Կույտը 2015 թվականին՝ Ֆեյենորդում խաղալու ժամանակ | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1980 (43 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | |||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||
Դիրք |
հարձակվող վինգեր հարձակողական կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
1985-1998 | Արագ Տղաներ | |||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | ||||||||||
1998 | Արագ Տղաներ | 6 | (3) | |||||||||
1998-2003 | Ուտրեխտ | 160 | (51) | |||||||||
2003-2006 | Ֆեյենորդ | 101 | (71) | |||||||||
2006-2012 | Լիվերպուլ | 208 | (51) | |||||||||
2012-2015 | Ֆեներբահչե | 95 | (26) | |||||||||
2015-2017 | Ֆեյենորդ | 63 | (31) | |||||||||
1998-2017 | Ընդհանուր | 632 | (233) | |||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
1998-1999 | Նիդերլանդներ Մ18 | 5 | (2) | |||||||||
2000-2001 | Նիդերլանդներ Մ21 | 11 | (6) | |||||||||
2004-2014 | Նիդերլանդներ | 104 | (24) | |||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դիրկ Կույտ (հոլ.՝ Dirk Kuijt, Նիդերլանդերեն արտասանություն` ( ), հուլիսի 22, 1980, Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, սակայն հանդես է եկել նաև որպես վինգեր և հարձակողական կիսապաշտպան։
Կույտը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1998 թվականին Ուտրեխտում։ Ուտրեխտի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և վերջին մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների գավաթը և հաղթել 2003 թվականի Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկը։ Դրանից հետո նա 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆեյենորդ։ Նա դարձավ թիմի ավագը և 3 տարի անընդմեջ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու, 2004-2005 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու և 2005-2006 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ֆուտբոլիստ։ 1999-ից 2006 թվականները ընկած 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ, իսկ 2001-ից 2006 թվականներին մասնակցել է 179 հաջորդական խաղերի։
Կույտը Ֆեյենորդում անցկացրեց 3 մրցաշրջան՝ դառնալով 83 գոլի հեղինակ 122 խաղերում։ 2006 թվականին նա միացավ անգլիական Լիվերպուլին 10 միլիոն եվրոյի դիմաց։ Շուտով նա դարձավ Լիվերպուլի հիմնական կազմի խաղացող և գոլ հեղինակեց իր առաջին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ Միլանի դեմ։
Կույտը մի շարք կարևոր գոլեր է խփել Լիվերպուլի կազմում՝ ներառյալ 7 գոլերը 2007-2008 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում։ Իր առաջին հետ-տրիկը անգլիական թիմի կազմում խփել է 2011 թվականի մարտին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ 2012 թվականի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում՝ Կարդիֆի դեմ խաղում Կույտը փոխարինման դուրս եկավ և գոլ հեղինակեց խաղի լրացուցիչ ժամանակում, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց Լիգայի գավաթը։ Սա դարձավ Կույտի միակ հաղթած գավաթը Լիվերպուլի կազմում։
Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Կույտը նշել է 2004 թվականին։ Հավաքականի հետ մասնակցել է 2006, 2010, 2014 թվականների Աշխարհի առաջնություններին, 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։
