Շախմատային օլիմպիադանշախմատի ազգային հավաքականների մրցաշար է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) կողմից։ Հավաքականները պայքարում են Համիլթոն Ռասելի (տղամարդիկ) և Վերա Մենչիկի (կանայք) անվան փոխանցիկ ոսկե գավաթների համար։ Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների շախմատիստներից յուրաքանչյուրը ստանում է համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Յուրաքանչյուր հանդիպում տեղի է ունենում չորս խաղատախտակի վրա։ Հավաքականում լինում են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ (1950 — 2006 թվականներին՝ երկու պահեստային)։ Շախմատային օլիմպիադան պաշտոնապես առաջին անգամ կայացել է 1927-ին։ Մինչև 1939-ը շախմատային օլիմպիադային մասնակցել են միայն եվրոպական երկրները, բացառությամբ Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պակիստանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Շախմատային օլիմպիադան չի անցկացվել 1939 — 1950-ին։
Օլիմպիադայի ծագումը
Շախմատային առաջին օլիմպիադան ոչ պաշտոնական բնույթի էր։ 1924-ին շախմատն օլիմպիական մարզաձևերի ցանկում ներառելու փորձ էր արվել, որը, սակայն, ձախողվել էր պրոֆեսիոնալ և սիրողական խաղացողներին տարբերելու հետ կապված խնդիրների պատճառով։ Քանի որ 1924–ի ամառային Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Փարիզում, առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադան նույնպես անցկացվեց Փարիզում։ ՖԻԴԵ-ն ձևավորվել էր 1924-ի հուլիսի 20-ին, 1-ին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադայի փակման օրը։
ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին պաշտոնական Շախմատային օլիմպիադան տեղի ունեցավ 1927-ին, Լոնդոնում։ Օլիմպիադաները անցկացվում էին տարին մեկ կամ այլ ոչ կանոնավոր պարբերությամբ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1950-ից սկսած դրանք տեղի են ունենում ամեն երկու տարին մեկ։
Շախմատային օլիմպիադայի տարածում
Կարգավիճակը
Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև, իսկ 1999-ի հունիսինՇախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ–ն, ճանաչվել է Միջազգային մարզական ֆեդերացիա։
ՄՕԿ-ի անդամ լինելով, ՖԻԴԵ-ն հետևում է նրա կանոններին, այդ թվում` դոպինգ թեստերի պահանջին, ինչը միարժեքորեն չի ընդունվում շախմատային աշխարհում։ Շախմատի՝ օլիմպիական մարզաձև դառնալու հավանականությունը մնում է անորոշ։ «Շախմատային օլիմպիադա» անվան գործածումը պայմանավորված է պատմական ավանդույթով և որևէ կապ չունի Օլիմպիական խաղերի հետ։
↑ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական Ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)