Ալոնսո Կանո իսպ.՝ Alonso Cano de Almansa | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1601 |
Ծննդավայր | Գրանադա, Կաստիլիա և Լեոն |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1667 (66 տարեկան) |
Մահվան վայր | Գրանադա, Կաստիլիա և Լեոն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գծագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | բարոկկո |
Թեմաներ | գեղանկարչություն |
Alonso Cano Վիքիպահեստում |
Կանո Ալոնսո (իսպ.՝ Alonso Cano de Almansa, մարտի 19, 1601, Գրանադա, Կաստիլիա և Լեոն - սեպտեմբերի 3, 1667, Գրանադա, Կաստիլիա և Լեոն), իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ։
Ալոնսոն՝ քանդակագործ և ճարտարապետ Միգել Կանո Պաչեկոյի և նկարչության դասատու Մարիա Ալմանսա Պաչեկոյի որդին, կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել՝ աշակերտելով նաև Վելասկեսի ուսուցչին՝ Ֆրանսիսկո Պաչեկոյին ու քանդակագործ Խուան Մարտինես Մոնտանիեսին։ Առաջին գործը, որ ճանաչում ու համբավ է բերել նրան, սուրբ Ֆրանսիսկո դե Բորխի դիմանկարն էր (1624 թ.): Իսկ նրա մեծագույն աշխատանքը համարվում է Սևիլյայի Սանտա Մարիա դե Լեբրիխա եկեղեցու խորանի պատկերազարդումը։ 1638 թվականին Ալոնսոն տեղափոխվել է Մադրիդ, որտեղ նոր պատվերներ ստանալուն նպաստել է կոմս Օլիվարեսի և արդեն համբավ նվաճած նկարիչ Վելասկեսի հետ մտերմությունը։
1644 թվականին նրան մեղադրել են իր կնոջ սպանության մեջ, բանտ են նետել, կտտանքների ենթարկել, սակայն նա չի կոտրվել, կարողացել է ապացուցել իր անմեղությունը և ազատ է արձակվել։ Տեղափոխվել է Վալենսիա՝ սրբակրոնություն ընդունելու և վանք մտնելու նպատակադրումով։ 1652 թվականին վերադարձել է հայրենի Գրանադա, որտեղ Ֆիլիպ IV արքայի միջնորդությամբ նշանակվել է տաճարի տնտեսվար։ Միաժամանակ շարունակել է ստեղծագործել. պատկերազարդել է այդ տաճարի գլխավոր մատուռը, որից հետո նշանակվել է տաճարի գլխավոր նկարիչ, սակայն շատ ժամանակ չանցած՝ վախճանվել է։ Թաղվել է Գրանադայի տաճարի կրիպտեում (ստորգետնյա խորանում)։
Ալոնսո Կանոյի արվեստում համադրված, միահյուսված են մաներիզմի և բարոկկոյի տարրերը։ Նրա ստեղծագործություններում զգալի է իտալական կերպարվեստի ազդեցությունը։
Կանոյի համբավավոր աշակերտներից են քանդակագործներ Պեդրո դե Մենան և Խոսե դե Մորան։
Ալոնսո Կանոյի պատվին՝ նրա անունով են կոչել մեկական փողոց ու մետրոյի կայարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ այդ կերպ հավերժացնելով անվանի արվեստագետի հիշատակը։
Աշխատել է Սևիլյայում, Մադրիդում, Վալենսիայում, Գրանադայում։
Ալոնսո Կանոյի բազմագույն քանդակներն առանձնանում են կոթողայնությամբ, ոգեղենությամբ, կենսական արտահայտչականությամբ (Գրանադայի տաճարի սրբերի արձաններն ու կիսանդրիները, 1658-1660 թվականներ)։ Գրանադայի տաճարի արևմտյան ճակատի Կանոյի նախագիծը 1703 թվականին իրականացրել է ճարտարապետ Խուան Գրանադոսը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսո Կանո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 239)։ |