Կույտը ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականի մայիսի 17-ին՝ վերջին խաղում դառնալով գոլի հեղինակ, որի շնորհիվ Ֆեյենորդը հաղթեց 1999 թվականից հետո իր առաջին Էրեդիվիզին։
Կույտը 4 երեխաներից 3-րդն էր։ Նրա հայրը ձկնորս էր, և Կույտը ասել է, որ եթե նա ֆուտբոլիստ չդառնար, ապա կշարունակեր իր հոր գործը։ Նա մեծացել է Կաթվեյկ ձկնորսական համայնքում։
Կույտը միացել է Արագ Տղաներ ակումբի ակադեմիային 5 տարեկան հասակում։ Թիմի առաջին կազմում խաղացել է 1998 թվականին և մասնակցել է մրցաշրջանի վերջին 6 խաղերին՝ գրավելով Էրեդիվիզիում հանդես եկող Ուտրեխտի ղեկավարության ուշադրությունը։ Կույտը մինչև հիմա կանոնավոր կերպով այցելում է Կաթվեյկ և իր նախկին ակումբ Արագ Տղաներ, որը ստացել էր 300,000 եվրո ֆուտբոլիստի՝ Լիվերպուլ տեղափոխությունից։
Կույտը միացավ Ուտրեխտին 1998 թվականի ամռանը՝ 18 տարեկան հասակում, և միանգամից հաստատվեց թիմի հիմնական կազմում։ Նա երբեմն խաղում էր հարձակվողի դիրքում, բայց ավելի հաճախ նա հանդես էր գալիս որպես վինգեր, քանի որ հարձակվողի դիրքում ավելի նախընտրելի էր Իգոր Գլուշչևիչը։
Այսպես շարունակվեց մինչև 2002-2003 մրցաշրջանը, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆոեկե Բույը, ով սկսեց Կույտին խաղացնել հարձակվողի և ենթահարձակվողի դիրքում, ինչից հետո այդ մրցաշրջանում Կույտը 20 գոլ հեղինակեց առաջնությունում։ Ուտրեխտը նաև հասավ Նիդերլանդների գավաթի եզրափակիչ, որտեղ խաղաց Ֆեյենորդի դեմ։ Չնայած Ֆեյենորդը խաղի ֆավորիտն էր, Ուտրեխտը հաղթեց 4-1 հաշվով։ Այս խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցաշրջանից հետո Կույտը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆեյենորդ, որտեղ փոխարինեց ակումբից հեռացող Պիեր վան Հոյդոնկին։
Ֆեյենորդում անընդմեջ խփած գոլերի շնորհիվ Կույտը միանգամից ստացավ երկրպագուների սերը։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ 22 գոլի հեղինակ։ 2004-2005 մրցաշրջանի առաջին խաղում Կույտը խփեց իր կարիերայի առաջին հետ-տրիկը՝ Դե Գրաֆսհապի դեմ խաղում։ Հետո նա 3 գոլ խփեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում։ Այս մրցաշրջանը նա ավարտեց 29 գոլերով։ Սա նրա կարիերայի լավագույն արդյունքն է։
2005 թվականին Կույտը դարձավ Ֆեյենորդի ավագը և անցկացրեց իր 3-րդ հաջողակ մրցաշրջանը՝ խփելով 25 գոլ բոլոր մրցաշարերում։ Նա շատ լավ էր համագործակցում իր թիմակից Սալոմոն Կալուի հետ։ Նրանց զույգը անվանել էին «K2»:
2006 թվականի ամռանը շշուկներ էին պտտվում, որ Կույտով հետաքրքրված են անգլիական Լիվերպուլը և Նյուքասլը։ Դրանք սկիզբ էին առել դեռ մայիսին, երբ Կույտը հայտարարեց, որ թեև նա երջանիկ է Լիվերպուլում, նա ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում։ Կույտը Լիվերպուլ տեղափոխվեց օգոստոսի 18-ին մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց։
1999-ից 2006 թվականների 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ՝ անցկացնելով 233 հանդիպում, իսկ 2001 թվականի մարտից 2006 թվականի ապրիլը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 179 հաջորդական խաղերի։
Լիվերպուլին միանալուց հետո Կույտը հայտարարեց. «Ես ցանկանում էի հեռանալ Ֆեյենորդից միայն ինչ-որ իսկապես մեծ ակումբի համար, որն է հանդիսանում է Լիվերպուլը։ Այն ֆանտաստիկ մեծ ակումբ է, և այստեղ խաղալը իրական ճնշում կլինի։»
