Իվո Անդրիչ (սերբ.՝ Иво Андрић/Ivo Andrić, հոկտեմբերի 10, 1892, Դոլաց, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա - մարտի 13, 1975, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի գրող, դրամատուրգ։ Հարավսլավացի միակ գրողն է, որ արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Իվո Անդրիչը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում, դպրոցական ծառայող Անտուն Անդրիչի ու Կատերինա Անդրիչի ընտանիքում (օրիորդական ազգանունը՝ Պեյիչ)։ Մկրտվել է հռոմեակաթոլիկական կարգով։ Երբ մահացել է ընտանիքի հայրը, ապագա գրողը դեռ երեք տարեկան էլ չկար։ Մայրը որդու հետ տեղափոխվում է Վիշեգրադ՝ ամուսնու ազգականների մոտ։ Այդտեղ Անդրիչն անցկացրել է իր մանկությունն ու ավարտել հիմնական դպրոցը։ 1903 թվականին նա ընդունվում է Սարաևոյի գիմնազիա։ Գիմնազիայում սովորելու տարիներին Իվո Անդրիչը ելույթներ է ունեցել ավստրո-հունգարական նվաճողներից հարավսլավոնական ազգերի ազատագրման օգտին և անգամ անդամակցել է «Մլադա Բոսնա» երիտասարդական ազգայնական շարժմանը, որի գործունեությունն ի վերջո հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն։ 1912 թվականին Անդրիչն ընդունվում է Զագրեբի թագավորական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, իսկ ավելի ուշ սովորել է Վիեննայում, Կրակովում և Գրացում։ «Բոսնիայի հոգևոր կյանքի զարգացումը թուրքական գերիշխանության ազդեցության տակ» թեմայով իր դոկտորոկան ատենախոսությունն Իվո Անդրիչը պաշտպանել է Գրացի համալսարանում 1924 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի հուլիսին, Իվո Անդրիչը ձերբակալվել է որպես «հարավսլավացի ազգայնական» և մինչև 1915 թվականի մարտն անցկացրել է սկզբում Շիբենիկի, ապա Մարիբորի բանտերում։ Սակայն կալանքից ազատվելուց հետո էլ գրողը ազատություն ձեռք չբերեց. մինչ 1917 թվականի ամառը նա գտնվում էր տնային կալանքի տակ Զենիցեում։
Անդրիչն ունեցել է դիվանագետի հաջող կարիերա։ 1920 թվականին նա աշխատել է Վատիկանի դեսպանատանը, ապա հյուպատոսություններում Բուխարեստում, Տրիեստում ու Գրացում։ 1927 թվականին աշխատել է Մարսելի ու Փարիզի հյուպատոսություններում, իսկ ավելի ուշ՝ Մադրիդում։ 1930-1933 թվականներին եղել է Հարավսլավիայի Թագավորության՝ Ժնևում Ազգերի լիգային կից մշտական հանձնաժողովի քարտուղարը, այնուհետև որպես Հարավսլավիայի կառավարության արտակարգ ներկայացուցիչ գտնվել է Բեռլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Անդրիչը թողնում է պաշտոնն ու վերադառնում Բելգրադ։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում է այն ստեղծագործությունները, որոնք արժանացան համաշխարհային ճանաչման։
1954 թվականին Իվո Անդրիչը դառնում է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության անդամ և Հարավսլավիայի գրողների միության նախագահ։ Նա առաջինն էր, ով 1954 թվականին ստորագրեց Նովոսադի պայմանագիրը սերբախորվաթական գրական լեզվի միասնականացման մասին։ 1961 թվականին Իվո Անդրիչը արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1975 թվականին Բելգրադում։
Իվո Անդրիչի՝ սերբ կամ խորվաթ լինելու, ինչպես նաև սերբական թե խորվաթական գրական ավանդույթներին հետևելու հարցը մնում է վիճահարույց։ Շատ սերբեր նրան համարում են սերբ այնպես, ինչպես շատ խորվաթներ նրան համարում են խորվաթ ու խորվաթական գրական ավանդույթների ներկայացուցիչ։
Իվո Անդրիչի ուսանողական փաստաթղթերը վկայում են, որ գրողն իր մասին խոսել է որպես խորվաթի։ Զագրեբի համալսարան ընդունվելու հարցաթերթիկում, որ Անդրիչը լրացրել է Զագրեբում 1912 թվականի հոկտեմբերի 14-ին, գրված է, որ նրա մայրենի լեզուն խորվաթերենն է։ Կրակովի համալսարանում գրանցվելիս ազգությանը վերաբերող տողում գրել է, որ ինքը խորվաթ կաթոլիկ է Բոսնիայից։
Սակայն լինելով հարավսլավոնական ազգերի միասնության կողմնակից՝ Անդրիչն իր մասին խոսում է որպես սերբի։ Իրեն սերբ է համարել մինչև կյանքի վերջ և իր կյանքը կապել է Սերբիայի ու Բելգրադի հետ։ Իր ստեղծագործությունների մեծ մասը (բացառությամբ վաղ շրջանի պատմվածքների) Անդրիչը գրել է գրական սերբերենով, այսինքն՝ Անդրիչի ստեղծագործությունների լեզուն չի համապատասխանում ժամանակակից խորվաթական գրական ավանդույթին։ Իվո Անդրիչը կիրիլիցայով է վարել նաև իր անձնական նամակագրությունը։
Առավել հայտնի են Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» (На Дрини ћуприја), «Տրավնիցկի ժամանակագրություն» (Травничка хроника) և «Տիկինը» (Госпођица) ստեղծագործությունները, որոնցում պատկերված է այն ժամանակաշրջանը, երբ հարավսլավական հողերը նվաճված էին Օսմանյան կայսրության կողմից։ 1961 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 395)։ |