Ջեքսոն Պոլլոք Paul Pollock | |
---|---|
Ի ծնե | Պոլ Ջեքսոն Պոլլոք |
Ծնվել է | հունվարի 28, 1912 |
Ծննդավայր | Քոդի, Վայոմինգ, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1956 (44 տարեկան) |
Մահվան վայր | Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Manual Arts High School? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ և գործողության գեղանկարչություն |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | No. 5, 1948, Աշնանային ռիթմ (No. 30) և No. 11, 1952 |
Մեկենասներ | Պեգգի Գուգենհայմ |
Ուսուցիչ | Թոմաս Հարթ Բենթոն և Frederick Schwankovsky? |
Ամուսին | Լի Կրասներ |
ստորագրություն | |
Jackson Pollock Վիքիպահեստում |
Պոլ Ջեքսոն Պոլլոք, ամերիկացի նկարիչ (հունվարի 28, 1912, Քոդի, Վայոմինգ, ԱՄՆ - օգոստոսի 11, 1956, Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր և առաջնորդ, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստի հետագա զարգացման վրա։
Ջեքսոն Պոլլոքը ծնվել է Վայոմինգ նահանգում, նա 5 որդիներից կրտսերն էր։ Կյանքի առաջին 15 տարիների ընթացքում նկարիչի ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր մի բնակավայրից մյուսը։ Երբ տղան 11 տարեկան էր, ընտանիքը նրան թողնում է Արիզոնում։ Հենց այդտեղ էլ նրա հետ տեղի է ունենում դժբախտ պատահար. նրա ընկերներից մեկը կտրում է նրա մատի ծայրը։
Պոլլոքը սովորում էր կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, որտեղ մտերմանում է ուսուցիչներից մեկի՝ Ֆեդերիկո Ջոնի հետ, որն էլ նրան ներքաշում է գաղտնի կրոնական առեղծվածային շարժման մեջ։ 1930 թվականին Պոլլոքը տեղափոխվում է Նյու-Յորք իր եղբայր Չարլզի մոտ։ Նրանք երկուսն էլ ուսուցանում են Տոմաս Բենտոնի մոտ, որը մեծ ազդեցություն է թողել Պոլլոքի վրա, որը նկատելի է հատկապես նրա կորավուն գծերում և գյուղական թեմաներով արված կտավներում։
Նրա վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Դիեգո Ռիվերայի և Խոսե Կլեմենտե Օրոսկոյի ազդեցությունը, որոնցով նա շատ էր հիացած այդ ժամանակ։ Պիկասոյի և սյուրռեալիզմի հետ ծանոթությունից հետո նրա արվեստը ստացավ ավելի սիմվոլիկ բնույթ։ 1930-ական թվականների ընթացքում նա ճանապարհորդում է ԱՄՆ-ում, սակայն 1940-ին նա կրկին վերադառնում է Նյու-Յորք։
1943 թվականին նրա Էգ Գայլը կտավը գնում է Ժամանակակից արվեստների թանգարանը, և առաջին անգամ նրա մասին նյութ է հայտնվում թերթում։
Երկար տարիներ Պոլլոքը հոգեվերլուծության միջոցով փորձում է ազատվել դեպրեսիաներից։ Այստեղից էլ առաջանում է նրա հետաքրքրվածությունը Կարլ Գուստավ Յունգի նախատիպերի մասին տեսության նկատմամաբ։ Դա մեծ ազդեցություն է թողնում նրա 1938-1944 թթ.. աշխատանքների վրա։
