Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1969-001A |
NSSDCA ID | 1969-001A |
SCN | 03642 |
Գործարկման ամսաթիվ | 1969 հունվարի 5, 06:28:08 UTC |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 1130 կգ |
Վեներա 5 (ռուս.՝ Венера 5), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից, որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։ Կայանի կառուցվածքը նման էր Վեներա-4-ին, տարբերությունը միայն իջեցվող սարքի ավելի ամուր էր կառուցվածքն էր։
Վեներայի մթնոլորտին մոտենալու պահին կայանը արձակել է 405 կգ կշռող իջեցվող սարքի պարկուճը, որը պարունակում էր գիտական գործիքներ։ 1969 թվականի մայիսի 16-ին 53 րոպեի ընթացքում, մինչ պարկուճը կախված էր արգելակման պարաշյուտից, կայանը փոխանցեց Վեներայի մթնոլորտի տվյալները։ Իջեցվող սարքը վայրէջք կատարեց Վեներայի կոորդինատների համակարգով 3° հս․ լ․ 18° աե․ ե․ վայրում։ Կայանի վրա գտնվում էին Խորհրդային Միության պետական զինանշանով մեդալիոն և Լենինի հարթաքանդակ։
Հաշվի առնելով Վեներա-4-ի արդյունքները՝ Վեներա-5-ի և Վեներա-6-ի իջեցվող սարքերում տեղադրվել էին հավելյալ գիտական սարքավորումներ, նոր քիմիական վերլուծություններ կատարելու համար։ Այս սարքավորումներով հնարավոր է եղել ճշգրտել մթնոլորտի կազմությունը։ Իմանալով, որ մթնոլորտը չափազանց խիտ է, պարաշյուտները նույնպես փոքրացվել են, որպեսզի պարկուճը հասցնի վայրէջք կատարել՝ մինչև լիցքի սպառվելը։
Վեներա-5-ը արձակվել է Երկրի կայանման ուղեծիր 1969 թվականի հունվարի 5-ին։ 1969 թվականի մարտի 14-ին իրականացված ուղղող մանևրից հետո կայանի հետագիծը ուղղվեց դեպի Վեներա, և 1969 թվականի մայիսի 16-ին Վեներայից 37,000 կմ հեռավորության վրա կայանից արձակվեց իջեցվող սարքի պարկուճը։ Այն մտավ մոլորակի գիշերային կողմի մթնոլորտ 06:01-ին։ Արգելակող պարաշյուտը արձակվեց երբ անկման արագությունը իջավ մինչև 210 մ/վ, և անմիջապես սարքը սկսեց փոխանցել տվյալներ։ Փոխանցումները կատարվեցին յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ 53 րոպեի ընթացքում։ Համաձայն վերջին ստացված տվյալների իջեցվող սարքը ենթարկվում էր 320 °C ջերմաստիճանի և մոտավորապես 2610 կիլոպասկալ (26,1 բար) ճնշման։
Ֆոտոմետրի տվյալները ցույց տվեցին 250 Վտ լույսի մակարդակ մեկ քառակուսի մետրի վրա։ Տվյալները նաև հաստատեցին Վեներա-4-ից ստացված բարձր ջերմաստիճանի, ճնշման և ածխածնի երկօքսիդի բարձր պարունակությունը մթնոլորտում։
|