ «Կալիֆորնիա» (անգլ.՝ California) նավերը։
Երկար ժամանակ հեռագրի բնօրինակը համարվում էր կորած։ Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստաթղթերի հիմնական մասը վերացվել է ռազմածովային հետախուզության ղեկավար, ծովակալ Ռեջինալդ Հոլլի հրամանով։ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում պահպանվել է միայն հեռագրի լուսանկարը, ինչը նույնիսկ տեղիք է տվել պատմաբանների շրջանում այն տեսակետին, որ հեռագիրը կեղծիք է։
2005 թվականի հոկտեմբերին բրիտանացի մի պատմաբան, որ զբաղվել է Պետական շտաբի հաղորդակցությունների ուսումնասիրմամբ և չի ցանկացել հայտնել իր անունը, հայտնել է, որ իրեն հաջողվել է գտնել Ցիմերմանի հեռագրի բնօրինակը՝ Հոլլի ինքնագրով։ «Այդ փաստաթուղթը փոխանցվել է Փեյջին և ցույց տրվել նախագահին»,- հայտարարել է պատմաբանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիմերմանի հեռագիր» հոդվածին։ |
|