Քեռի Թոմի խրճիթը անգլ.՝ Uncle Tom's Cabin; or, Life Among the Lowly | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | վեպ |
Հեղինակ | Հարիեթ Բիչըր Սթոու |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1852 |
Նկարազարդող | Hammatt Billings? |
Հրատարակչություն | The National Era? |
Հրատարակվել է | մարտի 20, 1852 |
Հաջորդ | Քեռի Թոմասի խրճիթի բանալին |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/harriet-beecher-stowe/uncle-toms-cabin |
Uncle Tom's Cabin |
Քեռի Թոմի խրճիթը (անգլ.՝ Uncle Tom's Cabin), Հարիեթ Բիչըր Սթոուի 1852 թվականին գրված վեպը, որն ուղղված է Ամերիկայում ստրկության դեմ։ Վեպը հասարակական մեծ ռեզոնանս է առաջացրել. ըստ որոշ գնահատականների, այն այնքան է սրել տեղական հակամարտություններից մեկը, որ այն վեր է ածվել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի։
«Քեռի Թոմի խրճիթը» դարձել է 19-րդ դարի ամենաշատ վաճառված վեպը և հարյուրամյակի երկրորդ ամենաշատ վաճառված գիրքը Աստվածաշնչից հետո։
Հրատարակման առաջին տարում 300000 օրինակ վաճառվել է ԱՄՆ-ում, մեկ միլիոն օրինակ` Մեծ Բրիտանիայում։ 1855 թվականին, հրատարակումից երեք տարի անց, այն կոչվել է «մեր օրերի ամենահայտնի վեպը»։
Սևամորթ Թոմը Կենտուկի նահանգից ջենթլմեն Շալբիի ստրուկն է։ Բորսայում պարտվելուց հետո Շելբին համաձայնում է Թոմին ու մանչուկ Հարրիին հանձնել ստրկավաճառ Հեյլիին։ Լսելով Շելբիի և Հեյլիի զրույցը` Հարրիի մայրը` Էլիզան, զգուշացնում է Թոմին և որդու հետ փախուստի է դիմում։ Նրան հաջողվում է սառույցի միջով անցնել Օհայո գետը, մյուս ափին ֆերմերները նրան տանում են աբոլիցիոնիստների մոտ, որոնք մարդկանց անցկացնում էին Կանադա։ Նրա ամուսինը` մուլատ Ջորջ Հարրիսը, իր տիրոջ վերաբերմունքից հուսահատ, նույնպես փախուստի է դիմում` ճամփորդելով իսպանացի ջենթլմենի տեսքով։ Ջորջ վերամիավորվում է Էլիզայի հետ։ Փախստական ստրուկները զինված հակահարված են տալիս մարդկանց հետապնդող խմբին։ Ջորջն ու իր ընտանիքը կարողանում են Կանադա հասնել։
Չնայած Էլիզայի նախազգուշացմանը, սևամորթ Թոմը, որը շատ հավատացյալ և բարեխիղճ աշխատող մարդ էր, որոշում է ենթարկվել Աստծո կամքին ու իր տիրոջը չխաբել։ Հեյլին Թոմին միացնում է ստրուկների կուսակցությանը, որը նավով Հարավ էր ուղևորվում։ Ճանապարհին Թոմը փրկում է տախտակամածին հայտնված Եվանգելինա Սեն-Կլեր անունով աղջկան, որը հարուստ ու նշանավոր նորօռլեանցի Օգյուստ Սեն-Կլերի դուստրն էր. վերջինս համաձայնում է Թոմին գնել Հեյլիից։ Թոմը Սեն-Կլերի տանը դառնում է կառապան։ Օգյուստն անհոգ ու թեթևամիտ մարդու տպավորություն է թողնում, սակայն իրականում նա խորը անհատականություն է, որն ատում է ստրկությունը։ Օգյուստն անկեղծորեն կապվում է Թոմի հետ, իսկ երիտասարդ Եվան պաշտում է նվիրված ու ազնիվ սևամորթին։ Անգամ Հյուսիսում ծնված լեդի Օֆելյան, Օգյուստի զարմուհին, հարգում է և միշտ կարող է հույս դնել Թոմի վրա։ Միայն Մարին, Սեն-Կլերի կինը, որ սառն ու դաժան կին է, չի ազդվում Թոմի բարությունից ու ազնվությունից։
Անցնում է երկու տարի։ Եվան մահանում է թոքախտից, Սեն-Կլերը մահացու վիրավորում է ստանում բարում տեղի ունեցած կռվի ժամանակ։ Սեն-Կլերի այրին ամուսնու մահից հետ վաճառում է բոլոր ստրուկներին։
Թոմին գնում է ստրկատեր Սայմոն Լեգրին, որը դաժան ու բռնակալ մարդ էր Հարավից։ Իր պլանտացիաներում նա ստրուկներին քամում էր մինչև վերջին ուժերը, ծեծում ու ծաղրում էր նրանց։ Թոմը նրան թանկ էր արժեցել, և Լեգրին որոշում է նրան վերահսկիչ սարքել, նույնչափ արնախում, որքան իր շներն են, որոնցով նա պատժում է մեղավորներին։ Սակայն քեռի Թոմը հավատարիմ է իր սկզբունքներին։ Նա ոչ միայն չի համաձայնում այդ «պաշտոնին», այլ ամբողջովին հուսահատված մարդկանց կյանք ուրախություն ու բարություն է բերում, որքան որ դա հնարավոր էր անմարդկային վերահսկիչների մշտական հսկողության դեպքում։ Ստրկուհի Կասսին