1994 թվականին Հոֆմանը միացել է Apple Computer-ին, որտեղ նա աշխատում էր eWorld-ի (առցանց ծառայություն ստեղծելու նախատիպ) վրա։ AOL-ը այն ձեռք է բերել 1996 թվականին։ Ավելի ուշ նա աշխատել է Fujitsu-ում՝ նախքան իր առաջին ընկերության՝ SocialNet.com-ի համահիմնադիր դառնալը։ Այն կենտրոնացած էր «նմանատիպ հետաքրքրություններ ունեցող մարդկանց առցանց ժամադրության վրա, ինչպիսիք են գոլֆիստները, ովքեր փնտրում էին խաղընկերներ»։
PayPal
SocialNet-ում աշխատելիս՝ Հոֆմանը եղել է PayPal-ի տնօրենների խորհրդի անդամ։ 2000 թվականի հունվարին նա հեռացել է SocialNet-ից և միացել PayPal-ին՝ որպես ընկերության գործադիր տնօրեն։
LinkedIn
2002 թվականի դեկտեմբերին Հոֆմանը երկու նախկին գործընկերների հետ հիմնադրել է LinkedIn սոցիալական ցանցը։ LinkedIn-ը գործարկվել է 2003 թվականի մայիսի 5-ին որպես բիզնես-ուղղվածությամբ առաջին առցանց սոցիալական ցանցերից մեկը։ 2011 թվականի մայիսի 19-ին Հոֆմանը տիրապետում էր մոտ 2,34 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթին։
2016 թվականի հունիսի 13-ին Microsoft-ն առաջարկել է LinkedIn-ը ձեռք բերել 26,2 միլիարդ դոլար կանխիկ գումարով։ 2017 թվականի մարտի 14-ին Հոֆմանը դարձել է Microsoft-ի խորհրդի անդամ։
Արհեստական բանականություն
Հոֆմանը OpenAI արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող ընկերության հիմնադիր-ներդրողն էր։
2023 թվականի մայիսի դրությամբ նա և Greylock Partners-ը ներդրումներ են կատարել AI-ով աշխատող առնվազն 37 ընկերություններում։
Ներդրումներ
2009 թվականին Հոֆմանը միացել է Greylock Partners վենչուրային ընկերությանը։
Ըստ Դեյվիդ Քիրքպատրիկի «Ֆեյսբուքի Էֆեկտ» (անգլ.՝ The Facebook Effect) գրքի՝ Հոֆմանն է կազմակերպել Մարկ Ցուկերբերգի և Փիթեր Թիլի առաջին հանդիպումը, որը հանգեցրել է Թիլի նախնական 500,000 ԱՄՆ դոլարի ներդրմանը Ֆեյսբուքում։ Հոֆմանը Թիլի հետ միասին ներդրումներ է կատարել Ֆեյսբուքի ֆինանսավորման առաջին փուլում։
2009 թվականից ի վեր Հոֆմանը վենչուրային կապիտալ է տրամադրել տասնյակ ձեռնարկություններին, ինչպիսիք են Airbnb-ն, Aurora Innovation-ը, Taptap Send-ը և Helion Energy-ն։
Նա եղել է Zynga-ի տնօրենների խորհրդի անդամ 2008 թվականի մարտից մինչև 2014 թվականի հունիսը և ներկայումս ընդգրկված է մի քանի տնօրենների խորհուրդում՝ ներառյալ Aurora-ն, Joby Aviation-ը և Microsoft-ը։
2004 թվականին Հոֆմանն ամուսնացել է Միշել Յիի հետ։ Զույգը բնակվում է Սիեթլում, Վաշինգտոն։ Հոֆմանը սեղանի խաղերի մեծ երկրպագու է․ ըստ նրա՝ նման խաղերը լավ մարզանք են բիզնեսի համար։
Հոֆմանը ֆինանսավորել է Ջին Քերոլի դատավարությունը ընդդեմ Դոնալդ Թրամփի՝ իրեն զրպարտելու և ծեծի ենթարկելու համար։ 2023 թվականի մայիսի 9-ին երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել և Քերոլին 5 միլիոն դոլար փոխհատուցում տվել։
2023 թվականի սեպտեմբերին The Wall Street Journal-ը հայտնել է, որ Հոֆմանը հաճախ այցելել է Ջեֆրի Էփշթեյնի մասնավոր կղզի 2014 թվականին։ Հոֆմանը պնդել է, որ հանդիպման նպատակը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համար դրամահավաքն էր, և որ նա ափսոսում է Էփշթեյնի հետ փոխգործակցության համար։