1944 թվականին նա ամուսնանում է Լի Կրասների հետ և 1947 թվականին նրանք տեղափոխվում են Սպրինգս։ Այստեղ նրանք գնում են երկհարկանի տուն, որտեղ նկարիչը ստեղծում է իր արվեստանոցը։ 1947 թվականին Պոլլոքը մշակում է իր նոր տեխնիկան. նա սկսում է աշխատել մեծ չափի կտավների վրա, դրանք փռելով հատակին՝ սկսում է վրձինների ներկերը ծորեցնել կտավի վրա առանց վրձինով կտավին կպնելու։ Նկարիչն այս տեխնիկան անվանեց ծորացող տեխնիկա։
Նկարիչն ասում էր, որ նրա արվեստը կապված չէ պատկերակալի հետ և նա իր կյանքում շատ քիչ է կտավը ձգել ենթաշրջանակի վրա։ Նա նախընտրում էր կտավն ամրացնել պատին կամ հատակին։ Նա ուզում էր զգալ շփումն ամուր մակերեսի հետ։ Հատակին շատ ավելի հեշտ է։ Նա ասում էր, որ այսպես շատ ավելի մոտ է զգում իրեն գեղանկարչությանը։ Զգում է իրեն դրա մի մասնիկը աշխատելով 4 կողմից էլ և լինելով բառացիորեն նկարի ներսում։
Երբ նա գեղանկարչության մեջ է, չի գիտակցում թե ինչ է անում։ Գիտակցությունը գալիս է հետո։ Նա չի վախենում կերպարներ ոչնչացնելուց ու ստեղծելուց, քանի որ նկարն ապրում է իր սեփական կյանքով։ Նա միայն օգնում է, որպեսզի այդ կյանքը դուրս գա։ Բայց երբ նա կորցնում է կապը նկարի հետ, ապա ստացվում է խառնաշփոթ և կեղտ։ Իսկ եթե ոչ, ապա դա ներդաշնակություն է, թեթևություն։
Պոլլոքը ծանոթ էր ավազով նկարչությանը, նա տեսել է Ժամանակակից Արվեստների Թանգարանի ցուցադրությունները և ԱՄՆ-ում շրջելիս շփվել ժամանակակից արվեստի և նրա ներկայացուցիչների հետ։ Պոլլոքի նկարներն իր մարմնի շարժման հետևանքն է։ Նա համատեղում էր կառավարելին անկառավարելիի հետ՝ օգտագործելով իր էներգիան։
Պոլլոքի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1948 թվականին Բետտի Պարսոնս ցուցասրահում և ունեցել է մեծ հաջողություն։ Պոլլոքը կարողացավ ձեռք բերել շատ մեծ արվեստանոց և 1950 թվականին ստեղծեց 6 նկարների մեծ և ամենաճանաչված շարքը։ 1949 թվականին ամենահայտնի ամսագրերից մեկը նրան անվանեց «ամերիկացի նկարիչներից ամենահանճարեղը»։
1951 թվականից հետո նրա գործերը դարձան ավելի մութ գույներով, հաճախ նույնիսկ սև, հայտնվեցին ֆիգուրատիվ կերպարներ։ Պոլլոքը սկսեց իր կտավները ցուցադրել տարբեր ցուցասրահներում։ Այն մեծ պահանջարկ ուներ ժամանակակից արվեստի նմուշների կոլեկցիոներների շրջանում։ Դրա ազդեցության տակ Պոլլոքի մոտ սկսվեց թուլություն ալկոհոլի հանդեպ։
Ամբողջ կյանքում պայքարելով ակոհոլի օգտագործման դեմ՝ Պոլլոքը մահացավ ավտովթարից հարբած վիճակով մեքենա վարելիս Սպրինգսում 1956 թվականին, 44 տարեկան հասակում։
Պոլլոքի արվեստի քննադատները միշտ բաժանվում էին խմբերի, ոմանք կարծում էին, որ դրանք նկարներ չեն, այլ պատահականություններ։ Նա նկարում էր միայն նկարելու համար. այսպես էր կարծում Ռոլանդ Ռոզենբերգը։ Կլեմենտ Գրինբերգը նրան դասեց էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցեչների շարքը։ Իսկ Կրեյգ Բրաունը այն քննադատներից էր, ով պարզապեց հիացած էր նրա արվեստով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Պոլլոք» հոդվածին։ |
|