առաջարկում է սպանել Լեգրիին, հափշտակել նրա փողերն ու փախչել, սակայն Թոմը հրաժարվում է։ Կասսին ցուցադրական փախուստ է կազմակերպում երիտասարդ ստրկուհի Էմելինայի հետ, ինչից հետո կանայք թաքնվում են Լեգրիի տան ձեղնահարկում։ Անհաջող փնտրտուքներից ու Թոմի չխոստովանելուց կատաղած` Լեգրին ու նրա վերհասկիչներ սևամորթներ Սեմբոն ու Կվիմբոն դաժանորեն ծեծում են Թոմին ու թողնում, որ նա մահանա խորդանոցում։ Այստեղ նրան գտնում է երիտասարդ Ջորջ Շելբին, որը եկել էր Թոմի հետևից։ Ջորջը վրա է հասնում Թոմի կյանքի վերջին րոպեներին։ Ջորջը թաղում է Թոմին։ Կասսին ուրվականի կերպարանքով մի քանի անգամ հայտնվում է Լեգրիին. վերջինս չի դիմանում, սկսում է հարբել և մահանում է։
Նավի տախտակամածին Ջորջը հանդիպում է Կասսին, Էմելինային և Ջորջ Հարրիսի քրոջը։ Հերոսները Հարրիսին գտնում են Կանադայում, Կասսին հասկանում է, որ Էլիզան իր դուստրն է, որին վաճառել էին ստրկության։ Քրոջ միջոցներով Ջորջը կրթություն է ստանում և ընտանիքի, քրոջ ու զոքանչի հետ մեկնում է Լիբերիա։
Շելբին ազատություն է տալիս իր բոլոր ստրուկներին, իսկ Թոմի խրճիթը մնում է որպես եղածի ու հնացածի խորհրդանիշ։
Շելբի ընտանիք
Միսիս Շելբի` տիրուհի։ Սիրում է որդուն և ամուսնուն, ինչպես նաև` գնահատում է Թոմին և չի ուզում, որ ամուսինը վաճառի նրան։ Իսկական լեդի է, խելացի և գեղեցիկ։
Սեն-Կլեր ընտանիք
Ժամանակակից հետազոտողներն ու ընթերցողները քննադատում են վեպը սևամորթ կերպարների ռասիստական նկարագրության համար, հատկապես` արտաքինը, խոսքն ու հերոսների վարքը նկարագրելիս, ինչպես նաև` քեռի Թոմի այն պասիվության համար, որով նա ընդունում է իր ճակատագիրը։ Աֆրոամերիկացիների վերաբերյալ ընդհանուր կարծրատիպերի ստեղծման ու օգտագործման հարցում գրքի դերը նշանակալի է, քանի որ «Քեռի Թոմի խրճիթը» եղել է 19-րդ դարի բեսթսելլեր։ Արդյունքում գիրքը գլխավոր դերում է եղել այդ կարծատիպերի` ամերիկացիների գիտակցության մեջ արմատավորվելու գործում։
«Քեռի Թոմի խրճիթը» առաջացրել է Ամերիկայի Հարավում ապրողների և ստրկատիրության կողմնակից այլ մարդկանց դժգոհությունը։ Ստրկատիրական նահանգների գրեթե ամբողջ արձագանքը միանշանակ մերժողական ու ժխտողական էր։ Հարավից հայտնի գրող Ուիլյալ Սիմսը վեպը ոչ արժանահավատ է որակել, մյուսները Սթոուի աշխատանքը հանցավոր ու զրպարտախոս են անվանել։ Սթոուն սպառնալից բազմաթիվ նամակներ է ստացել (անգամ` նամակ է ստացել` սևամորթ մարդու կտրած ականջով)։ Մոբիլից մի գրքավաճառ, որն այս գիրքը վաճառքի է հանել, ավելի ուշ ստիպված է եղել լքել քաղաքը` հասարակական ճնշման պատճառով։
Որոշ քննադատներ առանձնացրել են Սթոուի կենսափորձի` Հարավի կյանքի հետ կապված աղքատիկությունը, որն արտահայտվել է շրջանի ոչ ճշգրիտ նկարագրություններում։ Օրինակ, նա երբևէ չի եղել հարավային պլանտացիաներում։ Սակայն Սթոուն միշտ ասել է, որ իր գրքի կերպարները հիմնված են այն պատմությունների վրա, որոնք իրեն պատմել են փախստական ստրուկները Ցինցինատիում։ Հաղորդվում է, որ «նա հետևել է մի շարք դեպքերի, որոնք նրան մղել են գրելու իր հայտնի վեպն ստրկության դեմ։ Այն տեսարանները, որոնց ինքն անձամբ ականատես է եղել Օհայո գետի մոտ, այդ թվում և` կնոջ ու ամուսնու վաճառքը տարբեր տերերի, ինչպես նաև` թերթերի ու ամսագրերի հոդվածները, նյութ են դարձել սյուժեի համար»:
Ի պատասխան մեղադրանքների` Բիչըր Սթոուն 1853 թվականին գրել է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» գիրքը, որում վկայություններ է ներկայացրել առ այն, որ վեպում նկարագրված իրադարձություններն իրական են։
Չնայած քննադատությանը, վեպը գրավել է շատ ամերիկացիների։ Ըստ Սթոուի որդու տվյալների` երբ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը 1862 թվականին ծանոթացել է իր մոր հետ, նշել է. «այս փոքրիկ լեդին, որն սկսել է այս մեծ պատերազմը»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Թոմի խրճիթը» հոդվածին։ |
|