Լիվերպուլում Կույտը իր դեբյուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման դուրս գալով Վեստ Հեմի դեմ խաղում։ Առաջին անգամ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 12-ին՝ ՊՍՎ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Նյուքասլի դեմ խաղում։ Հոլանդացին գոլ խփեց նաև հաջորդ՝ Տոտենհեմի դեմ խաղում։ Իր 3-րդ գոլը Լիվերպուլի կազմում խփեց Աստոն Վիլլայի դեմ խաղում, ինչից հետո ողջունեց իր հիվանդ հորը, ով հետևում էր խաղին մարզադաշտից։ 2 շաբաթ անց Կույտը դուբլ ձևակերպեց Ռեդինգի դեմ 2-0 ավարտված խաղում։
Իր վաղ ելույթների համար Կույտը շատ գովասանք ստացավ, մասնավորապես՝ Daily Mirror-ը գրում էր. «Հոլանդացին ունի հեթանոսական հերոսի տեսք ստեղծման ընթացքում։» Նրա վաղ հայտնիության պատճառներից մեկը նաև այն էր, որ Կույտը ամեն խաղից հետո քայլում էր դաշտի բոլոր անկյուններով և ծափահարում Լիվերպուլի երկրպագուներին։
2007 թվականի հունվարի 20-ին Կույտը գոլի հեղինակ դարձավ Չելսիի դեմ խաղի 4-րդ րոպեին, և Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով։ Սա առաջին անգամն էր, երբ Ռաֆայել Բենիտեսը պարտության մատնեց Ժոզե Մոուրինյոյին։ Սա նաև Լիվերպուլի առաջին գոլն էր 2006-2007 մրցաշրջանում՝ խփված մրցաշարային աղյուսակի լավագույն 4 ակումբների դեմ խաղերում։ Այդ մրցաշրջանում իր 10-րդ գոլը Կույտը խփեց 2007 թվականի հունվարի 30-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում։
2006-2007 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ պատասխան խաղում Կույտը գոլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում, սակայն այն չեղյալ հայտարարվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց հաղթական 11-մետրանոցը։ Միլանի դեմ եզրափակչի խաղում Կույտը դարձավ Լիվերպուլի միակ գոլի հեղինակը, բայց մերսիսայդական ակումբը պարտվեց 2-1 հաշվով։
Կույտը խփեց 2007-2008 մրցաշրջանի իր առաջին գոլերը 2007 թվականի օգոստոսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման Թուլուզի դեմ խաղում։ Հոկտեմբերի 20-ին՝ Էվերտոնի դեմ Մերսիսայդական դերբիում Կույտը իրացրեց երկու 11-մետրանոցները, որոնց շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով։ Այս մրցաշրջանում իր երրորդ և վերջին գոլը նա խփեց 2007 թվականի նոյեմբերին՝ Նյուքասլի դեմ խաղում։ Սրանից հետո հոլանդացին չկարողացավ ոչ մի գոլ խփել Պրեմիեր Լիգայում մինչև 2008 թվականի հոկտեմբերը։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղերում Կույտը չդարձավ ոչ մի գոլի հեղինակ։
2008 թվականի փետրվարի 19-ին՝ Ինտերի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում Կույտը խփեց առաջին գոլը, իսկ Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով։
2008 թվականից Կույտը սկսեց հանդես գալ աջ վինգերի դիրքում և շուտով հարմարվեց նոր դիրքին։
2008 թվականի ապրիլի 22-ին Կույտը խփեց առաջին գոլը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ առաջին խաղում։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով, սակայն Լիվերպուլը դուրս մնաց պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում Դրոգբայի և Լեմպարդի գոլերի պատճառով։
Կույտը գոլի հեղինակ դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղի վերջում, որի շնորհիվ Լիվերպուլը անցավ մրցաշարի խմբային փուլ։
