PanARMENIAN Network | |
---|---|
Լրատվական գործակալություն | |
Տեսակ | առցանց պարբերական |
Լեզու | հայերեն ռուսերեն անգլերեն |
Հիմնադրվել է | 2000-ի ապրիլի 2 |
Հիմնադիր | Արմեն Ազարյան Արա Աղամյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Գրասենյակ | Ալեք Մանուկյան փող., 9 շենք, սեն. 308 |
Կայք | pan.am |
էլեկտրոնային փոստ | [email protected] |
Panarmenian.net Վիքիպահեստում |
PanARMENIAN.NET-ը (PAN.am-ը) հայկական առաջին անվճար ինտերնետային լրատվական գործակալությունը և ինտերնետային պորտալն է, որը ստեղծվել է Հայաստանում։ Գործակալությունը ցանցային տեղեկատվական-վերլուծական պորտալ է, PanARMENIAN Network ՀԿ-ի նախագծերից մեկն է։ Այն գործարկվել է 2000 թվականի ապրիլի 2-ին։ Պորտալը տրամադրում է տեղեկատվություն և վերլուծություն Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին։ Կայքի հիմնական բաժիններն են՝ քաղաքականություն, Հայաստան և աշխարհ, հասարակություն, տնտեսություն, տարածաշրջան, սպորտ, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն։
PAN Photo Agency-ին, որը հիմնադրվել է PanARMENIAN Network-ի կողմից 2009-ին, նորությունների և ստեղծագործական լուսանկարչության ամենամեծ գործակալությունն է Հայաստանում։ Գործակալությունը լուսաբանում է երկրում տեղի ունեցող բոլոր գլխավոր սոցիալական, քաղաքական, գործարար, մշակութային և սպորտային իրադարձությունները, ինչպես նաև զեկույցներ է ներկայացնում ամբողջ աշխարհից` իր միջազգային լուսանկարիչների և գործընկերների միջոցով։
PanARMENIAN Network-ը սկսել է իր գործունեությունը 1999 թվականին։ Կազմակերպության առաքելությունն էր նպաստել միջազգային հանրության շրջանում ազգային, պատմական, մշակութային և գիտական ժառանգության և արժեքների մասսայականացմանը` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ։
PAN.am լրատվական գործակալությունը (հայտնի որպես PanARMENIAN.Net) ստեղծվել է 2000-ին, ի սկզբանե հայկական սփյուռքի համար։ Սեփական լրագրողների և խմբագիրների ստեղծած կոնտենտից բացի, PanARMENIAN.Net-ն օգտագործում է նաև տեղական և համաշխարհային գործակալությունների տեղեկատվական հոսքերը։
PAN.am-ի կոնտենտը տարածվում է տարբեր սոցիալական ցանցերի, հրատարակչական գործընկերների և կոնտենտ-ագրեգատների միջոցով։
PAN.am-ը Հայաստանում անվճար լրատվություն տրամադրող առաջին գործակալությունն է, որն օգտագործել է Creative Commons լիցենզիան՝ իր ամբողջ կոնտենտի համար։ Լրատվականը հրապարակումներ է անում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Ինտերնետային պորտալի ընթերցողների մեծ մասը բնակվում է Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում։
PAN Photo Agency (նախկինում հայտնի որպես PanARMENIAN Photo) հիմնադրվել է 2009-ին։ Այն արագ դարձել է լրատվական և ստեղծագործական լուսանկարչության գլխավոր գործակալություններից մեկը Հայաստանում։ Գործակալությունը լուսաբանել է երկրում տեղի ունեցող հիմնական հասարակական-քաղաքական, գործարար, մշակութային և մարզական իրադարձությունները, ինչպես նաև հրապարակել միջազգային լուսանկարիչների և գործընկերների կողմից արված տարատեսակ ֆոտոպատմություններ աշխարհի տարբեր անկյուններից։ PAN Photo-ն համագործակցել է տարբեր ԶԼՄ-ների հետ և լուսանկարներ տրամադրել միջազգային խոշոր ֆոտոգործակալություններին, ինչպիսիք են Associated Press (AP), Agence France Press (AFP), Reuters, ՌԻԱ Նովոստի, ՏԱՍՍ, EPA և այլ։
PAN Photo-ի լուսանկարները հրապարակվել են միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներում, այդ թվում՝ The New York Times-ում, CNN-ում, BBC-ում, The Wall Street Journal-ում, Al Jazeera-ում, Libération-ում, San Francisco Chronicle-ում, Washington Post-ում, The Guardian-ում, Vogue-ում, Esquire-ում և այլուր։
PAN-ը նաև առաջին լրատվական ծառայություններից էր Հայաստանում, որն էջեր ստեղծեց Facebook-ում, Twitter-ում և Telegram-ում։ Ֆեյսբուքյան էջի լսարանը զգալի տարբերվում է կայքի լսարանից, մասամբ` լեզվական սահմանափակումների պատճառով (միայն հայերեն)։