Կաթնամթերք

Կաթնամթերքի տեսականի

Կաթնամթերք, կաթնաթթվային մթերքներ են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, թանը, չորթանը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն։

Սերուցք

Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ։ Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ։ Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ։ Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան։

Թթվասեր

Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով։ Թթվասերով համեմում են որոշ կերակրատեսակներ, օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն պատրաստելիս։

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պատրաստում են՝ անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով։ Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված։ Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է։ Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով։ Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ։

Մածուն

Մածունը թթու կաթնամթերք է։ Առաջինը պատրաստել են Հայկական լեռնաշխարհում. այն համարվում է զուտ հայկական ուտեստ։ Մածունը ստանում են եռացրած և հովացրած (մինչև 40–45օC) կաթը մերելով. հիմնականում որպես մերան օգտագործվում է պատրաստի մածունը, դրա չլինելու դեպքում՝ մակարդախոտը։ Թունավորումների դեպքում մածունն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց։

Ացիդոֆիլին

Ացիդոֆիլինը կաթնաթթվային սննդամթերք է. պատրաստում են անարատ կամ զտված կաթը կաթնաթթվային և ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբերով թթվեցնելով։ Օգտագործվում է բուժական սննդում։

«Նարինե»

«Նարինեն» սննդային հավելում է, որը պատրաստում են կաթը մանրէաբան Լ. Հ. Երզինկյանի առաջարկած մանրէներով թթվեցնելով։ Օգտագործվում է սալմոնելոզի, դիսբակտերիոզի, գաստրիտի ժամանակ, սակայն վերջինիս էֆեկտիվությունն ապացուցված չէ։ «Նարինեն» պատենտավորված է, արտադրվում է նաև արտերկրում, օրինակ՝ Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր։[փա՞ստ]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978