Կույտը հայտնի էր կարևոր խաղերում խփած կարևոր գոլերով, որոնցից էին 2008 թվականի հոկտեմբերի 5-ին նրա խփած գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը և հոկտեմբերի 18-ին ձևակերպած դուբլը Ուիգան Ատլետիկի դարպասը, որի շնորհիվ Լիվերպուլը 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
2008-2009 մրցաշրջանում Կույտը 15 գոլ խփեց։ Սա նրա լավագույն արդյունքն էր Լիվերպուլի կազմում։ Այս մրցաշրջանում Լիվերպուլը գրավեց 2-րդ հորիզոնականը։
Լիվերպուլի ֆուտբոլիստների վնասվածքների հետևանքով Կույտը սկսեց հաճախ հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Նա գոլի հեղինակ դարձավ Ստոկ Սիթիի և Բարնլիի դեմ խաղերում, որոնք երկուսն էլ ավարտվեցին 4-0 հաշվով։ Նա գոլ խփեց նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հունգարական Դեբրեցենի դեմ 1-0 հաշվով ավարտված խաղում։ Կույտը խփեց իր 4-րդ գոլը Պրեմիեր Լիգայում Էվերտոնի դեմ խաղում։ 2010 թվականի հունվարի 20-ին Կույտը խփեց խաղի երկու գոլերը Տոտենհեմի դեմ 2-0 հաշվով ավարտված խաղում։
Փետրվարի 6-ին Կույտը խփեց իր 4-րդ գոլը Մերսիսայդական դերբիներում՝ գլխի հարվածով գրավելով Էվերտոնի դարպասը խաղի 55-րդ րոպեին։ Սա դարձավ նրա 50-րդ գոլը Լիվերպուլի կազմում բոլոր մրցաշարերում։ Նա նաև ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Ապրիլի 8-ին հոլանդացին խփեց իր 51-րդ գոլը Լիվերպուլի կազմում՝ Բենֆիկայի դեմ Եվրոպա Լիգայի խաղում։ Այդ գոլը սկզբից չեղյալ համարվեց մրցավարի կողմից խաղից դուրս վիճակի պատճառով, սակայն Լիվերպուլի ֆուտբոլիստների և մարզիչ Ռաֆայել Բենիտեսի առարկությունների պատճառով մրցավարը փոխեց իր միտքը և թույլ տվեց գոլը։ Այս մրցաշրջանի վերջին խաղում Կույտը անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Լիվերպուլի կազմում՝ Հալլ Սիթիի դեմ խաղում։
Կույտը մասնակցեց 2010-2011 մրցաշրջանի Լիվերպուլի առաջին խաղին` Արսենալի դեմ, որը ավարտվեց 1-1 հաշվով։ Նա նաև մասնակցեց օգոստոսի 23-ին կայացած Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին։ 3 օր անց Եվրոպա Լիգայի որակավորման փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով։ Նիդերլանդների հավաքականի կազմում մարզվելու ժամանակ Կույտը ստացավ կոճի վնասվածք, որի պատճառով բաց թողեց 1 ամիս, սակայն նա վերադարձավ 1 շաբաթ ավելի շուտ և խփեց մրցաշրջանի իր 2-րդ գոլը սեպտեմբերի 25-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում։
2011 թվականի մարտի 6-ին Կույտը խփեց իր առաջին հետ-տրիկը Պրեմիեր Լիգայում՝ ակումբի ամենամեծ մրցակից Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ Այս խաղում Լիվերպուլը հաղթեց 3-1 հաշվով։ Ապրիլի 15-ին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականի ամառը։
Ապրիլի 17-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Արսենալի դեմ խաղի 90+12-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը Ռոբին վան Պերսիի 90+8-րդ խփած 11-մետրանոցից հետո։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ 2011 թվականի մայիսի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Կույտը դարձավ Լիվերպուլի առաջին ֆուտբոլիստը Ջոն Օլդրիջից հետո, ով գոլի հեղինակ էր դարձել 5 հաջորդական խաղերում։ Կույտը դարձավ այս մրցաշրջանի Լիվերպուլի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլերով Պրեմիեր Լիգայում և 15 գոլերով բոլոր մրցաշարերում՝ հավասարվելով իր նախկին լավագույն արդյունքին։
