Granny

Granny
Изображение логотипа
ԴիստրիբյուտորSteam, Google Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Թողարկման թվական2017
ՊլատֆորմներմաքՕՍ, Անդրոիդ, iOS և Windows
ՇարժիչUnity
Ժանրսարսափ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐grannyhorror.com(անգլ.)
 Granny (video game) Վիքիպահեստում

Granny (անգլ. թարգմանաբար՝ «Տատիկ»), Survival horror ժանրի ինդի-խաղ։ Մշակվել և թողարկվել է DVloper շվեդական ընկերության կողմից։ Համարվում է սփին-օֆֆ Slendrina խաղերի շարքում։ Խաղում առկա է անանուն գլխավոր հերոս, որը հայտնվել է թակարդում և արթնացել հին տանը, և հիմա նրան անհրաժեշտ է լուծել հանելուկային գլուխկոտրուկները՝ փախչելով խաղի գլխավոր խոչընդոտ տատիկից, որպեսզի կարողանա լքել տունը 5 օրվա ընթացքում։

Խաղը մեծ ճանաչում է ձեռք բերել այնպիսի մեդիա հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը և Twitch-ը։ Խաղը հիմնականում հիմնված է ձայնի վրա։ Գլխավոր խոչընդոտը՝ տատիկը, մշտապես արձագանքում է խաղացողի կողմից հնչեցված ցանկացած ձայնի։ Խաղի ընդհանուր նպատակն այն է, որ խաղացողը կարողանա հուշումների և հանելուկների միջոցով դուրս գալ տնից։

Սյուժե

Խաղի սյուժեն չի նշվում բջջային տարբերակում։ Steam տարբերակում (Windows-ի համար) խաղը սկսվում է այն տեսարանից, որտեղ խաղացողը շրջում է անտառով։ Նա գտնում է տատիկի տունը և շարժվելով դրա ուղղությամբ՝ կորցնում գիտակցությունը։ Նա արթնանում է անկողնում, որտեղից էլ սկսվում է խաղը։ Համաձայն նկուղի պատերից գտնված գրության՝ հերոսը միակը չէ, ում տատիկը գցել է թակարդը։ Պարզ չէ, թե նախկին զոհին հաջողվել է փախչել տնից, թե ոչ, սակայն գրությունը հաստատում է, որ նա ծանր վիրավոր է եղել և հասկացել է, որ ունի փրկվելու շատ քիչ շանսեր։

Խաղի ընթացք

Խաղը կենտրոնացած է տարբեր իրերի օգտագործման միջոցով հինգ օրվա ընթացքում տնից փախչելու վրա՝ խուսափելով միակ ակտիվ սպառնալիքի՝ տատիկի հետապնդումից։ Խաղացողը կարող է փախչել՝ հանելով կողպեքը մուտքի դռնից, կամ վերանորոգելով ավտոտնակում գտնվող մեքենան, որը կպահանջի լրացուցիչ իրերի հավաքածու։ Խաղում կա 16 իր, որոնք անհրաժեշտ է հավաքել փախչելու համար։

Տատիկը շրջում է տանը խաղացողի փնտրտուքներով՝ իր նպատակին հասնելու համար օգտագործելով ցանկացած բարձր ձայն և գցելով թակարդներ, որպեսզի խանգարի խաղացողին առաջ շարժվել։ Եթե տատիկը նկատի խաղացողին, ապա կսկսի հետևել նրան։ Վերին ձեռնահարկում ապրում է հսկա սարդ, որը հսկում է կարևոր իր, սակայն չի կարողանում շրջել տանը։ Եթե խաղացողը նախապես չի շեղում կամ սպանում սարդին, ապա երբ նա ցանկանում է վերցնել իրը, սարդը հարձակվում է նրա վրա։ Տատիկն ունի նաև ագռավ, որը նստած է վանդակում և հսկում է իրը։ Եթե խաղացողը փորձում է վերցնել իրը, ագռավը կտցահարում է նրան, և 3,5 վայրկյան խաղացողի էկրանին հայտնվում է արյուն։ Ագռավին կարելի է շեղել կերի միջոցով կամ սպանել որսորդական հրացանով։ Գտնվելով տանը՝ խաղացողը ևս վնասվածքներ է ստանում, որոնք արտահայտվում են էկրանին ժամանակագրության կամ արյան հայտնվելով։

Եթե խաղացողը հայտնաբերվում է, տատիկը հարվածում է նրան, արդյունքում օրն ավարտվում է։ Խաղացողին նաև կարող են վնասվածքներ հասցնել այլ գործոններ, որոնք հանդիպում են ողջ խաղի ընթացքում։ Եթե խաղացողը հայտնաբերվում է վերջին օրը, նա հայտնվում է վատ ավարտի 4 տեսարաններից մեկում և վերադառնում գլխավոր մենյու։ Խաղացողը կարող է տատիկին ժամանակավորապես հանգեցնել գիտակցության կորստի կամ սպանել՝ օգտագործելով տարբեր թակարդներ կամ զենք։

Հավելյալ «մղձավանջային ռեժիմը» ավելացնում է խաղում առնետ, փոփոխում է տատիկի արտաքին տեսքը և առանձնատան մակերեսի տեքստուրան։

Շարքի շարունակություն

Granny: Chapter Two

Granny շարքի երկրորդ խաղը՝ «Granny: Chapter Two» անվանումով, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Android բջջային սարքերի համար։ iOS-ի համար թողարկվել է հաջորդ օրը, իսկ Windows-ի համար՝ նույն թվականի դեկտեմբերի 30-ին։

