Ջովաննի Բատիստա Տիեպոլո իտալ.՝ Giovanni Battista Tiepolo | |
---|---|
Ի ծնե | Giovanni Battista Tiepolo |
Ծնվել է | մարտի 5, 1696 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | մարտի 27, 1770 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | fresco painter, նկարիչ-փորագրող, գծագրող, նկարիչ, գծանկարիչ, տպագրիչ և օֆորտանկարիչ |
Ոճ | ռոկոկկո և բարոկկո |
Ժանր | ֆրեսկո, կրոնական նկարչություն, այլաբանություն, Անիմալիստիկա, կենցաղային ժանր, բնանկար, դիցաբանական գեղանկարչություն, capriccio?, դիմապատկեր և Ծաղրանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ceiling fresco in the staircase of the Würzburg Residence? |
Ներշնչվել է | Gregorio Lazzarini? և Ջամբատիստա Պիտոնի |
Հայր | Domenico Tiepolo? |
Մայր | Orsetta Tiepolo? |
Ամուսին | Maria Cecilia Guardi? |
Զավակներ | Ջովաննի Դոմենիկո Տիեպոլո և Lorenzo Baldissera Tiepolo? |
Giovanni Battista Tiepolo Վիքիպահեստում |
Ջովաննի Բատիստա Տիեպոլո (իտալ.՝ Giovanni Battista Tiepolo, մարտի 5, 1696, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մարտի 27, 1770, Մադրիդ, Իսպանիա), իտալացի նկարիչ և փորագրիչ։ Վենետիկի դպրոցի 18-րդ դարի խոշորագույն ներկայացուցիչ։
Սովորել է Վենետիկում՝ Գրեգորիո Լաձարինիի մոտ, կրել Պաոլո Վերոնեզեի և Ջովաննի Բատիստա Պյացետտիի ազդեցությունը։ Աշխատել է հիմնականում Վենետիկում, ինչպես նաև Միլանում (1731-1732, 1737, 1740), Վյուրցբուրգում (1750-1753), Մադրիդում (1762-1770)։
Տիեպոլոյի վաղ շրջանի (1716-1734) գործերում դրսևորվել եննկարչին բնորոշ հարուստ երևակայությունն ու դեկորատիվ թափը (Վենետիկի Դոլֆինո պալատի նկարաշարը, 1725-ից հետո, այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ և այլ հավաքածուներ)։ 1735-1750 թվականներին Տիեպոլոյի գործերը դարձել են լայնաշունչ և արտահայտիչ, կոլորիտը պայծառացել է և հարստացել նուրբ երանգներով (Վենետիկի Ջեզուատի, 1737-1739, և Սկալցի, 1743-1744, եկեղեցիների առաստաղապատկերները)։
1750-1760-ականներին մեծ փառքի հասած Տիեպոլոն աշխատել է նաև օտարերկրյա արքունիքների համար, ընտրվել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1756-1758)։ Այդ շրջանում են կատարվել նրա լավագույն որմնանկարաշարերը (Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայր, 1750-1753, Վենետիկի պալացցո Լաբիա, մոտ 1750 և այլն), որոնք առանձնանում են տոնական ճոխությամբ, տարբեր գույների նուրբ երանգներով հարուստ, պայծառ կոլորիտով։ 1740-1750-ականներին են պատկանում կերպարների զգացմունքայնությամբ և վիրտուոզ տեխնիկայով հատկանշվող Տիեպոլոյի հաստոցային կարևորագույն գործերը («Ամփիտրիտեի հաղթարշավը», մոտ 1740, Դրեզդենի պատկերասրահ, «Մոգերի երկրպագությունը», 1753, Հին պինոկոտեկա, Մյունխեն)։ 1762-1766 թվականներին Մադրիդում թագավորական պալատի համար գեղանկարել է մի շարք առաստաղապատկերներ։
Տիեպոլոյի ստեղծագործությունն իր ավարտին է հասցրել 16-18-րդ դարերի իտալական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության զարգացումը։ Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց անհատակ տարածությամբ, անսանձ դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսաօդային էֆեկտների կատարելությամբ, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ, ռակուրսների ու տեսանկյունների նորարարությամբ ու անսպասելիությամբ համաշխարհային մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բարձունքներից են։ Տիեպոլոն իր կոմպոզիցիաները հրաշալիորեն է կապել ինտերիերին, ստեղծելով ռեալ տարածության խորություն ու ընդարձակության պատրանք։ Հանդես է եկել նաև իբրև դիմանկարիչ, եղել հմուտ գծանկարիչ և օֆորտիստ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բատիստա Տիեպոլո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 5)։ |