2011 թվականի սեպտեմբերի 21-ին Կույտը խփեց այս մրցաշրջանի իր առաջին գոլը՝ գրավելով Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դարպասը Ֆուտբոլային Լիգայի գավաթի խաղում։ Նա 2011 թվականին այլևս գոլի հեղինակ չդարձավ։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նա բաց թողեց Լիվերպուլի կազմում իր 50-րդ գոլը խփելու հնարավորությունը՝ չիրացնելով 11-մետրանոցը Էվերտոնի դեմ խաղում։ Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ Կույտը կունենա խորհրդատվական պաշտոն իր առաջին ակումբ Արագ Տղաներում։ Կույտը իր առաջին գոլը խփեց 2012 թվականի հունվարի 28-ին՝ Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդի Մանչեսթեր Յունայթեդի 88-րդ րոպեին, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով։ Կույտը խփեց իր 50-րդ գոլը Պրեմիեր Լիգայում փետրվարի 1-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ դառնալով Լիվերպուլի 5-րդ ֆուտբոլիստը, ով 50 կամ ավելի գոլ է խփել Պրեմիեր Լիգայում։
Փետրվարի 26-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ 2012 թվականի Ֆուտբոլային Լիգայի գավաթի եզրափակչում փոխարինման դուրս գալով Կույտը խփեց Լիվերպուլի երկրորդ գոլը լրացուցիչ ժամանակում։ Խաղը ավարտվեց 2-2 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց իր 11-մետրանոցը, իսկ Լիվերպուլը նվաճեց Լիգայի գավաթը։ Սա դարձավ Կույտի միակ գավաթը, որը նա հաղթեց Լիվերպուլի կազմում։
2012 թվականի հունիսի 3-ին Կույտը 3 տարվա պայմանագիր կնքեց թուրքական Ֆեներբահչեի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1 միլիոն եվրո։ Կույտը տարեկան ստանում էր 2.85 միլիոն եվրո աշխատավարձ, գումարած 17,500 եվրո բոնուս խաղերի համար։ Նա իր առաջին գոլը խփեց Ֆեներբահչեի կազմում օգոստոսի 8-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ Վասլուիի դեմ խաղում։ Կույտը գոլի հեղինակ դարձավ նաև իր Թուրքիայի առաջնության դեբյուտում՝ Էլյազիգսպորի դեմ խաղում։ Գազիանտեպսպորի դեմ խաղում Կույտը խփեց իր կարիերայի 250-րդ գոլը՝ ներառյալ միջազգային գոլերը։
2015 թվականի ապրիլին Կույտը 1 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ։
2016-2017 մրցաշրջանում Ֆեյենորդը Կույտի հետ հաղթեց իր առաջին Էրեդիվիզին՝ սկսած 1999 թվականից։ Մրցաշրջանի վերջին խաղում Կույտը հետ-տրիկ ձևակերպեց, որի շնորհիվ Ֆեյենորդը Հերակլեսին հաղթեց 3-1 հաշվով։ 3 օր անց Կույտը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Երբ Մարկո վան Բաստենը դարձավ Նիդերլանդների ազգային հավաքականի մարզիչ, նա հավաքականի կազմից հեռացրեց արդեն կազմում հաստատված մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ հարձակվողներ Ռոյ Մակային և Պատրիկ Կլյուվերտին։ Կույտը իր միջազգային դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում։ Նա դարձավ Նիդերլանդների հավաքականի հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին։ Հավաքականի կազմում Կույտը հիմնականում հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով, բացառությամբ՝ Եվրո 2008-ը, որտեղ նա խաղում էր 18 համարի ներքո՝ այն համարը, որը նա կրում էր Լիվերպուլում։
2006 թվականի աշխարհի առաջնությանը Կույտը մասնակցեց պահեստային նստարանից։ Այնուամենայնիվ, նա փոխարինման մտավ Սերբիա և Չեռնոգորիայի դեմ խաղի 69-րդ րոպեին։ Խմբային փուլի վերջին՝ Արգենտինայի դեմ խաղում, վան Բաստենը որոշեց դաշտ դուրս բերել որոշ երկրորդ կազմի ֆուտբոլիստներ, որոնցից էր նաև Կույտը։
