Հայերի ցեղասպանությունը (փաստաթղթեր)

Հայերի ցեղասպանությունը (փաստաթղթեր) (անգլ.՝ «The Armenian Genocide. Documentations»), Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածու, որ հրատարակում է Հայկական խնդիրների ինստիտուտը (Մյունխեն, Գերմանիա)։ Արդեն հրատարակվել են 1-ին (1987), 2-րդ (1988) և 8-րդ (1991) հատորները։ Կազմողների նպատակն է անառարկելի փաստագրական վկայություններ ներկայացնել համաշխարհային հասարակայնությանը XIX դ. վերջին և XX դ. սկզբին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործության՝ ցեղասպանության մասին։ Պրոֆեսոր Ֆ. էրմակորան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարը, ներածականում նշում է, որ «ցեղասպանություն» տերմինը միջազգային իրավունքում ընդունվել է Նյուրնբերգի դատավարությունից և ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ.-ի Կովենցիայից հետո, որոնք չեն տարածվում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման վրա լոկ «տեխնիկական» պատճառներով, այդուհանդերձ. նույնիսկ միջազգ-իրավական նորմերի համաձայն. 1915 թ.-ին կատարված հայերի տեղահանությունն ու ոչնչացումը այն ժամանակ նույնպես հակասության մեջ էին մարդկության, հատկապես «քաղաքակիրթ ժողովուրդների» մոտ ընդունված նորմերի հետ։ Ֆ. էրմակորան նշում է. որ ժամանակակից թուրք, կառավարողներն ու թուրք ժողովուրդը պատասխանատու չեն անցյալում կատարված հանցագործությունների համար, բայց ընդգծում է, որ թուրք պատմաբաններն ու իրավագետներն այժմ մեծ ջանքեր են գործադրում արդարացնելու Օսմանյան կայսրության կառավարությանը՝ փորձելով ժխտել Թուրքիայում հայերի ցեղասպանության բուն փաստը։

Հատոր առաջին

Առաջին հատորում հրապարակված փաստաթղթերն ու նյութերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի տարբեր արխիվներից քաղված վավերագրեր են (բնագրի լեզվով), հուշագրությունների պատառիկներ, որոնց հեղինակները (դիվանագետներ, զինծառայողներ, միսիոներներ, բժիշկներ և այլն) եղել են հայերի ցեղասպանության վկաներ, ժամանակին մամուլից վերցված փաստագրական մեծ նյութ պարունակող քաղվածքներ։ Հատորի ժամանակագրական շրջանները ընդգրկում են 1880-1920 թթ.։ Փաստաթղթերի և նյութերի մի զգալի մասը գիտական հասարակայնությանը հայտնի էր նախորդ հրապարակումներից։

Երկրորդ հատոր

Երկրորդ հատորում ներկայացված են Ավստրիայի տարբեր արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած վավերագրերը՝ ավստրո-հունգարերեն արտգործնախարարության հետ Թուրքիայում այդ երկրի դեսպանության գրագրությունը, ծածկագիր նամակներ, հեռագրեր և այլն։ Առաջին անգամ հրապարակվող այդ փաստաթղթերի ժամանակագրությունը ընդգրկում է 1912-1918 թթ.։ Հատորի նախաբանի հեղինակ պրոֆեսոր Վ. Բիլը նշում է, որ առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից Ավստրո-Հունգարիայի արտաքին քաղաքական ծառայության փաստաթղթերն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ հայերի ցեղասպանությունը հղացել և իրականացրել է հենց թուրք, կառավարությունը։ Վավերագրերը ապացուցում են, որ Ավստրո-Հունգարիայի դիվանագետները, իրենց սկզբնական հաղորդումներում արդարացնելով հայերի տեղահանությունը, աստիճանաբար սկսում են այն բնորոշել որպես «ոճրագործություն, անմեղ մարդկանց զանգվածային սպանություն», իսկ թուրքական կառավարության այդ ամբողջ գործունեությունը՝ ցեղասպանություն, «հանցագործություն ցեղի դեմ», «քրիստոնյաների բնաջնջում»։ Ուշագրավ է Ավստրո-Հունգարիայի դեսպան Պալավիչինիի այն հայտարարությունը, թե կգա ժամանակը, երբ Թուրքիան ստիպված կլինի պատասխան տալ հայերի նկատմամբ այդպիսի քաղաքականության համար։ Դեսպանը Վիեննա ուղարկած իր զեկուցագրերում նշում էր, որ հայերի հալածանքները «մեկընդմիշտ կմնան որպես խայտառակության խարան թուրքական կառավարության վրա», և որ Թուրքիան «...այսօր մոլորվում է՝ ենթադրելով, թե անպատիժ կարոդ է ոչնչացնել հայ ազգը»։ Կան փաստաթղթեր, որոնք վկայում են հայերի ցեղասպանության կազմակերպված, միանգամայն կանխամտածված բնույթը։ Մի քանի հաղորդումներում նշվում է նաև ցեղասպանության զոհերի թիվը, որը 1915 թ.-ի վերջին արդեն հասնում էր 1 միլիոն։

Ութերորդ հատոր

Ութերորդ հատորի արտահերթ հրատարակությունը պայմանավորված է հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդրի (սկսած 1960-ական թթ. կեսից) վերստին հրապարակ գալու հանգամանքով։ 1965, 1975, 1985 թթ.-ին Հայաստանում և սփյուռքում նշվեցին Մեծ եղեռնի 50-ամյա, 60-ամյա և 70-ամյա տարելիցները, արդարացիորեն հնչեց հայ ժողովրդի պահանջատիրությունը։ Հայկական հարցն արծարծելու նպատակով հայկական որոշ կազմակերպություններ դիմեցին ահաբեկչական գործողությունների։ Հայկական հարցը քննարկվեց միջազգային մի շարք ատյաններում, իսկ 1988 թ.-ին Ղարաբաղյան շարժմամբ այն և հայերի ազգ-ազատագրական պայքարը ձեռք բերեցին նոր երանգավորում։ Տեղի ունեցան հայերի ցեղասպանության խնդրին նվիրված մի շարք միջազգային գիտական համաժողովներ, հրապարակվեցին փաստաթղթեր ու հարցի վերաբերյալ այլ նյութեր, որոնց մի մասը զետեղված է հատորում։ Դրանցից են՝ Եվրոպական խորհրդարանի՝ հայկական հարցին նվիրված նիստերի արձանագրությունները (1981-1982, 1987 թթ.), ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանի (1984) նյութերը. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փաստաթղթերը (1984) և այլն։ Հատորում զետեղված են նաև Ռ. Հովհաննիսյանի (ԱՄՆ), Ֆ. Էրմակորայի (Ավստրիա), Վ. Բիլի (Ավստրիա), Հ. Գոլցի (Գերմանիա), Վ. Տատրյանի (ԱՄՆ) և այլ գիտնականների՝ հայերի ցեղասպանության տարբեր խնդիրներին նվիրված հոդվածները։ Ընդգըրկված է նաև «ճնշամիջոցներ դեմոկրատացման ճանապարհին» ընդհանուր վերտառությամբ 1988 թ.-ի փետրվարին Սումգայիթում հայերի կոտորածի հանգամանքների հետազոտությանը նվիրված «Սումգայիթ... ցեղասպանություն... հրապարակայնություն» գրքի անգլերեն թարգմանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։