Ինչպես առաջին մասում, երկրորդում նույնպես գլխավոր հերոսը հայտնվում է թակարդում՝ տատիկի տանը։ Առաջին խաղում հակառակորդներից էին միայն տատիկը և նրա տնային սարդը, իսկ «Granny: Chapter Two» սիքվելում նրանց միացել է նաև պապիկը։ Խաղացողը կարող է գլխավոր մենյուից ընտրել «մարզման ռեժիմը», որում տատիկն ու պապիկը տանը չեն գտնվում, իսկ բուն խաղում տատիկը և/կամ պապիկը գտնվում են տանը։

Այս տարբերակում առկա են նաև մի քանի նոր իրեր և զենքի տեսակներ, և բացի դռնից խաղացողը կարող է փախչել նաև ուղղաթիռի կամ շարժիչային նավակի օգնությամբ։ Խաղացողի համար վտանգ են սպառնում նաև երկու նոր հրեշները։

Granny 3

Granny շարքի երրորդ խաղը՝ «Granny 3» անվանմամբ, թողարկվել է 2021 թվականի հունիսի 3-ին Android-ի համար, և օգոստոսի 22-ին՝ Windows-ի համար։

Apple-ի թողարկման քաղաքականության պատճառով «Granny 3»-ը ներկա դրությամբ հասանելի չէ iOS-ի համար։ DVloper շարքի մշակողը Թվիթերում գրառում է կատարել այն մասին, որ Apple-ը խաղը համարում է «սպամ» նախկին երկու խաղերի հետ նմանության պատճառով։ DVloper-ը հայտարարել է, որ խաղի նոր տարբերակը՝ «Granny 3 1.1»-ը, այլևս չի կարող հասանելի լինել App Store-ում Apple-ի վարած քաղաքականության պատճառով։

Ինչպես նախկին մասերում, այս տարբերակում ևս խաղացողը առևանգվում է տատիկի և պապիկի կողմից։ Սակայն այս անգամ նրանց միանում է նաև թոռնուհի Սլենդրինան։ Հիմնական խաղը նման է նախկին տարբերակներին, սակայն նոր քարտեզով է, նոր իրերով և նոր հանելուկներով, ինչպես նաև հակառակորդի պահվածքի փոքր փոփոխություններով, օրինակ, պապիկը որսորդական զենքը օգտագործում է որպես հեռահար զենք, և որոշ նոր խաղային մեխանիզմներով, ինչպիսիք են, օրինակ, կողպեքներ ջարդելը։ Հիմա առանձնատնից կարելի է փախչել երկու տարբերակով՝ գլխավոր դարպասներից կամ գնացքի/մետրոյի միջոցով։

Ընդունում

2018 թվականի մայիսի ընթացքում Granny խաղը զբաղեցրել է առաջին հորիզոնականը iOS-ի խաղային հարցումներում, այլ ժամանակահատվածներում ևս գտնվել է թոփ-հարցումներում։

Խաղը դարձել է վիրուսային հիթ տարբեր հարթակներում՝ 2018 թվականի մայիսին դառնալով YouTube-ում բջջային տեսախաղերի դիտումների թվով երկրորդը։ Հայտնվել են խաղի բազմաթիվ կլոններ, որոնցից շատերը ստեղծվել են վատ նպատակով, օրինակ, Scary Granny խարդախ խաղը, որը ստեղծվել է խաղացողի սարքը վնասակար ԾԱ-ներով վարակելու համար։ 2019 թվականի հունիսի դրությամբ խաղը ներբեռնել են ավելի քան 100 միլիոն անգամ։

Indie Game Critic-ից Վիլյամ Լևինսկին խաղը գնահատել է 10-ից 10 աստղով՝ գովաբանելով նրա կառավարումը որպես «շատ լավ իրագործված» և ձայնային էֆեկտները որպես «աստղային», ինչպես նաև նշել է, որ այն արդյունավետորեն վախեցնում է խաղացողին։ Common Sense Media-ից Նիլի Ջոնսոնը խաղին տվել է բացասական գնահատական՝ գնահատելով 5-ից 2 աստղ։ Նա հայտարարել է, որ այն «նման է ավելի ավարտուն հավելվածի նախատիպի»՝ համարելով նրա գրաֆիկը «անճաշակ», թեև նշել է, որ խաղը վախեցնում է։

Ծանոթագրություններ

  1. «Granny, el juego de terror más popular de los smartphones» (իսպաներեն). El Comercio Perú. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  2. «How to beat Granny - Where to find all the keys and escape items». VG247. 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  3. «Game Review: Granny Chapter 2 (Mobile - Free to Play)» (անգլերեն). Games, Brrraaains & A Head-Banging Life. 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  4. «DVloper on Twitter: "Hi all. I am still having trouble with Apple. They think Granny 3 is spam and it's to similar to my other Granny games. That's why they can not approve the game. It does not look promising. But i am still trying." / Twitter». Twitter. 2021 թ․ հունիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «AdvertMobile: топы самых популярных игровых iOS-запросов (май 2018)» (ռուսերեն). app2top.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  6. Vesander, Heini (2018 թ․ հունիսի 15). «How the indie horror game "Granny" became the 2nd most viewed mobile game on YouTube». Matchmade. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Matthews, Lee (2019 թ․ հունիսի 30). «This Scary Game Stole Passwords From Thousands of Android Users». Forbes. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Lewinsky, William (2018 թ․ հուլիսի 19). «Review of Granny by DVloper». Indie Game Critic. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Johnson, Neilie (2018 թ․ մարտի 16). «Granny». Common Sense Media. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