1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղում Կույտը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում վան Նիստելրոյի փոխարեն։ Կույտը անհաջող խաղ անցկացրեց, և Նիդերլանդները պարտվեց 1-0 հաշվով։ Այս խաղը ավելի նշանավոր էր կարմիր և դեղին քարտերի ռեկորդային քանակով (4 կարմիր և 16 դեղին քարտ)։
Նիդերլանդների հավաքականի կազմում Կույտը մասնակցեց Եվրո 2008-ին։ Հունիսի 9-ին նա մասնակցեց առաջնությունում Նիդերլանդների առաջին խաղին՝ գործող աշխարհի չեմպիոն Իտալիայի դեմ։ Այս խաղում նա տվեց 2 գոլային փոխանցում, և Նիդերլանդները հաղթեց 3-0 հաշվով։ Հունիսի 13-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում Կույտը խփեց խաղի առաջին գոլը 4-1 հաշվով ավարտված խաղում։ Նիդերլանդները դուրս մնաց քառորդ եզրափակչում։
Կույտը խփեց 3 գոլ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում։
2010 թվականի մայիսի 27-ին Կույտը ներառվեց Նիդերլանդների հավաքականի կազմում։
Նիդերլանդների հավաքականի առաջնության առաջին խաղում՝ Դանիայի դեմ հանդիպման ժամանակ Կույտը խփեց իր թիմի երկրորդ գոլը 2-0 հաշվով ավարտված խաղում։ Կույտը գոլային փոխանցում տվեց Ուեսլի Սնեյդերին քառորդ եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում։ Նա նաև գոլային փոխանցում տվեց Արիեն Ռոբենին կիսաեզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում։
Կույտը մասնակցեց ազգային հավաքականի առաջնությունում անցկացրած բոլոր 7 խաղերին և դարձավ 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նիդերլանդների հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ եզրափակչում զիջելով Իսպանիային։
2010 թվականի սեպտեմբերի 2-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Եվրո 2012-ի որակավորման առաջին խաղում՝ Սան Մարինոյի դեմ։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ որակավորման փուլի Շվեդիայի դեմ խաղում Կույտը ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 4 շաբաթով։ 2011 թվականի մարտի 25-ին Կույտը խփեց Նիդերլանդների 3-րդ գոլը Հունգարիայի դեմ 4-0 ավարտված խաղում և 4 օր անց նա նույն Հունգարիայի դեմ դուբլ ձևակերպեց, իսկ խաղը ավարտվեց Նիդերլանդների հաղթանակով՝ 5-3 հաշվով։ Կույտը խփեց խաղի 4-րդ գոլը Սան Մարինոյի դեմ ռեկորդային 11-0 հաշվով ավարտված խաղում։ Չնայած որ որակավորման փւոլում Կույտը մեկնարկային կազմի խաղացող էր, նա կորցրեց իր դիրքը Եվրո 2012-ի ժամանակ։ Աջ եզրում խաղում էր Արիեն Ռոբենը, իսկ ձախում՝ Իբրահիմ Աֆելայը։ Այս առաջնությանը նա 2 անգամ փոխարինման մտավ։ Դանիայի դեմ խաղի 85-րդ րոպեին Կույտը փոխարինեց Գրեգորի վան դեր Վիլին, իսկ Գերմանիայի դեմ խաղի 83-րդ րոպեին փոխարինեց Արիեն Ռոբենին։ Նիդերլանդների հավաքականը պարտվեց իր բոլոր 3 խաղերը և դուրս մնաց խմբային փուլից վերջին տեղով։
Երբ 2012 թվականի հունիսին Նիդերլանդների մարզիչ Բերտ վան Մարվեյկը հրաժարական տվեց, նորանշանակ մարզիչ Լուի վան Գալը դարձրեց Կույտին հավաքականի երկրորդ ավագը՝ Ուեսլի Սնեյդերից հետո։ Այնուամենայնիվ, նա հավաքականի կազմում ոչ մի խաղի չմասնակցեց մինչև հոկտեմբերի 12-ի Անդորայի դեմ խաղը, որի ժամանակ նա փոխարինեց Ջերմեին Լենսին խաղի 71-րդ րոպեին։ Նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի դեմ հանդիպմանը նա անցկացրեց ամբողջ խաղը՝ կրելով ավագի թևկապը։
