Ստեփանոս I (Հռոմի պապ)

Ստեփանոս I
լատին․՝ Stephanus I
23-րդ Հռոմի պապ
մայիսի 12 254 թվական — օգոստոսի 2 257 թվական
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Ղուկիոս I
Հաջորդող Սիքստոս II
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ հավանաբար՝ 3-րդ դար
Հռոմ, Վատիկան
Մահ օգոստոսի 2, 257
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Hvar Cathedral

Ստեփանոս I (լատին․՝ Stephanus I, հավանաբար՝ 3-րդ դար, Հռոմ, Վատիկան - օգոստոսի 2, 257, Հռոմ, Հռոմեական կայսրությունՀռոմի եպիսկոպոս 254 թվականի մայիսի 12–ից մինչև 257 թվականի օգոստոսի 2–ը։ Համարվում է Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների սուրբ նահատակ։

Կենսագրություն

Ստեփանոսը ծնվել է Հռոմում, բայց հունական ծագում ուներ։ Նա եպիսկոպոս է դարձել Ղուկիոս I–ի օրոք, ով Ստեփանոսին նշանակել էր իրեն փոխարինող, որպես սարկավագ ծառայելուց հետո։

Ստեփանոսը հայտնի է իր՝ կարթագենացի եպիսկոպոս Կիպրիանոսի հետ հերետիկոսների մկրտության թույլատրելիության հարցի շուրջ բանավեճով։ Դեցիոս կայսեր հետապնդումներից հետո 250–251 թվականներին տարաձայնություններ առաջացան առ այն, թե ինչպես վերաբերվել հավատքի մեջ անկում ապրածներին, և Ստեփանոսը հրահանգեց Լիոնի եպիսկոպոս Ֆաուստինիոսին միջոցներ ձեռնարկել Մարկիանոսի՝ Առլի եպիսկոպոսի դեմ, ով մերժում էր ուրացողների ապաշխարությունը և համակրում էր Նովատիանոսի կողմնակիցներին, ովքեր ավելի ուշ որակվեցին որպես հերետիկոսներ։ Կիպրիանոսի՝ պապին հասցեագրված ուղերձից կարելի է հետևություն անել, որ աֆրիկյան եպիսկոպոսները Հռոմին սպառնացել են եկեղեցու պառակտմամբ։ Ստեփանոսը գտնում էր, որ քրիստոնեական հավատքին վերադառնալու համար պետք չէ կրկնակի մկրտվել՝ այն դեպքում, երբ Կիպրիանոսը և հռոմեական Աֆրիկա պրովինցիայի մի քանի այլ եպիսկոպոսներ պարտադիր էին համարում վերամկրտությունը։ Արդյունքում Ստեփանոսի դիրքորոշումը գերակշռություն ձեռք բերեց Լատինական եկեղեցիում, սակայն Արևելյան եկեղեցիներում այդ հարցը այդպես էլ չհստակեցվեց։ Վեճի աստառը իսպանական եպիսկոպոսների նկատմամբ վերադասության հարցն էր, որին հավակնում էին ինչպես Հռոմը, այնպես էլ Կարթագենը։

Ստեփանոսը հիշատակվում է նաև Լեոնի և Աստորգայի եպիսկոպոսների վերահաստատման հրովարտակներում. նրանք գահընկեց էին արվել, իսկ հետո՝ զղջացել էին։

354 թվականի Depositio episcoporum–ը Ստեփանոս I պապին չի ներկայացրել որպես նահատակ և նրա համար երկրպագության օր չի սահմանել, չնայած, որ նա հիշատակվում է Ոսկե Լեգենդի մեջ՝ թե 257 թվականին Վալերիանոս I կայսրը վերսկսել է քրիստոնյաների հանդեպ հալածանքները։ Ոսկե Լեգենդի համաձայն 257 թվականի օգոստոսի 2–ին պապը նստել է պապական գահին և պատարագ է մատուցել իր հոտի համար, որի ժամանակ կայսեր մարդիկ ներս են մտել և գլխատել են նրան։ XVIII դարում լեգենդ էր տարածվել, թե պապական գահին դեռ պահպանված են Ստեփանոսի արյան հետքերը։

Պահպանվել են Ստեփանոս I–ի ուղերձները և հրովարտակները։ Ստեփանոս I–ը համարվում է Հվար խորվաթական քաղաքի հովանավորը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://w2.vatican.va/content/vatican/en/holy-father/stefano-i.html
  3. Mann, Horace (1912). «Pope St. Stephen I» in The Catholic Encyclopedia. Vol. 14. New York: Robert Appleton Company.
  4. «Calendarium Romanum» (Libreria Editrice Vaticana, 1969), p. 133
  5. The golden legend: readings on the saints By Jacobus de Voragine, William Granger Ryan

Տես նաև

Արտաքին հղումներ

  • «Стефан, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս I (Հռոմի պապ)» հոդվածին։