Ձկնկիթ կամ խավիար, ծովամթերք՝ պատրաստված ձկան վերամշակաված և չբեղնավորված ձվից (ձկնկիթ)։ Շատ ձկնատեսակների ձկնկիթը բացառիկ նուրբ համով և սննդարար մթերք է, քանի որ իր մեջ պարունակում է լիարժեք սպիտակուցներ, ճարպեր, հանքային նյութեր, A, D, B և PP խմբի վիտամիններ և բուրավետ նյութեր։ Հատկապես բարձր է գնահատվում թառափի և սաղմոնի ձկնկիթը։ Թառափի ձկնկիթի կազմը միջին տվյալներով հետևյալն է. 52-56% ջուր, 26-28% սպիտակուցներ, 14-18% ճարպեր։ Սաղմոնի պարագայում վերոնշյալ սննդանյութերը համապատասխանաբար կազմում են 55-60, 26-29 և 11-15%։
Որքան բաց է ձկնկիթի գույնը, այնքան այն համարվում է հասուն և բարձրորակ։ Տարբերում են հատիկավոր, մամլած և թաղանթով ձկնկիթներ։
Թառափի ձկնկիթը բաց մոխրագույնից մինչև մուգ մոխրագույն է, գրեթե սև, ուստի ժողովուրդն այն հաճախ անվանում է սև խավիար։
Սաղմոնի ձկնկիթը հաճախ անվանում են նաև կետի կամ կարմիր խավիար։ Համային հատկություններով տարբերվում են հատկապես կետի և սապատաձկան ձկնկիթները։ Սաղմոնազգիների մնացած ձկների ձկնկիթն ունի արտահայտված դառնություն և թույլ բուրմունք։ Սաղմոնի ձկնկիթի 98-99%-ը վերամշակում են հատիկի ձևով, որը 6-18 րոպե պահում են եռացրած և մինչև 10 °C պաղեցրած աղաջրում։ Այնուհետև, ձկնկիթին ավելացնում են որևէ հակասեպտիկ նյութ (ուրոտրոպինի և սորբինաթթվի խառնուրդ), ապա բուսական յուղի ու գլիցերինի խառնուրդ։
Արհեստական ձկնկիթը ստացվում է կազեինից և դոնդողանյութից (ժելատին), ավելացնելով վիտամիններ, ձկան յուղ, աղ, բուսական յուղ, բուրումնավետ և համեմունքային նյութեր։ Ձևավորված ձկնկիթները մշակում են կանաչ թեյի դաբաղանյութերով և համապատասխան ձկնկիթի գույնի ներկում անվնաս ներկերով։
Արտաքին տեսքով արհեստական ձկնկիթը չի տարբերվում բնականից։ Դրա փաթեթի վրա նշվումն է «Սպիտակուցային» ձկնկիթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 708)։ |