2014 թվականի հունիսի 29-ին կայացած 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Մեքսիկայի դեմ խաղը դարձավ 100-րդը Կույտի համար Նիդերլանդների հավաքականի կազմում։ Այս խաղում նա խաղում էր իր համար անսովոր ձախ եզրային պաշտպանի դիրքում, սակայն նա տեղափոխվեց նաև կենտրոնական հարձակվողի և աջ եզրային պաշտպանի դիրք։
Քառորդ եզրափակչում Կույտը իրացրեց վերջին 11-մետրանոցը Կոստա Ռիկայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, և Նիդերլանդները հաղթեց 4-3 հաշվով։ Կույտը իրացրեց իր թիմի 4-րդ 11-մետրանոցը կիսաեզրափակչի Արգենտինայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, բայց Նիդերլանդները պարտվեց 4-2 հաշվով։ 3-րդ տեղի համար Բրազիլիայի դեմ 3-0 հաշվով ավարտված խաղը դարձավ վերջինը Կույտի համար Նիդերլանդների հավաքականում։
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1998–99 | Ուտրեխտ | Էրեդիվիզի | 28 | 5 | 2 | 1 | — | 0 | 0 | — | 30 | 6 | ||
1999–2000 | 32 | 6 | 4 | 4 | — | 0 | 0 | — | 36 | 10 | ||||
2000–01 | 32 | 13 | 5 | 3 | — | 0 | 0 | — | 37 | 16 | ||||
2001–02 | 34 | 7 | 3 | 3 | — | 4 | 1 | — | 41 | 11 | ||||
2002–03 | 34 | 20 | 4 | 2 | — | 2 | 1 | — | 40 | 23 | ||||
Ընդհանուր | 160 | 51 | 18 | 13 | 0 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 184 | 66 | ||
2003–04 | Ֆեյենորդ | Էրեդիվիզի | 34 | 20 | 2 | 1 | — | 4 | 1 | — | 40 | 22 | ||
2004–05 | 34 | 29 | 3 | 4 | — | 7 | 3 | — | 44 | 36 | ||||
2005–06 | 33 | 22 | 1 | 0 | — | 2 | 1 | 2 | 2 | 38 | 25 | |||
Ընդհանուր | 101 | 71 | 6 | 5 | 0 | 0 | 13 | 5 | 2 | 2 | 122 | 83 | ||
2006–07 | Լիվերպուլ | Պրեմիեր Լիգա | 34 | 12 | 1 | 1 | 2 | 0 | 11 | 1 | — | 48 | 14 | |
2007–08 | 32 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 12 | 7 | — | 48 | 11 | |||
2008–09 | 38 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 3 | — | 51 | 15 | |||
2009–10 | 37 | 9 | 2 | 0 | 1 | 0 | 13 | 2 | — | 53 | 11 | |||
2010–11 | 33 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 2 | — | 41 | 15 | |||
2011–12 | 34 | 2 | 6 | 1 | 5 | 2 | — | — | 45 | 5 | ||||
Ընդհանուր | 208 | 51 | 16 | 3 | 8 | 2 | 54 | 15 | 0 | 0 | 286 | 71 | ||
2012–13 | Ֆեներբահչե | Սուպեր Լիգ | 31 | 8 | 7 | 1 | 1 | 1 | 17 | 7 | — | 56 | 17 | |
2013–14 | 32 | 10 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | — | 37 | 10 | |||
2014–15 | 32 | 8 | 4 | 2 | 1 | 0 | — | — | 37 | 10 | ||||
Ընդհանուր | 95 | 26 | 11 | 3 | 3 | 1 | 21 | 7 | 0 | 0 | 130 | 37 | ||
2015–16 | Ֆեյենորդ | Էրեդիվիզի | 32 | 19 | 6 | 4 | — | — | — | 38 | 23 | |||
2016–17 | 31 | 12 | 2 | 3 | — | 5 | 0 | 1 | 0 | 39 | 15 | |||
Ընդհանուր | 63 | 31 | 8 | 7 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 77 | 38 | ||
Կարիերայի ընդհանուր | 627 | 230 | 59 | 31 | 11 | 3 | 99 | 29 | 3 | 2 | 799 | 295 |
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2004 | 5 | 1 |
2005 | 10 | 2 |
2006 | 12 | 2 |
2007 | 8 | 1 |
2008 | 13 | 3 |
2009 | 11 | 4 |
2010 | 14 | 4 |
2011 | 11 | 7 |
2012 | 8 | 0 |
2013 | 6 | 0 |
2014 | 6 | 0 |
Ընդհանուր | 104 | 24 |
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրկ Կույտ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 29-ի օրվա հոդված: |