Իրանա-թուրքական սահման | |
---|---|
Բնութագիր | |
Պետություններ | Իրան Թուրքիա |
Երկարություն | 560 կմ (350 մղոն) |
Պատմություն |
Թուրք-իրանական սահման (պարս.՝ مرز ترکیه و ایران; թուրքերեն՝ İran–Türkiye sınırı), պետական սահման Թուրքիայի և Իրանի միջև, որն ունի 534 կմ (332 մղոն) երկարություն և ձգվում է Ադրբեջանի հետ սահմանային հատման կետից մինչև Իրաքի հյուսիսային սահման։
Սահմանը հյուսիսից սկսվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատման կետում՝ Արաքս գետի վրա։ Սահմանը հյուսիս-արևմուտք ձգվելով անցնում է Կարասու գետի երկայնքով՝ այդպիսով Թուրքիային տրամադրելով Ադրբեջանի հետ կապվելու տարածք։ Այնուհետև սահմանը անցնում է հարավ-արևմուտք, ապա հարավ՝ գծելով մի շարք անկանոն ցամաքային գծեր և հասնելով մինչև Իրաքի հետ սահմանային հատման կետ։ Սահմանային շրջանը չափազանց լեռնային է և երկու կողմից էլ բնակեցված է հիմնականում քրդերով։
1532-1555 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Օսմանյան կայսրությունը գրավել էր ժամանակակից Իրաքի մեծ մասը։ Հակամարտությունը ավարտվեց Ամասիայի պայմանագրով, որի արդյունքում տարածաշրջանում հաստատվեց օսմանյան իշխանություն։ Միջագետքի և Արևմտյան Հայաստանի վրա օսմանյան իշխանությունը հաստատվեց 1623-1639 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմից հետո, որն ավարտվեց Կասրե Շիրինի պայմանագրով։ Այդ պայմանագիրը նախատեսում էր, որ երկու կայսրությունների միջև սահմանը պետք է անցներ Զագրոսյան լեռների և Տիգրիս գետի միջև, թեև այդ ժամանակ ճշգրիտ սահմանը դեռ գծված չէր։
Թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1723-1727) թուրքերը Ռուսաստանին զուգահեռ ներխուժեցին Իրան, ինչի արդյունքում կնքված Համադանյան պայմանագրով Օսմանյան կայսրությանն անցավ Իրանի հյուսիս-արևմուտք՝ Հայաստանը։ Հաջորդ պատերազմը տեղի ունեցավ 1740-ական թվականներին, որն ավարտվեց 1746 թվականին Կերդենի պայմանագրով, որը վերականգնեց Իրանի արևմտյան տարածքները և կրկին հաստատեց 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը։
1821-1823 թվականներին ընթացած թուրք-պարսկական պատերազմը ավարտվել է Էրզրումի առաջին պայմանագրի ստորագրմամբ, որը վերահաստատել է 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը։ Պարսիկ, օսմանցի, ռուս և բրիտանացի պաշտոնյաների մասնակցությամբ սահմանային հանձնաժողովը աջակցել է սահմանազատման աշխատանքներին, ինչը հանգեցրել է 1847 թվականի Էրզրումի երկրորդ պայմանագրի կնքմանը, որը որոշ փոքր փոփոխություններով հաստատել է 1639 թվականի սահմանը։ Քառակողմ սահմանային հանձնաժողովը վերսկսել է իր աշխատանքը հետագա տարիներին, և երկարատև աշխատանքից և քարտեզագրական վեճերից հետո 1869 թվականին կազմվել է մանրամասն քարտեզ։ Բեռլինի պայմանագրի (1878) հետևանքով որոշ փոքր փոփոխություններ են կատարվել Քաթուրի շրջակայքում։
Չնայած հանձնաժողովի աշխատանքին՝ սահմանների հստակ սահամանգծման շուրջ վեճերը շարունակվել են։ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պնդմամբ, որոնք երկուսն էլ գաղութային ձգտումներ են ունեցել տարածաշրջանում, Օսմանյան կայսրությունն ու Իրանը պայմանավորվել են 1911 թվականին ավելի հստակ աշխատել սահմանազատման վրա։ 1913 թվականի նոյեմբերից մինչև 1914 թվականի հոկտեմբեր սահմանային հանձնաժողովը սահմանել է Կոստանդնուպոլսի արձանագրությունը, որը նախատեսում է սահմանի մանրամասն սահմանազատում։ Այնուհետև քառակողմ սահմանային հանձնաժողովը ուսումնասիրել է տեղանքի սահմանը