Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐատուրայի, սուրայ), Էթնիկ խումբ Միջին Արևելքում։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզիՄեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։
Ասորիներ ու ասորեստանցիներ
Ժամանակակից ասորիներն արամեացիների անմիջական սերունդներն են[փա՞ստ]։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների մեծ մասը։
Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականորեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։
Ծանոթագրություններ
↑"Assyria". Unrepresented Nations and Peoples Organization. unpo.org.
↑For Assyrians as indigenous to the Middle East, see
Mordechai Nisan, Minorities in the Middle East: A History of Struggle and Self-Expression, p. 180
James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, p. 206
Carl Skutsch, Encyclopedia of the World's Minorities, p. 149
Steven L. Danver, Native Peoples of the World: An Encyclopedia of Groups, Cultures and Contemporary Issues, p. 517
UNPO Assyria
Richard T. Schaefer, Encyclopedia of Race, Ethnicity, and Society, p. 107
↑James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, pp. 205-209
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 569)։