Վան-Բիսական Քրիսթալ Փելասի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում։ Մարտին անգլիացին ճանաչվեց թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Վան-Բիսական Քրիսթալ Փելասի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ այս մրցաշրջանի ևս 6 խաղերում և ճանաչվեց թիմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
2018-19 մրցաշրջանում Վան-Բիսական դարձավ Քրիսթալ Փելասի հիմնական կազմի խաղացող։ 2018 թվականի օգոստոսի 11-ին նա գոլային փոխանցում տվեց Ուիլֆրիդ ԶահայինՖուլհեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Օգոստոսի 20-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Լիվերպուլի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 75-րդ րոպեին։ Օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և 2019 թվականի մարտին Վան-Բիսական ճանաչվեց Քրիսթալ Փելասի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ տարվա վերջում՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ակումբի կազմում անգլիացին անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մանչեսթեր Յունայթեդ
2019 թվականի հունիսի 29-ին Վան-Բիսական 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Միջազգային կարիերա
Վան-Բիսական ունի Կոնգո ԴՀ-ի արմատներ և իրավասու է ներկայացնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին նա իր դեբյուտը նշեց Կոնգո ԴՀ-ի մինչև 20 տարեկանների հավաքականում՝ Անգլիայի Մ17 հավաքականի դեմ խաղում։ Այնուամենայնիվ, 2018 թվականի մարտին Վան-Բիսական հրավիրվեց Անգլիայի Մ20 հավաքական։ Իր դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 22-ին՝ Լեհաստանի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով կարմիր քարտ և հեռացվելով խաղադաշտից։ 2019 թվականի հունիսին Վան-Բիսական մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ֆրանսիայի դեմ խաղում և այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ խաղի վերջին րոպեին։