Ալյուր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյուր (այլ կիրառումներ)
Ալյուր
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակpowder?, հիմնական սննդամթերք և երկար պահպանվող մթերք
Ստեղծման տարեթիվմ.թ.ա. 14 հազարամյակ
Հիմնականհացահատիկ
 Flour Վիքիպահեստում
Խմորի պատրաստում

Ալյուր, հացազգի, լոբազգի և այլ կուլտարաների հատիկներն ու սերմերն աղալուց ստացվող մթերք։ Հացաբույսերի ալյուրն օգտագործվում է հաց, մակարոնեղեն և հրուշակեղեն պատրաստելու, իսկ հատիկակերային ալյուրը՝ համակցված կեր ստանալա համար։

Ալյուրը լինում է՝

  • ցորենի
  • աշորայի (տարեկան)
  • եգիպտացորենի
  • գարու
  • վարսակի
  • հնդկացորենի
  • սոյայի

Որպես սննդամթերք առավել տարածված է ցորենի և աշորայի ալյուրը։ Ըստ նշանակության, ալյուրը ստորաբաժանվում է առանձին տեսակների։ Նրա տեսակը բնութագրվում է հատիկի՝ աղալուց հետո ալյուրի մեջ անցած արտաքին մասերի (թաղանթի ու սաղմի) և ալրային միջուկի (էնդոսպերմի) հարաբերակցությամբ։ Հացազգիներից ալյուր ստացվում է միանվագ, թեփախառը և տեսակավոր աղացման միջոցով։ Առաջին դեպքում ալյուր պարունակում է հատիկի պտղաթաղանթի և սաղմի խառնուրդ։ Երկրորդ դեպքում հատիկն աղում են նրանից պտղաթաղանթն ու սաղմը մասնակիորեն հեռացնելուց հետո։ Տեսակավոր ալյուրը հիմնականում բաղկացած է ալրային միջուկից։ Ալյուրի տարբեր տեսակների որակի որոշման համար կարևորագույն ցուցանիշներն են՝ խոնավությունը, մոխրայնությունը, մասնիկների խոշորությանը, օրգանոլեպտիկ հատկությունները (համը, հոտը, գույնը)։

Ալյուրն արտադրվում է ալրաղացներում, պահվում չոր, հով պահեստներում։ Սկսվել է կիրառվել ալյուրի՝ առանց տարայի պահեստավորման և տեղափոխման եղանակը։ Երկար (մինչև 2 տարի) պահվում է 15 %-ից ոչ ավելի խոնավության ալյուր։ Ցորենից մշակում են հացաթխման (շարմաղ, բարձր, առաջին և երկրորդ տեսակների, թեփախառը) և մակարոնեղենի ալյուր (խոշոր և կիսախոշոր)։ Աշորայից պատրաստում են շարմաղ, թեփահանած և թեփախառը ալյուր, եգիպտացորենից՝ երեք, մյուս կուլտուրաներից՝ մեկ տեսակի։

Բառի ծագումնաբանություն

Ալյուր բառի հայերեն հնագույն ձևն է ալևր։ Բնիկ հայերեն բառ, առաջացել է հնդեվրոպական նախալեզվի al աղալ արմատից։ Ամենամոտ ձևն է հունարեն՝ ἄλευρον ալյուր բառը։ Դեռևս հարց է հայերեն ալյուր բառը փոխառությո՞ւն է հունարենից, թե նրա հետ միասին պատկանում է հնդևրոպական նախալեզվի al արմատին։

Որոշ հեղինակներ համարում են, թե հայերեն բառը փոխառություն է, քանի որ հին հայերը չգիտեին ինչ է ալյուրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձավար, այսինքն ցորենը ուղղակի սանդի մեջ ծեծում էին և այդպես խոշոր եփելով ուտում։ Ալյուրը առաջին անգամ հույներից անցավ Հայաստան՝ Պոնտոսի վրայով։

Ընդհակառակը Պիկտետն և Հյուբշը չեն ընդունում, որ այդպիսի հասարակ ու սովորական մի բան կարող է փոխառություն լինեն։ Այս կարծիքին ի նպաստ կարելի է հիշել բնիկ հայերեն աղալ, աղորիք, երկան և այլ բառերը, որոնք ցույց են տալիս, որ ջաղացպանության արվեստը ծանոթ էր հայերին ամենասկզբից։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 185