Վարսակ (լատին․՝ Avéna, հուն․՝ αἰγίλωψ), հացազգիների ընտանիքի միամյա բույսերի ցեղ, ներառում է մեծ տարածում ունեցող ցանովի վարսակ տեսակը, որն արդյունաբերական մասշտաբներով մշակվել է որպես սննդի և կերային բույս, իսկ որոշ տեսակներ հազարամյակների ընթացքում աճեցվել են որպես սննդի աղբյուր մարդու և ընտանի կենդանիների համար։ Այն լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են աշխարհի տարբեր երկրներում և աճում են որպես մոլախոտ։ Վարսակի տեսակներն ունեն ուտելի սերմեր, սակայն դրանք փոքր են և շատ տեսակներինը դժվար են հավաքվում։
Բուսաբանական նկարագիր
Միամյա խոտաբույս է։ Արմատը փնջաձև է։ Ցողունը կանգուն, հանգուցավոր ծղոտ է, բարձրությունը՝ 60-120 սմ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ կողքի թեքված հուրան է՝ կազմված խոշոր, թեքված, կողքերից սեղմված 2-3 երկսեռ ծաղիկներով հասկիկներից։
Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը թեփուկավոր կամ մերկ հատիկ է։ Հատիկի մակերեսը ծածկված է երկար, բարակ, միմյանց սեղմված մազմզուկներով։ Վարսակ հատիկակերային բույս է։
Դասակարգում
Հիմնականում տարածված է Հին աշխարհի բարեխառն երկրներում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում շատ քիչ տեսակներ կան։
Տնտեսական տեսանկյունից վարսակի ամենակարևոր տեսակներն են ցանովի վարսակը, կերային վարսակը, սովորական վարսակը։ Վարսակի մյուս տեսակները մոլախոտեր են, դրանցից է վնասակար մոլախոտը։
Ըստ The Plant List տվյալների բազայի՝ ցեղը ներառում է 22 տեսակ։
Հայաստանի տարածքում վայրի վիճակում տարածված է 6 (7) տեսակ՝ խրփուկ (A. fatua), վարսակ Լյուդովիկի (A. ludoviciana), վարսակ մորուսավոր (A. barbata) և այլն։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ցանքերում։ Մշակության մեջ տարածված է վարսակ ցանովին (A. sativa)։
Avena nuda – մերկ վարսակ, որ կատարում է հիմնականում այն դերը Եվրոպայում, ինչ A. abyssinica տեսակը Եթովպիայում։ Այն երբեմն ներառվում է A. sativa տեսակի մեջ և նախկինում լայնորեն աճեցվում էր Եվրոպայում, քանի դեռ չէր փոխարինվել այդ տեսակով։ Քանի որ A. nuda տեսակն ավելի սննդարար է, քան սովորական վարսակը, նրա նշանակությունը մեծացել է վերջին տարիներին, հատկապես օրգանական գյուղատնտեսության մեջ։
Վարսակի որոշ տեսակներ աճում են վայրի ձևով, երբեմն որպես մոլախոտ գյուղատնտեսական հողատարածքներում։ Դրանք հայտնի են որպես վայրի վարսակ։ Աճում են մշակովի վարսակի ցանքատարածություններում, և դժվար է դրանց դեմ պայքարել քիմիական եղանակով, քանի որ ցանկացած ստանդարտ հերբիցիդ, որ կարող
է պայքարել դրանց դեմ, կվնասի նաև բերքը։ Այդ պատճառով էլ պետք է պետք է կիրառել հատուկ հերբիցիդներ։
Avena brevis – կարճ վարսակ - Կենտրոնական և Հարավային Եվրոպա
Avena chinensis - Գերմանիա, Ավստրիա, ներմուծվել է Չինաստան, Բելառուս
Avena clauda - Բալկաններ, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա
Avena eriantha - Հյուսիսային Աֆրիկա, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Կովկաս
Avena fatua – սովորական վայրի վարսակ - Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, կլիմայավարժեցվել է Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, տարբեր կղզիներում
Avena longiglumis - Հյուսիսային Աֆրիկա, Իսրայել, Իսպանիա, Պորտուգալիա, Սարդինիա
Avena sterilis – ձմեռային վայրի վարսակ - Միջերկրածովյան երկրներ, Արևելյան Աֆրիկա, Ասիա, ներմուծվել է Հյուսիսային Եվրոպա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա,
