«Who Is It» («Ո՞վ է սա»), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգչի Dangerous 8-րդ ստուդիական ալբոմի 5-րդ սինգլն է, թողարկվել է Epic Records լեյբլում 1992 թվականի օգոստոսի վերջին։ Կոմպոզիցիան ռիթմ-էն-բլյուզ և սոուլ ժանրերով է, տեքստում երգիչը պատմում է աղջկա դավաճանության մասին։
Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 14-րդ տեղը, Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ 6-րդ։ Բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում «Who Is It» երգը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Դևիդ Ֆինչերը։ Հոլովակի պրեմիերան եվրոպական հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 13-ին, որից հետո Ջեքսոնի խնդրանքով այն վերանայվել է։ ԱՄՆ հեռուստատեսությունների ռոտացիայում ներկայացվել է միայն նախորդ տեսահոլովակի և երաժշտի համերգային ելույթների մոնտաժը։
Ստեղծման պատմություն և կոմպոզիցիայի առանձնահատկություններ
Երգի գաղափարը Ջեքսոնի մոտ ծագել է 1989 թվականին՝ Bad World Tour համերգային շրջագայության ավարտից հետո, նա կապվել է Բիլլ Բոտրելլի հետ և նրա համար երգել բասի շարքը։ Երգիչը ցույց է տվել այն, ինչ ուզում է ստանալ բիթբոքսի օգնությամբ կատարվող ձայնագրության արդյունքում։ «Who Is It» երգը ձայնագրվել է Dangerous ալբոմի նախապատրաստման ընթացքում, ըստ Բոտրելլի՝ կոմպոզիցիայի ստեղծման գործընթացն ընթացել է արագ, գրեթե առանց խորհրդակցությունների։ Երգի ներածականն ու ավարտը գրեթե անփոփոխ են մնացել հենց ձայնագրման սկզբից։ Երգում հնչող կանացի սոպրանոն կատարել է Լինդա Հարմոնը։
Կոմպոզիցիայի տեքստում Ջեքսոնը, իմանալով աղջկա դավաճանության մասին, փորձում է կռահել, թե նա ում է ընտրել իր փոխարեն և ինչու է իրեն թողել միայնակ. «Who Is It» երգը չափավոր տեմպով և ռե մինոր տոնայնությամբ ստեղծագործություն է, պատկանում է ռիթմ-էն-բլյուզ և սոուլ ժանրերին։ Երաժշտությունն ունի բազմաշերտ կառուցվածք, ուշադիր լսելու դեպքում ունկնդիրն ուշադրություն է դարձնում թավջութակի ձայնին, ֆլեյտայի սոլոյին և զիլ լարայիններին։ Կոմպոզիցիան սկսում է ձայնը, որ երկու անգամ երգում է պարզ երաժշտական արտահայտությունը։ Նրա հնչյունավորումը կառուցված է միջնադարյան քրիստոնեական ժամերգության օրինակով, որ օգտագործվում էր սաղմոսարանների ընթերցման համար։ «Կարելի է ենթադրել, որ հետագայում հնչում է այդ գեղեցիկ երաժշտության մեկ այլ վարիացիա, բայց, ըստ էության, ունկնդիրներին ցնցում է բոլորովին այլ աշխարհի լեզվի ռիթմով»,– գրում է երաժշտագետ Սյուզան Ֆաստը։ Բանաստեղծական երկի մոտիվները շարունակում են զիլ հնչել բարձր բասի շարքի ֆոնին։ Ըստ Ֆաստի՝ «Who Is It» երգն ստեղծում է ռիթմիկ ծեծանի և գեղեցիկ մեղեդու միջև տեղի ունեցող պայքարի տպավորություն, որը կոմպոզիցիայի զարգացման հետ դուրս է գալիս կրոնական երգի սահմաններից ու այնուհետև ի հայտ է գալիս ֆլեյտայի կատարումը, իսկ երգի վերջում նրան փոխանցվում է թավջութակի ձայնը։ Նա ընդգծել է երաժշտության բարձր որակն ու նրա կառուցվածքը։ Ջեքսոնը կիրառել է մի շարք տարբեր ձևեր բարձր հնչեղության լարային նվագախմբով ստեղծված մեղեդին օգտագործելու համար։
Սինգլի թողարկում և քննադատների արձագանք
Epic Records ձայնագրման ընկերությունը նախատեսել էր որպես Dangerous սկավառակի 5-րդ սինգլ թողարկել «Give in to Me» երգը։ Սակայն այն բանից հետո, երբ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ Ջեքսոնը ա կապելլա և բիթբոքս կատարել է «Who Is It» երգը, լեյբլի ղեկավարները, նկատելով երգի աճող համբավը, կազմակերպել են նրա թողարկումը։ Սինգլը վաճառքի է ընդունվել CD-ներով, խտասկավառակներով, ձայնապնակներով։ Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում կոմպոզիցիան դարձել է 14-րդը, իսկ Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ 6-րդը։ ԲրիտանականUK Singles Chart հիթ-շքերթում «Who Is It» երգն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։
PopMatters պորտալում «Who Is It» երգը ճանաչվել է Ջեքսոնի կատալոգի ամենատպավորիչ թրեքներից մեկը։ The Guardian օրաթերթում նկատել են, թե, ինչքան ճիշտ ընկնելով տակտի մեջ, երգիչը հեկեկում է երգի կատարման ժամանակ. «Մի՞թե դա ամենաֆանկային լացը չէ ամբողջ պատմության մեջ»։ Rolling Stone ամսագրի քննադատը նշել է, որ «Who Is It» ստեղծագործությունը Ջեքսոնի առաջին երգն է դավաճանության մասին։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը նկարահանել է Դևիդ Ֆինչերը։ Դրա պրեմիերան եվրոպական հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 13-ին։ Ջեքսոնը դժգոհ է մնացել «Who Is It» երգի սկզբնական խմբագրումից, և արդյունքում տեսահոլովակը վերանայվել է։ ԱՄՆ-ում Ֆինչերի հոլովակը թողարվել է Dangerous - The Short Films հավաքածուի DVD-ով, իսկ հեռուստատեսության ռոտացիան ներառել է ավելի վաղ թողարկված տեսահոլովակի ու Ջեքսոնի ելույթների մոնտաժը։
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ հերոսն իր ընկերուհու տանը գտնում է Ալեքս անունով մեկի այցեքարտը։ Սկզբում նա մտածում է, որ աղջիկն իրեն դավաճանում է ինչ-որ մեկի հետ։ Բայց աստիճանաբար հանդիսատեսին պարզ է դառնում, որ աշխատում է որպես բարձր դասի զանգով աղջիկ, իսկ այցեքարտում նրա անուններից մեկն է։ Հերոսը գնում է տուն, փաթեթավորում իրերը և նստում ուղղաթիռ։ Երբ աղջիկը գալիս է նրա հետևից, շեմին նրան դիմավորում է տնային աշխատողը։ Նա բացատրություն է պահանջում, իսկ հերոսը, ի պատասխան, հատակին է նետում նրա բազմաթիվ այցեքարտերը։
Rolling Stone ամսագրի քննադատները հոլովակն անվանել են «անչափ գեղեցիկ», ինչպես նաև նշել. «Ֆինչերի և Ջեքսոնի համագործակցությունն արդեն ենթադրում է էլեգանտ, չարագուշակ և անզիջում ոճ»։