և սահմանազատել այն սյուներով (բացառությամբ Քաթուրի շրջակայքը, որը մնացել է վիճելի)։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Արաբական ապստամբությանը հաջողվել է Օսմանյան կայսրությանը դուրս մղել Մերձավոր Արևելքի մեծ մասից։ 1916 թվականին կնքված Սայքս-Պիկոյի անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագրի արդյունքում Բրիտանիան վերահսկողություն է ստացել Մոսուլի, Բաղդադի և Բասրայի նախկին օսմանյան վիլայեթների նկատմամբ, որոնց տարածքներում 1920 թվականին կազմավորվել է Իրաքի մանդատը։
1920 թվականին կնքված Սևրի պայմանագրով Անատոլիական Թուրքիան պետք է բաժանվեր, իսկ Մոսուլի վիլայեթի հյուսիսային շրջանները պետք է ընդգրկվեին ինքնավար կամ անկախ քրդական պետության կազմում։ Թուրք ազգայնականները վրդովված էին պայմանագրից․ նպաստելով թուրքական անկախության պատերազմի սանձազերծմանը՝ նրանք կարողացել են հասնել հաջողության, ինչի արդյունքում չի կատարվել Սևրի պայմանագրի դրույթները։ 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի անկախությունը, և համաձայնություն է ձեռք բերվել շատ ավելի առատաձեռն տարածքային կարգավորման վերաբերյալ, ինչի փոխարեն Թուրքիան հրաժարվել է արաբական տարածքների նկատմամբ ունեցած ցանկացած պահանջից։ Արևելքում պահպանվել է նախկին օսմանա-իրանական սահմանը, որն այժմ սահմաններ է ձևավորում Իրանի և Իրաքի, ինչպես նաև Իրանի և արդեն Թուրքիայի Հանրապետության միջև։
1929 թվականի ապրիլի 9-ին Անկարայում ստորագրվել է Թուրքիայի և Իրանի միջև սահմանի հետագա սահմանազատման մասին պայմանագիրը՝ մասամբ ի պատասխան Արարատի քրդական ապստամբության։ Հետագայում պայմանագիրը վերջնականապես համաձայնեցվել է 1932 թվականին Թեհրանում կայացած համաժողովի հետ, ինչը հանգեցրել է Սիսը, Բաժերգահի և Քոթուրի շրջակայքում տարածքների ոչ մեծ փոխանակման։ Այնուհետև սահմանը սահմանազատվել է․ 1937 թվականի մայիսի 26-ին Թեհրանում ստորագրվել է վերջնական համաձայնագիր։
2017 թվականից Թուրքիան սկսել է արգելագիծ կառուցել թուրք-իրանական սահմանի երկայնքով, որի նկատակը ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության կանխումն է։ Պատը կառուցվելու էր սահմանի 144 կմ-անոց հատվածի երկայնքով։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանային պատնեշի կեսի կառուցման աշխատանքներն ավարտվել են։ Պատասխանատու պաշտոնյաների կարծիքով՝ սահմանային արգելքը պետք է ավարտվեր մինչև 2019 թվականի գարուն։ Իգդիրի և Աղըրի նահանգներում արգելագիծը կառուցվում է «TOKİ» ազգային բնակարանային հանձնաժողովի կողմից։ Իրանը ողջունել շինարարությունը սահմանային արգելագծի կառուցման աշխատանքները։
Սահմանի ամբողջ երկայքնով կան երեք սահմամահատման կետեր, որից երկուսը փոխադրական տրանսպորտի համար և մեկը՝ փոխադրական և երկաթուղային տրանսպորտի։ Այս երեք սահմանահատման կետերից ամենածանրաբեռնված անցակետը՝ Գյուրջիբուլաղը, աշխարհի ամենածանրաբեռնված անցակետերից մեկն է։
Թուրքական անցակետ | Մարզ | Իրանական անցակետ | Մարզ | Բաց է | Ճանապարհի համարը Թուրքիայում | Ճանապարհի համարը Իրանում | Կարգավիճակ |
---|---|---|---|---|---|---|---|
Գյուրջիբուլաղ | Աղրը | Բաժերգահ | Արևմտյան Ադրբեջան | 1953 թվականի սեպտեմբերի 4 | Բաց | ||
Կապիկոյ | Վանի մարզ | Ռազի | Արևմտյան Ադրբեջան | 2011 թվականի ապրիլի 16 | Բաց | ||
Բաժերգյա | Հաքյարի | Սերով | Արևմտյան Ադրբեջան | 1964 թվականի սեպտեմբերի 15 | Բաց | ||
Արալիկ | Իգդիր | N/A | Արևմտյան Ադրբեջան | 1985 թվականի հունվարի 1 | Փակ |