Avena strigosa - Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, ներմուծվել է Եվրոպայի այլ տարածքներ, ինչպես նաև Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հյուսիսային և Հարավային Ամերիկա
Avena vaviloviana - Էրիթրեա, Եթովպիա
Avena ventricosa - Հյուսիսային Աֆրիկա, Միջին Արևելք
Avena volgensis - Եվրոպական Ռուսաստան
Կիրառություն և նշանակություն
Օգտակար նյութերի բազմազանությունը, դրանց բավարար քանակությունը և համաչափությունը թույլ են տալիս վարսակի հատիկը, օսլան, փաթիլները օգտագործել բազմաթիվ հիվանդությունների դեպքում որպես դիետիկ կազդուրող սննդամթերք, մաշկային հիվանդությունների բուժման համար։
Բուժիչ հատկություններ ունեն նաև խոտը և հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը՝ 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ՝ 55 կկալ։ Այս ցուցանիշով հում վարսակը քիչ է տարբերվում մյուս հատիկավոր բույսերից, սակայն եփված վիճակում զգալիորեն զիջում է բրնձին (105 կկալ) և եգիպտացորենին (90)։
Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին և տրիպտոֆան, շատ կարևոր է, որ, ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի (տարեկան), չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությամբ՝ 4-6,5 տոկոս, գերազանցում է այլ հացահատիկներին։ Վարսակում պարունակվող օսլան (40-60 տոկոս) կտրուկ չի բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ, քանի որ դանդաղ է յուրացվում՝ ապահովելով օրգանիզմը գլյուկոզայով և գլիկոգենով։
Վարսակը պարունակում է նաև բավարար քանակի վիտամին E (3,4 մգ), նիկոտինաթթու (PP, 1,1 մգ), պանտոտենաթթու (B5), 0,9 մգ), ֆոլացին (B9, 29 մկգ), պիրիդոքսին (B6, 0,27 մգ), ռիբոֆլավին (B2, 0,11 մգ), վիտամին K։
Ծանոթագրություններ
↑Watson, L. and M. J. Dallwitz. (2008). «Avena». The Grass Genera of the World. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
↑Cabi, E. & M. Doğan. 2012. Poaceae. 690–756. In A. Güner, S. Aslan, T. Ekim, M. Vural & M. T. Babaç (eds.) Türkiye Bitkileri Listesi. Nezahat Gökyiğit Botanik Bahçesi ve Flora Araştırmaları Derneği Yayını, Istanbul.
↑Röser, M., E. Döring, G. Winterfeld & J. Schneider. 2009. Generic realignments in the grass tribe Aveneae (Poaceae). Schlechtendalia 19: 27–38
↑«Avena» (անգլերեն). The Plant List. Version 1.1. 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
↑Pohl, R. W. 1994. 38. Avena L. 6: 232. In G. Davidse, M. Sousa Sánchez & A.O. Chater (eds.) Flora Mesoamericana. Universidad Nacional Autónoma de México, México, D.F..
Գրականություն
Овёс // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
Мальцев А. И. Овсюги и овсы. — Л.: Изд-во Всесоюзн. ин-та прикл. ботаники и новых культур, 1930. — 506 с.
Рожевиц Р. Ю. Род 132. Овёс — Avena // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 259. — 778 + XXXIII с. — 5175 экз.
Ordem Gramineae em Jussieu, Antoine Laurent de (1789). "Genera Plantarum, secundum ordines naturales disposita juxta methodum in Horto Regio Parisiensi exaratam
Quinion, Michael (1999): World Wide Words: Sow one's wild oats. Web posted 1999-NOV-27. Retrieved 2007-OCT-17.
Zohary, Daniel; Hopf, Maria; Weiss, Ehud (2012). Domestication of Plants in the Old World: The Origin and Spread of Domesticated Plants in Southwest Asia, Europe, and the Mediterranean Basin (Fourth ed.). Oxford: University Press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։